Կլայպեդայում` հարուստ ավար

ծանրամարտweightlifting-320x213Կլայպեդայում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հարուստ ավարի տիրացան Հայաստանի ներկայացուցիչնռը: Մերոնցից ինը դարձան մրցանակակիր: Ի դեպ, երկուսը` Սարգիս Կիրակոսյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+94 կգ) , մինչև 17 տարեկանների մրցաշարում դարձան Եվրոպայի չեմպիոններ:

Մինչև 85 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար հիմնական պայքարն ընթացավ Սարգիս Կիրակոսյանի և Արսեն Մարտիրոսյանի միջև: Ի վերջո, ուժեղագույնը ճանաչվեց Կիրակոսյանը` 249 (109+140) կգ: Մարտիրոսյանը 242 (108+134) կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Նա 2-րդ մրցանակներ նվճեց նաև առանձին վարժություններում:

94 կգ-ից բարձր քաշային ծանրորդների մրցավեճում Սիմոն Մարտիրոսյանը  ոսկե մեդալի արժանացավ   երկամարտում և առանձին վարժություններում: Երկամարտի նրա արդյունքը` 367 (167+200) կգ 42 կգ-ով գերազանցեց 2-րդ մրցանակակիր դարձած ռուսաստանցի Յուրի Ախմեդիանովի ցուցանիշը:  Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Արեն Հարությունյանը, երկամարտի 305  (135+170) կգ արդյունքով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում:

Մինչև 17 տարեկանների մրցաշարում 77 կգ քաշային կարգում Մանուկ Մկրտչյանը երկամարտի 285 (123+162) կգ  արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Նորայր Ավետիսյանը երկամարտի 277  (122+155) կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը:

Մինչև 85 կգ քաշային  Հովհաննես Ավդալյանը  երկամարտի 295 (135+160) կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Մինչև 15 տարեկան աղջիկների մրցավեճում Սոնա Պողոսյանը (63 կգ) 5 ծանրորդուհիների հետ պայքարում երկամարտի 177 (77+100) կգ արդյունքով դարձավ 2-րդ մրցանակակիր: Նա բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում տիրացավ արծաթե պարգևի:

63 կգ-ից բարձր քաշային աղջիկների մրցապայքարում Հռիփսիմե Պողոսյանը երկամարտի 170  (77+93) կգ արդյունքով ճանաչվեց 4-րդը:

 

Հայաստանի պատանի ծանրորդները Կլայպեդայում նոր մեդալներ նվաճեցին

ծանրամարտweightlifting-320x213Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական օրը  հաջող էր Հայաստանի ծանրորդների համար, և նրանք նոր պարգևներ նվաճեցին:

Էդմոն Բաղդասարյանն ու Ժորժ Եղիկյանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ, իսկ Հենրիկ Խաչատրյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Մինչ 17 տարեկան ծանրորդների մրցաշարում 62 կգ քաշային կարգում հայտավորված էին Էդմոն Բաղդասարյանն ու Հենրիկ Խաչատրյանը: Պոկում վարժությունում Էդմոնը 115 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեցՙ 1 կգ զիջելով լավագույն արդյունքը ցույց տված ռուսաստանցի Վյաչեսլավ Յարկինին: Հենրիկը գլխից վեր պահեց 110 կգ-ոց ծանրաձողը և գրավեց 4-րդ տեղը: Նա եւս կարող էր մրցանակակիր դառնալ, սակայն չբարձրացրեց 115 կգ ծանրությունը:

Հրում վարժությունում Հենրիկը132 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ ահա, Էդմոնի ելույթն անհաջող էր: Առաջին փորձից բարձրացնելով 130 կգ, հայ ծանրորդը հաջորդ 2 մոտեցումների ժամանակ փորձեց իրեն ենթարկել նախ 140կգ, ապա  142 կգ ծանրությունը, սակայն ձախողվեց: Բաղդասարյանը երկամարտի 245 (115+130) կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը:  Խաչատրյանը մեկ բրոնզե մեդալ էլ ստացավ երկամարտումՙ 242 կգ (110+132): Իսկ չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վյաչեսլավ Յարկինը` 256 (116+140) կգ:

Մինչեւ 69 կգ քաշայինների մրցաշարումհաղթողի կոչման համար չեմպիոնի տիտղոսի համար սուր պայքար ծավալվեց Ժորժ Եղիկյանի և բուլղարացի Բոզիդար Անդրեևի միջև: Պոկում վարժությունում 2 ծանրորդներն էլ ցույց տվեցին միևնույն արդյունքը (130 կգ): Ընդ որում հայ ծանրորդը կարող էր այդ մրցավեճում հաղթել, սակայն 3-րդ մոտեցմամբ չբարձրացրեց 131 կգ-ը: Իսկ քանի որ անձնական քաշով Եղիկյանն ընդամենը 50 գրամով ծանր էր բուլղարացուց,  բավարարվեց արծաթե մեդալովՙ: Ոսկե պարգևը բաժին հասավ նրա մրցակցին:

Հրում վարժությունում Եղիկյանն այնքան էլ վստահ ելույթ չունեցավ: Նա արդյունավետ օգտագործեց միայն 2-րդ մոտեցումը`բարձրացնելով 155 կգ: Իսկ ահա բուլղարացի ծանրորդը 3 մոտեցումներն էլ հստակ օգտագործելով, ցույց տվեց 160 կգ արդյունք: Անդրեևը երկամարտի 290 (130+160) կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն, իսկ Եղիկյանը երկամարտի 285 (130+155) կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը`արծաթե մեդալի արժանանալով հրում վարժությունում:

Մինչև 15 տարեկանների մրցավեճում Կարեն Ավագյանը (69 կգ) երկամարտի 210 (100+110) կգ արդյունքով 8 ծանրորդների պայքարում զբաղեցրեց 5-դ տեղը: Չեմպիոն հռչակվեց հույն Սպարտակոս Չոպսոնիդիսը, որը երկամարտում ցույց տվեց 251 (112+139) կգ:

Կլայպեդայում` միջին դիրքերում

ծանրամարտweightlifting-320x213Կլայպեդայում մեկնարկած ծանրամարտի մինչեւ 15 եւ մինչև 17 տարեկանների պատանիների Եվրոպայի առաջնությունում մինչեւ 17 տարեկան աղջիկների մրցավեճում 53 կգ քաշային կարգում հանդես եկած Հերմինե Եղիազարյանը 6 մասնակիցների մեջ երկամարտի 125  (53+72) կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Մինչև 58 կգ քաշայինների մրցավեճում Ծովինար Կիրակոսյանը երկամարտի 141 (62+79) կգ արդյունքով 11 մասնակիցների մեջ հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Առայժմ` մեկ բրոնզե փոքր մեդալ

ծանրամարտweightlifting-320x213Լիտվայի Կլայպեդա քաղաքի մարզապալատում մեկնարկեց մինչև 15 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնոթյունը:

50 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը երկամարտի 176 կգ արդյունքով 10 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նա պոկում վարժությունում գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:

Մինչև 15 տարեկան ծանրորդների մրցաշարերին Հայաստանից հանդես կգան նաև  Սոնա Պողոսյանը (63 կգ ), Հռիփիմե Պողոսյանը, Արփինե Դալալյանը (+63 կգ),  Կարեն Ավագյանը (69 կգ), Սարգիս Կիրակոսյանը (85 կգ):

Մինչև 17 տարեկան ծանրորդների մրցումներում կարողությունները կփորձեն  Հերմինե Եղիազարյանը (53 կգ), Ծովինար Կիրակոսյանը (58 կգ), Ռոզա Ավետիսյանը (63 կգ), Արևիկ Միրզախանյանը, Տաթև Հակոբյանը (69 կգ), Էդմոն Բաղդասարյանը, Հենրիկ Խաչատրյանը (62 կգ), Ժորժ Եղիկյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը, Մանուկ Մկրտչյանը (77 կգ), Հովհաննես Ավդալյանը (85 կգ), Արեն Մարտիրոսյանը, Արեն Հարությունյանը (+94 կգ):

 

Աշխարհի առաջնություն` առանց Հայաստանի հավաքականի ծանրորդուհիների

ծանրամարտՀայաստանի ծանրորդները վերջին շրջանում հազվադեպ են ուրախացնում իրենց երկրպագուներին: Տխուր պատկերը կրկնվեց նաև վերջերս Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Համաշխարհային ուսանողական խաղերի  ծրագրով կազմակերպված ծանրամարտի մրցումներում: Մեր երկրից երեք մարզիկ էր մրցահարթակ դուրս եկել. երեքն էլ մնացին ձեռնունայն: Պատճառը պարզելու համար դիմեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:

 – Մեր ծանրորդները թույլ մասնակցեցին: Տվյալ ժամանակահատվածում նրանց պատրաստվածության մակարդակն այդքան էր:  Ի դեպ, Հայաստանի հավաքականը կարող էր այդ ստուգատեսին ավելի մեծ կազմով ներկայանալ, սակայն չունենք  այնպիսի ծանրորդներ, որոնք կարող էին պայքարել մեդալների համար: 

– Ո՞րն էր պատճառը, չէ՞ որ նախորդ Համաշխարհային ուսանողական խաղերում ունեցել ենք ոսկե և բրոնզե մեդալակիրներ: Չեմպիոն էր դարձել Աղասի Աղասյանը, երրորդ մրցանակակիր` Հայկ Հակոբյանը: Խնդիր չկա՞ր հաջողությունը զարգացնելու:

– Ամեն անգամ գետը գերան չի բերի:  Պարզապես, այս անգամ բախտը մերոնց ուղեկից չէր: Աղասյանն էլ լավ արդյունք  ցույց տվեց, սակայն դա այն չէր, որը նա մարզումների ընթացքում էր կատարել: Ի դեպ, եթե անգամ նա դա էլ աներ, լավագույն դեպքում 4-րդ տեղը կզբաղեցներ: Աղասին նախկինում հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում, այս անգամ նա հայտավորվել էր 85 կգ քաշայինների մրցաշարում, սակայն դա խանգարիչ հանգամանք չէր, քանի որ արդեն մրցելույթներ ունեցել էր այդ քաշային կարգում:  Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել, 2-րդն էր ճանաչվել աշխարհի ուսանողական առաջնությունում: Աղասյանը  շուրջ մեկ տարի է, որ նոր քաշային կարգ է տեղափոխվել: 56 կգ քաշային փորձառու մարզիկ Սմբատ Մարգարյանն էլ բավարարվեց սոսկ 8-րդ տեղով: Վարդան Դավթյանն էլ (94 կգ), հրում վարժությունը կատարելիս չկարողանալով բարձրացնել իր իսկ պատվիրած ծանրությունը, 0 ստացավ և դուրս մնաց պայքարից: 

– Նրա ներուժը գերագնահատվե՞լ էր, թե՞ կատարվածը տակտիկական սխալ պայքարի հետևանք էր:

– Մոտեցումներից մեկի ժամանակ մեր ծանրորդը գլխավերևում պահեց 195 կգ-ոց ծանրաձողը, սակայն մրցավարները համարելով, որ տեխնիկական սխալ է թույլ տրվել, ցուցանիշը չգրանցեցին: Որպես մրցավար կարծում եմ, որ կատարման ժամանակ  փոքր սխալ կար, սակայն այն կարելի էր նաև անտեսել: Բացթողումը մեծ չէր: Հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Դավթյանը փորձեց ավելի մեծ ծանրություն հաղթահարել` 202 կգ, որը կոպիտ սխալ էր:

 – Մարզիկը հոգեբանորեն տրամադրված չէ՞ր այդ ծանրությունը բարձրացնելու: Նա կարո՞ղ էր այն գլխավերևից վեր հանել:

– Կարծում եմ, որ եթե 195 կգ ծանրությունը մրցավարներն արձանագրած լինեին, Վարդանը կկարողանար նաև ցուցանիշը բարելավել: Նա մրցահարթակ դուրս եկավ, երբ արդեն ձախողման սպառնալիք կար:

 – Վաղուց է, որ փորձառու Մարգարյանը բարձր արդյունքներով չի փայլում, ի՞նչն է պատճառը:

– Նա ծնկահոդի վնասվածք ուներ, շուրջ մեկ տարի դժվարություններ էր կրում: Անցյալ տարի աշխարհի ուսանողների առաջնությունում 3-րդը ճանաչվեց, աստիճանաբար փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Այժմ նա առավել կարևորում է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակցությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 22-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է կատարվում: Դրա հետ պետք է համակերպվել: Առաջիկա մեկ-երկու տարին մեր մարզիկների արդյունքները ցածր են լինելու: Միայն 2014-ից ընտրանին նոր թափ կհավաքի, իսկ 2016-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներն են սկսվելու: Այդ ժամանակահատվածում է, որ պետք է բացահայտվի, թե ինչ հնարավորություններ ունենք, օլիմպիական խաղերում մեր երկրի որ մարզիկները կարող են հավակնել պարգևների:

 – Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ներկայումս ի՞նչ վիճակում է:

– Թեև սերնդափոխություն է կատարվում, սակայն հավաքականի հնաբնակներին ևս չենք անտեսում: Նրանք էլ մարզվում են, նախապատրաստվում են առաջիկա մեկնարկներին: Կարևորվում է 2014-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մեր ընտրանու լավ մասնակցությունը: Մերոնք պետք է օլիմպիական խաղերի ուղեգրերի տիրանալու լուրջ հայտ ներկայացնեն: Հաշվի են առնվելու առաջիկա երկու տարիներին աշխարհի առաջնություններում  ցույց տրված արդյունքները: Եթե օլիմպիական խաղերում ունենանք 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի, լավ արդյունք կհամարվի:

 – Հավաքականում տիտղոսակիրներից ովքե՞ր են մնացել:

– Հոկտեմբերին Լեհաստանում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մասնակիցների մեծ կազմ չի ունենա: Կփորձարկենք նաև մեր տիտղոսակիրներից ոմանց: Առաքել Միրզոյանը անհատական ծրագրով է մարզվում, Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը` նույնպես: Ռուբեն Ալեքսանյանն ապաքինվել է և աշխարհի առաջնությունում նրանից սպասելիքները մեծ են:

 – Գևորգ Դավթյանի մասին տեղեկությունները հակասական են: Ոմանք կարծում են, որ նա այլևս անելիք չունի, սակայն մարզիկը վստահեցնում է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին:

– Լավ է, որ նա այդպիսի ցանկություն ունի: Չպետք է բացառել, որ Դավթյանը կարող է նոր նվաճումների հասնել: 

– Ե՞րբ է նախատեսվում աշխարհի առաջնության վերջին նախապատրաստությունը:

– Առաջնությունը կսկսվի հոկտեմբերի 6-ին, Լեհաստանում: Ծանրորդները շուրջտարին նախապատրաստվում են: Իսկ աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական երկու հավաք է նախատեսվում: Դրանցում կընդգրկվեն այն մարզիկները, որոնք կարողություններն են փորձելու աշխարհի առաջնությունում:

 – Ոչինչ չասացիք մեր ծանրորդուհիների մասին, մինչդեռ, 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականին պարզերես անողը բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանն էր:

– Մեր մարզուհիները խնդրել են, որ այս անգամ աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս չգան: Պատճառները տարբեր են: Շատ են վնասվածքներ ունեցողները: Մելինե Դալուզյանի ձեռքը վիրահատվել է, սակայն նրան դեռ ծնկահոդի վիրահատություն է սպասում: Քրիստինե Պետրոսյանի ծնկահոդն է վիրահատվել և նա ապաքինվում է: Էլեն Գրիգորյանը որակազրկված է և հանդես գալու իրավունք չունի, սակայն 2014-ի գարնանը` Եվրոպայի առաջնությունում արդեն մեկնարկի դուրս կգա: Խուրշուդյանն էլ մայր է դարձել, նրան էլ ժամանակ է պետք, որպեսզի կրկին վերադառնա մրցահարթակ: Դա մարզուհին ինքը պետք է որոշի: Նազիկ Ավդալյանն էլ բնակության է տեղափոխվել Երևան, պատրաստվում է մայր դառնալ: 

– Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը միջամտո՞ւմ է Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախապատրաստական աշխատանքներին:

– Ակտիվ միջամտություն չկա, բայց քննարկումներ լինում են: Նա հաճախակի է հետաքրքրվում հավաքականի վիճակով: Լինելով ծանրորդ, այն էլ` հռչակավոր, նաև հայկական սպորտի ղեկավար, անհնարին է անտարբեր մնալ: Բացի այդ, նրա որդին` Նորայրը, Հայաստանի հավաքականի թեկնածուների թվում է:

 – Որևէ հակասություն չկա՞ Յուրի Վարդանյանի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի միջև:

– Ոչ: Ամռանը, երբ Մոսկվայում բնակվող ֆեդերացիայի նախագահը Երևանում էր, հանդիպել է Վարդանյանին, նրանք զրուցել են, քննարկել են անելիքները, որոշել, թե ինչ պետք  է արվի, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպվի և ամեն ինչ լավ լինի:

 – Առաջիկայում մեր ծանրորդներին ի՞նչ փորձություն է սպասում:

– Սեպտեմբերի 1-9-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքի մարզասրահը հյուրընկալելու է պատանիների աշխարհի առաջնության մասնակիցներին: Առաջին անգամ առանձին կարողություններն են փորձելու 13-15 տարեկանները և 16-17 տարեկանները: Փաստորեն, երկու թիմ ենք մրցասպարեզ հանելու: Չենք ցանկանում թույլ մարզիկներով մասնակցել: Թիմերում ընդգրկվել են հեռանկարայինները: Կրտսեր տարիքի պատանիների մրցաշարում հանդես կգա 5 մարզիկ, 4 ծանրորդ կմասնակցի ավագ տարիքի պատանիների մրցաշարին: Վերջնական կազմը կորոշվի օգոստոսի վերջին: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դատարկաձեռն չենք մնա: Սպասելիքները մեծ են հատկապես աշխարհի պատանիների չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանից (+94 կգ), որը կմասնակցի ավագ տարիքային խմբի մրցաշարին: 

– Չի՞ անհանգստացնում, որ հատկապես այս տարի շատ է պակասել միջազգային մրցաշարերում մեր ծանրորդների նվաճած մեդալների թիվը:

– Իհարկե, սակայն պատճառների մասին արդեն ասացի: Կարևորն այն է, որ մեդալներ կան:

 

 

Մեր հայրենակիցը ևս 4 տարի կգլխավորի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան

թszj0757_resizeՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում կազմակերպության նախագահ է վերընտրվել մեր հայրենակից Թոմաշ Այանը (Հունգարիա): Նա առաջիկա չորս տարին կգլխավորի ֆեդերացիան:

Հավելենք, որ Այանն արդեն 12 տարի այդ պաշտոնում է:

Գյումրեցի դյուցազնը վերադառնում է

Gevorg Davtyan (3)Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ էվերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը: Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:

“Արդեն 6 ամիս է մարզվում եմ, պատրաստվում եմ հուլիսին Հայաստանի գավաթի առաջնությանը, դրանից հետո` հոկտեմբերին, աշխարհի առաջնությանը, – archive2.ankakh.com-ին փոխանցեց ծանրորդը: – Բուժմանս համար երկար ժամանակ պահանջվեց: Սկզբում ճիշտ ուղու վրա չէինք, տարբեր տեղեր բուժման կուրսեր անցա, բայց անօգուտ, հետո, երբ գնացի Մոսկվա` պրոֆեսորի մոտ, առաջարկեց վիրահատոթյուն, ուրիշ ոչ մի բուժում: Վիրահատությունից մեկ ամիս հետո լրիվ վերականգնվել եմ”: Գևորգը Մոսկվայում վիրահատվել է հոկտեմբերին, և ինչպես ինքն է նշում` 1-1.5 ամիս անց լիարժեք մարզավճակում կլինի:
Գևորգն այժմ նախապատրաստվում է Հայաստանի գավաթին և նպատակադրվել` Գյումրի բերել աշխարհի չեմպոնի տիտղոսը:
“Կարևորը Հայաստանի գավաթում բարձր արդյունքով հաղթելն է. բայց հաղթել չի նշանակում քեզանից թույլ մարզիկին գերազանցել, այլ պետք է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում քո բարձրացրած արդյունքները կրկնես”, – ասում է մարզիկը:
Արդեն երրորդ տարին է լրանում, երբ Գևորգը Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում միջազգային առաջնություններում հանդես չի եկել, և նշում է, որ շատ է կարոտել մրցահարթակն ու ծանրաձողը: Այս դադարի ընթացքում լուրեր տարածվեցին, թե Գևորգն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը նեղացած են հավաքականից ու ֆեդերացիայից: Մարզիկը դա բամբասանքներ որակեց. “Խոսակցություն եղավ, որ մեզ հավաքականից հանել են. այդ մասին էլի եմ ասել` հավաքականից ոչ ոք չի կարող հանել կամ հավաքական մտցնել, ով ուզում է լինի: Հավաքականի կազմ մտցնելը պաշտոն չէ, որ հանեն ու նշանակեն: Հավաքականի կազմ մտնում է այն մարզիկը, որը Հայաստանի առաջնությանը կգրավի առաջին տեղը. այսինքն, դա կախված է մարզիկից: Թույլ մարզիկին կարող են հավաքականի կա՞զմ մտցնել, չի լինի”:
Նույն ժամանակահատվածում շատերն էին նշում, թե Գևորգն այլևս հավաքական չի վերադառնա, քանի որ լավ առաջարկներ է ստացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու համար: “Այլ երկրից առաջարկներ միշտ եմ ստացել, ոչ թե Անթալիայում տեղի ունեցած առաջնությունում իմ անհաջողությունից հետո: Հիմա էլ կան առաջարկներ: Բայց չեմ համաձայնվում. ինձ թվում է` համաձայնելը սխալ է”, – ասում է մարզիկը, ու միևնույն ժամանակ փաստում, որ դրսում պայմանները շատ ավելի լավն են` թե’ ֆինանսական, թե’ մնացած բոլոր առումներով:
Լինել օլիմպիական խաղերի մեդալակիր, հետո ունենալ նման անհաջողություն, արդյոք հուսահատություն չի ապրել հարցին` Գևորգը նշեց. “Օլիմպիական խաղերից առաջ արդեն հուսահատված էի, որովհետև շատ լավ մարզավիճակում էի, բայց օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ոտքի վնասվածք ստացա: Մինչև վերականգնվեցի` խաղերին մասնակցելու ժամանակը հասավ, և դա էր պատճառը, որ բավարարվեցի երրորդ տեղով: Ես օլիմպիական խաղերին գնացել էի հենց ոսկե մեդալի համար: Դրանից հետո մեջքիս վնասցվածքը, և, անշուշտ, հուսահատվել էի, դժվար էր այդ ապրումները հաղթահարել, բայց, փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է”:
Ասում են` ծանրորդը 25-27 տարեկանից հետո պետք է հրաժեշտ տա կարիերային, որին Գևորգը բնավ համաձայն չէ. “Տարիքը նշանակություն չունի: 15 տարի առաջվա մեր հավաքականի հիմնական կազմում էին Խաչատուր Քյափանակցյանը, և էլի շատերը, որ 30-ից բարձր տարիք են ունեցել: Քյափանակցյանը 34 տարեկանում աշխարհի ռեկորդ էր սահմանել: Մինչև 35-36 տարեկան շատ մարզիկներ են եղել, որ բարձր արդյունքներ են ցույց տվել”:
Որպես սպորտի մարդ, ով երկար տարիներ այս ոլոտում է, Գևորգ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել վերջին տարիների մեր ծանրամարտի հավաքականի անհաջողությունների պատճառները: “Առաջին հերթին պետք է ձգտում, աշխատասիրություն լինի, երևի դա է պակաս շատերի մեջ: Մասնագետներ են պետք, հոգեբանական կարիք էլ ունի թիմը: Հավաքականի ելույթներին միշտ հետևում եմ, վնասվածքներ են շատ տեղի ունենում: Օրինակ մեր Տիգրան Գ.Մարտիրոսյանը, արդեն երկրորդ անգամն է վնասվածքի պատճառով չմասնակցեց կարևոր մրցումների` օլիմպիական խաղերին ու այս տարվա Եվրոպայի առաջնությանը: Այսինքն, պետք է լուրջ բժիշկ, մեր թիմը սպորտային բժիշկ չունի: Մյուս երկրները զարմանում են, որ մենք սպորտային բժիշկ չունենք: Այնտեղ ամեն թիմում 3-4 հատ բժիշկ կա, մեզ մոտ` մեկն էլ չկա: Հոգեբան չկա: Այս բացերը լրացնում են գլխավոր մարզիչը, անձնական մարզիչները, որի` ծնողները: Օրինակ իմ կողքին միշտ կանգնած են եղել հայրս, եղբայրս, ովքեր ևս ծանրամարտով են զբաղվել, անձնական մարզիչս`Վահան Բիչախչյանը:
Հայկական ծանրամարտին մեծ կորուստ էին Աշոտ Մխիթարյանն ու Խաչատուր Քյափանակցյանը. այսօրվա անհաջողություններիում պատճառներից մեկը”:
Գևորգը մարզվել և շարունակում է մարզվել Գյումրիում, անձնական մարզիչն է Վահան Բիչախչյանը: Ծանրամարտում է 11 տարեկանից, և գրեթե 20 տարի հանդես է գալիս այս մարզաձևում: Սակայն դահլիճը, որտեղ մարզվում է Գևորգ Դավթյանը, ինչպես մարզիկն է ասում, ունի ոչ “նորմալ պայմաններ”, դա սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի անվան դպրոցն է. “Հաջորդ տարի հիմքից նոր դահլիճ է կատռուցվելու, որքան ես եմ տեղյակ”, – ավելացնում է ծանրորդը:
Նշենք, որ Գևորգ Դավթյան այն մարզիկներից է, ով ամեն տարի հաղթական դափնին ուսերին է վերադառնում հայրենի քաղաք:
Իր կարիերայում Գևորգը նվաճել է.
1997թ.` պատանիների Եվրոպայի երրորդ կարգի մրցանակ:
1998թ., 1999թ.` Եվրոպայի պատանիների չեմպիոն:
2001թ.` երիտասարդների աշխարհի չեմպիոն:
2003թ.` երիտասարդների աշխարհի 3-րդ կարգի մրցանակ,
2003թ.`մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն:
2006թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` աշխարհի փոխչեմպիոն:
2008թ.` Պեկինի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր:
Առջևում 2013թ. աշխարհի չեմպիոնի մրցանակն է:

Ծանրորդ Գոռ Մինասյանը` աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն

Գոռ ՄինասյանըՊերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտում նվաճեց արծաթե մեդալ` 403  (183+220) կգ:

Չեմպիոնի կոչմանն արժանացավ վրացի Լաշա Տալախաձեն` 411 (190 + 221) կգ: Երրորդ մրցանակակիր դարձավ Ռուսաստանը ներկայացնող Կարեն Մարտիրոսյանը՝ 385 (180+205) կգ:

 

Իզաբելլա Յայլյանը 4-րդ տեղում է

weightlifting-320x213Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  Իզաբելլա Յայլյանը 58 կգ քաշայինների պայքարում երկամարտի 194 (87+107) կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը:

Չեմպիոն է դարձել ռուսաստանցի Քսենյա Մաքսիմովան՝ 205 (94+111) կգ: Երկրորդ տեղը գրաված դոմինիկանցի Յինեյսի Ռեյեսը նույնպես երկամարտում հավաքել է 205 (85+110) կգ, սակայն անձնական քաշով Մաքսիմովայից 280 գրամով ծանր է եղել: Երրորդ տեղը զբաղեցրել է վենեսուելացի Յուսլեյդի Ֆիգուերոան` 195 (85+110) կգ:

 

 

Հայաստանից կմասնակցի երեք ծանրորդ

ծանրամ-320x213Մայիսի 3-13-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կկայնա մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77 կգ , Սամաղար), պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների առաջնության  բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+ 105 կգ, Գյումրի ) և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը (58 կգ, Երևան):

Պատվիրակության ղեկավարն է` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, թիմի մարզիչն է`  Մելիք Ղուկասյանը :

Աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը Վանաձորից տեղափոխվում է Երևան

Նազիկ ավդալյանԵրկար ժամանակ է, ինչ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզասերների ուշադրությունից հեռու է: Մինչդեռ միշտ էլ հետաքրքրում է, թե ինչո՞վ են զբաղվում, ո՞ւր են գնում  մեր չեմպիոնները: Ինչպես հայտնի է, ավտովթարից հետո ծանրորդուհին դադարեցրել է մարզումները: Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, ապա այդ  մասին հակասական լուրեր են շրջում: Խոսակցություններ կան, որ Նազիկը կրկին մրցահարթակ է դուրս գալու,  ասվում է  նաև այն մասին, որ նա մտադիր է ծանրամարտի մանկապատանեկան կենտրոն հիմնել, մարզչական աշխատանքով զբաղվել և այլն: Հանդիպելով աշխարհի չեմպիոնուհուն` փորձեցինք նրանից ստույգ տեղեկություններ ստանալ:

Նազիկը հայտնեց, որ ներկայումս ոչնչով չի զբաղվում, պարզապես հանգստանում է: «Ամուսնանալուց հետո Գյումրիից տեղափոխվել եմ Վանաձոր, այնտեղ ենք բնակվում: Հիմա էլ պատրաստվում ենք հաստատվել Երևանում: Դրանից հետո նոր կպարզվի, թե ինչ պետք է անեմ: Ինչպես հայտնի է, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ես բնակարան եմ նվեր ստացել մայրաքաղաքում` Ավան թաղամասի շենքերից մեկում: Սովորական տուն է, կբնակվենք Երևանում, և կաշխատեմ: Իսկ սպորտ վերադառնալու մասին երազում եմ, բայց պետք է բժիշկները որոշեն, թե դա ինչքանով է հնարավոր: Ներկայումս հետազոտությունները շարունակվում են, մասնագետները փորձում են պարզել` ողնաշարի վնասվածքից հետո հնարավո՞ր է կրկին ծանրամարտով զբաղվել, թե՞ ոչ: Առայժմ որոշակի ոչ մի բան չեմ կարող ասել: Շատ կցանկանայի, որ կրկին մարզվեի, մրցելույթներ ունենայի»,- ասաց Ավդալյանը:

Արդեն երեք տարի է` մարզուհին ծանրաձողի չի մոտենում: Սառը մարզագործիքը նրան շատ է ձգում, ցանկանում է կրկին կիլոգրամներ հաղթահարել, բայց զսպում է իրեն: Ի դեպ, մեկ ամիս առաջ, երբ մարզասրահ է մտել, նա չի դիմացել գայթակղությանը և 100 կգ-ոց ծանրաձողը բարձրացրել է:

Ինչ վերաբերում է նոր կարգավիճակին, ամուսնական կյանքին, ապա Նազիկը կարծում է, որ այն չի կարող խանգարել ակտիվ սպորտով զբաղվելուն: Ամուսինը` Էրիկ Կարապետյանը, դեռ այն ժամանակ, երբ մտերմություն են արել, դեմ չի եղել, որ Նազիկը ծանրամարտով զբաղվի: Ամուսնությունից հետո էլ նա թողել է, որ կինն ինքնուրույն որոշում կայացնի: Ի դեպ, էրիկը նույնպես ծանրորդ է, այժմ ուսանում է, ցանկանում է իրավաբան դառնալ:

Նազիկն էլ փորձում է ժամանակն անտեղի չվատնել, նույնպես սովորում է, աշխատում է երկրորդ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել: Ավդալյանն ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, կինեզիոլոգիայի մասնագետ է:

Եվ քանի որ սպորտից մի տեսակ հեռացել է, հետևում է, ապրում եղբոր` Հովհաննես Ավդալյանի հաջողություններով: Նա 16 տարեկան է: Նազիկն այն կարծիքին է, որ Հովհաննեսին սպորտում մեծ ապագա է սպասում: Մարզուհին հույս ունի, որ այն, ինչն ինքը սպորտում չի կարողացել անել, եղբորը հաջողվի: Քույրը ցանկանում է, որ Հովհաննեսը դառնա  ոչ միայն Եվրոպայի, աշխարհի  առաջնությունների հաղթող, այլև օլիմպիական խաղերի չեմպիոն:

Ի՞նչ է պատահել հայկական ծանրամարտին

ծանրամարտՎերջին տարիներին հայկական սպորտին պարզերես անողը մեր ծանրորդներն են: Սակայն տևական ժամանակամիջոց է, ինչ այս մարզաձևի անկումն ակնառու է: Պակասել են խոշորամասշտաբ ստուգատեսներում մեր երկրի մասնակիցները, նաև` մեդալները: Օրերս զուգահեռաբար Ուզբեկստանի մայրաքաղաք  Տաշքենդում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացան աշխարհի պատանիների և Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսներում համեմատաբար վատ մրցելույթներ ունեցան, քան նախորդ տարիներին: Այդ առիթով զրուցեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: Նա մեր երկրի պատվիրակությունն էր գլխավորում  Ուզբեկստանում:

– Տաշքենդում Հայաստանից մրցահարթակ են դուրս եկել 7-ական մարզիկ և մարզուհի: Լրիվ կազմով հավաքականով էինք մասնակցում, քանի որ թիմային պայքարում խաղարկվում էին հաջորդ տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մեր մարզուհիներն առաջին անգամ էին այդպիսի պատասխանատու փորձությունում հանդես գալիս, թերևս այդ էր պատճառը, որ որոշ կաշկանդվածությունը նրանց խանգարեց, չկարողացան պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ էր թիմային հաշվարկով տեղ գրավել 15 ուժեղագույնների շարքում: Հայաստանի ընտրանին 17-րդն էր 67 երկրների ներկայացուցիչների մրցավեճում: Այդուհանդերձ, ամեն ինչ կորած չէ: Մեր մարզուհիներն ուղեգրեր կարող են նվաճել 2014-ի գարնանը կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում: Դրա  համար անհրաժեշտ է 1-3-րդ տեղերը զբաղեցնել օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր չունեցող երկրների հավաքականների պայքարում: Այդ առաջադրանքը միանգամայն իրականանալի է. հնարավոր է 1-2 ուղեգրի արժանանալ: Ընդհանուր առմամբ, մեր մարզուհիների մրցելույթից գոհ եմ, քանի որ պատվիրած ծանրությունները չբարձրացնողներ, 0-ներ ստացողներ չեն  եղել, բոլորն էլ նորմալ աշխատել են:

Մեր պատանի ծանրորդներն ավելի հաջողակ էին. +94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն` 365 (165+200) կգ: Նա երկրորդն էր հրում  և առաջինը` պոկում վարժությունում: Ի դեպ, Մարտիրոսյանը ճանաչվեց աշխարհի լավագույն պատանի ծանրորդ: Դրանով ամեն ինչ ասված է: Սիմոնը 16 տարեկան է, հեռանկարային մարզիկ է, իմ նախկին սանը, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանի ազգականն է: Հույս ունենք, որ Սիմոնը կարճ ժամանակամիջոցում կտրուկ կբարելավի իր ցուցանիշները: 2012-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում նա 3-րդն էր, իսկ այժմ արդեն շռնդալից հաջողության է հասել: Մեր մարզիկներից 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մոտ էր մեդալակիր դառնալուն, սակայն բավարարվեց 5-րդ տեղով` 280 (125+155) կգ: Ինչևէ, մեր ընտրանին ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրեց 8-րդ տեղը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի 2 ծանրորդ կմասնակցի պատանեկան օլիմպիական խաղերին: Դա առավելագույն թիվն է:

 – Մեր չեմպիոնից բացի, Հայաստանից ուրիշ ո՞վ հանդես կգա այդ ստուգատեսում:

– Կարծում եմ` 85 կգ քաշային Հովհաննես Ավդալյանը, որը, հանդես գալով B խմբում, ի վերջո երկամարտում գրավեց 8-րդ տեղը` 283 (129+154) կգ: Նա Նազիկ Ավդալյանի եղբայրն է: Այդ մարզիկի տարիքը համապատասխանում է, որ իր կարողությունները փորձի պատանեկան օլիմպիական խաղերում: Մեր թիմի` ավելի բարձր արդյունք ցույց տված մյուս անդամները տարիքով մի փոքր նրանից մեծ են և մասնակցելու իրավունք չունեն: Մեր պատանիների մրցելույթները 90 տոկոսով գոհացնում են:

 – Ի՞նչ կասեք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթի մասին: Նախ, ընդամենը 3 մարզիկ էր գործուղվել մրցավայր: Հետո էլ մերոնք միայն մեկ փոքր մեդալի տիրացան: Ինչ խոսք, դա բավարար համարվել չի կարող:

– 77 կգ  քաշային Անդրանիկ Կարապետյանը միայն անձնական  քաշի, ավելորդ գրամների պատճառով է երկամարտում զրկվել մեդալից և բավարարվել 4-րդ տեղով` 346 (160+186) կգ: Իսկ պոկում վարժությունում մեր մարզիկը երկրորդ մրցանակակիր է դարձել: Նա 2012-ի համեմատությամբ իր ցուցանիշը բարելավել է 11 կգ-ով: Մեր երկու ծանրքաշայիններից սպասելիքներն ավելի մեծ էին: Բայց պոկում վարժությունում երկուսն էլ բարձրացրին 185 կգ: Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը չկարողացավ հաղթահարել պատվիրված ծանրությունը` 210 կգ և 0 ստացավ, իսկ Գոռ Մինասյանը 215 կգ արդյունքով երկամարտում ցույց տվեց 400 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը: Խնդիր կար: Հայկը զինծառայության մեջ է և չկարողացավ այնպես նախապատրաստվել, որ լավագույն արդյունքը ցույց տա: Նրան չէին թույլատրում, որ  ժամանակին միանա հավաքականի մարզվողներին: Ինչ վերաբերում է Մինասյանին, ապա ինքս էլ զարմացած եմ, նա պետք է առնվազն 230 կգ բարձրացներ: Մայիսի 2-ին Հայաստանի հավաքականն ուղևորվելու է Պերու, որպեսզի մասակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը: Հույս ունեք, որ Մինասյանն առանց մեդալի չի վերադառնա: Հայաստանից հանդես են գալու 2 ծանրորդ և 1 ծանրորդուհի: Մինասյանից բացի, մեր երկրի պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը և 58 կգ քաշային Իզաբելլա Յայլիյանը:

 – Քանի որ խոսք բացվեց ծանրորդուհիների մասին, ապա նախապես հայտնվել էր, որ Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցի նաև Մելինե Դալուզյանը: Ինչո՞ւ Տիրանայում մարզուհիների պայքարում Հայաստանը ոչ մի ներկայացուցիչ չուներ:

– Մելինեն վնասվածք է ստացել: Նրան ծնկահոդի վիրահատություն է սպասում:

 փաշիկ ալավերդյան– Հիմնախնդիրներ շա՞տ կան: Ինչո՞ւ մեր տիտղոսակիր մարզիկներին երկար ժամանակ է` չենք տեսնում խոշորամասշտաբ ստուգատեսներում:

– Խանգարում են վնասվածքները, մարզիկները բուժվում են: Մասնավորապես, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը Գերմանիա է մեկնել, որպեսզի բուժի ուսահոդի վնասվածքը: Հնարավորն արվում է, որ այդ կարգի խնդիրները կարգավորվեն:

 – Իսկ մարզիկները պարբերաբար վարձատրվո՞ւմ են:

– 70 մարզիկ և մարզիչ թոշակ են ստանում: 

– Կարելի՞ է ասել, որ բախտը մեր ծանրորդներից երես է թեքել:

– Միանշանակ: Ինքս սնոտիապաշտ չեմ, բայց 2013-ն ինձ դուր չի գալիս: Փոքր հասակից էլ 13 թիվն իմ սրտով չի եղել: Այնպես որ ցանկալի է, որ ավելի վատ բաներ մեր ծանրորդների հետ առաջիկայում չպատահեն: 

– Գուցե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի փոփոխությո՞ւնն է այդ ամենի պատճառը:

– Արմեն Շախազիզյանը հնարավորն անում է, որ մեր ծարորդները ֆինանսական որևէ խնդիր չունենան: 

– Պերուի Լիմա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր ծանրորդներից ի՞նչ սպասելիքներ կլինեն:

– Մերոնք դատարկաձեռն չեն վերադառնա: Սակայն այս տարի ծանրորդների մեդալները քիչ կլինեն: Սերնդափոխություն է կատարվում:

Հ.Գ. Խոսակցություններ կան, որ  Հայաստանի 4 ծանրորդ և 3 ծանրորդուհի  բռնվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում: 3 ծանրորդ և 1 ծանրորդուհի կարգը խախտել են 2012-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: 1 մարզիկ և 2 մարզուհի բռնվել են 2013-ին փետրվարին անցկացված ստուգումից հետո: Առաջին փորձաքննության ժամանակ դրական արդյունք է ստացվել Կարապետ Բարսեղյանի, Նաիրա Հարությունյանի, Միքայել Միքայելյանի, Զորիկ Պողոսյանի,  երկրորդ փորձաքննության ժամանակ` Աշոտ Բեկնազյանի, Մարգարիտա Ղազարյանի, Նաիրա Հարությունյանի փորձանմուշներից: Ընդ որում, վերջինս հանցանքում բռնվել է երկու անգամ: Մարզիկ–մարզուհիներին որակազրկում է սպառնում: Եթե այս ամենը հաստատվի, ապա վստահորեն կարելի է ասել, որ 2013-ը մեր երկրի երկաթախաղի վարպետների համար ձախորդ տարի է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ առնվազն 150 հազար դոլար պետք է վճարի, որպեզի մերոնց  թույլատրեն միջազգային մրցումների մասնակցել:

 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պարգևի է արժանացել

փաimagesՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվել է շնորհակալական հուշամեդալով եւ շնորհակալագրով՝ Եվրոպայի ծանրամարտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։