Առողջապահության նախարարությունը` վերահսկիչ պալատի բացահայտումների մասին

առողջապահության նախարարությունԱռողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» թիվ 12/1 որոշման վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է.

1. Անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց մատուցված ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ. Համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 24.03.2014թ. N 9/1 որոշմամբ հաստատված «ՀՀ առողջապահության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետի, «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված և ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության 2012թ. պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից օգտված անձանց վերաբերյալ տեղեկատվական բազաների համադրման, բժշկական հաստատություններում և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գրասենյակներից  (այսուհետ` ՍԾՏԳ) ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտման 72 դեպք` 25,039.8 հազ. դրամ գումարով»: Հաշվետվության մեջ թվարկվում են այն կենտրոնները, որտեղ հայտնաբերվել են նշված խախտումները: Նշվում է նաև, որ «36.00 և ավելի միավոր ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի իրականացման գործում հայտնաբերված խախտումները վկայում են ծրագրի շրջանակներում գործող տարբեր շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության բացակայության մասին, որի արդյունքում միայն ընտրանքով ընդգրկված 6 բժշկական հաստատությունների կողմից  25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցները օգտագործվել են ոչ նպատակային: Ավելին, ծրագիրը պարունակում է ռիսկեր` կապված ՍԾՏԳ-ների կողմից տեղեկանքների տրամադրման գործառույթների իրականացման հետ»:  

Առողջապահության նախարարության համար ընդունելի չեն արված ձևակերպումները, քանի որ դրանց համաձայն «բժշկական հաստատությունների կողմից 25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային»: Մինչդեռ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված սույն խախտումները և դրանց հետևանքով անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերը պայմանավորված են ոչ թե առողջապահության նախարարության աշխատակազմի կամ համակարգի բուժհաստատությունների թերացմամբ, այլ անվճար բուժօգնության իրավունքը հավաստող փաստաթղթերը լրացնող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների թերի աշխատանքով: Բժշկական հաստատություններն անվճար բուժօգնության իրավունքը հաստատող փաստաթղթեր են ստանում ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների, այլև պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և պետական այլ մարմինների կողմից և մինչև էլեկտրոնային առողջապահության ներդրումը, գործնականում, հնարավոր չէ վերահսկել ստացվող բոլոր փաստաթղթերի իսկությունը: ՀՀ վարչապետի մոտ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացուցիչների հետ կայացած քննարկման արդյունքում որոշվել է մինչև էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգի ներդրումը ՀՀ առողջապահության նախարարությանը հնարավորություն ընձեռել էլեկտրոնային եղանակով ծանոթանալ «Ընտանեկան նպաստ» ծրագրի շահառուների ցանկին, սակայն դա խնդրին մասնակի լուծում կտա:

2. Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ.

1) Հաշվետվությունում արձանագրված է, որ տուբերկուլոզի ախտորոշման համար սահմանված է եղել 71.500 դրամ գին 10 օրվա համար, սակայն փոխհատուցումը կատարվել է օրական 8.900 դրամ գնով, որի արդյունքում 2012 թվականին ավելի է վճարվել 24.762,2 հազ. դրամ, իսկ 2013` 24.959,6 հազ. դրամ։        

ՀՀ առողջապահության նախարարի 01.02.2012 թվականի N 162-Ա և 06.02.2013 թվականի N 215-Ա հրամաններով (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվները և միջինացված գները» բաժնի 1.5 կետով «Հետազոտում հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի ախտորոշման նպատակով» ծառայության գինը սահմանվել է 71.500 դրամ 10 օր բուժման տևողության համար և, ըստ գործող կարգի, ֆինանսավորումը պետք է կատարվեր բուժված յուրաքանչյուր դեպքի համար ամբողջ գնով` 71.500 դրամ: Հաշվի առնելով տուբերկուլոզային ծառայությունում բյուջեի լարված վիճակը և այն հանգամանքը, որ հիվանդների ախտորոշման ընթացքում կատարվում են նաև առանձին բուժական միջոցառումներ և ֆինանսավորման ծավալների կրճատման նպատակով փոխհատուցումը կատարվել է ոչ թե ախտորոշման լրիվ գնով (71.500դրամ), այլ տուբերկուլոզի բուժման օրական գնով (8.900 դրամ), որի արդյունքում 2012 թվականի փաստացի ծախսերը կրճատվել են 13.433,1 հազ. դրամ, իսկ 2013թ. 20.405,0  հազ. դրամ: Տուբերկուլոզային ծառայության փոխհատուցման այս տեսակում, ինչպես ներկայացված է վերահսկիչ պալատի հաշվետվությունում,  49.716,8 հազ. դրամի ավելի վճարում տեղի չի ունեցել, այլ հակառակը` առաջացել է 33.838,1 հազ. դրամի տնտեսում:

2) Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սապասարկման համար տուբերկուլոզով հիվանդի բուժման արժեքը սահմանվել է առանց գնագոյացման հաշվարկի և կողմնորոշիչ չափաքանակների որոշման, որի արդյունքում հնարավոր չէ գնահատել հատկացվող գումարի ըստ ուղղությունների ծախսման արդյունավետությունը.

Առողջապահության համակարգում տարիներ շարունակ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հիվանդանոցային բուժօգնության, այդ թվում` տուբերկուլոզային բուժօգնության գները, հաշվարկվել են նույն սկզբունքով` բյուջեում հաշվարկված հիվանդանոցային մեկ օրվա միջին գնի, բուժման բարդության գործակիցների և բուժման տևողության արտադրյալով: Բուժման գնի ծախսերի տնտեսագիտական հաշվարկ ըստ ծառայությունների չի պահանջվել և չի կատարվել: Ծախսերի տնտեսագիտական հաշվարկներ կատարվել են միայն հիվանդանոցային մեկ օրվա միջին գնի համար, որը և ներառված է գների հաշվարկներում: Հաշվետվությունում նշված այն փաստը, որ «հիվանդի բուժման արժեքը սահմանվել է առանց գնագոյացման հաշվարկի և կողմնորոշիչ չափաքանակներով» չի համապատասխանում իրականությանը, քանի որ գործել են  գնագոյացման վերը նշված սկզբունքները:

3) Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից մարդ/օրերի թվից ելնելով ֆինանսավորման մեթոդի կիրառումը հնարավորություն է ընձեռում հաշվետվություններում հիվանդների թվի և նրանց բուժման ու հետազոտման ժամկետների վերաբերյալ ոչ հավաստի տվյալների ներկայացման և այդ գործընթացներն արհեստականորեն երկարաձգելու համար.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման՝ տուբերկուլոզային բուժման փոխհատուցումը կատարվում է բուժման փաստացի օրերի դիմաց` ՀՀ առողջապահության նախարարի կողմից տվյալ բաժանմունքի, ծառայության և հիվանդության բուժման  համար հաստատված մեկ օրվա գնով, սակայն ոչ ավելի, քան տվյալ ծառայության համար սահմանված բուժման ընդհանուր գինը: Նման ֆինանսավորման մեխանիզմը հնարավորություն է տվել միայն 2012-2013 թվականներին տնտեսել 582.672,1 հազար դրամ: Մասնավորապես, 2012 թվականին ներկայացված 6,162 դեպքի դիմաց լրիվ գնով փոխհատուցման դեպքում գումարը կկազմեր 1.549.078,9 հազար դրամ, իսկ վերը նշված ֆինանսավորման մեխանիզմով այն փաստացի կազմել է 1.268.155,8 հազար դրամ կամ տնտեսվել է 280.923,1 հազար դրամ: Նույն մոտեցմամբ 2013 թվականին ներկայացված 6,508 դեպքի դիմաց 1.249.915,0 հազար դրամի փոխարեն փոխհատուցվել 1.551.664,0 հազար դրամ կամ տնտեսվել է 301.749,0 հազար դրամ:

Չնայած վերը նշվածին, տուբերկուլոզի բնագավառում ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով դեռևս 2012 թվականին քննարկվել է ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման հարցը և խնդրի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N1515 որոշմամբ հաստատված ֆինանսավորման նոր կարգով հստակեցվել են տուբերկուլոզի ֆինանսավորման սկզբունքները և նախատեսվում է այն կատարել. դեղերի և սննդի մասով` փաստացի կատարված հիվանդ օրերի դիմաց հաստատված գներով, իսկ մնացած ծախսերի ֆինանսավորումը կատարել հաստատագրված գումարի եղանակով` տարեկան պայմանագրային գումարի ամսական համամասնությամբ: Ֆինանսավորման նշված մեխանիզմը ենթադրում է, որ ծախսերի հիմնական մասը կապված չի լինի բուժօգնության փաստացի ծավալներից և այն պայմաններ չի ստեղծի արհեստականորեն երկարաձգել հիվանդների բուժման տևողությունը:

4) Դիսպանսերում գնումների գործընթացը.

Դիսպանսերում գնումների վերաբերյալ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են 2012թ. գնումների գործընթացին: 2013 թվականին հիմնականում բարելավվել է գնումների գործընթացը, չեն կրկնվել 2012 թվականի խախտումները, որի մասին հարցի քննարկման ժամանակ վկայել են նաև վերստուգիչները:

5) Հիվանդներին տրամադրվող սննդի չափաքանակների, էներգետիկ արժեքի և սննդակարգին վերաբերող խախտումները.

Նշված հարցի քննարկման ժամանակ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի տնօրեն Մ.Սաֆարյանը, ով միաժամանակ հանրապետության գլխավոր ֆթիզիատրն է (տուբերկուլոզի մասնագետ), հայտնել է, որ մեկ հիվանդի օրական միջին էներգետիկ ցուցանիշը կազմել է մինչև 3000 կկալ, որը բավարար է եղել հիվանդների սնուցման համար: Նման պարագայում ընդունելի չէ հաշվետվության մեջ նշված այն տեսակետը, որ տեղի է ունեցել հիվանդների թերսնուցում և հասկանալի չեն սնուցման էներգետիկ արժեքների հաշվարկման սկզբունքները:

Հակատուբերկուլոզային դիսպանսերի գործունեությունը, մինչև վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրություն կատարելը, ստուգվել է ՀՀ առողջապահության նախարարության աուդիտորական ծառայության կողմից, բացահայտվել են մի շարք թերություններ կապված ֆինանսավորման մեխանիզմների, հաշվետվությունների արժանահավատության, գնումների գործընթացի, հիվանդների սննդի կազմակերպման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարություն, և որոշումն արդեն իսկ ընդունված է, որը ենթադրում է ինչպես կառուցվածքային, այնպես էլ կադրային փոփոխություններ:

Նախարարության կողմից իրականացված վերահսկողության արդյունքներին այլ ընթացք չի տրվել, քանի որ 12.09.2013թ. ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից առգրավվել են կենտրոնի 2009-2012թթ. հաշվապահական հաշվառման և գնման գործընթացներին վերաբերող փաստաթղթերը: Քննչական վարչության կողմից գործին ընթացք տալուց հետ, նախարարությունն իր իրավասության շրջանակներում աուդիտորական ստուգման ընթացքում բացահայտված խախտումների մասով որոշումներ կընդունի:

3.   ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ.

Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2013թ. հոկտեմբերի 18-ի թիվ 22/1 որոշման համաձայն իրականացված վերահսկողության արդյունքների արձանագրության այն դիտարկմանը, որ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2012 թվականին ձեռք բերված 294,550.0 հազար դրամի  սարքավորումները 21.11.2013թ. դրությամբ չեն օգտագործվում, որն արդյունք է «սխալ և ոչ ճիշտ պլանավորման», հարկ է նշել հետևյալը.

Հիշատակված սարքավորումները ձեռք են բերվել 2012 թվականին փակման շրջանում գտնվող դրամաշնորհային երկու ծրագրով`  5-րդ շրջանի «ՀՀ–ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացման» և «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության» առաջին փուլով Հայաստանի Հանրապետությանը հատկացված, սակայն նախորդ տարիներին (2007-2010թթ.) տարբեր պատճառներով չծախսված կամ էլ խնայված դրամաշնորհային միջոցները չկորցնելու նպատակով:

Ըստ Գլոբալ հիմնադրամի ընթացակարգերի` դրամաշնորհային ծրագրի տվյալ փուլի ավարտին կնքված պայմանագրերի բացակայության դեպքում համապատասխան ֆինանսական միջոցները Գլոբալ հիմնադրամի կողմից չեն տեղափոխվում ծրագրի հաջորդ փուլ, այլ կրճատվում են կամ էլ դրամաշնորհառուի կողմից հետ են փոխանցվում Գլոբալ հիմնադրամ:

Տեղեկացնենք, որ նման սարքավորումների տեղադրման և անվտանգ շահագործման համար պահանջվում  են շենքային հատուկ պայմաններ։ Սակայն նշված դրամաշնորհային ծրագրերով պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով շինարարական աշխատանքներ նախատեսված չեն եղել։  Այդ իսկ պատճառով այդ աշխատանքները նախատեսվել են «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության» դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլում։  Իսկ դատապարտյալների հիվանդանոցի ռենտգեն կաբինետի վերանորոգումն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սեփական միջոցների հաշվին: Այժմ ռենտգեն սարքավորումների գործարկման աշխատանքներն ավարտական փուլում են: Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչներին տեղյակ է պահվել, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին  տրամադրված լաբորատոր-ախտորոշիչ սարքերն արդեն իսկ շահագործվում են:

      4. Առողջապահության ոլորտի բաժնում ներառված` ԱԾԻԳ ՊՀ կողմից ձեռքբերված ապրանքները չբաշխելու և, հետևաբար, չշահագործելու փաստի վերաբերյալ.

Հիշյալ ապրանքները ձեռք են բերվել «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ համար: Բժշկական կենտրոնի շենքը վերանորոգելուց հետո այդ սարքավորումներն անմիջապես տեղադրվել են բժշկական կենտրոնում: Պետք է նշել նաև, որ «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ շենքի վերանորոգման ծրագիրը նախատեսված էր մեկնարկել 2011թվականին, սակայն հետագայում այն հետաձգվեց, ինչի արդյունքում  շինարարական աշխատանքներն իրականացվեցին 2013թվականին:

5. Հեմոդիալիզի անցկացման ծառայություններում արձանագրված խախտումների վերբերյալ.

1) Նախարարության կողմից ծախսերը ծրագրավորվել են նախորդ տարվա մակարդակից ցածր: Հաշվարկները ցույց են տվել, որ անգամ նախարարության և նշված կենտրոնի միջև կնքված պայմանագրերով նախատեսված առավելագույն սահմանի չափով ֆինանսավորման արդյունքում  կենտրոնների փաստացի ծախսերը չեն հատուցվի.

Հաշվետվությունում նշված ձևակերպման վերաբերյալ պետք է նշել, որ ծրագրի շրջանակներում 2012 թվականի ճշտված բյուջեն կազմել է 1,528.7 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվել է 1,527.0 մլն դրամի ֆինանսավորում: 2013 թվականի պետական բյուջեով նշված ծրագրի համար նախատեսվել է 508 քվոտա՝ ընդհանուր 1,406.8 մլն դրամ կամ 2012 թվականի ֆինանսավորման համեմատ 120,2 մլն դրամ պակաս: 2013 թվականի հունվարին (պայմանագրերի կնքման ժամանակ) ծրագրի շրջանակներում արդեն իսկ բժշկական օգնություն էր ստանում 587 հիվանդ, որոնց բուժման լիարժեք ապահովման համար անհրաժեշտ էր 1,625.6 մլն դրամ (587 հիվանդ*տարեկան 153 սեանս*մեկ սեանսի արժեքը` 18,100 դրամ): Այսինքն՝ տարեսկզբին ծրագրում արդեն իսկ առկա էր 218,8 մլն դրամի դեֆիցիտ: Քանի որ պայմանագրային գումարները պետք է կնքվեն ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով տվյալ ծրագրի համար նախատեսված միջոցների շրջանակներում, այդ իսկ պատճառով նշված ծառայություններն իրականացնող կազմակերպությունների 2013 թվականի պայմանագրային գումարները սահմանվել են ավելի պակաս, քան 2012 թվականի ֆինանսավորումն է` պայմանով, որ տարվա ընթացքում կկատարվեն համապատասխան վերաբաշխումներ: Հեմոդիալիզի անցկացման շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների փոխհատուցման նպատակով տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի միջոցներն ավելացվել են 249,0 մլն դրամով, ճշտված բյուջեն կազմել 1,655.8 մլն դրամ, որը բավարարել է հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ ֆինանսավորելու համար.  մասնավորապես` «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ-ում` 161,0 մլն դրամ, Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ում` 110,7 մլն դրամ: Նշված կազմակերպություններում 2012 թվականի համեմատ աճը պայմանավորված է 2013 թվականին փաստացի հիվանդների թվաքանակի ավելացմամբ: Հեմոդիալիզի ծառայության վերաբերյալ հաշվետվությունում նկարագրված իրավիճակը բացասաբար չի ազդել հեմոդիալիզի ծառայության լիարժեք կազմակերպման, ֆինանսավորման և հիվանդների անխափան սպասարկման գործընթացին: Հարցը կապված է եղել ֆինանսական դժվարությունների հետ, որը տարվա ընթացքում ամբողջությամբ լուծվել է:

2) Հեմոդիալիզի ծառայության գնագոյացման վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 21-ի թիվ 1726-Ա հրամանով հաստատված հեմոդիալիզի մեկ սեանսի 18,100 դրամ արժեքի ձևավորման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012 թվականին «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքները: Ընդ որում՝ վերը նշված հրամանով մեկ ֆիլտրի միջին արժեքը սահմանվել է 6500 դրամ: Այս ցուցանիշը նախատեսվել է ֆիլտրերի ձեռք  բերման փաստացի արժեքներից ելնելով (կազմակերպությունների կողմից ֆիլտրերը փաստացի ձեռք են բերվել 5,500-11,000 դրամ արժեքով): Վերը նշված հրամանով հաստատված հեմոդիալիզի գնի ծախսերի կառուցվածքի չափաքանակները կողմնորոշիչ են, դրանք հաշվարկված են հանրապետությունում նշված ծառայություն իրականացնող կամակերպությունների միջին ծախսերի մակարդակով, որը կարող է շեղվել կոնկրետ կազմակերպությունում փաստացի ծախսերից: Գործող ֆինանսավորման մեխանիզմների համաձայն` հեմոդիալիզի ֆինանսավորումն իրականացվում է մեկ սեանսի համար հաստատված գնով, փաստացի ծախսերի կառուցվածքից անկախ, և փաստացի ծախսերի կատարումը հաշվարկային կողմնորոշիչ ծախսերի շրջանակներում չի պարտադրվում: Ուստի, փաստացի ծախսերի և կողմնորոշիչ չափաքանակների համադրման միջոցով ծախսերի արդյունավետության գնահատումը հիմնավորված չէ: Դեռ ավելին, հեմոդիալիզի ծախսերի արդյունվետության բարձրացման և հիվանդների առողջության անվտանգության նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի 29.09.2012թ. N2175-Ա հրամանի համաձայն, 2012թ. նոյեմբերի 1-ից հեմոդիալիզն իրականացվում է միանգամյա օգտագործման պարագաներով:

3) Ծրագրային հեմոդիալիզի իրականացում մեկանգամյա ֆիլտրերով.

Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել է. «Նախարարությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել առողջապահության նախարարի 28.09.2012թ. N 2175-Ա հրամանի կատարման նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել են խախտման դեպքեր»: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նախարարության հետևողական աշխատանքի և վերահսկողության արդյունքում է, որ հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններն անցել են միանգամյա ֆիլտրերի օգտագործմանը: Իսկ խախտում թույլ տված կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

6. ՀՀ առողջապահության նախարարության կողմից բազմաթիվ դեղեր 2012թ. համետությամբ 2013-ին գրեթե կրկնակի կամ կրկնակի և ավելի  քանակության ձեռք բերման վերաբերյալ.

2013 թվականին 2012-ի համեմատ պետության կողմից կենտրոնացված կարգով բոլոր դեղերի գրեթե կրկնակի կամ կրկնակի և ավելի անգամ քանակությամբ ձեռք բերումը, մասնավորապես հակադիաբետիկ դեղերով ապահովվածությունը  2012 թվականի 23-30 %-ի դիմաց  2013-ին հասել  է  57-64%: Ինչ վերաբերում է մնացած դեղերին, ապա 2013թ. կրկնակի կամ կրկնակի և ավելի անգամ քանակությամբ ձեռք բերումը կազմել է ապահովվածության շուրջ 100%, բացառությամբ արյան մակարդելիության վրա ազդող դեղի: Վերահսկողության արդյունքում հաշվի առնված չէ այն փաստը, որ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, որոնց հայտերի հիման վրա է կազմվում դեղորայքի պահանջարկը, 2012 և 2013թվականներին ներկայացրել են դեղերի անհրաժեշտ այն քանակը, որը առողջապահության նախարարությունը, հնարավորություն չունենալով ամբողությամբ ձեռք բերել 2012թ., ձեռք է բերել 2013-ի համար:

Վերահսկիչ պալատի արձանագրության մեջ նշված 2013թ.` 2012թ. համեմատ մի շարք դեղերի գների նվազելու վերաբերյալ.

 ՀՀ առողջապահության նախարարությունը կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման համաձայն: Պետական միջոցներով ապրանքների ձեռք բերման գործընթացի ժամանակ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ ինվոյսային գների վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն և նախարարությունն իրավասու չէ միջամտել ընկերությունների կողմից մատակարարվող գների գնագոյացման գործընթացին:

Հարկ է նշել նաև, որ դեղերի գների վերահսկման և դեղագործական ընկերությունների կողմից դեղերի շուկայում մենաշնորհային երևույթների բացառման նպատակով 2012թ. նոյեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամսական կտրվածքով տեղեկատվություն են փոխանակում դեղերի շուկայում գործող գների վերաբերյալ:

Դեղերի ծագման երկրների փոփոխության վերաբերյալ.              

Նախ հարկ է նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատը մի պարբերության մեջ արձանագրում է. «…2013թ.` 2012թ. համեմատությամբ, մի շարք դեղերի մասով գները նվազել են, սակայն հիմնականում դա պայմանավորված է դեղերի ծագման երկրների փոփոխությամբ» և, որպես օրինակ, նշում է հակադիաբետիկ մեկ դեղի օրինակ: Իսկ մյուս պարբերության մեջ արձանագրվում է. «Որոշ դեղերի մասով ծագման երկրների և մատակարար կազմակերպությունների փոփոխություն չի ունեցել, սակայն 2013թ. դրանք ձեռք են բերվել ցածր գներով» և օրինակ է բերվում երկու դեղ` պրոգրաֆ և ռեկարմոն: Այս պարագայում անհասկանալի է, ինչու է հաշվետվության մեջ դեղերի գների իջեցումը որակավորվում. «հիմնականում պայմանավորված է դեղերի ծագման երկրի փոփոխությամբ»: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մինչև դեղի շրջանառության թույլտվությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, դեղերը պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում արտադրողի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության, իսկ նմուշները` որակի լաբորատորային փորձաքննության, այնուհետև գնահատվում են դեղի որակական ցուցանիշները, և դեղը գրանցվում է: Դեղը գրանցվելուց հետո շրջանառության ընթացքում  ի հայտ եկող դեղի կողմնակի ազդեցության կամ արդյունավետության բացակայության դեպքերի մասին անհրաժեշտ է հայտնել ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոն, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունը կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» թիվ  502-Ն կառավարության որոշումների համաձայն:  Անկախ ծագման երկրից ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ հսկողություն է իրականացնում և երաշխավորում է ՀՀ-ում շրջանառվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը:

7. ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ՝ Կենտրոն) ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքների վերաբերյալ.

1)     Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրության. «Կենտրոնի կողմից մատուցված ծառայությունների ինքնարժեքը հիմնավորված չէ ֆինանսական հաշվարկներով, որի արդյունքում հնարավոր չէ պարզել մի շարք հետազոտությունների արժեքի սահմանման սկզբունքները և ծախսերը: Օրինակ՝ ըստ ներկայացված հաշվարկի, «ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման» մեկ հետազոտության 112.035 դրամ ինքնարժեքի հաշվարկում միայն ուղղակի և անուղղակի աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ծախսը կազմում է 101.939 դրամ կամ ինքնարժեքի 91%-ը: Եթե ծախսանյութերը և հետազոտության համար անհրաժեշտ սարքերն ու սարքավորումները անվճար տրամադրվում են Գլոբալ հիմնադրամի կողմից, ապա զուտ հետազոտության գործառույթի դիմաց 101.939 դրամ արժեքի սահմանումը պահանջում է ստույգ հաշվարկներ, որոնք չեն իրականացվել: Հետևաբար՝ բյուջետային ծախսերի ծրագրավորման և ֆինանսավորման ընթացքում նման հետազոտություններին վերաբերող ծախսերը վերանայման և լուրջ հիմնավորման կարիք ունեն»։

 

Առարկություն. NՄՁ-01, 08.02.2013թ. Առողջապահական ծառայությունների գնման պետական պայմանագրի հավելված 1-ում Կենտրոնի կողմից իրականացվող ծառայությունների գները ներկայացվել են բժշկական նշանակության ապրանքներով և առանց բժշկական նշանակության ապրանքների:

Ըստ վերը ներկայացված օրինակի՝ ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում ծառայությունը ոչ թե մեկ հետազոտություն է, այլ դեպք է, որն իր մեջ ներառում է մի շարք համալիր լաբորատոր հետազոտություններ. համաճարակաբանական հետազոտություն, բժշկական և հոգեբանական խորհրդատվություններ, կանխարգելիչ բուժման իրականացում: Այսինքն՝ այս ծառայության տրամադրման գործընթացին ներգրավված են Կենտրոնի գրեթե բոլոր բաժինների աշխատակիցները: ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում ծառայության մեկ դեպքի գինը բժշկական նշանակության ապրանքներով 250.000 դրամ է, որի մեջ աշխատավարձը պարտադիր սոցիալական ծախսերի հետ միասին կազմում է 101.939 դրամ, այսինքն՝ 40,8%: Կենտրոնը բժշկական նշանակության ապրանքները ստանում է անհատույց, հետևաբար ծառայությունն իրականացրել է առանց բժշկական նշանակության ապրանքների արժեքի՝ 112.035 դրամով: Հաշվի առնելով այն, որ առանց բժշկական նշանակության ապրանքների ինքնարժեքը ամբողջ ինքնարժեքի մի մասն է, աշխատավարձի և պարտադիր սոցիալական ծախսերը պետք է ավելի մեծ տոկոս կազմեն (91%): Ներկայացված ծառայությունների ինքնարժեքների հաշվարկի համար հիմք են հանդիսացել փաստացի կատարված ծախսերը` ըստ առողջապահության նախարարության կողմից հաստատված նախահաշվով սահմանված ծախսային հոդվածների:

 

2)               Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Գլոբալ հիմնադրամի և նախարարության հետ 22.11.2009թ. «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Կենտրոնի ֆինանսավորումը 01.04.2012– 25.01.2013թթ. կազմել է 127,446.6 հազ. դրամ: Նշված գումարից 40,374.6 հազ. դրամն ուղղվել է աշխատավարձի վճարմանը, իսկ 86,625.4 հազ. դրամը՝ ծրագրերի իրականացմանը (մոնիտորինգ և գնահատում՝ 66,135.5 հազ. դրամ, պլանավորում և ղեկավարում՝ 9,171.0 հազ. դրամ, դասընթացներ՝ 6,263.1 հազ. դրամ, ենթակառուցվածքներ՝ 5,017.5 հազ. դրամ)»։

«Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ նախարարության կողմից իրականացվող՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» ծրագրի 01.01-30.03.2013թ. և 01.04-31.12.2013թ. ժամանակահատվածներում իրականացումն ապահովելու նպատակով Կենտրոնին հատկացրել է համապատասխանաբար՝ 15,046.8 և 61,888.1 հազ. դրամ: Ծախսերի կառուցվածքում շուրջ 80%-ը կազմել է աշխատավարձը, իսկ զուտ ծրագրի իրականացմանն ուղղվել է հատկացված գումարի ընդամենը 20%-ը:»:

 

Առարկություն. Աշխատավարձի վճարումը և ծրագրի իրականացումն արհեստականորեն տարանջատված են, այնինչ անձնակազմի աշխատանքն անմիջականորեն ուղղված է ծրագրի միջոցառումների իրականացմանը: Աշխատավարձի վճարման ծախսերը հաստատված են ծրագրի բյուջեով, որը համաձայնեցվել է Գլոբալ հիմնադրամի հետ, կատարված ծախսերը չեն շեղվել հաստատված բյուջեից:

 

3)        Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Նույն գործառույթի համար Գյումրու և Վանաձորի աշխատանքային խմբերում ընդգրկված հարցազրույց վարողների հետ կնքվել են 1 հարցազրույցի դիմաց 4800-4888 դրամի ծառայությունների մատուցման պայմանագրեր, իսկ Երևանում՝ շաբաթական 10-22.5 ժամ աշխատաժամանակի դիմաց 80.0-290.0 հազ. դրամ աշխատավարձի դրույքաչափով: Արդյունքում, գործարքային սկզբունքով վճարելու դեպքում Երևան քաղաքում անցկացված 900 հարցազրույցի վարման դիմաց պետք է վճարվեր 4,320.0 հազ. դրամ, սակայն վճարումը կատարվել է ժամկետային աշխատանքի վարձատրության սկզբունքով և վճարվել է 4,922,3 հազ. դրամ»։

 

Առարկություն. Գյումրու և Վանաձորի աշխատանքային խմբերում ընդգրկված հարցազրույց վարողների հետ 1 հարցազրույցի դիմաց 4888 դրամ արժեքով պայմանագրեր չեն կնքվել: Կնքվել են միայն 1 հարցազրույցի դիմաց 4800 դրամի ծառայությունների մատուցման պայմանագրեր:

900 հարցազրույցի վարման դիմաց վճարվել է 4,922,3 հազ. դրամ ոչ թե այն պատճառով, որ վճարումը կատարվել է ժամկետային աշխատանքի վարձատրության սկզբունքով, այլ այն, որ աշխատանքային պայմանագրերով աշխատողներին, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, վճարվել են չօգտագործված արձակուրդի փոխհատուցումներ:

Հարցազրույցների գնահատման համար հիմք են հանդիսացել «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Գլոբալ Հիմնադրամի կողմից հաստատված յուրաքանչյուր խմբում մեկ հարցազրույցի համար նախահաշվով սահմանված ծախսերը: Հաշվի առնելով ծրագրի պահանջները` բոլոր աշխատանքներն ունեցել են ժամկետային բնույթ և, անկախ աշխատանքային պայմանագրերի վճարման սկզբունքից` գործարքային կամ ամսական դրույքաչափ, բոլոր պայմանագրերը կնքվել են որոշակի ժամկետով: Աշխատանքային պայմանագրերով աշխատողներին, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, վճարվել են չօգտագործված արձակուրդի փոխհատուցումներ:

 

4)        Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Փաստորեն՝ անկախ թիրախային խմբերի առանձնահատկություններից, բոլոր հարցազրույց վարողների համար աշխատանքային պայմանագրով նախատեսվել են 60%-ի չափով հավելումներ: Ավելին՝ երիտասարդների հետ հարցազրույցի վարման միավորի արժեքը 88 դրամով գերազանցել է մյուս թիրախային խմբերում ընդգրկվածների համար նախատեսված 4800 դրամը»։

 

Առարկություն. Կենտրոնի աշխատողներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N1907-Ն որոշմամբ հաստատված առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկում և առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում աշխատողին, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի, Կենտրոնը վճարում է հավելում` աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 60%-ի չափով: Ուստի, անկախ նրանից, թե թիրախային որ խմբի հետ է անցկացվել հարցազրույցը, աշխատավարձի հավելումի մոտեցումը բխել է օրենսդրության պահանջներից:

 

 

Թունավորումներ Մասիսում ու Կոտայքում

թունավորումներԱպրիլի 13-ին, ժամը 02.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1960 թ. ծնված Լուսիկ Գ.-ն և 2004 թ. ծնված Լուսինե Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք տանը, անհայտ պայմաններում, թունավորվել են տանը և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Ապրիլի 13-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն, 2005 թ. ծնված Աննա Թ.-ն, 1991 թ. ծնված Ծաղկանուշ Ե.-ն և 1984 թ. ծնված Հարություն Հ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

Անկախ

Միայնության պատճառներից մեկը

1397460946_1385585095_shutterstock_32964307

Գիտնականները պարզել են, որ  մանուկ հասակում գլխի վնասվածքը կարող է ազդել մարդու վարքագծի վրա ավելի գիտակից տարիքում: Յանգի համալսարանից գիտական խումբը  3 տարի զբաղվել է այդ խնդրի ուսումնասիրությամբ ու հանգել այն եզրակացության, որ ուղեղի ցնցումն ու գանգուղեղային վնասվածքներն այնքան էլ հասարակ բաներ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Գիտնականները պարզել են, որ գլխի վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառը ՃՏՊ-ն է: Ցնցման ժամանակ վնասվում են գլխուղեղի որոշ հատվածներ, ինչը կարող է փոխել մարդու վարքն ու սոցիումին հարմարվելու աստիճանը որոշել: Գիտնականներն ասում են նաև հիշողության հնարավոր կորստի, ու իմացական ոլորտի խանգարումների մասին:

Տվյալներն ապացուցվել են  առողջ և գլխուղեղի վնասվածքով երեխաների սոցիալական կյանքի համեմատությամբ:  Հաջողվեց պարզել նաև կապը  գլխուղեղի աշխատանքի շեղումների ու ընկերների թվի միջև:

Շփումը բազմակողմանի պրոցես է, որը պահանջում է լսելու, սեփական միտքը ձևակերպելու ու այն զրուցակցին հաղորդելու ունակություն: Հայտնաբերելով նման փոխկապակցվածություն, գիտնականները հիմա էլ փորձում են պարզել, թե ինչպես կարելի է այդ շեղումը շտկել:

Ի դեպ. Կարծիք կա, որ գլխի վնասվածքները հետագայում կարող են Ալցհյմերի հիվանդության զարգացման պատճառ դառնալ:

Անկախ

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

հույզերՄի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է: Ասում են` բացասական հույզերը կուտակվում են կենսականորեն կարևոր օրգանում` լյարդում, որի առողջությունը կախված է նաև մարդու հոգեկան հավասարակշռությունից: Աշխարհընկալման մետաֆիզիկական տեսանկյունից լյարդն այն ամբարն է, որտեղ կուտակվում է զսպված զայրույթը: Կարծիք կա, որ լյարդի հետ կապված խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մարդը նյարդայնանում է, անհանգստանում, վախենում իր արարքների հետևանքներից, երբ նրա հոգում վիրավորանք, դառնություն ու նյարդայնություն են բուն դնում:
Եթե զայրույթը կուտակենք մեր մեջ, արտաքուստ փորձելով հանգստություն պահպանել, ապա հիվանդությունը ներսում կկուտակվի, ու մի օր կուտակված բացասական հույզերը դուրս կգան լյարդի աշխատանքի խանգարման կամ այլ հիվանդությունների տեսքով: Մարդկության պատմության ընթացքում լյարդին միշտ առանձնահատուկ դեր է հատկացվել: Շատ մշակույթներում լյարդին նույնիսկ առասպելական հատկություններ են վերագրվել: Օրինակ` Հին Բաբելոնում լյարդը համարվում էր մարդու կենտրոնական օրգանն ու հոգու տեղը: Որոշ լեզուներում էլ լյարդը նույնացվում է կյանքի հետ:
Անտիկ աշխարհի բժիշկ Հալենն առաջին անգամ նկարագրել է լյարդի հիմնական ֆունկցիաները ` այն ներկայացնելով որպես սրտի աշխատանքն ապահովող կենտրոնական էներգետիկ օրգան: Այդ մտայնությունն է տիրել մինչև XVII դարը. լյարդը համարվում էր մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանը: Ժամանակակից գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են, որ լյարդը կարող է միաժամանակ մի շարք ֆունկցիաներ կատարել` ապահովելով գրեթե ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունն ու ազդել օրգանիզմի բազում համակարգերի վրա: Լյարդը «լռակյաց» օրգան է, չի ցավում, եթե հիվանդ է, սակայն, կարող է իր մասին զգացնել տալ թուլության, հոգնածության տրամադրության անկումների, ագրեսիայի բռնկումների, քնատության ու դեպրեսիայի դրսևորումներով:
Լյարդի մասին հոգ տանել նշանակում է լիարժեք սնվել ու բնական միջոցներով լյարդի ամենօրյա մաքրում ապահովել, ինչը կատարվում է լյարդից լեղու ակտիվ արտադրության միջոցով: Դրա համար հարկավոր է սննդի մեջ օգտագործել չզտված ձեթ ու բնական խոլերետիկներ (բույսեր, որոնք դառնություն ունեն)` սպիտակ ու կարմիր բողկ, ցիտրուսներ, մանանեխ, կանաչեղեն, լոբազգիներ: Դրանք օգնում են լյարդին, խոչընդոտում քարագոյացումն ու ակտիվացնում օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրսբերումը:
Պե՞տք է արդյոք, որ տղամարդը լաց լինի
Գոյություն ունեն բազում կարծրատիպեր, որոնք գիտակցության ու ենթագիտակցության խորքերում են թաղված ու արտահայտվում են վարքագծում: Կարծրատիպը կարծիք է որոշակի մարդկային խմբի որակների մասին, այդ խմբում կարող են լինել կանայք, տղամարդիկ, ծերունիներ, երեխաներ, ազգային փոքրամասնություն, սեքսուալ փոքրամասնություն, դեռահասներ ևն: Կարծրատիպային պատկերացումը չափազանց ընդհանրացված է, չափազանց պարզեցված ու շատ կայուն, ի լրումն` զգացմունքով լիցքավորված: Երբեմն կարծրատիպն օգտակար է, ասենք` մութ փողոցում ձեզ է մոտենում խմած մեկը, ցանկանում է ձեզ հետ խոսել: Մարդկանց մեծ մասը նման դեպքերում կարծրատիպային վարքագիծ է դրսևորում, աշխատում է հնարավորինս խուսափել այդ անցանկալի հանդիպումից ու արագ հեռանալ առանց զրուցելու: Սակայն կան կարծրատիպեր էլ, որոնք խանգարում են ապրել, ու դրանք բազմաթիվ են: Կան կարծրատիպեր` կապված կանանց ու տղամարդկանց վերագրվող դերերի ու իրականում նրանց զգացածի հետ:
Մանկուց շատերն են աղջիկներին ներշնչում, որ ասենք` ծառ բարձրանալն աղջկական գործ չէ: Իսկ տղաներին էլ համոզում են, որ տղան լացկան չի լինում: Աղջիկները չպիտի ծեծկռտուքի մեջ մտնեն: Այդ պատկերացումները հետագայում ձևափոխվում են` կնոջ համար գլխավորն ընտանիքն է, իսկ տղամարդը պետք է ընտանիքն ապահովի: Կամ` տղամարդիկ ավելի խելացի են ու տաղանդավոր: Կինը երբեք առաջինը չպիտի սեր խոստովանի տղամարդուն: Տղամարդը պիտի վաստակի ու ընտանիքը պահի: Բոլոր կանայք հիմար են:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է «չիկարելիների» ու կարծրատիպերի մեծ ցուցակներ կազմել: Նման խիստ ավանդական պատկերացումները խանգարում են աղջիկներին ու տղաներին, կանանց ու տղամարդկանց շփվել, իսկ երբեմն էլ հարաբերությունները սրում են ու անգամ հանգեցնում ամուսնալուծության, սկանդալների: Իսկ եթե ամուսինները չեն էլ բաժանվում, ապա ժամանակի ընթացքում հիվանդանում են տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններով` նևրոզներով, արյան ճնշման հիվանդություններով, ստամոքսի խոցով, ասթմայով ևն:
Ավանդական դրվածքները խանգարում են կանանց ու տղամարդկանց դրսևորվել աշխատավայրում, կարիերա անել, բավականություն ստանալ սեքսուալ կյանքից կամ էլ պարզապես երջանիկ լինել: Ավանդական հայացքների հիմնական օղակն այն գաղափարն է, որ կանանց ու տղամարդկանց միջև արմատական տարբերություններ գոյություն ունեն:
XX դարում հոգեբանները բազում փորձարարական ուսումնասիրություններ են կատարել, որոնք ապացուցել են, որ կանայք ու տղամարդիկ միանման ունակություններ ունեն, ինչպիսիք են հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, ինտելեկտն ու ստեղծագործական մոտեցումը: Ուսումնասիրություններով լուրջ տարբերություններ չեն հայտնաբերվել կանանց ու տղամարդկանց հոգեբանության մեջ, և անգամ գոյություն ունեցող տարբերությունները չնչին են գնահատվել: Միակ բանը, որ հստակ շատ ավելի հատուկ է կանանց, զարգացած էմպաթիան է` ինքնամոռաց ապրումներն ուրիշի փոխարեն. կանայք ավելի հաճախ են իրենց ուրիշի տեղը դնում: Դա մեր ժամանակներում խիստ արժեքավոր հատկություն է, ինչը թերևս պակասում է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին: Հապա փորձենք պատկերացնել, թե իշխանությունն ինչպիսին կլիներ, եթե իշխանական մարմիններում ավելի շատ կանայք ներգրավված լինեին:
«Լավ աղջիկները չեն կռվում» դրվածքը հանգեցնում է նրան, որ հասուն կանանց մոտ գերազանցում է վերբալ (խոսքային ) ագրեսիան, իսկ տղամարդկանց մոտ` ֆիզիկականը:
Անցել են այն ժամանակները, երբ կյանքում հաջողության հասնելու համար պահանջվում էր տղամարդու կոպիտ ուժ, հիմա իրականությունն այլ պահանջներ է ներկայացնում` կապված լավ կրթության, լեզուների իմացության, ճկունության, գործունեության ազատ ընտրության, նպատակներին հասնելու հմտության հետ: Տղամարդիկ ու կանայք միանման կարող են համապատասխանել այդ պահանջներին:
Ասվածի նպատակը հրաշալի բացատրում է մեծերից մեկի խոսքը.«Թախիծը, որն արցունքով չի արտահայտվում, ստիպում է լացել ներքին օրգաններին»: Դա վերաբերում է հենց այն սկզբունքային հարցին, թե պետք է արդյոք տղամարդն արտասվի:
Բնությունը մարդուն օժտել է «լացի ու արցունքի» օգնությամբ խեղդող վշտից ու թախիծից ազատվելու ունակությամբ, սակայն մարդիկ որոշել են, որ արտասվելը կանանց մենաշնորհն է, ու ավանդաբար տղամարդուն «զրկել» են այդ իրավունքից: Սակայն բնությանը չես խաբի. դրա հետևանքով հասարակությունն ունի խոցով, գաստրիտով, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տղամարդիկ, իսկ սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը զրկում են շատերին մինչև խոր ծերություն ապրելու հնարավորությունից:
Արտասվելու փոխարեն տղամարդիկ վիշտը խեղդում են ալկոհոլի մեջ` դրանով իսկ նաև լյարդի ցիռոզի վտանգին ենթարկվում:
Դրա համար գուցե չպետք է տղա զավակին փոքրուց սովորեցնել, թե ամոթ է, տղան չի լացի, այն էլ այն ժամանակ, երբ փոքրիկը վնասել է ծունկն ու իր ցավն է լացում:
Իսկ ինչո՞ւ են կանայք լալիս
Կանանց արցունքները և՛ զենք են, և՛ պաշտպանություն: Կնոջ արցունքները տղամարդուն կարող են զայրացնել, նյարդայնացնել ու գրավել: Սակայն կանայք հենց այնպես չեն լալիս:
Որքան էլ տարօրինակ է, կանանց լալկանությունը զուտ ֆիզիոլոգիական բացատրություն ունի: Կանանց արյան մեջ պրոլակտին հորմոն կա, որը պատասխանատու է արցունքի ու, որ շատ հետաքրքիր է, երեխային կրծքով կերակրելու շրջանում կաթի առաջացման համար:
Լինում են, երբեմն դեպքեր, երբ ասում են` «լացիր` կթեթևանաս»: Արցունքը միայն հոգեկան թեթևություն չի բերում. գիտականորեն ապացուցվել է, որ արցունքը մաքրում է օրգանիզմը: Այն քիմիական բաղադրությամբ տարբերվում է սթրեսի հորմոնից: Արցունքն օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը, որոնք սթրեսի ժամանակ են գոյանում: Լացելով մարդը հանգստանում է, մաքրվում:
Ընդունված է կանանց թույլ սեռ անվանել. սակայն իրականում, որքան էլ նրանք քնքուշ, իմաստուն, երբեմն բռնկուն, երբեմն էլ չափազանց սենտիմենտալ են, տղամարդու համար հենարան են: Ընտանիքում ջերմություն ու հարմարավետություն ստեղծելով` կինը պաշտպանում է տղամարդուն: Եվ վիրավորվում է ամուսնու անբավարար ուշադրությունից, սառնությունից ու ժլատ զգացմունքներից: Դա իսկապես արտասվելու չափ վիրավորական է:
Ուրախություն, տխրություն, բերկրանք, զայրույթ. բոլոր դեպքերում կինն իր զգացածն արտահայտում է արցունքով, ուստի եթե ձեր սիրելին, կինը, մայրը, քույրը լաց է լինում, մի բղավեք, մի մեղադրեք նրան թուլության մեջ: Արցունքը նրան օգնում է ազատվել մի շարք ախտերից:

Թմրամոլներին որոշել են բուժել դրամական պարգևով

09183327.572744.3626

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի աշխատակիցներն առաջարկել են թմրակախվածությունից բուժման նոր մեթոդ: Փորձի շրջանակներում կազմակերպությունում հաշվառվածներին տվել են 10 ֆունտ ստեռլինգի կտրոն այն դեպքում, եթե նրանց մեզում չի հայտնաբերվել արգելված նյութերի հետք:

Ենթադրվում է, որ այս ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն 2 տարուց, սակայն որոշ  մանրամասներ հայտնի կդառնան մինչ փորձի ավարտը: Փորձի մասնակիցներն օփիումային կախվածություն ունեն, նրանք պարտավորվում են մեզի անալիզ հանձնել ամեն շաբաթ:

Նման փորձ կատարելու նպատակայնության մասին եզրահանգում արվեց այն ժամանակ, երբ բրիտանական բժշկական Lancet  ամսագրում մի հոդված հայտնվեց, որը հաստատում էր, թե դրամական խրախուսանքը թմրամոլներին  դրդում է հեպատիտի դեմ պատվաստվել: Հոդվածագրի կարծիքով, պատվաստումը թույլ կտա կանխել այդ վարակիչ հիվանդության տարածումը ու հասարակությանը պաշտպանել դրանից:

Մասնագետները կարծում են, որ եթե այս միջոցն արդյունավետ  լինի, ապա այն հասարակության համար առողջանալու հնարավորություն է ստեղծում:

Անկախ

Մասսայական թլպատում` շագանակագեղձի քաղցկեղի դեմ

ol3001397032412

Կանադացի մասնագետները վստահեցնում են, որ հասուն տղամարդիկ , որոնք վճռել են թլպատվել գրեթե 2 անգամ հասակակիցներ համեմատ,  նվազեցնում են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

Օրինակ, եթե թլպատում կատարվի 35 տարեկանում, ապա, քաղցկեղի ռիսկը նվազում է 45%-ով: Իսկ մանուկ հասակում այդ պրոցեդուրան անցածների մոտ նույն վտանգը նվազում է մինչև 14%: Գուցե դա է պատճառը, որ շագանակագեղձի քաղցկեղով քիչ են հիվանդանում հրեաներն ու մահմեդականները, գրում է isra.com-ը:

Նման եզրահանգումներ են ներկայացվել Մոնրեալի ու «INRS-Institut-Armand-Frappier» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից: Սակայն, հետազոտության հեղինակներն առայժմ չեն կարողանում բացատրել, թե ինչպես են կապված թլպատումն ու շագանակագեղձի չարորակ նոյագոյացությունների առաջացումը:

Անկախ

Կանաչ թեյը օգտակար է հիշողության համար

Կանաչ թեյԿանաչ թեյը միշտ ամենաառողջարար տաք ըմպելիքն է համարվել: Այժմ պարզվել է, որ այն նաև լավ է հիշողության համար:

Գիտնականները պնդում են, որ կանաչ թեյը զարգացնում է մի շարք ճանաչողական գործառույթներ՝ հատկապես աշխատանքային հիշողությունը:

Նոր հետազոտության համաձայն՝ կանաչ թեյը կարող է նաև օգտակար լինել մտագարության և այլ հոգեկան խանգարումների բուժման ժամանակ:

Բազելի համալսարանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանաչ թեյի հյութը ուժեղացնում է գլխուղեղի արդյունավետ փոխկապակցվածությունը:

Կանաչ թեյը օգտակար է հոգեկան տարբեր խանգարումների ընթացքում առաջացած հիշողության կորստի բուժման նպատակով:

 Անկախ

Որո՞նք են երկարակեցության գաղտնիքները. Հայ գիտնականների խորհուրդները

երկարակեցություն«Եթե մարդ փող է կորցնում, ապա նա ոչինչ չի կորցնում, եթե մարդը  ժամանակ է կորցնում` նա շատ կարևոր բան է կորցնում: Մարդը, ով կորցնում է առողջությունը, կորցնում է ամեն ինչ»,- ամերիկացի գիտնական Պոլ Բերգերի այս խոսքերը հիրավի ճշմարիտ են հնչում բոլոր ժամանակների համար: Սակայն 21-րդ դարի մարդկության համար` շարունակական սթրեսների, աշխատանքի, անշարժության և բնության աղտոտվածության պայմաններում առողջ ապրելը դարձել է հազվագյուտ մի տաղանդ:

Հայ գիտնականները ևս ուսումնասիրում են այն միջոցները, որոնք կօգնեն մարդուն ապրել առողջ և երկար:  Հայաստանում ծերաբանության հիմնադիր Գուրգեն Ապրիկյանը նշում է, որ մարդը կարող է առավելագույնս 120 տարի ապրել. «Վրաստանում հայտարարում են, որ կան 150-ամյա  վրացիներ, սակայն դա իրականությանը չի համապատսխանում: Աշխարհի բոլոր ժամանակների ամենաշատ ապրած մարդը մի ֆրանսուհի է, ով ապրել է 121 տարի»: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենից շատ ապրում են Դիլիջանում և Սևանի ավազանում: Պատմականորեն հայերը միշտ ասպատակվել են  այլ ազգերի կողմից, ինչը ազդել է նրանց սննդակարգի վրա: Ապրիկայնի կարծիքով`հայ մարդու երկարակեցության գաղտնիքը բուսակերությունն է.  նման  կերակուրների օգտակար նյութերը մտել  են հայի գենտիկ կոդի մեջ:

Սուրբ Թերեզայի  անվան բժշկական համալսարանի դասախոս, բժշկ. գիտ. դոկ. բուսաբույժ-սննդաբույժ Ռաֆայել Հովհաննիսյանը կարծում  է, որ այսօր երկար ապրելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ:«Նախ` կարևոր է ֆիզիկական մարզվածությունը: Պետք է պարբերաբար վարժություններ կատարել: Պակաս կարևոր չէ հոգեկան մարզվածությունը: Մարդը պետք է դիմի ռելաքսացիայի և մեդիտացիայի: Սթրեսներից պետք է հեռու մնալ»,- նշում է 78–ամյա , սակայն բավականին երիտասարդ թվացող բուսակեր սննդաբույժը :

Հովհաննիսյանն  ընդգծեց, որ մարդու առողջության բանալիներից մեկը դրական լիցքերն են, կյանքին պայծառ աչքերով նայելը: Բոլոր զգացումները բումերանգի պես հարվածում են մարդուն, եթե մարդ անընդհատ վախ, հուսահատություն է զգում , դա ազդում է նրա առողջության վրա և հակառակը:

Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը և թմրանյութերը  մարդու կյանքի որակը վնասող որոշիչ գործոններից են: Դրանց օգտագործումը շատ արագ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:

Ամերիկացի գիտնակակներրը հայտնաբերել են, որ մարդու առողջությունը 47 տոկոսով կախված է նրա սննդակարգից:  «Մարդ պետք է ընդունի բնությունից ստացած մթերք` պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, բուսական չզտված յուղ, բնական մեղր, հատիկավոր մթերք, ցորեն, գարի, ընկուզեղեն: Արևածաղկի սերմերը ևս շատ օգտակար են, քանի որ հագեցած են օմեգաներով և յուղերով: Այսօր մարդիկ բոլորը ձգտում են գնել զտված բուսական յուղ, ինչը սխալ է: Պետք գնել այնպիսի ձեթ, որը գոնե մի քիչ նստվածք ունի»,- խորհուրդ է տալիս բժիշկը:

Պարոն Հովհաննիսյանը, թվելով վնասակար մթերքի անունները,  ընդծեց մսեղենի` տավարի կարմիր մսի և ոչխարի մսի  վնասկարությունը: Նա խորհուրդ տվեց անգամ նման սնունդ ընդունելու դեպքում է գործածել դրանից 2-3 անգամ ավելի շատ բուսական սնունդ: Մսե կերակուրներից նա օգտակար է համարում միայն ծովամթերքը և հավի կրծքամիսը:

Առողջ ապրելու համար խորհուրդ է տվում ապրել միջին լեռնային շջաններում:Սակայն քաղաքում ապրողները ևս կարող են հասնել  ցանկալի արդյունքի: Սակայն կա որոշակի պայման, բացի վերոնշյալներից. « Հեռու մնացե´ք սուպերմարկետներում վաճառվող ապրանքներից»: Սա բժշկական գիտությունների դոկտորի խորհուրդն է:

 

Համացանցի վտանգները երեխայի հոգեկան առողջության համար

համացանցՄանկական հոգեբաններն ու հոգեբույժները գտնում են, որ 21-րդ դարում երեխաների հիմնական հիվանդությունների պատճառը հեռուստացույցն և համացանցն է: Երեխայի վրա համացանցի բացասական ազդեցության խնդիրը հայտնվել է մանկավարժների, հոգեբանների, ծնողների  ուշադրության  կենտրոնում: Այդ բացասական հետևանքները կարող են արտահայտվել թե՛  ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա:  Այս խնդրի վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց  հոգեբան–մանկավարժ  Աննա Առաքելյանը:

  

 Ինչպե˚ս կարող է ազդել  համացանցը երեխաների հոգեկան առողջության վրա ընդհանրապես:

Համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխաների հոգեկանի վրա անհրաժեշտ է  գնահատել 2 տեսանկյունից՝ դրական և բացասական: Ժամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար այն կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով. խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր են: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, ՙՙինչուների՚՚ պատասխանները կարող են գտնվել համացանցում: Երեխաների ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը կարելի է զարգացնել ճիշտ ընտրված խաղերի ու առաջադրանքների շնորհիվ:  Միաժամանակ, համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխայի հոգեկան զարգացման վրա բացասական հետևանքներ կարող է ունենալ: Նախ համակարգչի առջև շատ  ժամանակ  անցկացնելու արդյունքում երեխաների մոտ ընդհանուր թուլություն և հոգնածություն է դրսևորվում, քնի խանգարումներ: Բացասական հետևանքները կարող են իրենց հետքը թողնել հոգեկան գործընթացների վրա ( մասնավորապես երեխայի  հիշողությունն է վատացում, դպրոցում դասերի ժամանակ դժվարությամբ են կենտրոնացնում ուշադրությունը, հասկանում ու դատողություններ անում), հոգեվիճակների, անձնային հատկությունների ձևավորման  վրա, միջանձնային հարաբերությունների ոլորտում: Առավել շատ են հանդիպում հուզական խաթարումները, դրդապատճառային ոլորտի ձևավորման բացասական միտումները՝  կապված ինֆորմացիոն ներգործության հետ:

Կարելի˚ է ասել, որ համացանցը ազդում է երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա:

Ինֆորմացիոն աշխարհն իր բոլոր դրսևորումներով ազդում է մարդու արժեքային համակարգի, արժեքային կողմնորոշումների ու  դիրքորոշումների,   նպատակների ու ցանկությունների, երազանքների ու իդեալների ձևավորման, մարդկային փոխհարաբերությունների կառուցման վրա:

 Ո˚ր տեսակի նյութերն կամ կայքերն են առավել  վտանգավոր են երեխաների համար:

 

Համացանցի լուրջ բացասական կողմերից մեկն այն է, որ այստեղ չի վերահսկվում ինֆորմացիան, չկան տարիքային սահմանափակումներ ու արգելքներ: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք  կարող են կլանել անգամ  հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիաի հանդիպեն: Նախադպրոցական տարիքը, առավել ևս դեռահասության տարիքը սեռային ինքնագիտակցության, սեռական նույնականության ձևավորման, սեռային դերերի ու բնութագրերի յուրացման կարևոր շրջաններն են: Սեռերին ու սեռական կյանքին վերաբերող  տեղեկատվության և տեսանյութերի, անառողջ  փոխհարաբերությունների անարգելք ներկայացումը կարող է խեղաթյուրել դեռահասների ու պատանիների սեռական ոլորտի մասին պատկերացումները, բացասաբար ազդել սեռական հասունացման ընթացքի վրա, բացասական հետևանքներ ունենալ տարիքին բնութագրական տվյալ ոլորտի նկատմամբ դրսևորվող գերուշադրության ու հետաքրքրության վրա, ընդհանրապես  չձևավորված սեռական, սոցիալական, հոգեկան ոլորտների զարգացման ընթացքների վրա: Դեռահասների, պատանիների ու երիտասարդների մոտ կախվածություններ են առաջանում սոցիալական ցանցերից, որոնք դարձել են հաղորդակցման այլընտրանքային ձևեր, ծանոթության և շփման հասանելի միջոցներ:

 Իսկ ինչպիսի˚ ազդեցություն կարող են ունենալ ինտերնետային խաղերը:

Բուռն երևակայության շրջան համարվող մանկական տարիքում համակարգչային խաղերն իրենց գունավոր աշխարհներով, հերոսներով, հաղթանակներով ու պարտություններով, հետաքրքիր վիրտուալ մրցակիցներով կարող են ամբողջովին կլանել երեխային: Շատ ավելի լուրջ  հետևանքներ  է ունենում  այն փաստը, որ շատ  խաղերում ագրեսիվ  վարքի ձևեր ու մոդելներ են դրսևորվում, որոնք երեխաներն առանց գիտակցական վերաբերմունքի ու գնահատականի նմանակման ուժով յուրացնում են: Խաղալով  երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով  ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել, կտրել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ  կարող  է  ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա  դա կարելի  է անել նաև իրական աշխարհում: Դրանք կարող են նաև մանկական  վախերի առաջացման պատճառներից մեկը լինել: Չէ որ երեխան դեռ չի կարող  տարբերել արվեստն ու իրականությունը: Մեծ մասամբ երեխաների մոտ հոգեբանական կախվածություն առաջանում է դերային խաղերի նկատմամբ: Համակարգչային դերային խաղերում երեխան իր վրա համակարգչային հերոսի դերն է ստանձնում, այն պարտադրում է խաղացող երեխային հանդես գալ կոնկրետ կամ երևակայվող հերոսի դերում: Հենց այս խաղերի ժամանակ է տեղի ունենում երեխայի ամբողջական խորը ներգրավումը խաղի մեջ: Երբեմն, անգամ երևակայության մեջ շարունակում են կարծես  թե  գործել համակարգչային հերոսի անձի դիրքերից՝ գտնվելով իրական կենսական իրադրություններում:

 Բացի տեխնիկական միջոցներից,  ծնողներն ինչպե˚ս կարող են ստիպել երեխաներին համացանցից շատ չօգտվել կամ այդ ազդեցությունը մինիմալի հասցնել:

 

Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ցանկացած տիպի դերային խաղից երեխային դժվար է կտրվելը, իրական աշխարհը վերջինիս հետ համեմատած անգույն  է ու անհետաքրքիր: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում: Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մեջ: Առանց սահմանափակումների համակարգչից օգտվելը կհանգեցնի այլ զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորստի, շփման շրջանակի նեղացման, ծնողների հետ շփումների աստիճանական կորստի, իրական կյանքում ակտիվության նվազման, սահմանափակումների նկատմամբ դրսևորվող կամակորության, նյարդայնության:

Խաղը  դադարեցնել  դժվար է,  քանի որ հաղթելով  ցանկանում են այն ամրապնդել, պարտվելով՝ հաղթել, այսպես դժվար է կտրվել խաղից: Հոգեբանները, մանկավարժները ընդհանրապես  խաղերին դեմ չեն , խաղն անհրաժեշտ է երեխային զարգանալու համար, դեմ են կոնկրետ տեսակի խաղերին, որոնք խաթարում են հոգեկանը: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինի:  Ծնողներին խորհուրդ է տրվում  բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և  «լավ» , որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն  ծնողին: Անհրաժեշտ է համակարգչում ծրագրային այնպիսի ապահովություն ունենալ, որը ծնողական հոսկողության դերը կապահովի: Ցանակալի է, որ համակարգիչը երեխայի սենյակում չլինի, որպեսզի երեխան չգայթակղվի:

Ամենապարզ  և   գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ, իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ: Երեխաների առողջության և հոգեկանի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար ցանկալի է, որ ծնողները երեխային բավականին ժամանակ, խնամք և հոգատարություն հատկացնեն: Երեխաները հաճախ համակարգչային աշխարհ են ընկղմվում նաև ընտանիքում անբավարար հուզական հարաբերությունների արդյունքում: Կարևոր է, որ  ծնողները հետաքրքրվեն ոչ միայն երեխայի  ուսման հաջողություններով, այլ նաև նրա հնարավոր անհանգստություններով, անհրաժեշտ է միշտ զրուցել երեխայի հետ, հարցնել  նրան խնդիրների և երազանքների մասին, կիսվել իր ապրումներով: Ծնողները պետք է երեխայի  մոտ իր նկատմամբ վստահություն զարգացնեն, աջակցեն, խրախուսեն նրա նվաճումները, միշտ ընդգծեն նրա հաջողությունները:  Անհրաժեշտ է երեխաների մոտ  զարգացնել  սոցիալական հմտություններ, եթե երեխաները դժվարություններ  են ունենում հասակակիցների հետ շփվելիս, ամաչկոտ են, երկչոտ, համակարգիչը շատ հեշտորեն կդառնա փոխարինող, չէ՞ որ վիրտուալ տարածությունում երեխան իրեն կարող է զգալ ուժեղ, համարձակ և շփվող: Ցանկալի չէ համակարգչի մոտ անցկացնելը լավ վարքի կամ ուսման խրախուսանք դարձնել: Դա ոչ առողջ մոտիվացիա կձևավորի: Խորհուրդ չի տրվում երեխային լիովին ազատություն տալ համակարգչային խաղեր ընտրելիս, որոշ խաղեր անհրաժեշտ է լիովին բացառել: Եթե ամեն դեպքում կախվածություն առաջացել է, պետք է  գործել համառորեն: Ոչ մի դեպքում պետք  չէ , որ ծնողները երեխայի, դեռահասի խնդիրների լուծումները վերցնեն իրենց վրա, թեթևացնեն, որոնք  առաջացել են համակարգչի մոտ կորցրած ժամանակի արդյունքում: Երեխան պետք է դեմ առ դեմ հանդիպի իր խնդրին, որպեսզի ցանկանա փոխվել:

Անկախ

 

Երկար ժամանակ համակարգչով զբաղվող դեռահաս տղաները թույլ ոսկորներ ունեն

unnamed (5)Հետազոտողների տվյալներով՝ իրենց սենյակում փակված, համակարգչային խաղեր խաղացող դեռահաս տղաները ավելի բարակ ոսկորներ ունեն, քան դրսում խաղացողները:

Երկար ժամանակ համակարգչային խաղեր խաղացող կամ հեռուստացույց դիտող տղաների ոսկորներում հանքանյութերի խտությունը ավելի քիչ է, քան աղջիկների կամ դրսում խաղացող տղաների մոտ:

Սա նշանակում է, որ ավելի ուշ իրենց կյանքի ընթացքում նրանց մոտ կոտրվածքների և օստեոպորոզների առաջացման վտանգը մեծանում է:

Մարդու կմախքը, ծննդյան օրվանից սկսած, աճում է մինչև դեռահասության ավարտը՝ իր աճի գագաթնակետին հասնելով վաղ չափահասության տարիքում:

Սնուցման հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր է ունենում աճի գործընթացում:

Նորվեգիայում իրականացված հետազոտության համաձայն՝ դեռահասների մոտ նստակյած ապրելակերպը ոսկորների առողջության և գերության խնդիրներ է առաջացնում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրություն է կատարվել Նորվեգիայի Տրոմսե շրջանի 15-18 տարեկան 463 աղջիկների և 484 տղաների շրջանում և հաստատվել է այն վարկածը, որ ոչ աշխատանքային օրերին երկար ժամանակ համակարգչի օգտագործումը հանգեցնում է ոսկորների ցածր խտության:

Հետազոտողները նաև պարզել են, որ տղաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, քան աղջիկները:

 

Նեխուրը` նույն կարոսը կամ քարաուզը

մաղադանոս

Քանի որ արդեն շուկայում հայտնվել է թարմ նեխուրը, հարկ է խոսել այդ բանջարեղենի հատկությունների` օգուտի ու նաև վնասի մասին:
Նեխուրը յուրահատուկ է նրանով, որ սննդի մեջ պիտանի են այս բանջարեղենի թե՛ թփերը, թե՛ արմատը և թե՛ ցողունը: Իսկ խոհարարական տեսանկյունից էլ այն լայն հնարավորություններ է ընձեռում, քանզի կարելի է օգտագործել թե՛ հում և թե՛ ջերմամշակված վիճակում: Արմատը կարելի է քերել ու օգտագործել աղցանների մեջ կամ եփել, շոգեխաշել ու նույնիսկ փուռը դնել: Այն համով կարտոֆիլի նման է մի քիչ, ուստի ճաշի մեջ բացակայող կարտոֆիլը կարելի է փոխարինել դրանով և անգամ տապակել կարտոֆիլի պես: Իսկ ցողունների կա՛մ հյութն են քամում, կա՛մ մանր կտրատում աղցանի համար: Կարելի է կիրառել ապուրներում ու բանջարեղենային խավարտների մեջ: Շատ հարմար է թանձրահյութերին ավելացնելու համար: Տնտեսուհիները գիտեն, թե ինչ աննման համ է հաղորդում նեխուրը սպասին, հատկապես եթե առատ է օգտագործվում:
Այս բույսը շատ կարևոր հանքանյութեր է պարունակում` կալիում, կալցիում, ցինկ ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ: Ինչպես նաև C, և B, PP, E խմբի վիտամիններ: Հենց օգտակար նյութերի այսքան առատության շնորհիվ է, որ այն էներգիա է պարգևում ու դրական ազդեցություն ունենում մաշկի, մազերի, աչքերի վրա ու անգամ վերքերի արագ սպիացմանն է նպաստում:
Նեխուրն օգնում է հոգնածության ու դեպրեսիայի դեպքում, բարձրացնում տրամադրությունն ու աշխատունակությունը, կարգավորում քունը, հանգստացնում նյարդերը, երիտասարդացնում օրգանիզմը` մաքրելով թույներից ու դանդաղեցնում ծերացման գործընթացը: Ի դեպ, քչերը գիտեն, որ նեխուրն օգնում է շոգը մեղմելուն. մեկ գդալ հյութը երկար ժամանակ կօգնի պահպանելու աշխուժությունը:
Նեխուրը կօգնի քաշ գցելուն
Արդեն ասվեց, որ նեխուրի օգնությամբ կարելի է օրգանիզմը մաքրել: Այն թեթևակի թուլացնող հատկություն ունի, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն արագացնում է մթերքի վերամշակումն ու ազատում ստամոքսն ու աղիները նեխած սննդից: Այն օգնում է նյութափոխանակության կարգավորմանը: Բացասական կալորիականություն ունի, ինչը նշանակում է, որ նեխուրը մարսելու համար ավելի շատ կալորիա է պահանջվում, քան դրա մեջ պարունակվողն է:
Նեխուրի օգուտն ու վնասը
Նրանք, ովքեր նեխուրն օգտագործում են պարզապես որպես բաղադրիչ աղցանի կամ էլ ապուրի մեջ, նրանց համար այս բանջարեղենի օգտակար հատկությունները հայտնություն են: Նեխուրի առանձնահատուկ համն ու բուժական նշանակությունը նոր չի բացահայտվել: Դրա մասին դարեր ի վեր տեղյակ է մարդկությունը, ու ինչպես վերը նշվեց, այս բանջարեղենը «ոտքից գլուխ» օգտակար է:
Այն, ի դեպ, ոչ միայն հաճելի համ ու հիվանդությունների դեմ պայքարելու հատկություններ ունի, այլ կարող է փրկել այն ամուսնությունը, որտեղ կիրքը մարել է: Իմաստուն կանայք դա նկատի կառնեն ու կհամեմեն ապուրն ու աղցանն այս հրաշագործ բույսով:
Դժվար թե բանջարանոցում հանքանյութերի նման բազմազանությամբ նեխուրին մրցակից գտնվի:
Նեխուրն օգնում է սրտանոթային հիվանդությունների դեպքում, կանխում է վարակիչ հիվանդությունները, ամրապնդում իմունիտետը, աթերոսկլերոզի հրաշալի կանխարգելիչ միջոց է, օգնում է հաղթահարելու ներքին տագնապի զգացողությունը, բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում է արյան ճնշման, երիկամային ու միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում, համալիր դրական ազդեցություն է գործում մարսողական համակարգի, ստամոքսահյութի մշակման վրա:
Աղիքներում կանխում է սննդի նեխման պրոցեսը, հեշտացնում սպիտակուցների յուրացումը. նեխուրի օգտակարությունն ուժգնանում է հատկապես մսով ուտեստների հետ:
Դժվար է գերագնահատել նեխուրի օգտակարությունը նաև երեխաների համար, այն հատկապես պետք է ներառվի գարնանային սննդաբաժնում` կանխելու հիպովիտամինոզը (վիտամինային անբավարարությունը):
Նեխուրը տղամարդու համար
Հնուց հայտնի է, որ նեխուրը տղամարդկանց համար օգտակար բույս է: Հին Հունաստանում մարտիկներին տրվող սննդի մեջ արմատապտուղ էին ավելացնում ուժը կրկնապատկելու համար, իսկ հայտնի սրտակեր Ջակոմո Կազանովան պաշտում էր նրբահամ ուտելիքներն ու դրանք առատորեն համեմում էր նեխուրով: Իսկ միջին դարերում այդ բուժիչ բույսն ալքիմիկոսները կիրառում էին սիրո թուրմեր պատրաստելու համար:
Պատահական չէ, որ բժիշկները համեմատում են վիագրան ու նեխուրը, քանի որ երկու միջոցների դեպքում էլ ազդեցությունը շատ ցայտուն է դրսևորվում:
Նեխուրի մեջ պարունակվող անդրոստերոն հորմոնն ավելացնում է արական ուժն ու տղամարդուն սեքսուալ հերոսությունների մղում: Ընդ որում, պոտենցիայի վրա բարերար են ազդում բույսի և՛ արմատը, և՛ ցողունը, և՛ տերևները:
Նեխուրի բուժիչ հատկությունը շատ օգտակար է տարեց տղամարդկանց համար, քանի որ օգնում է կարգավորել ճնշման տատանումներն ու հակաօքսիդանտների շնորհիվ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:
Նեխուրը կնոջ համար
Ինչո՞վ է օգտակար. թեկուզ նրանով, որ օգնում է բարեկազմ մնալ բացասական կալորիականության շնորհիվ: Օգնում է կարգավորել նյութա- և աղաջրային փոխանակությունը, բարելավում է մարսողությունը` արագացնելով սննդի մշակումը, թույլ չտալով, որ այն վերածվի ճարպի: Հետևաբար, այն շատ օգտակար է սննդակարգի ժամանակ: Այն կանանց նույնպես թարմացնում ու երիտասարդացնում է, իսկ հանքանյութերը նպաստում են աչքերի լարվածությունը վերացնելուն, ինչից կանանց հայացքը պարզ ու պայծառ է դառնում, վերացնում է սթրեսն ու բարերար ազդում մաշկի, եղունգների ու մազերի վրա:
Մեկ առավելություն ևս. նեխուրի հյութն օգնում է վերացնելու ոտքերին գոյացած արտահայտված մազանոթային ցանցը: Այդ հրաշալի հատկությունը բացատրվում է այս բույսի` անոթները ամրացնելու ու արյան կազմությունը բարելավելու հատկությամբ:
Կանանց գեղեցկությունը մեծ մասամբ պայմանավորված է ինտիմ կյանքի որակով, ու այս հարցում նույնպես նեխուրը մեծ դեր է կատարում:
Նեխուրը ` կշեռքի նժարին
Նեխուրը սննդակարգի մեջ ներառելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել և՛ օգտակար հատկությունները, և՛ հակացուցումները` օրգանիզմը չվնասելու նպատակով: Այս բանջարեղենը կարող է բազում հիվանդություններ դարմանել ու ընդհանուր բարերար ազդեցություն ունենալ: Սակայն, որքան էլ բազմաթիվ են օգտակար հատկությունները, այն զերծ չէ հակացուցումներից:
գ Նեխուրը սննդի մեջ չի կարելի կիրառել, եթե հենց այդ պահին բարձր ճնշում ունեք, քանի որ այն կարող է կրիզի պատճառ դառնալ:
գ Չի կարելի օգտագործել, եթե երակների լայնացում ու թրոմբային հիվանդություն ունեք:
գ Հակացուցված է ծերերին ու հիվանդությունից հյուծվածներին ու սրացումների ժամանակ:
գ Երիկամաքարային ու աղեստամոքսային տրակտի հայտնի հիվանդությունների դեպքում:
գ Էնթերոկոլիտ ու կոլիտ ունեցողներին` եթերայուղերի պատճառով:
գ Լեղաքարային հիվանդությունների, խոլեցիստիտի, պանկրեատիտի դեպքում պետք է սահմանափակել սննդի մեջ նեխուրի օգտագործումը:
գ Նեխուրի հյութն ու նեխուրային սննդակարգը նախընտրելի չեն սուր ալերգիաների դեպքում:
Հղի կանանց նեխուր ցանկացած վիճակում արգելվում է (հատկապես 6 ամսվա հղիությունից հետո), ինչպես նաև կրծքով կերակրելու շրջանում, քանի որ այն նվազեցնում է կաթի քանակն ու սպեցիֆիկ համ հաղորդում կաթին, ինչը փոքրիկին պարզապես կարող է դուր չգալ:
Պետք է խուսափել նեխուր օգտագործելուց արգանդային արյունահոսության, դժվար դաշտանի դեպքում. սպանախն ու մաղադանոսը նույնպես պետք է բացառել սննդաբաժնից:
Ճիշտ է, նեխուրի օգտակար հատկությունները բազում են, սակայն այն պետք է զգուշությամբ օգտագործել` հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունն ու հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում այս բանջարեղենը կարող է վնասել:
Նեխուրը 11 օգուտի մասին
1. Նեխուրը մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում: Ցողունները հարուստ են А վտամինով, որը շատ կարևոր է տեսողության համար, հատկապես` որպես հավկուրության կանխարգելման միջոց:
2. B խմբի վիտամիններով (B1, B2, B3, B5, B6), ինչը նշանակում է, որ այն շատ կարևոր է ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի համար, օժտված է ուշադրությունը կենտրոնացնելու, մտածողությունն արագացնելու ու հիշողությունը բարելավելու հատկությամբ:
3.Կալիումի պարունակությունն այն բարձր ճնշում ունեցողների համար է օգտակար դարձնում, քանի որ կարգավորում է ճնշումը:
4. Կալիումը նաև միզամուղ է, քանի որ նատրիումի հակոտնյան է, որը, հակառակը, հեղուկը պահում է օրգանիզմում: Կալիումի այդ հատկությունը կարևոր է երիկամների ու միզուղիների հիվանդությունների դեպքում: Եթե օրգանիզմում ինչ-ինչ պատճառներով այտուցներ են առաջացել, ապա նեխուրը կօգնի լուծել խնդիրը:
5. Ցինկը կօգնի լուծելու մաշկի մազերի ու եղունգների խնդիրը, քանի որ հիմնականում օրգանիզմում ցինկի անբավարարությունն է հանգեցնում նման խնդիրների:
6 . Նեխուրի C վիտամինն օգնում է իմունիտետին ու գործում է հակաօքսիդանտի պես. պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասումից ու վաղաժամ ծերացումից:
7.Կալցիումն ու ֆոսֆորը, թեկուզև ոչ մեծ քանակությամբ, կօգնեն ատամների ու ոսկրերի ամրությանը:
8. Նեխուրը հրաշալի միջոց է նիհարել ցանկացողների համար` բացասական կալորիականության շնոհիվ, որի յուրացման համար օրգանիզմը շատ էներգիա է ծախսում: Դա նեխուրի հատկապես արմատի մեջ պարունակվող կոշտ բջջանքի շնորհիվ է, որն անգամ լավ ջերմամշակման արդյունքում լրիվ չի քայքայվում:
9. Նեխուրի մեջ կան նյութեր, որոնք կործանարար են ազդում օրգանիզմի քաղցկեղածին նյութերի`պոլիացետիլենների ու ֆտալիդների վրա: Այսինքն` այն նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունի, քաղցկեղային հիվանդությունների յուրօրինակ կանխարգելման միջոց է:
10. Նեխուրի մեջ պարունակվող կումարին նյութը թեթևացնում է ցավը, հատկապես` գլխացավը:
11. Վիտամինա-հանքանյութային կազմության ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ, նեխուրի ամենօրյա օգտագործումը կարող է օրգանզիմի վրա ընդհանուր ամրապնդող ազդեցություն ունենալ ու լավ ինքնազգացողության հիմք լինել:
Այս ամենն իհարկե գերազանց է, սակայն չմոռանանք` նեխուրը համադարման չէ: Թեկուզև օգտակար բանջարեղեն է, սակայն այն պետք է օգտագործել չափավոր` օրական 400 գ ոչ ավելի, չի կարելի չարաշահել:
Կարևոր է հիշել նաև, որ օգտակար նյութերի առավելագույն քանակ պարունակվում է թարմ բանջարեղենի մեջ: Ջերմամշակման արդյունքում որոշ բջջատեսակներ կարող են քայքայվել:

Գիտնականները պնդում են. վազքը կարող է և վտանգավոր լինել

վազորդ   Գիտնականները հանտնաբերել են, որ սահմանափակ վազքը ամենաճիշտ մոտեցումն  է իրենց առողջությանը հետևողների համար: ԱՄՆ-ի գիտնականները պնդում են, որ մարդիկ, ովքեր տանջում են իրենց երկարատև վազքով կամ նրանք, ովքեր ընդհանրապես չեն վազում, կարող են վտանգել իրենց առողջությունը:

Նրանք, ովքեր վազքին տրամադրում են շաբաթական երկուսից-երեք ժամ, ապրում են ավելի երկար, քան այն մարդիկ, ովքեր ավելի շատ են վազում կամ ընդհանրապես դրա համար ժամանակ չեն հատկացնում: Գիտնականները համոզված են` սա կապված է առողջության վրա վազքի ազդեցության հետ:

Փենսիլվանիայի Կարդիովասկուլար հետազոտական կենտրոնը  իր եզրակացությունները կատարել է` ուսումնասիրելով ավելի քան 3800 տղամարդ և կին վազորդների, որոնց  միջին տարիքը 46-ն է:

 

Հետազոտությունների ղեկավար բժիշկ Մարտին Մատսումուրան, որը  ղեկավարում է այս ուսումնասիրությունը, նշել է, որ սա չի նշանակում թե  մենք հորդորում ենք մարդկանց չվազել:

“Այն ինչ մենք դեռ չենք հասկանում, միայն այն է, թե որն է երկարակեցություն և առողջ կյանք ապահովող վազքի չափաբաժինը”,-նշել է բժիշկը:

Հետազոտությունների հիման վրա բժիշկները, փաստորեն, խորհուրդ են տալիս վազորդներին շաբաթական երկու-երեք ժամ միայն տրամադրել դանդաղ վազքին առողջ կենսակերպ ունենալու  համար:

Անկախ

Կոլայի ազդեցությունն օրգանիզմի վրա

կոլաԻ՞նչ է կատարվում մեր օրգանիզմում մեկ բաժակ գազավորված ըմպելիքից հետո: Ահա մի քանի կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական ընդհանուր մեխանիզմներ:
Ամենաառաջին ռեակցիաները կապված են շաքարի մուտքի հետ. 9 թեյի գդալ շաքարը (օրական նորմը) հայտնվում է ստամոքսաղիքային տրակտում` ստիպելով ենթաստամոքսագեղձին արյան մեջ ինսուլինի բավականին չափաբաժին փոխանցել, ինչի հետևանքով լյարդը սկսում է լարված աշխատել, տեղի է ունենում ինսուլինի մակարդակի բարձրացում:
Մոտավորապես 40 րոպեից հետո կոֆեինի ներծծումն ավարտվում է, որն այնքան էլ «անմեղ» չէ: Այն սկսում է գրգռիչ ազդեցությունը: Բիբերը լայնանում են, բարձրանում է զարկերակային ճնշումը, շրջափակվում են ադենոզային ռեցեպտորները: Դա իր հերթին նպաստում է գրգռվածության առաջացմանը ու վանում քնելու ցանկությունը: Դրանից հետո օրգանիզմում մեծանում է դոփամին հորմոնի քանակը, որը խթանում է ուղեղի հաճույքի կենտրոնը` առաջացնելով հաճելի զգացումներ` կապված ըմպելիքը խմելու հետ:
Դրա ուժեղ միզամուղ հատկության հետևանքով ոսկրերում գտնվող կալցիումը, մագնեզիումը, ցինկն ու նատրիումը, էլեկտրոլիտներն ու ջուրը դուրս են գալիս օրգանիզմից: Դրանից մեկ ժամ հետո դառնում ենք նյարդային ու ընկճված:
Սրանք, ի դեպ, կոլայի մեկանգամյա ընդունման հետևանքներն են, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տևական օգտագործման դեպքում: Վերջին տարիներին մամուլում տեղեկություններ հայտնվեցին գազավորված ըմպելիքների չարաշահման հետևանքով մահվան ելքով դեպքերի մասին: Ի դեպ, զոհերից մեկը բազմազավակ մայր էր:
Պայթուցիկ խառնուրդ
Օրգանիզմին անհանգստություն պատճառող բաղադրիչներն են կոլայի մեջ պարունակվող շաքարը, կոֆեինը, օրթոֆոսֆորային կամ կիտրոնաթթուն և ածխաթթու գազը:
Մեծ քանակությամբ շաքարը չի կարող ազդեցություն չունենալ ենթաստամոքսային գեղձի ու ներզատիչ համակարգի գործունեության ակտիվության վրա: Բացի այդ, այն չի կարող չնպաստել կարիեսի բարդացմանն ու խորացմանը` դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով բերանի խոռոչում միկոօրգանիզմների բազմացման համար: Իսկ եթե փորձենք շաքարը փոխարինել ցածրկալորիական փոխարինիչներով, ապա նման փոխարինումը, պարզվում է, ավելի վտանգավոր է: Այդ փոխարինիչների մեծ մասը միզաքարային հիվանդություններ կարող են առաջացնել (քսիլիտ, սորբիտոլ), մյուսները` (ասպարտամ) ալերգիկ ռեակցիաներ, իսկ երրորդները` քաղցկեղածին հիվանդություններ (սախարին, ցիկլոմատ):
Հնդկաստանի բնակչությունն այս կարգի տեղեկությունների հրապարակումից հետո բողոքում է լիմոնադների օգտագործման դեմ:
Հիմա թթուների մասին
Լիմոնադների մեջ որպես պահածոյացնող են օգտագործվում թթուները (կիտրոնաթթուն կամ օրթոֆոսֆորայինը): Դրանք բարերար ազդեցություն չունեն աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև կարող են միկրովնասվածքներ առաջացնել բերանում` բացասաբար ազդելով ատամների էմալի վրա: Պարբերաբար այդ ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է ոսկրերից կալցիումի (ինչը հատկապես անհրաժեշտ է աճող օրգանիզմին) «լվացմանը»: Կալցիումի անբավարարությունը կարող է հանգեցնել օսթեոպորոզի ու, որպես հետևանք, ոսկրերի փխրունության:
Չնայած ժամանակակից բաղադրատոմսում կոկաինը փոխարինվել է կոֆեինով, որպես տոնուսը բարձրացնող միջոց, սակայն հայտնի է, որ այն ևս կախվածություն է առաջ բերում: Կոֆեինի ազդեցությունը նյարդային համակարգի վրա գրգռվածություն է առաջացնում, ինչը բոլորովին ցանկալի չէ երեխաների պարագայում, որոնք առանց այդ էլ հակված են հոգեզգացմունքային անկայունության:
Ամենավտանգավոր բաղադրիչն այս ըմպելիքում ածխաթթու գազն է: Ու չնայած այն ինքնին զգալի վնաս չի պատճառում, սակայն կարող է զկրտոց ու փորի փքանք առաջացնել: Դա հատկապես տհաճություն է պատճառում մարսողական տրակտի հիվանդություններ ունեցողներին:
Բացի այդ, կոլայի մշտական օգտագործումը կարող է ախտահարել մկանները, այ այսպիսի տեղեկություն է հրապարակվել International Journal of Clinical Practice հանդեսում, որտեղ նկարագրվել են դեպքեր, երբ օրական մի քանի լիտր «փրփրան» ըմպելիքի օգտագործումը հոգնածության զգացման, ախորժակի կորստի, սրտխառնուքի, սրտի անոթների անցանելիության խաթարման է հանգեցրել: Դա կրկին պայմանավորված է կալցիումի լվացման ու գլյուկոզայի և կոֆեինի մեծ խտությունների ազդեցությամբ: Իսկ կալիումի ցածր մակարդակը (հիպոկալեմիան) կարող է թուլության, սրտի առիթմիայի և անգամ կաթվածահարության պատճառ լինել:
Դրա համար տարատեսակ լիմոնադների, փրփրան ըմպելիքների օգտագործումը չի խրախուսվում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների, առավել ևս հղի ու կերակրող մայրերի դեպքում: Առողջ հասուն մարդը կարող է իրեն թույլ տալ ժամանակ առ ժամանակ օգտագործել նման ըմպելիք, սակայն դրանով տարվել չարժե:
Coca-Cola-յի ազդեցությունն օրգանիզմի վրա ահավոր է:
Սակայն այն կարող է կենցաղում օգտագործվել որպես մաքրող միջոց:
1.ԱՄՆ-ի ճանապարհային ոստիկանությունը միշտ պարեկային ավտոմեքենայում 8 լ կոլա է ունենում, որ վթարի դեպքում իսկույն ճանապարհից լվանա արյան հետքերը:
– Զուգարանակոնքը լվանալու համար պարզապես կոլան լցրեք կոնքի մեջ, ապա մեկ ժամից ջուրը քաշեք:
– Քրոմապատ իրերի վրայից ժանգի հետքը վերացնելու համար այն շփեք կոլայի մեջ թրջած փայլաթիթեղով:
– Կեղտոտ հագուստը մինչև լվանալը թրջեք կոլայով, ապա լվացեք սովորականի պես:
– Ասում են, որ կոլայի ակտիվ բաղադրիչ կիտրոնաթթուն 4 օրում կարող է նույնիսկ եղունգը լուծել:
– Կոլայով են մաքրում նաև մեքենայի շարժիչը հենց իրենք` կոլայի մատակարարները:
– Եթե կաթսան այրվել է, ապա մեջը կարելի է կոլա լցնել: Եռացնելուց հետո կաթսան նախնական տեսքի կգա:
– Եթե մազերը ներկել եք ու այդ գույնը չափազանց վառ է թվում, ապա կոլան գունաբացելու հարմար միջոց է:
– Հին կոպեկները կարելի է փայլեցնել կոլայով:
– Կոլան լցրեք թեյնիկի մեջ, թողեք մեկ օր, ապա լվացեք. այն կմաքրի նստվածքը:
– Կոլան թանձրահյութն ավելի նրբահամ կդարձնի, պետք է խառնել 1:1 հարաբերությամբ:
– Կամ եթե հավը կամ ճուտը մինչ եփելը կոլայի մեջ թաթախեք, ապա միսն ավելի համեղ կստացվի:
– Կոլան կբարելավի մազերի որակը, եթե ողողեք դրանով, ապա նոր միայն չորացնեք:
Գուցե ժամանակն է կոլայի կիրառության ոլորտը փոխել: Չէ՞ որ այն երեխաները շատ են սիրում, ու նրանց մերժելն էլ դժվար է: Ուստի, եթե տանը կոլա է հայտնվել, ապա դուք արդեն գիտեք դրա կիրառման օգտակար տարբերակները:

Բաղնիք գնալը լավատեսություն է պարգևում

53342833-3368-69e5-3368-69ea642850a4.photo.0

Բաղնիքը ոչ միայն բարերար ազդեցություն է ունենում առողջության վա, օգնում սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեմ պայքարելու, այլև սովորական մարդուն բացարձակ լավատես կարող է դարձնել: Սրանք պարզապես ենթադրություններ չեն, այլ ճապոնացի գիտնականների կողմից ապացուցված փաստեր: Տոյամա ինստիտուտի մասնագետները փորձի շրջանակներում հետևել են շաբաթական 5 անգամ բաղնիք հաճախողներին. բոլորի մոտ սրտի աշխատանքի բարելավում ու  տրամադրության բարձրացում է նկատվել:

Փորձագետները նշում են, որ շոգեբաղնիքներն օգնում են սրտին ավելի լավ մղել արյունը, ինչը զգալիորեն նվազեցնում է արյան թանձրուկների ու խցանումների առաջացումը:

Անկախ

 

 

 

Գարնան գլխավոր խնդիրը. Ինչպես պետք է սնվել

վիտամինՇատ հաճելի եղանակ է հիմա, տաք քամի, արև, ձմեռվա ցրտից ընդարմացած մարմինների ազատագրում`  արևի ջերմության ազդեցությամբ: Սակայն գարունը մեր օրգանիզմի համար ոչ միայն բերկրանքի , այլև վիտամինների անբավարարության, նաև, ինչ-որ չափով նվաղման ժամանակաշրջան է: Ավիտամինոզն այն բանը չէ, որ կարելի է ականջի ետև գցել, չմտածել դրա մասին և ընդհանրապես լուրջ չընդունել:

Ձմռանն անշուշտ միրգ ուտում ենք, սակայն դրանք մինչ մեր սեղանին հայտնվելը երկար ժամանակ պահպանման համար մշակվում են հատուկ միջոցներով, ինչի հետևանքով օգտակար հատկությունների մեծ մասը, այդ թվում վիտամիններն ու միկրոտարրերը կորչում են:
Պահածոյացումը, ռաֆինացումն ու մշակումը նույնպես անբարենպաստ ազդեցություն են ունենում սննդի օգտակար հատկությունների վրա:
Ում ծանոթ չէ փխրուն, խամրած ու թափվող մազերի խնդիրը, թեփոտող չոր մաշկը: Դրանք ավիտամինոզի առաջին նշաններն են:
Ավելի բարդ դեպքերում միկրոտարրերի ու վիտամինների անբավարարությունը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են առիթմիան, ջղակծկումները, քրոնիկ հիվանդությունների սրացումը:
Փոքրիկների դեպքում D վիտամինը, որը մշակվում է միայն արևի լույսի ազդեցությամբ, հազվադեպ` աշուն-ձմեռ սեզոնին, կարող է հանգեցնել ռախիտի, ինչը հղի է կմախքի ոսկրերի ձևախախտմամբ:
A վիտամինի անբավարարություն
Ընդհանուր թուլություն, շնչառական, միզարտադրական համակարգերի ու մարսողական տրակտի ինֆեկցիոն ախտահարումներ, թուլություն, երեխաների մոտ` աճի ու զարգացման դանդաղում ու նյարդաբանական խախտումներ:
A վիտամին կա կարագի, ձվի դեղնուցի, լյարդի (հատկապես ձկան ու ծովային
կենդանիների), գազարի մեջ:
B վիտամին
Գերգրգռվածություն կամ էլ արգելակման զգացողություն, անքնություն, վերին ու ստորին վերջույթների պոլինևրիտներ, մաշկի զգայնության կորուստ, ախորժակի նվազում, անորեքսիա, ստոմատիտ, գլոսիտ (վառ կարմիր, չոր լեզու), դեմքի, գլխի մազածածկույթի, պարանոցի հատվածում, դաստակների շրջանում չոր քորով ուղեկցվող դերմատիտ:
Հիպոքրոմային անեմիա, նիհարում, թուլություն, գլխացավ, տեսողության խանգարում, մաշկի այրոցքի զգացողություն, ծակծկոց աչքերում, հևոց, սրտխփոց` ֆիզկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Պարունակում են բուսական ու կենդանական մի շարք մթերքներ: Ամենաշատ B վիտամինով հարուստ են կաթը, պանիրը, կաթնաշոռը:
C վիտամինի անբավարարություն
Ընդհանուր թուլություն, մազանոթների փխրունություն` կապտուկների գոյացմամբ, լնդերից արյունահոսություն, տեսողության թուլացում, լորձաթաղանթների ձևախախտում:
Առկա է թուրինջի, կիտրոնի, մասուրի, հատապուղների ու մրգերի, կաղամբի (նաև` թթու) մեջ, եթե ջերմամշակման չեն ենթարկվել:
D վիտամինի անբավարարություն
Ռախիտ երեխաների մոտ, թուլություն առանց պատճառի, ատամների ապահանքայնացում, օսթեոպորոզ, ցավ ոսկրերում ու մկաններում:
Մաշկի զգայնության խանգարում, դիաբետի զարգացման ռիսկ, հիպերտոնիա, քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգ:
D վիտամինն արևի ճառագայթների ազդեցությամբ է հիմնականում մշակվում: Սակայն փոքր չափաբաժիններով D վիտամին են պարունակում կարագը, կաթը, ձվի դեղնուցը, լյարդը, որոշ ձկնատեսակներ ու ծովամթերք:

«Խրոնիկ հիվանդները մշտապես պետք է կապի մեջ լինեն բժիշկների հետ` սրացումներից խուսափելու համար». սրտաբան Պարունակ Զեյվելյան

IMG_2228Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով եղանակային փոփոխություններին` նշեց, որ դրանք կարող են ազդել մարդու օրգանիզմի վրա, բայց օրգանիզմը բնականոն կերպով կարողանում է պաշտպանվել:

«Կան խրոնիկ հիվանդություններ, որոնք հատուկ սրացումներ են ունենում և պահանջում են հատուկ մոտեցում: Ամեն եղանակ ունի «իրեն հատուկ» հիվանդությունների ցանկը: Գարնանը, օրինակ` հոգեկան, հոգեբանական, սրտաբանական, զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները սրվում են: Դա պայմանավորված է երկար օրերով, արևի լույսով և այլն: Խրոնիկ հիվանդները մշտապես պետք է կապի մեջ լինեն բժիշկների հետ` սրացումներից խուսափելու համար»,-խորհուրդ տվեց սրտաբանը:

Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի խոսքով` ապահովագրական բժշկությունը պարտադրում է խրոնիկ հիվանդին նախապես հետազոտություն անցնել, որովհետև, ի վերջո, կանխարգելումը շատ ավելի հեշտ է ու էժան, քան բուժումը:

«Կլիմայի փոփոխությունները սովորաբար շատ են ազդում առողջության վրա: Մթնոլորտային ճնշման ցանկացած փոփոխություն` իջեցում կամ բարձրացում, ինչպես նաև քամին, ցուրտը, շոգը ազդում են մարդու առողջության վրա: Մենք պետք է մեր ապրելակերպի մեջ փոփոխություն մտցնենք»,- ասաց Հովհաննես Մանվելյանը:

Բժիշկները բնակչությանը խորհուրդ տվեցին տարբեր հիվանդությունների եղանակային սրացումից խուսափելու համար վարել առողջ ապրելակերպ` չծխել, առողջ սնվել, շատ շարժվել ու մարզվել:

«Համաճարակային իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է»

j Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է: Աշխուժացում է դիտվում 0-2 տարեկան երեխաների դիմելության շրջանում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` ներկայումս հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, նրանց համապատասխան բուժում է տրամադրվում:

« «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած օպերատիվ տվյալները ևս արձանագրում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբով կանչերը: Համաճարակային իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով` դեռ մեկ ամիս կա, որ շնչառական վարակների սեզոնն ավարտվի: Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը`մինչ ստացիոնար բուժման դիմելը, օգտվեն առաջնային բժշկական ծառայությունից:

«Տվյալ հիվանդին սպասարկող մանկաբույժը, թերապևտը շատ ավելի լավ են տիրապետում երեխայի վիճակին, լավ գիտեն նրա հիվանդության պատմությունը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ գրիպը և շնչառական վարակները օդակաթիլային տարածման մեխանիզմ ունեն և ստացիոնարներում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է»,-ասաց Լիանա Թորոսյանը` խորհուրդ տալով վիրուսներից խուսափելու համար եղանակին համահունչ հագնվել, չզբաղվել ինքնաբուժությամբ և խորհուրդներ հարցնել ոչ թե հարևանից, այլ բժշկից:

Արևահարության վտանգը հուշող ապարանջան

1395736017_article-2186534-147A5733000005DC-650_468x286

Հատուկ ապարանջանը թույլ կտա խուսափել վտանգավոր արևահարությունից: Այն կհուշի արևահարության վտանգավորության  ռիսկի մեծացման մասին ու թույլ կտա արևահարվել օգուտով ու  խուսափել ճառագայթային վնասվածքներից: Արևն օրգանիզմին օգուտ է, այն նպաստում է D վիտամինի սինթեզին, սակայն ուլտրամանուշակագույն ճառագայթների  չափազանցությունը կարող անգամ մաշկի այրվածքներ ու նույնիսկ  քաղցկեղ առաջացնել: Իսկ անընդհատ արևապաշտպան քսուքների կիրառությունն էլ կարող է հանգեցնել է D վիտամինի գոյացման պրոցեսի դանդաղեցման ու ի վերջո է D վիտամինի աբավարարության, գրում է New Scientist -ը:

Այս ապարաջանի տվիչը կարող է հուշել  արևային ճառագայթների ոչ բավարար լինելու կամ էլ ավելցուկի մասին: Վտանգավոր մակարդակի դեպքում տվիչը սկսում է թարթել լուսադիոդներով: Այն անջրաթափանց է, պաշտպանված փոշուց ու խոնավությունից: Սպասվում է, որ նոր արևապաշտպան ապարանջանները վաճառքում կհայտնվեն այս տարի:

Անկախ

«Օր օրի մասնագետներից շատերի մոտ երկիրը լքելու և արտերկրում աշխատանք գտնելու մտադրությունն ավելանում է». սրտաբան

շահենՍրտաբանությունն այն հազվադեպ բնագավառներից է Հայաստանում, որը միշտ առաջնակարգ դիրքերում է հարևան երկրների համեմատ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քանկոր» սրտանոթային բուժկենտրոնի ղեկավար, սրտաբան Շահեն Խաչատրյանը: Սրտաբանը ցավով նշեց, որ օր օրի մասնագետներից շատերի մոտ երկիրը լքելու և արտերկրում աշխատանք գտնելու մտադրություններն ավելանում են:

«Հայաստանում լավ սրտաբանական դպրոց կա, և այդ դպրոցի ներկայացուցիչները ճանաչված մասնագետներ են: Ցավով եմ նշում, բայց բժշկությամբ զբաղվելը Հայաստանում եկամտաբեր աշխատանք չէ»,- ասաց Շահեն Խաչատրյանը: Նրա խոսքով` այն գումարները, որոնք վճարվում են վիրահատության դիմաց, չեն բավարարում վիրահատություններ անցկացնելու համար, քանի որ վիրահատության համար անհրաժեշտ բոլոր գործիքները և նյութերը ներկրվում են արտերկրից, այն էլ՝ եվրոպական լավագույն երկրներից, ինչը բավական թանկ է:

«Մենք նյութերի վրա ենք գումարը ծախսում: Սակայն Միացյալ Նահանգներում նույն թելերով, նույն գործիքներով վիրահատության գինը տատանվում է 50.000-60.000 դոլարի սահմաններում, իսկ Հայաստանում վիրահատությունը 5000 դոլար է: Մեզ մոտ վիրահատության 95 տոկոսը ինքնարժեքն է՝ վիրահատության ծախսը, ընդամենը 5 տոկոսից էլ աշխատավարձ ենք տալիս: Այդ է պատճառը, որ մեր բժիշկներն ու քույրերը լավ չեն ապրում, իսկ բժիշկների շրջանում մեծանում է արտագաղթի միտումը»,- ասաց Շահեն Խաչատրյանը:

Անդրադառնալով պետպատվերով վիրահատվող հիվանդներիցն` բանախոսը նշեց, որ  նրանց համար տրված գումարը նույնպես չի բավարարում վիրահատությունն իրականացնելու համար:

«Ինչպե՞ս կարող է բժիշկը մտնել վիրահատարան, վիրահատել հիվանդին՝ չիմանալով կփրկի՞ նրան, թե՞ ոչ և կստանա՞ դրա դիմաց գումար, թե՞ ոչ: Այնպես է ստացվել, որ կոռուպցիոն դաշտի կենտրոնում հայտնվել են հենց բժիշկներ»,- ասաց Շահեն Խաչատրյանը` վստահաբար ասելով, որ Հայաստանում բժշկությամբ զբաղվելը ոչ եկամտաբեր բնագավառ է:

Սրտաբանի խոսքով` այս ամենի մեջ մի դրական բան կա. սրտաբանական ծառայությունների և սրտաբանների որակը Հայաստանում բավականին բարձր է: Եթե 90-ականների սկզբներին Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահանում էին 64-65 տարեկանում, ապա այսօր՝ 70-72»: Այս փաստը սրտաբանը պայմանավորում է բժշկության որակի բարձրացմամբ: Հայաստանում արդեն մոտ 30.000 մարդ է վիրահատվել, որոնցից շատերը պետք է մահացած լինեին, սակայն ապրում են վիրահատությունների շնորհիվ:

 

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն

 79051Այսօր Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ հիվանդասենյակներ։

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առոջապահական հիմնարկների ղեկավարներ, բժիշկներ:

Պատասխանելով լրագրողների հարցերին`  Դերենիկ Դումանյանը խրախուսեց մասնավոր ներդրողի կողմից նման կլինիկա ստեղծելու գաղափարը։ «Լիցենզավորման գործակալության և ԾԻԳ-ի  մեր մասնագետները մշտապես հետևել են շինարարության ընթացքին և անհրաժեշտ խորհրդատվություններ տվել, որպեսզի բոլոր ծառայությունները համապատասխանեն սահմանված նորմերին ու պահանջներին։ Արդյունքում այսօր բացվում է բավականին հարմարավետ հիվանդանոց»,- ասաց նախարարը: