Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթեցին մրցակիցներին

25441 chessԼեհաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթեցին մրցակիցներին: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավելության հասավ  Մոնտենեգրոյի, իսկ կանանց հավաքականը`Բելգիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Տղամարդիկ

Հայաստան – Մոնտենեգրո 2½:1½
Արոնյան – Ջուկիչ 1:0
Մովսիսյան – Բլագոևիչ 1/2:1/2
Սարգսյան – Դրաչկո 1/2:1/2
Պետրոսյան Տ. Լ. – Կոսիչ 1/2:1/2
Կանայք

Բելգիա – Հայաստան ½:3½
Զոզուլիա – Մկրտչյան 1/2:1/2
Գուսենս – Գալոյան 0:1
Բարբիե – Կուրսովա 0:1
Դիերկենս – Հայրապետյան 0:1

Թուրքիայում հայերի գերեզմանները կրկին ավերվել են գանձ որոնողների կողմից

gerezmanԹուրքիայի Բաթմանի նահանգի Բարաժ լճի մերձակայքում գտնվող հայերին պատկանող գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախը: Մի ժամանակ այս գերեզմանաքարերն ամբողջովին ջրի տակ էին անցել, սակայն վերջերս լճի մակարդակի անկման հետևանքով դրանք նորից տեսանելի են դարձել: Գանձ որոնողները, օգտվելով այս հանգամանքից, արժեքավոր իրեր գտնելու հույսով սկսել են փորել գերեզմանները՝ հիմնովին ավերելով դրանք: Մի շրջանում, որտեղ մեծ տարածում ունեն այն լեգենդները, թե հայերը թաղվել են իրենց թանկարժեք իրերի հետ միասին, ավերակների են վերածվել նաև պատմական եկեղեցիները:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Թաշլըդերե գյուղի մոտակայքում տեղակայված գերեզմանները փորվել են անհայտ անձանց կողմից: Այս սրբապղծությունն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: «Մինչև ջրի տակ անցնելն էլ հայերին պատկանող գերեզմանները ավերվում էին գանձ որոնողների կողմից: Անցած օրը նկատեցինք, որ տարածքը փորված է: Այստեղ շատ տարածված են գերեզմաններում թաղված թանկարժեք իրերի և գանձերի մասին խոսակցությունները: Անկախ նրանից, թե գերեզմանը ում է պատկանում, այն քանդելը ճիշտ չէ»,-նշել է գյուղացիներից մեկը:

Ուշագրավ է, որ քանդված գերեզմանների մոտակայքում խաչքարի կտորներ են գտնվել:

Սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն

scenesAutumnRain2Նոյեմբերի 9-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի խիտ ամպամածությամբ եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին:
Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև20մ/վրկ, առանձին վայրերում հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կտրուկ կնվազի 6-8 աստիճանով: Ուշադրություն. շրջանների մեծ մասում, հատկապես` հարավային կեսում սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ:

Երևանում նոյեմբերի 9-ին և 10-ին կդիտվի մեծամասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև: Ջերմաստիճանը` գիշերը +4 +6, ցերեկը` +13 +15, երեկոյան ժամերին` +8+10:

Նարեկ Սարգսյանի հերթական անիմաստ գաղափարը

հրապարակ (1)Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթն ի վերջո ամփոփվեց:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին ու չափորոշիչներին, և քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ (խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները):

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մայիսին հայտարարել էր Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ, որի նպատակն էր ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված  կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին: Մասնավորապես պետք է հաշվի առնվեր այն հանգամանքները, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի`  դրանից բխող հետևանքներով, անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները, հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է Հյուսիսային պողոտան և, ի վերջո,  հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ` Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման  հետևանքով այն որոշ դժվարությունների է հանգել զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:

Երբ հայտարարությանը հետևեցին տարատեսակ դժգոհություններ ու մտավախություններ, Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ վերոնշյալ մրցույթի անցկացումն ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նման քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը, ըստ նրա, մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում


հրապարակ (2)

առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելը, հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը, մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելը՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում:

Փաստորեն, կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվել էին անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու:

Մնում է հասկանալ, թե ինչու են նման անիմաստ մրցույթներով ավելորդ տեղը գրգռում հանրության` առանց այն էլ Երևանի քաղաքաշինական խնդիրների նկատմամբ զգայուն նյարդերը:

Ամիսներ առաջ ՀՀ նախագահի հետ Հանրային խորհրդի հանդիպման ժամանակ այս հարցին հարցով պատասխանել էր Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Ինչո՞ւ եք արգելում ճարտարապետներին մտածել»:

Այս մրցույթի խայտառակ արդյունքները, հավանաբար, հենց այդ անարգել մտածողության արգասիքն էին:

Ի դեպ, մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը զրուցել էինք «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ, որը չթաքցնելով իր վրդովմունքը հայտարարված մրցույթի մասին, ասել էր, որ այդ մրցույթի ընդհանրապես անիմաստ էր: «Ամեն ինչ պետք չի, որ մենք էսօր վերցնենք, փոխենք, դեռ գալու են սերունդներ, իրենք էլ են քաղաքը գեղեցկացնելու»,- կարծում է ճարտարապետը:

Ինչ վերաբերում է Լենինի հանված արձանին, որի դատարկ մնալը հանրության կողմից հաճախ է քննարկվում, ապա Գրիգոր Ազիզյանն այն կարծիքին է, որ շատ ավելի լավ կլինի, եթե դրա տեղը ոչինչ էլ չդրվի: «Հիմա շատ սիրուն է` կանաչ զանգված, այդ ճանապարհով գնում ես դեպի Շահումյանի հրապարակ` արձանով, հետո` Մյասնիկյանի հրապարակ` նորից արձանով, դուրս ես գալիս քաղաքապետարան, շատ գեղեցիկ պուրակ է: Ոչինչ էլ պետք չի դնել, մենք, ուղղակի մեր հիշողության մեջ պահած լինելով Լենինի արձանը, մի տեսակ անսովոր ենք համարում, որ այդ մասը դատարկ է: Բայց երիտասարդ սերունդը նման բան չի տեսել ու չի  հիշում»:

Իսկ եթե նպատակ կա լուծելու քաղաքի տրանսպորտային խնդիրները, ապա «Հայնախագծի» տնօրենը կարծում է, որ այլ տեղերում ավտոկայանատեղիներ ստեղծելով` հրապարակը լիովին կազատվի տրանսպորտային հանգույց լինելուց: «Հրապարակը չպետք է կայանատեղի դարձնել: Ինչ վերաբերում է հրապարակի ստորգետնյա հատվածին, ապա դրան ընդհանրապես ձեռք տալ պետք չէ: Մի խոսքով, լրիվ անիմաստ էր նման մրցույթ անցկացնելը, իսկ մրցույթին ներկայացված աշխատանքները դրա վառ ապացույցն են»,- ամփոփեց նա:

Երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ներկա իրավիճակում նման մրցույթի անցկացումը վտանգավոր էր համարել մի շարք առումներով. «Դեռ Հյուսիսային պողոտան չմարսած, երբ քանդվում է Ծածկած շուկան, ու պետությունը չի կարողանում սևով սպիտակի վրա ամրագրված պարտավորությունները կատարել, ցանկացած նոր քայլ հուշարձանների շրջապատում հղի է վտանգներով, իսկ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ հուշարձան է, որի մասին «թյուրիմացաբար» մոռացել էին մրցույթի կազմակեպիչները, քանի որ այդ մասին չկար որևէ նշում մրցութային փաթեթի մեջ»։

հրապարակ

Ճարտարապետը նկատում է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը, միամտաբար չտեսնելով մեր ժամանակների մարտահրավերները, ցանկություն ունենար մասնակցելու մրցույթին, միայն թերի մրցութային փաթեթը բավական էր, որ իրեն հարգող մասնագետը հրաժարվեր մասնակցելուց։

Սարհատ Պետրոսյանը մրցույթին ներկայացված աշխատանքների վերաբերյալ ասել էր, որ դրանք լավագույնս բնորոշում են մեր օրերի ճարտարապետական իրականությունը։ Ներկայացված նախագծերը նա բաժանել էր 3 խմբի` մանկամիտ ու ոչ պրոֆեսիոնալ, պսևդոթամանյանական-նարեկսարգսյանական,  գավառական, ինտերիերային ճարտարապետական, բայց ոչ քաղաքաշինական գրագետ մոտեցումներով նախագծեր:

Նրա կարծիքով` ցանկացած ճարտարապետ ու անհատ կարող է հղանալ մտքեր ու գաղափարներ, բայց եթե դրանք չեն դիտարկվում հասարակական առկա համատեքստում, ապա դառնում են կա՛մ արժեզուրկ, կա՛մ վտանգավոր։ «Ես կարծում եմ` վերջին մեկուկես տասնամյակի իրողությունը մեզ պետք է հուշի, որ հանգիստ թողնենք քաղաքի կենտրոնը, քանի որ մեզ նորմալ կառուցապատում, հասկանալի պատճառներով, չի հաջողվում»,-ասել էր նա:

 

Ոստիկանությունը հերքում է. Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն չի գործադրվել

ոստիկանությունՈստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է լուրերը, թե ոստիկանապետը ծեծել է Շանթ Հարությունյանին: Հայտարարությունում ասված է.
««Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց  է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը:
Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…
Ավելին. միջադեպի հաջորդ օրը բերման ենթարկվածներին են այցելել ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի խումբը: ՄԻՊ-ի դիտորդական խումբը որևէ հայտարարություն չի արել բռնությունների մասին, իսկ ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է հետևյալը. «Ձերբակալված բոլոր 20  հոգու հետ հանդիպել ենք, զրուցել ենք: Ոչ ոք կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից: Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, իրենք ասացին, որ ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացել»: Սուրեն Իսկանդարյանը հավելել է, որ զրուցել է նաև Շանթ Հարությունյանի հետ, ու նա էլ ոչ մի խնդիր չունի:
Ստացվում է, որ ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ձերբակալվածները, ոչ ո՛ք՝ խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանից, որն այցելում է ՁՊՎ, ու մի ժամ տևած զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանը միայն նրան է «խոստովանում» բռնության «փաստը»: Ոչ ոք խնդիր չունի, բացի «ՀԺ»-ից, որն արդեն երկրորդ օրն է ստահոդ լուրեր է տարածում, թե Մաշտոցի պողոտայում կազմակերպված սադրանք է տեղի ունեցել: Գոնե վերջին երկու տարում ոստիկանությունը ապացուցել է, որ ոչ թե կազմակերպում, այլ բացահայտում է սադրանքները, և հասարակությունն էլ հրաշալի ճանաչում է թե՛ սադրիչներին, թե՛ իր ոստիկանությանը:
Ամեն դեպքում, վայել չէ նման էժան և ի սկզբանե ձախողված միջոցների դիմելը, իսկ թերթին առաջին անգամ չէ, որ խորհուրդ ենք տալիս թյուրիմացության մեջ չգցել իր ընթերցողներին:
Ոստիկանությունը համոզված է, որ իսկապե՛ս կպարզվի այս սադրանքի իսկությունը»:

 

ՀՀ ԶՈւ տեսչական խումբը հայտարարված վայրերի տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում

պն2013թ. նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ:

Մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի:

Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում և Սարիղամիշում տեղակայված բրիգադները:

Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում:

Դանակահարվել է ոստիկան, կան տուժած ոստիկաններ և ցուցահարներ, ոստիկանության հայտարարությունը

05.11.13ազատության հրապարակԱրդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում:
Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը:
Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան:
Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Կան տուժած ոստիկաններ:
Կատարվում է դեպքի վայրի զննություն:
Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

4479Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հազարավոր ռուս ազգայնականներ ցույց են կազմակերպել Մոսկվայում

Russian nationalists attend a "Russian March" demonstration on National Unity Day in MoscowՄի քանի հազար ռուս ազգայնականներ երկուշաբթի օրը ցույց են կազմակերպել Մոսկվայում՝ ներգաղթյալներին մեղադրելով հանցագործությունների աճի և իրենց աշխատատեղերը զբաղեցնելու մեջ:

Բազմաթիվ ցուցարարներ Ռուսաստանի կայսերական դրոշներ էին ծածանում: Խմբերից մեկը «Երիտասարդները դեմ են հանդուրժողականությանը» արտահայտությամբ ցուցանակ էր պարզել:

Ազգայնականների շրջանում մեծ թշնամանք կա և´ Կենտրոնական Ասիայի նախկին սովետական հանրապետություններից, և´ ոչ սլավոնական` հիմնականում մահմեդական Ռուսական Կովկասի շրջաններից ժամանած ներգաղթյալների նկատմամբ:

Որոշ ցուցարարներ գովաբանում էին բողոքի ակցիան և կարծիք հայտնում, որ այն հովանավորվում է պետության կողմից:

Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող 36-ամյա Եվգենիյ Մորգունովը հայտնում է, որ մարդկանց մեսիջ է ուղարկվել, որ նման ջարդերի մեջ մասնակցություն ունենալու դեպքում առաջընթաց կլինի:

Նա նաև նշել է, որ ինքը չի ողջունում «Ռուսաստանը ռուսների համար» ազգայնականների լոզունգում պարունակվող արմատապես բացառող տրամադրությունը, սակայն իր կարծիքով, եթե ռուսները լավ զգան, Ռուսաստանում գտնվող մյուս ազգերը ևս լավ կզգան:

Մոսկվայի ցույցերի վերաբերյալ որևէ հրապարակում դեռևս չի եղել, սակայն Իտերֆաքս լրատվական գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը Կրասնոյարսկ քաղաքում կազմակերպված նմանատիպ ցույցի 12 մասնակից է ձերբակալել: Ազգայնական ցույցեր կազմակերպվել են նաև Իրկուտսկ և Կազան քաղաքներում:

Սեպտեմբերին ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով՝ Ռուսաստանում կա 11 միլիոն ներգաղթյալ: ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, մեջբերելով Դաշնային միգրացիոն ծառայության հայտարարությունը, նշել է, որ ներգաղթյալներից միայն 718,000-ը երկրում բնակվելու թույլտվություն ունի:

Նոր մանրամասներ “Կանազ “զինվորական հոսպիտալի ծեծկռտուքից

արծրուն հովհաննիսյանԱյս պահի դրությամբ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել է եւ այժմ գտնվում է հոսպիտալում: Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաեւ նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ -ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է:Հաղորդում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ  նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ լրագրող Մհեր Ղալեչյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր. ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:

ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս»:

 

Զանգվածային հոսանքազրկման պատճառը համակարգի խափանումն է եղել

elektroՆոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:
Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:

Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:

Ժամը 12.07-ի վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:

Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների

edik-GrigoryanԵրեկ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է, և այդ որոշման կայացման գործին, ըստ թերթի, նպաստել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանն «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ս.թ. հոկտեմբերի 24-ին Հանրային խորհուրդը դիմում է ստացել ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանից կողմից, որով վերջինս հայտնել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և պետք է շտապ վիրահատվի՝ խնդրելով Հանրային խորհրդին աջակցել խնդրի լուծմանը: Գրիգորյանը դիմումին կցել է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը, ըստ որի հիվանդն ունի անհապաղ վիրահատության կարիք:

Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին օրենքով սահմանված կարգով ապահովելու բուժօգնության տրամադրումը ցմահ դատապարտյալին:

ՀԽ գրասենյակի պատասխանատուն հավելեց, որ Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից ՀՀ քաղաքացիներից առողջական խնդիրների լուծմանն առնչվող բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնց մի մասը եղել են դատապարտյալների կողմից: «ՀԽ լիազորությունների սահմաններում բոլոր դիմումներն ուսումնասիրվել են, տրվել համապատասխան ընթացք և որոշ դեպքերում՝ դրական լուծումներ: Օրինակ, Հանրային խորհրդի միջնորդությամբ 2010 թվականին պատիժը կրելու ժամանակ կուրացած դատապարտյալ Հայկ Վարդանյանն օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել»,-ասաց նա:

Հակոբ Բարխուդարյանը նաև հայտնեց, որ Հանրային խորհուրդը, ստանալով դիմումներ դատապարտյալների կողմից, ուսումնասիրում է խնդիրը՝ անկախ դատապարտյալի պատիժը կրելու պատճառներից: Նրա խոսքով՝ այս պահին ՀԽ վարույթում երկու դատապարտյալի նմանատիպ դիմում է քննվում: Սակայն խնդիրն առայժմ լուծված չէ, քանի որ դիմումատուները նամակներին կից չեն ներկայացրել հիվանդությունը հաստատող փաստաթուղթ, և ՀԽ առողջապահության հանձնաժողովը պետք է դիմի համապատասխան կառույցներին՝ ստանալու հիվանդությունների վերաբերյալ եզրակացությունները: «Էդուարդ Գրիգորյանի հարցը հնարավոր է եղել շուտափույթ լուծել, քանի որ դիմումին կից ներկայացված է եղել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը հիվանդության և անհապաղ վիրահատության անհրաժեշտության մասին»,-ասաց նա:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի պատվիրակությանը

Սերժ Սարգսյան,Եվրոպական խորհրդարանՉարլզ Թանոք, Ռիշարդ Չարնեցկի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Նախագահի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են նաև խմբի մի շարք այլ անդամներ:

Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Նախագահի խոսքով, եվրոպական արժեհամակարգին դավանող Հայաստանը պետության կառուցման և զարգացման ճանապարհին առաջնորդվում է հենց այդ չափանիշներով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Վարչապետի մասնակցությամբ բացվել են Վարդենիսի սոցիալական ծառայությունների կենտրոնը և Վաղաշենի նորակառույց դպրոցը

վարչապետը վարդենիսումՎարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի: Իրականացվել է նաև կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:
Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Վաղաշեն համայնք` ներկա գտնվել տեղի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքերից: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ: Ներկայում կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի: Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օբյեկտների սեյսմակայունության ապահովմանը:
2014 թվականին նախատեսվում է նաև վերանորոգել Գավառի թատրոնը և Գետաշենի մանկապարտեզը:
Վարդենիսի և Վաղաշենի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին` սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ գործնական ծրագրեր իրականացնելու և ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է խորհրդարանական պատվիրակության անդամներին մեր երկրում, ընդգծելով, որ պատգամավորների այցը Հայաստան լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, զգալու մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը հնդիկ ժողովրդի նկատմամբ: Նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներն արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ խորհրդարանների միջև կառուցողական և սերտ համագործակցության զարգացմանն զգալիորեն նպաստում է նաև երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի աշխատանքը:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև գոյություն ունեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, երկու երկրները սերտորեն փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում և շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ, ինչը լավ հիմք է զարգացնելու հարաբերությունները նաև առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում: Կողմերի համոզմամբ, դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական ջերմ բարեկամական հարաբերությունները, սերտ մշակութային կապերը պահպանվում և ամրապնդվում են նաև Հնդկաստանի հայ համայնքի շնորհիվ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի, հայկական եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության և հոգատար վերաբերմունքի համար:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և զարգացման զգալի ներուժ ունեցող մի շարք ոլորտներում՝ ՏՏ, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ, համագործակցության խորացման հնարավորությունները, ինչն իր հերթին կխրախուսի երկու երկրների տնտեսություններում փոխադարձ ներդրումները:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի պատվիրակության անդամներին ցավակցություն է հայտնել Հնդկաստանում երեկ տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային պատահարի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, իսկ զոհվածների հարազատաներին հայտնել իր զորակցությունը:

Պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին անկեղծ ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հնդկաստանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

«Վարդ սիրեցի» երգը` զինվորների կատարմամբ

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, Դըլե յաման, դըլե յաման…  «Վարդ սիրեցի» հայտնի  հայկական ժողովրդական երգը կատարում են  ժամկետային զինծառայողներ Գոռ Մելքումյանն ու Վաղինակ Ալոյանը:

 

DDOS հզոր հարձակում` «Արմինկո»-ի վրա

«Արմինկո»Այսօր առավոտվա ժամը 9-ից Արմինկոյի վրա իրականացվում է DDOS հարձակում: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ընկերության տնօրեն Գրիգոր Սաղյանը:

«1.5 գիգաբիթ/վայրկան արագագործությամբ, Միացյալ Նահանգներից: Առաջին անգամ է նման հզոր ու կազմակերպված գրոհ իրականացվում: Իմ ունեցած տվյալներով, տուժել են միայն «Արմինկո»-ի հաճախորդները»,-մանրամասնել է Սաղյանը, ավելացնելով, որ այս պահին հարձակման դիմակայելու աշխատանքներ են իրականացվում են:«Մենք ուղարկել ենք բողոք այն օպերատորի մասին, որի կողմից գրոհը եղել է: Բայց դեռ քննությունն ընթացքում է: Սա հարձակում էր տեղեկատվական աղբյուրներից մեկի վրա, բայց թե որ կայքի վրա, այս պահին չգիտենք, կայքերը շատ են, այս պահին հստակ ասել չենք կարող»,-ասել է Սաղյանը:

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Սերժ Սարգսյան, տիկին Ռիտա Սարգսյան,«Երևան շոու-2013»Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը:

Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի ևս մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ հարյուր քառասուն գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, լավ հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին՝ սպառման նոր շուկաներ գտնելու համար:

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա հարյուր քսանհինգ ընկերությունների կողմից ներկայացված ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումներն ու գործիքները, շրջայցի ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել ոլորտի խնդիրների և զարգացման հետագա ծրագրերի մասին։

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ նախատեսված է անցկացնել «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը կներկայացնի միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը: Համաժողովում կներկայացվի նաև «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» նորաստեղծ հետազոտական Հայ ոսկերիչների հիմնադրամը:

Միշա Ալոյանը` բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

մա2221346781382786594Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգում կայացան բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները:

Ռուսաստանի դրոշի ներք հանդես եկող 52 կգ քաշային Միշա Ալոյանը վճռական հանդիպումում 29:28, 29:28, 28:29 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լապիտովին:

Ալոյանը երկրորդ անգամ ուժեղագույն ճանաչվեց  աշխարհում: Նա նախկինում աշխարհի չեմպիոն էր դարձել 2011-ին:

Նախագահը Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սերժ Սարգսյան,Բելառուս, ԱՊՀ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված հարցերի թվում են եղել 2014-2016թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում համագործակցության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության և 2014-2018թթ. թմրամոլությանը հակազդման մասին ծրագրերը, որոնք հաստատվել են նիստի մասնակիցների կողմից:

Նախագահները քննարկել և հավանության են արժանացրել նաև 2014-2018թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը:

Նիստում հաստատվել են կոռուպցիային հակազդման միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրը և տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հայեցակարգը ևս:

Հումանիտար համագործակցության ոլորտում քննարկվել են 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը տոնելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որոշում է կայացվել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելու և «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը 2014թ. իրականացնելու մասին:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Կիևում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների մյուս նախագահների հետ մասնակցել է նաև Անկախության պալատի բակում պատվավոր հյուրերի ծառուղու հիմնադրման արարողությանը: