Վարչապետը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ

MHM80578 copyՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշել է, որ այս գեղեցիկ տոնն ունի իր առանձնահատուկ խորհուրդը՝ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը շինարարի նկատմամբ:

10617_am_2«Դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի պատմության շարունակականության ապահովման մեջ կարևորագույն դերակատարում ունեն հենց շինարարները՝ այն հարուստ ժառանգությամբ, որ թողել են մեզ: Այսօր էլ կարող ենք ուրախությամբ շեշտել, որ ժամանակակից շինարարությունը ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, որոնցով հպարտանում ենք և որոնք որպես ժառանգություն թողնելու ենք մեր ապագա սերունդներին: Այսօր շինարարության համար հեշտ օրեր չեն, այս ոլորտում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և մենք ձեզ հետ պետք է կարողանանք հաղթահարել ժամանակակից մարտահրավերները», – ասել է վարչապետը և այդ համատեքստում կարևորել կառավարության և շինարարների համագործակցությունը:
Տիգրան Սարգսյանը շինարարներին մաղթել է նորանոր ստեղծագործական հաջողություններ ինչպես մասնագիտական բնագավառում, այնպես էլ անձնական կյանքում:
Շինարարի տոնի կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի ճարտարագիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս Թեմուր Մարգարյանին:
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, «Արտալան Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և «Հայնախագիծ» ընկերությունը:

Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

երևանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա  որոշումով Տիգրան Բարսեղյանը  նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հայ զինվորը հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում

զինվոր է վիրավորվելՕգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում

456.Discussion at the UNSC 07.07.2013Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկում:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների նախագահությամբ տեղի ունեցած այս քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների արտգործնախարարներ ու դեսպաններ, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների (Աֆրիկյան Միություն, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Հարավամերիկյան պետությունների միություն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների ընկերակցություն) ներկայացուցիչներ:
Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, ողջունում է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ միջեւ ընդլայնվող երկխոսությունն ու սերտ գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների դիմակայման նպատակով փոխադարձ կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում:
Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ նշելով, որ միջազգայնորեն համաձայնեցված այս ձեւաչափով շարունակվող բանակցությունները հակամարտության կողմերի միջեւ 1994թ. ստորագրված հրադադարի պահպանման գլխավոր նախադրյալներից են:
Տեղեկացնելով, որ Հայաստանն ընթացիկ տարվա մայիս ամսից ստանձնել է ՄԱԿ-ի առանցքային գործընկեր հանդիսացող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահությունը, Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանային միջկառավարական այս կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության խթանումը, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդումը` հարցեր որոնք առաջնային են համարվում նաեւ ՄԱԿ-ի ու ԵԽ-ի անդամ պետությունների համար:
ՄԱԿ-ոմ ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ արեց խրախուսել եւ սատարել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են գործընկերների միջեւ կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության նոր եզրեր գտնելուն` հանուն միջազգային խաղաղության եւ անվտանգության:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարուղարի արձագանքը ադրբեջանական սադրանքներին

արծրուն հովհաննիսյանՕգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ:

Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա:

 

 

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ

3568~

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք ու նորանոր հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները և պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ-իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:

Վարչապետն ու ԿՏ նախարարը չեկան Գյումրի

IMG_0814Այսօր, օգոստոսի առաջին կիրակին, Հայաստանում և մի շարք երկրներում` Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիայում, Բոլղարիայում,  նշվում է որպես երկաթուղայինի օր: Հայաստանն ունի շուրջ 4000 երկաթուղային աշխատող, իսկ Գյումրիում կազմակերպված այսօրվա տոնին ներկա էին նաև վետերան երկաթուղայիններ:

Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականից, երբ Նիկոլայ 2-րդ ցարը ստորագրեց հրաման Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին: Շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվեց պետական գանձարանի միջոցներով, իսկ շինարարական աշխատանքները վերահսկեց ինժեներ-ճանապարհաշինարար Եվգենի Դմիտրովիչ Վուրցևը: 1899թ. փետվարին, առաջին գնացքը հաղթահարելով 180 կմ-անոց ճանապարհահատվածը, Թիֆլիսից ժամանեց Ալեքսանդրապոլ` Գյումրի, իսկ 1902թ. դեկտեմբերի 6-ին ժամանեց նաև Էրիվան` Երևան: Այդ ժամանակից ի վեր, Հայաստանի համար, որը գտնվում էր ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա և անմիջական ելք չուներ  դեպի ծով, երկաթուղային տրանսպորտն ունեցավ կարևոր ստրատեգիական նշանակություն` ապահովելով հուսալի տրանսպորտային կապ, նպաստելով հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Գյումրիի կայարանամերձ հրապարակում տոնական տրամադրություն էր, ստեղծվել էր Նիկոլայ ցարի ժամանակների աուրան, կային բազմաթիվ հյուրեր, երկաթուղայիններ, պաշտոնյաներ: Շոգեքարշով Երևանից Գյումրի ժամանեց նաև մայրաքաղաքի պատվիրակությունը:

“Գյումրի” կայարանում բացվեց Հայաստանի պատմության մեջ “Երկաթուղային տեխնիկայի” առաջին թանգարանը: Բացման պատիվը շնորհվեց ՌԴ դեսպան Իվան Դոլինկինին, “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:

Ելույթներով հանդես եկան և ոլորտի աշխատակիցներին պարգևատրեցին “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Դոլինկինը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Թեև նախապես հրապարակված ծրագրով նշված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի ելույթները, սակայն վերջիններս ներկա չէին տոնին: Իսկ պաշտոնական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց տոնական երգ ու պարով:

Ի դեպ, այսօր` օգոստոսի 4-ին, Հայաստանում երկաթուղին փոխադրումները կատարում էր բացարձակապես անվճար:

Մայրաքաղաքում հեծանվային կանգառներ կտեղադրվեն

001Երևանում հեծանվային երթևեկության նկատմամբ աճող հետաքրքրությունը հաշվի առնելով` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքում հեծանվային կանգառների տեղադրման ուղղությամբ: Այդ նպատակով ձևավորվել է հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ:

Քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների և բուհերի հարակից հատվածներում են նախատեսվում տեղադրել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ կտարվեն”Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները ուղղված ինչպես քննակվող հարցին, այնպես էլ մայրաքաղաքում հեծանվային երթևեկության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Աշխատանքային խումբը քննարկել է նաև կանգառների անվտանգության ապահովման և մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման վերաբերյալ հարցեր: Ծրագրի իրականացման հարցում իրենց մասնակցությունը կունենան նաև ներդրողները:
Հեծանվային կանգառների ծրագրի կյանքի կոչումն իր նպաստը կբերի Երևանում հեծանվային երթևեկության մշակույթի զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մահացել է դերասան Ազատ Գասպարյանը

Azat GasparyanՔիչ առաջ կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

Սիրված դերասանն արդեն մի քանի շաբաթ  հիվանդ էր

“Անկախը”  ցավակցում է Ազատ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին:

Կինոյի և թատրոնի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ազատ  Գասպարյանը ծնվել է 1943թ. Երևանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի № 1 միջն. դպրոցը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է ‹‹Հեռուստաթատրոնում››, ‹‹Մետրո›› թատրոնում: 

1986թ.-ից Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան էր: Նկարահանվել է ‹‹Հայֆիլմի›› և ‹‹Մոսֆիլմի› թողարկած 20 գեղարվեստական

ֆիլմերում` ‹‹Հեղնար աղբյուր›› (1970թ.), ‹‹Համագյուղացիները›› (1974թ.), ‹‹Երկունք››
(1976թ.), ‹‹Հուսո աստղ›› (1978թ.), ‹‹Համր վկան›› (1980թ.), ‹‹Սիրո փոքրիկ
պատմություն›› (1981թ.), ‹‹Երջանկության մեխանիկա›› (1982թ.), ‹‹Հին օրերի երգը››
(1982թ.), ‹‹Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր›› (1983թ.),
‹‹Ճերմակ անուրջներ›› (1984թ.), ‹‹Մեր մանկության տանգոն›› (1984թ.), ‹‹Ո՞ւր ես գնում,
զինվոր›› (1985թ.), ‹‹Բառը›› (1987թ.), ‹‹Շնչառություն›› (1988թ.), ‹‹Աստված իմ, ինչո՞ւ››
(1989թ.), ‹‹Ձանձրույթ›› (1990թ.), ‹‹Որտե՞ղ էիր, մարդ աստծո›› (1992թ.), ‹‹Органный
концерт›› (2000թ.), ‹‹Ուրախ ավտոբուս›› (2000թ.) և այլն: Նկարահանվել է նաև 30 և
ավելի հեռուստաբեմադրություններում` մասնակցել բազմաթիվ
ռադիոբեմադրությունների:

Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում` ԱՄՆ, ՌԴ, Մեծ
Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ և այլն:
Հեղինակել է ‹‹Իմ լեզվի տակ փուշ չկա›› (2000թ.) գիրքը, մի շարք տեսա-
ձայնասկավառակներ:

 

ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում   օգոստոսի 3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 05-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք» Վազգեն Մանուկյանը` երիտասարդ ակտիվիստներին

20130731_202130 (1)20130731_201426Ավարտվեց Հանրային խորհդի նախագահ Վազգեն Մանուկյանի և տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարող երիտասարդների հանդիպումը:

Հիշեցնենք, որ ՀԽ նախագահը քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներին առաջարկել էր այսօր Հանրային խորհրդում հանդիպել` ներկայացնելու ոլորտի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Ակտիվիստներն իրենց հերթին առաջարկել էին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա մասնակցել: Երիտասարդների հրավերն ընդունվել էր, որի վերաբերյալ Մանուկյանը հայտարարություն էր տարածել: Բարձր գնահատելով ուղեվարձի թանկացման դեմ պայքարում երիտասարդների դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ, նա նշել էր, որ այդ պայքարն արդարացված էր և հաղթանակը` ողջունելի:

«Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ»:

Ընդգծելով, որ ինչ որ բանի դեմ լինելով` քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել, նա բնական էր համարել, որ խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին. «Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել»:

Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունել էր հանդիպումը Մաշտոցի պուրակում անցկացնելու երիտասարդների հրավերը, որի ընթացքում առաջարկել էր քննարկել նաև նրանց կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու  և Հանրային խորհրդի հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:

Նախաձեռնության անդամների հետ հանդիպելու էր գնացել ոչ միայն Վազգեն Մանուկյանը, այլև Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Վազգեն Սաֆարյանը:

Նշենք, որ հանդիպման հենց սկզբին ակցիայի մասնակիցները պահանջեցին մի քանի հեռուստաընկերությունների (որոնք, ըստ իրենց, օբյեկտիվ չեն ներկայացնի իրադարձությունները) հեռանալ և չլուսաբանել միջոցառումը:

Այնուհետև երիտասարդները հիշեցրին, որ իրենց խմբի որոշ անդամներ քաղաքապետարանի դիմաց այս օրերին նստացույց են անցկացնում, որն անցնում է բավականին ծանր պայմաններւմ. ցերեկը` կիզիչ արև, գիշերը` ցուրտ: Նրանք տեղեկացրեցին, որ նախաձեռնությունը որոշել է տղաների համար վրաններ տեղադրել` միաժամանակ իմանալով, որ ոստիկանությունը կփորձի խոչտընդոտել իրենց նախաձեռնությունը:

Նախաձեռնության մասնակիցներից մեկը` Վահան Քերոբյանը, հայտարարեց, որ քաղաքային տրանսպորտն աշխատում է միայն գծատերերի օգտին` նշելով, որ պետք է ստեղծել մի ընդհանուր ընկերություն, որը կներառի քաղաքային տրանսպորտի բոլոր ճյուղերը` այդ թվում նաև մետրոն: «Պետք է լինի ընդհանուր մոտեցում` տոմսային գաղափար: Դա պետք է լինի պետական, իսկ մենեջմենթը կարող է իրականացնել միջազգային որևէ մասնագիտացված կազմակերպություն»:

Ներկաներից մեկն էլ նշեց, որ խնդիրն ամենևին տրանսպորտի խնդիր չէ. «Մենք գործ ունենք Հայաստանում սոցիալական խորը անարդարության հետ, որը կապված է կրիմինալ էլեմենտների` պետական ապարատ ներթափանցելու և դրանք լիովին գերի վերցնելու հետ»:

Նրա խոսքով` պետք է հստակեցվի հանրային ոլորտում հայտնի մարդկանց դիրքորշումը. արդյո՞ք կրիմինալ պահվածքով դրսևորվող պաշտոնյաները պետք է մնան իրենց պաշտոնում, թե՞ պետք է հեռացվեն:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, հայտարարեց, որ գիծ և գծի տեր արտահայտությունները բռնաբարություն են հայոց լեզվի նկատմամբ. «Դա հանցավոր խմբերի կոդավորված լեզու է»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը, դիմելով ներկաներին, հիշեցրեց, որ 25 տարի առաջ իրենց պայքարն ուրիշ տեղ էր` Քաղբյուրոյի դեմ, պայքար երկրի անկախության, ժողովրդավարության, Ղարաբաղի ազատագրման համար` միաժամանակ բնական համարելով, որ Ղարաբաղի պատերազմում հաղթած և անկախ Հայաստան կերտած այսօրվա իրականության մեջ պայքարը պետք է գնա երկրի ներսում կյանքը կարգավորելու և բարեփոխելու ուղղությամբ: «Տրանսպորտի խնդիրն այդ խնդիրներից մեկն է: Ցուրտ ու մութ տարիներից հետո առաջացան «փափախ» անողներ, որոնք սպասարկում էին ժողովրդին, և եկամուտն ամբողջությամբ գնում էր տերերի գրպանը: Բնական է, որ տերերն էլ իշխանության հետ կապված մարդիկ էին: Դա շարունակվեց մինչ օրս, ինչն անախրոնիզմ է»:

Նա հիշեցրեց, որ Հանրային խորհուրդը տրանսպորտի խնդիրներ վերաբերյալ քննարկումները սկսել էր դեռևս նախորդ քաղաքապետի օրոք, ինչը կիսատ էր մնացել: Իսկ մինչ Տարոն Մարգարյանի կողմից ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումն ընդունելը, Հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցել էին նաև քաղաքապետարանի պաշտոնյաները: «Ցավոք, քաղաքապետարանը շտապեց և առանց խնդիրը լուծելու գնաց բարձրացման, դուք էլ ճիշտ արեցիք, որ պայքարեցիք, մենք էլ մեր կողմից ազդեցինք` և գրավոր, և բանավոր, որպեսզի այդ հարցը լուծվի»:

Չխորանալով տրանսպորտի խնդիրների լուծման մանրամասների մեջ և նշելով, որ դա սովոր է անել թուղթ ու գրիչով` սեղանի շուրջ, Վազգեն Մանուկյանը կոչ արեց ակտիվիստներին միանալ լուծումներ գտնելու և առաջարկներ մշակելու իրենց աշխատանքին:

Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը` նա ասաց, որ երբեմն հանրության կողմից ճիշտ չի ընկալվում այդ կառույցի գործունեությունն ու նպատակը: Նրա խոսքով` կան ինստիտուտներ, որոնք ազդում են իշխանության ներսում որոշումներ ընդունելու վրա: Նմանատիպ մի ինստիտուտ էլ, ըստ նրա, քաղաքացիական այս նախաձեռնությունն է կամ Հանրային խորհուրդը: «Ընդ որում, խորհրդի առավելությունն այն է (ոմանց կարծիքով էլ` թերությունը), որ այն մասամբ կապված է հասարակության հետ, մասամբ` իշխանությունների, և հնարավորություն ունի անմիջապես ազդել իշխանության վրա»,-նկատեց նա:

Մանուկյանը համոզված է, որ միայն փոխադարձ հանդուրժողականության և համագործակցության շնորհիվ կարելի է հասնել երկրում լուրջ բարեփոխումների իրականացմանը:

Ինչ վերաբերում է ակտիվիստների գործելակերպին` այս կամ այն կառույցի, ուժի հետ բանակցելու կամ չբանակցելու վերաբերյալ, Վազգեն Մանուկյանն իր քաղաքական երկարատև ու հարուստ փորձից երիտասարդներին խորհուրդ տվեց. «Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք: Եթե խնդիր եք լուծում, պետք է գնալ և´ բանակցության, և´ պայքարի: Բոլոր մեթոդները պետք է օգտագործել»:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը հիշեց, որ 1988-ից ի վեր Վազգեն Մանուկյանի հետ անընդհատ վիճում է այն հարցի շուրջ, որ նա երբեք չի ներկայացնում իր արածը. «Մենք ներսում գիտեինք, որ նա է շարժումն առաջ տանողը, բայց ցավոք,  երբեք չէր ներկայացնում շատ բաներ, և դրա համար էլ մենք չունեցանք Վազգեն Մանուկյան նախագահ, ինչը նրա մեղքն է»:

Ներկաներից մեկն էլ, բարձր գնահատելով Վազգեն Մանուկյանի բացառիկ դերը Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության մեջ, բոլորի անունից խնդրեց, որ նա այդ բացառիկությունը պահպանի նաև այսօր և նման ակցիաների և շարժումներրի դեպքում անի այնպես, որ իր անվանման մեջ հանրային անունը կրող մարմինը միշտ լինի հանրային շարժման կողքին, իսկ շարժման մասնակիցները մշտապես զգան այդ պաշտպանությունը:

Վերջում, հիշելով 1996թ-ին  հնչող կոչը, Վազգեն Մանուկյանը կրկնեց. «Ժողովո´ւրդ, համարձակվիր դառնալ երկրի տերը և այն կունենա ապագա: Համարձակվե´ք»:

20130731_20140820130731_201446

Վազգեն Մանուկյանն ընդունել է ակտիվիստների հրավերը. հանդիպումը` Մաշտոցի պուրակում

707779

Հանրային խորհրդի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որտեղ ասվում է.

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության հարգելի՛ անդամներ:

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է ձեր դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը:

Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:

Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ:

Ի դեպ, ինչ որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է:

Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել:

Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ձեր հրավերը, որի ընթացքում առաջարկում ենք քննարկել ձեր կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու  և մեր հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:

                                                                    Հանրային խորհրդի նախագահՎազգեն Մանուկյան

Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում. Կարեն Անդրեասյան

հավաստագիր2Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝  մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Ինչպես ՄԻՊ գրասենյակից են տեղեկացնում, խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ:

Այսպիսով, «Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում  ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշում է Կարեն Անդրեասյանը  և մեկ անգամ ևս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող  դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:

Պաշտպանը կոչ է անում  քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս  դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն   ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը: 

 

Թրանսփարենսի ինթերնեշնլը Տարոն Մարգարյանի հարցով դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Տարոն ՄարգարյանԵլնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հայտարարագրերի վերլուծության և հրապարակման, ինչպես նաև բարձրաuտիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտման գործառույթներից՝ համաձայն«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (հոդված 43) և էթիկայի հանձնաժողովի՝ սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դրույթից (հոդված 44), Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը`
1. հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ և համադրվե՞լ են արդյոք նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ,
2. համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետևություններ են արվել,
3. ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:

Ընդ որում, եթե վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ հարուցվել է վարույթ և եղել են ուսումնասիրություններ, ԹԻՀԿ-ը խնդրում է տրամադրել դրանց արդյունքները, իսկ եթե ոչ` ապա հիմք ընդունելով իր դիմումը՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում պարզել մամուլի հրապարակումներում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարուցել վարույթ՝ պարզելու.
-ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ,
-ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները:

Գույքի և եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿՀԸ ներկայացնելուց հետո (http://hetq.am կամ http://www.ilur.am): Մինչդեռ, ըստ ՀՀ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011 թ. և 2012 թ. գույքի և եկամուտների հայտարարագրի, պարոն Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Ի լրումն վերոնշյալի՝ ԹԻՀԿ-ը ս. թ. հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ և 42.1-րդ հոդվածներով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված տեղեկացված լինելու իրավունքը` դիմել է քաղաքապետին խնդրելով տրամադրել
1. Երևան քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների,
2. ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը,
3. ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները:

Սպանել են ֆերմեր Խաչատուր Ղազարյանի երեխաներին

5908670c4dce3e4503e9a67262cc8fce_180x180Հուլիսի 28-ին, վաղ առավոտյան, անհայտ անձը մտել է Խաչատուր Ղազարյանի տուն ու հաշվեհարդար տեսել  նրա 16- ամյա որդու և 11-ամյա դստեր հետ: Խաչատուր Ղազարյանը ՌԴ Ստավորոպոլի մարզի Լիսոգորսկում ֆերմերային տնտեսություն ունի.զբաղվում է խոշոր երջրավորների բազմացմամբ:

Հետաքննության վարկածի համաձայն, հենց Խաչատուր Ղազարյանն է եղել մարդասպանի թիրախը, սակայն ճակատագրի բերումով, այդ գիշեր երեխաները հեռուստացույց դիտելու խնդրանքով տեղափոխվել են այն սենյակ, ուր սովորաբար հայրն է քնում:  Խաչատուր Ղազարյանն արթնացել է առավոտյան, երբ վիրավոր  կինը` Թամարա Ղազարյանը,  ներս է վազել ու բղավել, որ Լիանան ու Արսենը սպանված են:

Դիմակավորված մարդասպանը սողոսկել է Ղազարյանների բնակարան ու դիպուկ հարվածով սպանել երեխաներին: 11-ամյա Լիանան տեղում մահացել է, իսկ Արսենին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա  նույնպես մահացել է: Ծանր վիրավորվել է նաև երեխաների մայրը.փամփուշտը մտել է ծնոտից  ատամի մեջ: Կնոջ վերքը մշակվել է, նա տուն է վերադարձել:

Հիմնական վարկածի համաձայն, հարձակման պատճառը Խաչատուր Ղազարյանի ծավալած գործունեությունն է. նա ոչ մեծ անասնաբուծական ֆերմա ունի:

Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին

10585_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը:
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին:
ՌԴ տրանսպորտի նախարարի կողմից նույնպես հնչել են շնորհակալական խոսքեր բոլորին և անձամբ ՀՀ վարչապետին` գոտու ստեղծման ուղղությամբ գործադրած ջանքերի և իրականացված միջոցառումների համար:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը Մաքսիմ Սոկոլովի հետ շրջայց է կատարել ազատ տնտեսական գոտու տարածքում, ծանոթացել առաջարկվող ենթակառուցվածքներին և ծառայություններին:
Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման նպատակը մեր երկրում արտասահմանյան ուղղակի ներդրումների խթանումն է, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի և կայուն տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծումը:
ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է: ԱՏԳ-ն ունի 55799 քմ արտադրատնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում ձևավորվել է արդյունաբերաարտադրական ԱՏԳ` բարձր, գիտատար տեխնոլոգիաների և արտադրության զարգացման, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում` տեխնիկակիրառական ԱՏԳ` նորարարությունների, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղություններով: ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում: ԱՏԳ ռեզիդենտներն իրենց գործունեությունը ԱՏԳ տարածքում կարող են իրականացնել «մեկ պատուհան» ծառայության միջոցով: Նրանց համար ստեղծվել է շահավետ հարկային դաշտ. ազատում ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաև հետևյալ արտոնություններից` արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում: Այս ամենը կնպաստի արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցմանը և մրցունակության բարձրացմանը:

Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքը զարմացած է քաղաքում տիրող աղքատությունից (տեսանյութ)

siriahayer_26_07_2013_big«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու և օգնություն տրամադրելու նպատակով, նախորդ օրը այցելեցին Հովսեփյանների ընտանիքներին: Նրանք տակավին օրերս են Սիրիայից Գյումրի եկել:Մեր զրույցի ընթացքում Աստղիկ Հովսեփյանը հայտնեց, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում: Այս սիրիահայ ընտանիքի անդամները պարզապես զարմացած էին Գյումրում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատության փաստից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա», մեզ հետ ունեցած զրույցում ասաց Աստղիկը:

 

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Նստացույց քաղաքապետարանի շենքի մոտ (լուսանկարներ)

Activists rally in front of the Municipality of Yerevan demanding resignations«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներն անժամկետ նստացույց են հայտարարել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանք պահանջում են   Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը:

 

Ուղեվարձը նորից 100 դրամ. Տարոն Մարգարյանի հայտարարությունը հասարակական տրանսպորտի սակագնի մասին

Տարոն ՄարգարյանԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին.

Սիրելի՛ երեւանցիներ,

Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:

Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:

Հավատացնում եմ ձեզ` իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով եւ այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:

Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էր:

Մի կողմից մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման խնդիրն է, մյուս կողմից սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու բեռը: Մի կողմից տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու եւ իրենց դարն անցած մեքենաներով մարդասպան համակարգի չհասնելու գիտակցումն է, մյուս կողմից` երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու կարեւորությունը: Երկուսն էլ խիստ կարեւոր, երկուսն էլ խիստ մտահոգիչ են ինձ համար:

Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:

Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:

Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթեւեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք:

Ու լուծելու՜ ենք:

150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:

Սիրելի՛ երեւանցիներ,

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաեւ այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտեւի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց  մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն:

Վարչապետ. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն

 10574_am_1ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ կառավարության նիստն սկսել վերջին օրերին Երևան քաղաքում հասարակական շարժման հետ առնչվող խնդիրներից:
Առաջին, մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ: Ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ, սոցիալական համերաշխության, արդարության համար` ընդդեմ աղքատության, այսինքն` հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, ովքեր բարձրացնում են այս հարցը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս և պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների նկատմամբ:
Երկրորդ, տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը նույնպես մեզ համար էական նշանակություն ունեն դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին, և այդ առումով, իհարկե, այս որոշումն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիր է, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ ստեղծում է այս որոշումը հասարակության մեջ և առնչվում է, բնականաբար, գործադիր իշխանությանը: Մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում:
Երրորդ, մենք մեզ համար կանոն ենք սահմանել, և ես մշտապես պահանջում եմ ձեզանից, որ այն որոշումները, որոնք առնչվում են մեծ զանգվածներին, անպայման քննարկվեն հանրության հետ, անպայման ներգրավենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Սա անհրաժեշտ կանոն է, բայց արդեն ակնհայտ է, որ բավարար չէ, որովհետև հասարակական կազմակերպությունները ներկայացնում են միայն իրենց կազմակերպությունների անդամների կարծիքն այն պարագայում, երբ մեր որոշումները վերաբերում են հազարավոր, երբեմն հարյուրհազարավոր մարդկանց: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք այսուհետ կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ: Կարծում եմ, որ տրանսպորտի սակագների փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, և մենք պարտավոր ենք այսուհետ այդ որոշումները կայացնելուց առաջ ապահովել հրապարակային հանրային քննարկումներ և դեբատներ: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նաև օրենսդրորեն լրացնել այս բացը, և այն ռեժիմը, որ մենք այսօր կիրառում ենք օրենքով Հանրային խորհրդի գործունեությունը կանոնակարգելիս, որ Հանրային խորհրդին պարտադրում ենք հրապարակային քննարկումներ և լսումներ կազմակերպել, այդ մոտեցումն ամբողջությամբ իրեն արդարացնում է, որովհետև ժամանակ կա լսելու բոլոր ընդդիմախոսներին, նրանց փաստարկները, և հանրությանը մենք դրանով հնարավորություն ենք տալիս ճիշտ կողմնորոշվել, և հետագայում էլ այդ որոշումները կայացնողները նույնպես հաշվի են առնում հանրային կարծիքը և տրամադրությունները, ինչը չափազանց կարևոր է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման առումով: Այդ տեսակետից, իհարկե, մենք ուշադրությամբ հետևում ենք քաղաքապետարանի գործողություններին, և կխնդրեմ Ձեզ, պարոն Արեյան, մեզ տեղյակ պահել, թե ինչ քայլեր եք ծրագրում, որպեսզի պատասխանենք հանրությանն այսօր մտահոգող հարցերին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Զեկուցեմ Ձեզ, որ այս օրերի ընթացքում Երևանի քաղաքապետն անձամբ հետևել է քաղաքային հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հնչեցված և հնչեղություն ստացած հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, եզրահանգումներին, գնահատականներին, առաջարկություններին: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից իրականացվել են խնդրի առնչությամբ սոցհարցումներ: Այս պահին Երևանի քաղաքապետը հանդիպումներ է անցկացնում Երևանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ: Ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ի մի բերելով հետագա անելիքներն ու միջոցառումները` այսօր Երևանի քաղաքապետն անձամբ հրապարակային հայտարարությամբ կդիմի Երևանի բնակչությանը` ներկայացնելով բոլոր պարզաբանումներն ու անելիքները: