Նարեկ Սարգսյանը փորձում է հանգստացնել, բայց ավելի է անհանգստացնում

big_narek_sargsyanՊարզաբանում՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի հայտարարության վերաբերյալ

Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած տարատեսակ արձագանքներին ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելն է: Անշուշտ ողջունելի է այս հարցի վերաբերյալ հանրային ակտիվությունը, ինչը կարող է յուրօրինակ ուղղորդիչ դեր ունենալ մրցույթին մասնակից ճարտարապետների համար:
Հարկ ենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2011 թվականի սկզբին Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվեց անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու: Ի դեպ, մրցույթներին ներկայացված աշխատանքները շուրջ մեկ ամիս ցուցադրվեցին ճարտարապետության թանգարանում:
Ավելորդ չէ նաև նշել, որ անցած 10 տարիների ընթացքում Հանրապետության հրապարակի Լենինի արձանի տեղում մեկ այլ արձան տեղադրելու կամ ինչ որ կառույց իրականացնելու բազմաթիվ առաջարկություններ են եղել:
Ինչևէ, 2012 թվականի հուլիսին, կրկին անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հարցին, Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը տարբեր անհատներից ստանում է բազմաթիվ առաջարկներ և ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվում, արձանագրեց, որ այդ ուղղությամբ լոկալ որոշում կայացնելն անհնար է, քանի դեռ հստակ հայեցակարգ չի հաստատվել:
Ըստ այդմ, առաջարկվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հստակ առաջադրանք ձևավորելու համար անցկացնել բաց մրցույթ: Առաջարկը հանձնաժողովի անդամ ճարտարապետների կողմից ընդունվել է միաձայն:
Մեկ անգամ ևս հարկ ենք համարում ընդգծել, որ մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելն է՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում: Միայն այն իրողությունը, որ Հանրապետության հրապարակն այսօր վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի և որպես հանրային տարածք կիսով չափ է օգտագործվում, արդեն իսկ պահանջում է հրատապ լուծում և մրցույթ հայտարարելու լիարժեք պայման է:
Մրցույթին ներկայացուցչական մասնակցություն ապահովելու համար որոշվել է որոշ խոշոր արվեստանոցների, այդ թվում՝ “Երևաննախագիծ” ՓԲԸ-ին, Ճարտարապետաշինարարական համալսարանին և մի քանի անհատական արվեստանոցների նախագծեր պատվիրել:
Ճարտարապետական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի հաջորդ օրը մրցույթի հայտարարության տեքստը էլեկտրոնային փոստով ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին: Հաշվի են առնվել ստացված առաջարկություններն ու խմբագրված վերջնական տեքստը և ժյուրիի կազմը համաձայնեցվել է հանձնաժողովի նիստում:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Նարեկ Սարգսյան

ԵՊՀ-ի դիմորդների թիվը կրճատվել է, բնագիտական մասնագիտություններով էլ դիմորդներ գրեթե չկան

ԵՊՀԴիմորդները մինչև հունիսի 1-ի երեկոյան 18-ը դեռ կարող են դիմել իրենց նախընտրած բուհը` համապատասխան հայտը լրացնելով:

Այս տարի մայր բուհի դիմորդների թիվը այսօրվա` մայիսի 31-ի դրությամբ 3882 է. ԵՊՀ-ն այս տարի ունի 2870 վճարովի և 338 անվճար ուսանողական տեղ: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Էմին Սանթրոսյանն ասում է, որ նախորդ տարվա համեմատությամբ դիմորդների թիվը կրճատվել է շուրջ 1400-ով:

Սանթրոսյանի կարծիքով`  դիմորդների պակասի պատճառը ընդհանուր դիմորդների թվի կրճատումն է:

Այս տարի 2012-ի համեմատությամբ դիմորդների իթվը կրճատվել է 3 հազարով (այս տարի 15 հազար դիմորդ կա նախորդ տարվա 18107-ի փոխարեն):

Սանթրոսյանն ասում է, որ դիմորդներ հատկապես քիչ կան բնագիտական ուղղության ֆակուլտետներում, օրինակ` Քիմիայի ֆակուլտետում 8 անվճար տեղի համար դիմել է 10 դիմորդ, էկոլոգիական քիմիա մասնագիտությամբ 4 անվճար տեղի համար 2 դիմորդ կա, կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ 7 անվճար տեղի համար 9 դիմորդ կա, ջրօթերևութաբանություն մասնագիտությամբ 2 անվճար տեղի համար` 4 դիմորդ:

Այս տարի համեմատաբար մեծ է մրցակցությունը Սերվիս ֆակուլտետում` 52 տեղի համար 155 դիմորդ, Հանրային կառավարման ֆակուլտետում` 68 տեղի համար 215 դիմորդ, Լրագրության ֆակուլտետում`65 տեղի համար` 131 դիմորդ, սոցիալական աշխատանք մասնագիտությամբ  43 տեղի համար` 131 դիմորդ:

Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին. Արտակ Ալեքսանյան

Արտակ ԱլեքսանյանՀեռուստամեկնաբան Արտակ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ մի գրառում կատարեց` իր վրդովմունքը հայտնելով քաղաքապետարանի` կենտրոնը բարեկարգելու որոշմանը: Գրառումը մեջբերում ենք առանց կրճատման.
«Մի գրառում էի արել, որ երկիրը լքում է ադեկվատության զգացումը: Գրելուց հետո մտածում էի, որ կարծես թե մի քիչ չափազանցրել էի, գույները խիտ էի ներկայացրել: Բայց պարզվեց` ընդհակառակը: Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակը նորոգելու համար: Երկար բացատրություն էր այն մասին, որ իրականում ծանրաբեռնված է երթևեկությունը, որ չի ծառայում իր նպատակին: Հասկանալի է , որ այդ շինարարությունը առնվազն մի քանի հարյուր միլիոն դրամ է լինելու: Ամենաքիչը` 150 մլն դրամ: Կարդում եմ և ուղեղումս չի տեղավորվում: Լու՞րջ է սա, թե՞ կատակ: Լավ, էս քաղաքում էդքան փող վատնելու տեղ չկա՞: Ախր մի քանի շաբաթ է անցել ընտրություններից, երբ բոլորը խոսում էին Երևանի ահավոր շատ պրոբլեմներից` ջրամատակարարումից մինչև քանդված շենքեր, չաշխատող վերելակներից մինչև վթարային հանրակացարաններ: Ի՞նչ եք կպել կենտրոնից ու պոկ չեք գալիս: Եթե խնդիրը մի երկու շենք քանդելն է, քանդեք, էլ խի՞ եք էդքան փող ծախսում: Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին: Ախր, սա ցինիկության գերադրական աստիճանն է, սա իրականությունից կտրվել է, ու այնպես կտրվել, որ չհասկանալ, որ երևանը էլ ցավ ու դարդ չունի, հիմա Հանրապետության հրապարակը պետք է նորոգել: Թող էդ գումարով շատ չէ, 10 հատ վերելակ գնեն, թող էդ գումարով շատ չէ, թող 10 ընտանիքի, էն որբերի, որ ապրում են անտանելի հանրակացարանում, բնակարան գնեն: Ախր ո՞նց կարելի է էս թանկացման ֆոնին էդ փողը ծախսել հրապարակի վրա: Լավ, կարելի է ճաշակ չխաղալ ժանտախտի ժամանակ: Չէ որ խոստացել էին, որ ծայրամասերին ուշադրություն կդարձնեն: Դե դարձրեք: Ինչի եք վեցերորդ անգամ ռեդիզայն անում հրապարակը: Հեսա էլի ամառ է գալու, էլի փակելու են հրապարակը ու էս շոգին էլի խցանումներ են լինելու: Վերջը էս քաղաքում Նարեկ Սարգսյանը մի բան անելու է, որ իրեն չանիծեն, չհայհոյեն ու ասեն` հա, էս մեկը լավն է: Լավ, էդ մարդը ինչի՞ է հետևողականորեն ընկել կենտրոնը այլանդակելու հետևից», – գրել է Արտակ Ալեքսանյանը ու վերջում պատասխան չի գտել, – «Եսիմ է…»:

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

3115Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի մասնակիցներին և ընդգծել, որ ինչպես նախորդ նիստերը, այսօրվա նիստը ևս կկրի խիստ աշխատանքային բնույթ, որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքն ապահովելու, այլև Հայաստանի, Արցախի, Սփյուռքի առջև ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահն իր ներածական խոսքում նշել է, որ Հայաստանում վերջին մեկ տարին հագեցած և ընտրական էր. խորհրդարանական, նախագահական, այնուհետև Երևանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու հանրայնորեն հրապարակային քննարկելու և լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար: Նախագահի խոսքով, դեռևս չկա որևէ ծանրակշիռ հարց՝ ազգային, հասարակական, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումներն այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեին: Հանրապետության Նախագահը բնական է համարել, որ դրանք մեր հասարակության մեջ ձևավորել են նաև մեծ սպասումներ, որոնք այդ հարցերի պատասխանատուները պարտավոր են արդարացնել: «Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան և արդյունավետ աշխատանքի տարիներ: Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու և շատ աշխատելու համար:

Անշուշտ, շարունակվում են բազմաթիվ և բազմաբնույթ մնալ նաև Սփյուռքի խնդիրները, բայց այս օրերին Սիրիայի և սիրիահայության վիճակը բոլորիս համար դեռևս մնում է որպես բաց վերք: Մենք և՛ որպես պետություն, և՛ որպես հայ ժողովուրդ աջակցում ու աջակցելու ենք սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, անկախ այն բանից՝ նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում:

Համահայկական ոչ մի կառույց այնքան ամբողջական կերպով չի արտացոլում աշխարհի հայության ձգտումներն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ուրեմն՝ մենք շատ գործ ունենք անելու և այսքանով բոլորիդ հրավիրում եմ աշխատելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2012թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2012թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2013»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ստանալ իրենց կենսաթոշակը

թոշակռուԳագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ պարոն Շահվերդյանը տարիներ շարունակ չէր կարողանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժում էր Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները` հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից:

 

Ունենալով բազմաթիվ բողոքներ այս խնդրով՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դիմեց  ՀՀ Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշման շրջանակներում մեկ անգամ ևս արձանագրվեց, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորվում է  կենսաթոշակ ստանալու լիազորագրերի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տվող սուբյեկտների հետ կապված հարցերը, ինչպես նաև փաստվեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անտեսվել են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը, որոնք գերակա իրավաբանական ուժ օրենքների նորմերի նկատմամբ:

 

Սակայն նույնիսկ այդ որոշումից հետո դեռ երկար ժամանակ խնդիր էր առաջացնում արտերկրի լիազորագրով կենսաթոշակ ստանալը: Կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում էր անտեսել միջազգային պայմանագրերը և ՀՀ օրենսդրության պահանջները` դրանով խախտելով  ոչ միայն Գ. Շահվերդյանի կնոջ, այլև  բազմաթիվ մարդկանց իրավունքները:

 

Այդուհանդերձ, Նախարարությունը հրաժարվում է վճարել նախորդ մեկ տարվա գումարը, որը թոշակառուն այդպես էլ չէր ստացել (նախքան ՍԴ որոշման ընդունումը)` պատճառաբանելով, որ իրավական ակտը` տվյալ դեպքում ՍԴ որոշումը, հետադարձ ուժ չունի և չի կարող տարածվել իր՝ ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Մինչդեռ պետք է նկատել, որ այս խնդիրը կարգավորող օրենքը փոփոխության չի ենթարկվել և նույնն էր նաև նախքան  ՍԴ կայացրած որոշումը: Հետևաբար դրա չիմացությունը  դեռևս չի ազատում ՀՀ ԱՍՀ նախարարությանը նախորդ կենսաթոշակը վճարելու պարտականությունից:

 

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել  է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:

 

Խոշոր ավտոպատահար Երևան – Տաշիր ավտոճանապարհին,կան զոհեր և ծանր վիրավորներ

big_1369766212_2

Մայիսի 28-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր – Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 200 9թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Մալխաս Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Ըստ վերջին տվյալների` Նորիկ Դավոյանը և Մալխաս Հովսեփյանը տեղափոխվել են “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները գնահատել են նրանց առողջական վիճակը ծանր, Վահան Հովսեփյանը տեղափոխվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Արգամ Պողոսյանը` Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Սուսաննա Նարգիզյանը` Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Արևիկ Հովսեփյանը` Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Օլյա և Դիանա Հովսեփյանները` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն, որտեղ Օլյա Հովսեփյանի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Դիանա Հովսեփյանինը` ծայրահեղ ծանր:

Վաղը Ստամբուլում կդրվի Բոսֆորի վրայով անցնող երրորդ կամրջի հիմքը

Վաղը Ստամբուլում կդրվի Բոսֆորի նեղույցի վրայով անցնող արդեն երրորդ կամրջի հիմքը: Կամրջի շինարարությունը իրականացվում է «Kuzey Marmara» ավտոճանապարհային նախագծի շրջանակներում: Շինարարական աշխատանքների մի մասը կատարելու են կորեական բանվորական խմբերը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նոր կամուրջը, որն ունենալու է 320 մ բարձրություն և 60 մ լայնություն, կտրուկ տարբերվելու է Բոսֆորի վրայով անցնող մյուս երկուսից և դառնալու է աշխարհում խոշորագույններից մեկը:
Կամրջի հիմքը դնելու օրը պատահական չէ ընտրված: 560 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ անվանափոխելով այն Ստամբուլ: Սպասվում է, որ վաղվա արարողությանը կմասնակցեն նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:

Ղարաքիլիսայի ճակատամարտը

scan0012-11918 թ. մայիսն ամենաօրհասականն էր հայոց պատմության մեջ:  Այդ օրերին Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայությունը գոյապայքարի էր ելել թուրքական յաթաղանի դեմ: Առաջին երկու դեպքում հայերը հաղթեցին ու թշնամին նահանջեց: Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտը ողբերգական ավարտ ունեցավ: Բայց հենց Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին  էր, որ թուրք զորահրամանատար Վեհիբ փաշան օրեր անց ասաց. «Այս պատերազմում Դարդանելից հետո Ղարաքիլիսան ամենալուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի: Ղարաքիլիսայի  մոտ հայերը ապացուցեցին, որ կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել»: Անցյալ դարասկզբի հայ քաղաքական, մշակութային գործիչներից մեկը` Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտն անվանեց XX դարի Ավարայր:

Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի բաժանվեց: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս և գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետևանքներ: Թիֆլիսում և շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը,  բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:

Թուրքերը, շատ լավ հասկանալով Թիֆլիսի նշանակությունը Անդրկովկասի յուրացման գործում, մեծ ուժեր էին կենտրոնացրել Ղարաքիլիսայի ուղղությամբ: Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի անկումից հետո իսկական շփոթ էր սկսվել Լոռու ձորում: Տեղացիների խուճապը բազմապատկվում էր գաղթականների մեծ հոսքով ու նրանց պատմություններով: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա: Թվում էր` թուրքական արշավող ենիչերին այլևս անպարտելի է, և ոչինչ չի կարող նրան կանգնեցնել: Եվ թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, կրնկակոխ հետապնդելով փախչող հայ գյուղացուն, արդեն մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:

Պետք է նշել, որ համատարած այս քաոսին, փախչելու մոլուցքին չենթարկվեց Լոռու բնակչությունը, որն անդրդվելիորեն մնաց տեղում` պատրաստ դիմագրավելու արհավիրքը: Սակայն կազմակերպված դիմադրություն ցույց տալու համար չկար որևէ զինվորական կամ վարչական մարմին, չկար զորք: Բնակչությունը վատ էր զինված, և գրեթե անիմաստ էր թվում դիմադրությունը: Այս պայմաններում թշնամին արագ երթով մոտենում է Համամլուին:

Ղարաքիլիսայի բնակչությունը որոշում է  բանակցել թուրքերի հետ. անձնատուր լինել թշնամուն անձի և ինչքի ապահովության երաշխիք ստանալու դեպքում: Անգամ պատգամավորություն է ընտրվում` Վանո Արսենյանի ղեկավարությամբ: Պատգամավորությունը շարժվեց դեպի Համամլու` դիմավորելու թուրքերին: Արջուտի մոտ նրանց շրջապատեցին շրջակա թուրքական գյուղերի բնակիչները, և հայերը վտանգը զգալով` հետ գնացին:

Մի քանի օր Ղարաքիլիսայի հայերն ապրեցին սարսափի ու հուսահատության մեջ: Թվում էր` կործանումն անխուսափելի է: Բայց մայիսի 24-ին եկավ փրկությունը` Նժդեհն իր խմբով, որ Դիլիջանից փութաց Ղարաքիլիսա` փակելու թուրքի ճանապարհը: Լոռեցիները Նժդեհին դիմավորեցին որպես փրկչի:

Հասնելով Ղարաքիլիսա` Նժդեհն իզուր ժամանակ չկորցրեց: Մինչ այդ ճակատի այս գծի հրամանատարությունը ստանձնել էր գեներալ Արեշյանը, որը, սակայն, հրամանատարությունը հանձնելով գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանին, մեկնեց Թիֆլիս: Բեյ-Մամիկոնյանին պետք է օգներ գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպեցին հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը:  Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` հրամայեց դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:

Մայիսի 25-ին թուրքական բանակը թնդանոթային նախապատրաստությունից հետո հարձակման անցավ: Հայկական ուժերը չընկրկեցին թշնամու առջև և պահեցին պաշտպանական գիծը: Համընդհանուր ոգևորությունը տիրել էր բոլորին: Ընդամենը երկու օր առաջ հուսալքված լոռեցին այլևս բռունցք դարձած հաղթական կռիվ տվեց թուրքական կանոնավոր բանակի դեմ: Հայկական ուժերը ոչ միայն պահեցին գիծը, այլև որոշ վայրերում աշխարհազորը շրջապատման մեջ առավ թուրքական առանձին զորախմբեր: Ամեն դեպքում, եռօրյա մարտերից հետո թուրքական բանակը կարողացավ գրավել Աչաուրթի և Բզովդալի բարձունքները: Հայկական դիրքերն աստիճանաբար օղակվում էին թշնամու ուժերի կողմից: Օրհասական պահին փայլում է գնդապետ Սամարցևը, որ մի քանի հարյուրյակներով անակնկալ հարձակումով գրավում է Մայմեխը և հետ շպրտում թշնամուն ճակատի աջ թևից` փրկելով հայերին շրջապատումից: Այնուամենայնիվ, մեկ օր անց թշնամին կարողանում է հետ մղել հայերին և սեղմել օղակը: Ուժեղ մարտեր են ծավալվում Հաջի-Ղարայի դիրքերում: Թշնամուն հաջողվում է այստեղ ևս ընկճել հայերի դիմադրությունն ու չորս կողմից ակցանի մեջ առնել Ղարաքիլիսան:

Օրհասական պահին թվում էր` մի հույս կա. թվում էր` միայն մոտակայքում` Դսեղում գտնվող Անդրանիկը կարող էր փրկել հուսահատ պաշարյալներին: Անդրանիկը Դսեղում էր իր մարտունակ զորաբանակով: Դսեղից Ղարաքիլիսա մեկ ժամվա ճանապարհ էր, բայց Անդրանիկը չկար… Անդրանիկը հրաժարվեց կռվի բռնվել:

Մայիսի 28-ին, երբ հայությունը տոնում էր հայոց անկախության հռչակումը, երբ Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամին ճողոպրում էր, Ղարաքիլիսան ընկավ: Ղարաքիլիսայում սկսվեց թուրքական նախճիրը:

Թշնամին, ճիշտ է, հավաստիացրեց քաղաքի անձնատվությունը հաստատող հայ բանբերներին, որ բնակչությունը չի տուժի, սակայն թուրքի խոսքը ե՞րբ է հավաստի: Անձնատվության օրն իսկ` կեսգիշերին, թուրքական բանակը Վարդանլու գյուղի խուժանի առաջնորդությամբ Ղարաքիլիսայում սկսեց թալանը, որ ուղեկցվում էր բռնաբարություններով ու սպանություններով: Ամբողջ մեկ շաբաթ թշնամին չէր կարողանում հագուրդ տալ արյան ծարավին: Քաղաքից դուրս գնդակահարություններ էին կատարվում: Տեղական թուրքերի մատնությամբ ձերբակալվում էին երևելի հայերը, երիտասարդները և տեղում գնդակահարվում: Ավարի, բռնությունների ու կոտորածների ենթարկվեցին Ղարաքիլիսայի շրջակա բոլոր հայկական բնակավայրերը: Հատկապես գազանաբար էին գործում տեղացի թուրքերը, որոնք, մոռացած հարևանության, հայերի հետ դրացիության մասին, հագուրդ էին տալիս իրենց գազանային կրքերին: Թուրք խուժանն ուղղակի գերի էր բռնում հայերին, մատնության սպառնալիքով թալանում նրանց ու հանձնում ասկյարներին:

Թուրքերը Ղարաքիլիսայի կենտրոնում ժողովում են գերիներին և նրանց խումբ-խումբ քաղաքից դուրս հանելով` գնդակահարում: Երկու օրվա մեջ հազարավոր գերյալներ են գնդակահարվում գյուղաքաղաքի մատույցներում:

Նախճիրը շարունակվեց մինչև հունիսի 10-ը: Միայն տասն օր անց թուրքական հրամանատարությունը, հագենալով հայերի արյունով, վերջ տվեց սպանություններին ու բռնություններին, որոնց զոհ գնաց մոտ 10000 հայ:

Սակայն փրկվելով թուրքի յաթաղանից` լոռեցին հայտնվեց սովի ճիրաններում: Երկշաբաթյա կռիվն ու թալանը լրիվ քայքայեցին Ղարաքիլիսայի և շրջակա բնակավայրերի բնակչության տնտեսությունը: Թշնամին ու տեղական թուրք ամբոխը այնպես էին թալանել հայերին, որ հիմա էլ սովը սկսեց իր հունձը հայության շրջանում:

Սովին հետևեց համաճարակը: Շոգ ամառը, հազարավոր անթաղ դիակները նպաստեցին համաճարակի արագ տարածմանը: Հազարավոր մարդիկ զոհ գնացին սովին ու համաճարակին, իսկ թուրքական իշխանությունները, բնականաբար, ոչինչ չէին ձեռնարկում դրանց դեմն առնելու համար:

Այս ամենը չէր լինի, եթե Անդրանիկը ժամանակին օգնության հասներ Ղարաքիլիսայի ճակատին: Մինչդեռ նրան Ղարաքիլիսայում սպասում էին անհամբեր, որպես փրկչի: Բայց նա չկար ու չկար: Անգամ գնդապետ Ա.Բեյ-Մամիկոնյանը գրավոր լուր է ուղարկում Անդրանիկին, որում, նկարագրելով իրերի վիճակը, խնդրում է օգնության փութալ: Անդրանիկը, զանց առնելով խնդրանքը, հրաժարվում է ճակատ մտնել` պատճառաբանելով, թե հսկում է երկաթգիծը:

Իր զորաբանակով նահանջելով առաջացող թշնամու առջև` նա մայիսի վերջին մտավ Լոռու դաշտ` Ջալալօղլի: Սակայն չամրանալով այնտեղ` շարունակեց նահանջը: Հետևելով Անդրանիկի օրինակին` փախուստի դիմեց նաև Ջալալօղլիի բնակչությունը: Վարդաբլուրում պայթեցնելով զինապահեստը` զորավար Անդրանիկը իջավ Լոռու ձոր ու հաստատվեց Դսեղում:

Առհասարակ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովն Անդրանիկին չէր վստահում: Դեռևս Էրզրումի անկումից հետո Անդրանիկը Հայոց ազգային խորհրդին էր ներկայացրել իր հրաժարականը: Խորհուրդը մերժեց, և զորավարը պայման դրեց, որ պետք է ենթարկվի միայն Նազարբեկովի հրամանատարությանը:

Բավական մութ է այս պատմությունը: Հավանաբար ճիշտ կլինի Անդրանիկի վարմունքը մեկնաբանել նրա և Ազգային խորհրդի տարաձայնություններով: Համենայն դեպս, Անդրանիկի վարմունքը երբեք չի արդարացվում  որևէ ռազմավարական պատճառաբանությամբ:

Նախ` Ղարաքիլիսա-Թիֆլիս երկաթուղու հատվածը, որ «հսկում» էր Անդրանիկը, գտնվում էր հայկական ուժերի թիկունքում, և երկաթուղուն ոչ ոք չէր սպառնում: Բացի այդ, Լոռու ձորում երկաթուղու հսկողության կարիք էլ չկար. ուղղակի Ղարաքիլիսայի անկումից հետո երկաթուղով թուրքերի շարժը կասեցնելու համար կարելի էր պայթեցնել Դեբեդի կամուրջներից կամ բազում թունելներից մեկը: Ուստի երկաթուղու պահպանության համար Դսեղում մարտունակ և մեծաքանակ զորաբանակ նստեցնելն ուղղակի անիմաստ էր: Փաստն այն է, որ Ղարաքիլիսայի անկումից հետո Անդրանիկը նահանջեց նաև Դսեղից` բախտի քմահաճույքին թողնելով թե՛ երկաթուղին, թե՛ առհասարակ ճակատը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 604 անգամ:

Շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս.մեկ զոհ և վիրավորներ

big_1369573755_aՄայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33օօ476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ`  1957 թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա.Թորոսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 13 ուղևոր, ովքեր տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ Նատալյա Արմագանյանցի (1951 թ.), Մանուկ Ղազարյանի (1987 թ.), Արամ Խաչատրյանի (1965 թ.), Հովհաննես Հովհաննիսյանի (1960 թ.), Գոռ Խաչատրյանի (1975 թ.), Ռուբիկ Խաչատրյանի (1961 թ.), Սամվել Խաչատրյանի (1965 թ.), Արտյոմ Հակոբյանի (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյանների, Անուշ Ղարբազյանի (1976 թ.) և Լյովա Պապոյանի (2000 թ.) առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար, իսկ Լիաննա Մկրտչյանինը (1996 թ.)` ծանր:

Ավստրիացին աշխարհի նոր ռեկորդ սահմանելու նպատակով անցել է 185 մետր բարձրության վրա կապված պարանով

m1Ավստրիացի Ռեյնհարդ Կլեյնդլը փորձել է աշխարհի նոր ռեկորդ սահմանել՝ քայլելով Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող 185 մետր բարձրություն ունեցող երկու երկնաքերերի միջև կապված պարանի վրայով:

32-ամյա Կլեյնդլը 30 մետր երկարություն ունեցող պարանի վրա քայլելիս իր հավասարակշռությունը պահել է միայն ձեռքերի օգնությամբ, իսկ ներքևում նրան ուշադիր հետևում էին հարյուրավոր աջակիցներ:

Կլեյնդլը նշել է, որ փորձում է քաղաքային ամենաբարձր հատվածով քայլելու նոր ռեկորդ սահմանել, սակայն Սլակլայնի համաշխարհային ֆեդերացիայից ոչ ոք հասանելի չի եղել ռեկորդը հաստատելու համար:

Ըստ Կլեյնդլի նախորդ ռեկորդը երկու տարի առաջ սահմանել էր ֆրանսիական մի խումբ. նրանք անցել էին Փարիզում գտնվող 120 մետր բարձրություն ունեցող երկվորյակ աշտարակների միջև ամրացված պարանի վրայով:

Ի տարբերություն թայթրոփերների՝ սլակլայներների դեպքում պարանը ամբողջությամբ ձիգ չի կապվում, ինչը բարդացնում է հավասարակշռություն պահելու գործը:

Կլեյնդլը շաբաթ օրը մեկնարկած, երկու օր տևող երկնաքերերի թեմայով փառատոնի շրջանակներում ստիպված էր երեք անգամ կրկնել իր անցումը:

Վերջին դաս. ավանդական շոուի փոխարեն շրջանավարտներն իրենց գիտելիքներն են ցուցադրում

վերջին դասՀանրապետության բոլոր դպրոցներում այսօր ուսումնական տարվա վերջին դասն է. 9-րդ դասարանցիները մնաս բարով են ասում  հիմնական դպրոցին և մուտք գործում ավագ դպրոց, իսկ 12-րդ դասարանցիներն էլ` հասուն կյանք:

Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 սաները ևս վերջին դասին մնաս բարով ասացին իրենց դպրոցին: Նրանց վերջին դասը, սակայն, տարբերվում էր նրանից, ինչ սովոր ենք տեսնել վերջինզանգյան բեմից:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը հայագիտական թեքում ունի և այստեղ արդեն մեկ տարի 8-րդ և 9-րդ դասարաններում ուսանում են «Հայ մշակույթի պատմություն» առարկան: Դպրոցի շրջանավարտները վերջին դասն օգտագործեցին` ցույց տալու, թե ինչ են հասցրել սովորել մեկ տարվա ընթացքում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ դպրոցը կրթելու առաքելություն ունի, աշակերտն էլ`գիտելիքը սերտելու, ուստի վերջին դասը պետք է ճիշտ օգտագործել և ցույց տալ, թե դպրոցից ինչ գիտելիքներով են հեռանում. «Սա իսկապես վերջին դաս էր, որ չվերածվեց շոուի»:

Մեկժամյա միջոցառման ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի, բեմադրությունների, երգ ու պարի միջոցով անդրադարձան հայոց պատմությանը, գրականությանը, երգարվեստին, մանրանկարչությանն ու կերպարվեստին, ճարտարապետությանը, հայոց եկեղեցու պատմությանը:

Միջոցառման ավարտին Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն  Չերազ-Անդրեասյանն ասաց, որ  թիվ 153 դպրոցն իսկապես Ռաֆայել Իշխանյանի երազած դպրոցն է: «Այս վայրէջքները վերջանալու են և մենք վերելք ենք ունենալու ու դառնալու ենք արևելքի լույսը: Կարծում էի, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ ոգի մահացել է, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

 «Անկախ»-ը ներկայացնում է մի քանի դրվագ միջոցառումից` տեսանյութերի տեսքով:

Գազի նոր սակագինը` 156 դրամ

գազԳազը կթանկանա 24 դրամով կամ 18 տոկոսով. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասաց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ խմ գազի գինը կդառնա 156 դրամ ներկայիս 132 դրամի փոխարեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսը և այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ»,- ասել է նա:

Անակնկալ այցելություն Մրգաշատ գյուղ.Տիգրան Սարգսյանըայժմ Արմավիրի մարզպետարանում է

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում կարկուտից տուժած Մրգաշատ գյուղ:

Վարչապետին ուղեկցել են  նախարար Սերգո Կարապետյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այցի ընթացքում  Տիգրան Սարգսյանը տեսել է կարկուտից տուժած այգիները եւ վստահեցրել գյուղացիներին, որ օգնելու են նրանց: Մրգաշատում Տիգրան Սարգսյանը խոստացել է բնակարանով ապահովել բազմազավակ մի ընտանիքի:

Այժմ  վարչապետը Արմավիրի մարզպետարանում  տուժած գյուղերի  գյուղապետերի հետ քննարկում է  նրանց  բարձրացրած խնդիրները:

Ամուլսարի հանքի տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր կան. նման դեպքերում օրենքն արգելում է հանքի շահագործումը

ԱմուլսարՄայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1995-ին այս օրը հռչակեց որպես կենսաբազմազանության օր, 2001-ից այն նշվում է ամեն տարի: Այս տարվա կարգախոսն է «Ջուր և կենսաբազմազանություն»:

Կենսաբազմազանության օրվա առթիվ Էկոլուր մամուլի ակումբում բնապահպաններն անդրադարձան Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին, մասնավորապես ներկայացրեցին Ամուլսարի  ոսկու հանքավայրի տարածքում բնակվող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների ցանկը: Ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` արգելվում է հանքի շահագործումը վայրերում, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն  Կարեն Մանվելյանն ասաց, որ մեկ տարի առաջ  բանավեճեր եղան, թե արդյոք Ամուլսարի հանքի տարածքում  կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, թե ոչ: Բնության համարշարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը   Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցների հետ  իրականացրել է ուսումնասիրություններ 10 հազար հա  տարածքում: Պարզվել է, որ հանքի բուն տարածքում աճում է ծիրանագույն մատնունի անվամբ բույսը, որը Կարմիր գրքում է գրանցված և կրիտիկական վիճակում է գտնվում:  Հանքի բուն տարածքում նաև գորշ արջեր կան: Արդեն հարակից տարածքներում բացահայտվել է անհետացման վտանգի տակ գտնվող սողունների երկու տեսակ` անդրկովկասյան սահնօձ և հայկական իժ, կաթնասունների չորս  տեսակ` հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, անտառային կատու և գորշ արջ, ինչպես նաև թռչունների 18 տեսակ`  հայկական որոր, սև արագիլ, սև անգղ, գաճաճ արծիվ, դեղնագլուխ խաղտտնիկ, բվեճ, գիշանգղ, քարարծիվ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, տափաստանային հողմավար, փոքր ենթաարծիվ, մարգագետնային մկնաճուռակ, սապսան, ներկարար, մկարմիր բադ, օձակեր արծիվ,  կարմրաթև մագլցող:

Մանվելյանի խոսքով` հանքի շահագործումը մեծ ազդեցություն կունենա այդ տարածքում գտնվող և Կարմիր գրքում գրանցված ծիրանագուն մատնունու վրա: «Ազդեցություն կունենա նաև մոտակայքում գտնվող սողունների պոպուլյացիայի վրա, քանի որ շատ մոտ են Ամուլսարին, գիշատիչ թռչունների որսը կպակասի, և հիմնականը` երբ կա մեծ քանակությամբ մարդ և տեխնիկա, կենդանական աշխարհը հեռանում է այդ վայրերից»,- ասում է նա:

Հանքի շահագործման թույլտվություն ստացած «Գեոթիմ» ընկերության գլխավոր բնապահպան Արմեն Ստեփանյանը, սակայն համաիտ չէ Մանվելյանի տվյալների հետ, ասում է, որ իրենց ուսումնասիրություններով ընդերքի առանձին տեղամասերում ծիրանագույն մատնունի չի հայտնաբերվել, չնայած այն առկա է իրենց հանձնված 13 հազար հա տարածքում:

Մանվելյանն ասում է, որ  պետական բյուջե ֆինանսական հոսքերի առումով դիտարկելու դեպքում  Ամուլսարը 10 տարվա կտրվածքով բավականին մեծ հոսքեր կապահովի, բայց եթե 50 տարվա կտրվածքով դիտարկենք, Ջերմուկը նույն գումարները կապահովի, բայց նաև էկոհամակարգը չի տուժի:

Արմեն Ստեփանյանի խոսքով` եթե բնապահպանների հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքի շահագործումը կազդի տուրիզմի վրա, ապա իրենց ուսումնասիրությունները նման բան ցույց չեն տվել. « Ջերմուկը և Ամուլսարը կարող են համատեղ գործել  և երկուսն էլ եկամուտներ կբերեն հանրապետությանը»:

Անդրադառնալով «Ընդերքի մասին» օրենքի 26-րդ հոդվածին, որն արգելում է հանք շահագործել այն վայրերում, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, Ստեփանյանն ասում է, որ իրենք հանքի շահագործման իրավունքը ձեռք են բերել ավելի վաղ, քան կհրապարակվեր օրենքը:

Նշենք, որ Ամուլսարը գտնվում է Ջերմուկից 13 կմ հեռավորության վրա: «Գեոթիմ» ընկերությունը, որի 95 տոկոսը պատկանում է  բրիտանական Lydian International Limited ընկերությանը,  ցանկանում է տեղում ոսկու հանք շահագործել, ինչին բնապահպանները դեմ են` նշելով, որ այն ոչ միայն հարցականի տակ կդնի Ջերմուկի` որպես առողջարանի գոյությունը, այլ նաև մեծ վնասներ կհասցնի էկոհամակարգին:

Պատմաբանը Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպան է եղել՝ բողոքելով նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ

n3Աջակողմյան հայացքներ ունեցող պատմաբանը հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առջև ինքնասպան է եղել Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում՝ բողոքելով նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ:

դոմինիկ վեներԴոմինիկ Վենները հանգիստ դուրս է եկել 850 տարվա վաղեմություն ունեցող տաճարում գտնվող ամբոխից՝ նախքան ատրճանակը հանելը:

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ 78-ամյա տղամարդը ատրճանակը պահել էր իր բերանի մեջ և կրակել:

Վեները իր պատմական աշխատանքներից մեկի համար պարգևատրվել էր հեղինակավոր l’Académie française կոչմամբ և Գաղտնի բանակ կազմակերպության նախկին անդամ էր, որը ռազմականացված խմբավորում էր և պայքարում էր Ֆրանսիայի կողմից Ալժիրի  գաղութացմանը վերջ դնելու դեմ:

Նա 18 ամսով բանտարկվել էր խմբավորմանը անդամակցելու համար և ազատ էր արձակվել 1962թ-ին:

Դեպքի պահին տաճարը բազմամարդ է եղել: Ականատեսներից մեկը հայտնել է, որ մարդիկ շատ են վախեցել և խառնաշփոթ դուրս վազել տաճարից:

Ոստիկանության տեղեկություններով՝ Վենները ոչ մի հայտարարություն չի կատարել դեպքից առաջ, սակայն իր մոտ նամակ է ունեցել:

Աստվածամոր տաճարը եղել է համասեռամոլների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարների հիմնական հավաքատեղին:

 

Եղանակի կանխատեսումը հունիս ամսվա համար

big_1369058036_Photo_ideas_for_June_DCM125.tenthings.10_main_mandydisherԱրարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8…90C, առավելագույնը՝ 34…350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 2…50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 23…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…50C, առավելագույնը՝ 22…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 67-85մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 4…70C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…40C, առավելագույնը՝ 25…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-127մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15…190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 8…130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 30…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 5…90C, առավելագույնը՝ 27…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 91-104մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…220C, լեռնային շրջաններում` 13…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10..130C, լեռնային շրջաններում՝ 2…50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 30…330C, լեռնային շրջաններում՝ 21…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 7…80C, լեռնային շրջաններում՝ 1…20C, առավելագույնը հովտային շրջաններում 32…340C, լեռնային շրջաններում՝ 22…230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 34-46մմ, լեռնային շրջաններում՝ 70-71մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…230C, լեռնային շրջաններում` 13…160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10…150C, լեռնային շրջաններում՝ 4…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 32…350C, լեռնային շրջաններում՝ 24…280C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 8…110C, լեռնային շրջաններում՝ 3…70C, առավելագույնը հովտային շրջաններում 32…340C, լեռնային շրջաններում՝ 26…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման հովտային շրջաններում` 31-66մմ, լեռնային շրջաններում՝ 54-99մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…230C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…120C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 31…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8…90C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ):

Հասմիկ Պողոսյանը հավատում է, որ Սամվել Ալեքսանյանը «կուղղվի»

1356505111_ddddddՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հույս ունի, որ այսուհետ Երևանի Ծածկած շուկայում ընթացող գործողությունները կշարունակվեն իրենց պահանջի համաձայն. «Պաահանջը մեկն է` հին կառույցի պատերի ամրակայումը, սահմանված հատվածի ապամոնտաժումը, որից հետո արդեն կառուցվող շենքի նախագծի ներկայացումը մշակույթի նախարարություն»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա:

Չկատարելու պարագայում, ըստ նախարարի, բոլոր հարցերը կտեղափոխեն լուծումների այլ դաշտ:

«Անկախ»-ի դիտարկմանը, որ գոյություն ունի միջազգային պայմանագիր, ըստ որի, եթե սեփակնատերը երկու անգամ խախտում է օրենքը, երրորդ անգամ նրան ոչ թե տուգանում են, այլ ձեռքից վերցնում հուշարձանը, մշակույթի նախարարն արձագանքեց. «Գիտեք ինչ, դուք ինձ հարցեր տվեք մշակույթի նախարարության գործառույթների շրջանակներում: Բոլորն ունեն իրենց գործառույցները»:

Նրա խոսքով` մշակույթի նախարարությունն այսօր դատապարտված է հանդուրժելու այն բոլոր գործընթացները, որոնք ժամանակին իրականացվել են, և որոնցով տարբեր սուբյեկտներ վերցրել են պարտավորություններ. «Ժամանակին այդ գործընթացներն իրականացվել են բազմաթիվ բացթողումներով: Անշուշտ պետք է հասկանալ նաև այն հանգամանքը, որ նորանկախ պետականության պայմաններում կայացվող կառույցները կարող էին ունենալ բազմաթիվ թերություններ, իսկ այսօր կնքվող պայմանագրերը չեն կարող պարունակել այն դրույթները, որոնք եղել են նախկինում»:

Լրագրողները նկատեցին, որ Ծածկած շուկան Սամվել Ալեքսանյանին է տրվել ոչ վաղ անցյալում, սակայն նախարարն ասաց, որ չի կարող ասել հստակ տարեթիվը:

Հասմիկ Պողոսյանը չպատասխանեց նաև սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու հարցին` նշելով, որ դա նույնպես իրենց իրավասության տակ չի մտնում:

Ի դեպ, Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ հունվար-փետրվար ամսին նախարարությունում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որին մասնակցել են ոչ միայն նախարարության և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները, այլև Սամվել Ալեքսանյանը: Նախարարի տպավորությամբ` Սամվել Ալեքսանյանը հասկացել է իրենց պահանջները, սակայն. «Այս վերջին օրերի իրադարձությունները, ճիշտն ասած, ինձ էլ զարմացրին և  տարակուսանքի մեջ գցեցին»,-խոստովանեց նախարարը:

Այնուամենայնիվ, Հասմիկ Պողոսյանը շարունակում է հավատալ, որ Սամվել Ալեքսանյանը կուղղի իր սխալը:

Նվազագույն աշխատավարձը հուլիսի մեկից կդառնա 45 հազար դրամ

աշխատավարձՆվազագույն աշխատավարձը ՀՀ-ում հուլիսի մեկից կլինի 45 հազար դրամ:  Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկայում մեր երկրում նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ է, նախատեսվում է, որ հուլիսի մեկից այն կբարձրանա 30 տոկոսով:

«Մենք հաշվարկներ ենք իրականացնում և կներկայացնենք մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն քաղաքական մոտեցումները աշխատավարձի բնագավառում: Առաջինն այն է, որ մենք մտադիր ենք ձեր դատին ներկայացնել աշխատավարձերի միասնական սանդղակ»,- ասել է Սարգսյանը:

«Մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով». Տիգրան Սարգսյան

777Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը խորհրդարանում` կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:

«Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և <<Օրինաց երկիր>> կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Մեր երկրում ավարտվեց բավականին երկար ընտրական շրջանը: Այս ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն հնարավորին չափ հեռու պահել տնտեսական գործըն­թաց­ները ընթացող քաղաքական բանավեճի  հավանական բացասական ազդեցությունից, այլև առաջընթաց գրանցել թե՛ տնտեսական զարգացման, թե՛  քաղաքական բանա­վեճի կատարելագործման ուղղություններով: Եվ երիցս ճիշտ է հանրա­պե­տու­թյան նախագահը՝ շեշտելով, որ «այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամե­նաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելու մեր աշխա­տանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդ­յունքում ավելի ապահով Հայաստան կերտելու»:

Հարգելի գործընկերներ, Վերջին տարիների ընթացքում փոխվել է աշխարհը և մենք։ Մենք  ապրում ենք բարդ և արագ փոփոխությունների ժամանակաշրջանում: Իրականությունը լի է անակնկալներով և հաճախ, մեր կամքին հակառակ, փոփոխություններ է մտցնում և սրբագրում  մեր ծրագրերն ու նախաձեռնությունները: Ժամանակակից  աշխարհի ամենաորոշակի բնութագրիչը անորոշությունն է, իսկ ամենակայուն գնահատականը՝ անկայունությունը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք շեղվելու ենք մեր նպատակներից և հետամուտ չենք լինելու մեր կողմից նախատեսված ծրագրերի իրականացմանը։ Ուղղակի մենք պարտավոր ենք առկա իրողություններին համահունչ արդիականացնել մեր գործիքակազմը, նոր լիցք հաղորդել ազգային կարողություններին՝ նախանշված նպատակներին հասնելու համար։

Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում և ոչ հեռու անցյալում մեր գործընկերները, մեզ վերագրում են բազմաթիվ մեղքեր՝ պիտակավորելով մեր ծրագրերը:  Հարկ չեմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքներին, սակայն ակնհայտ է, որ մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով: Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիզմով լի: Սակայն համաձայնվեք, որ մենք եղել ենք բաց, ինքներս ենք բացահայտել խնդիրները, չենք խուսափել հրապարակային խոսել մեր բացթողումների և թերությունների մասին և այսօր հստակ և առավել լավ ենք պատկերացնում այն իրականությունը, որում ապրում ենք: Իրականություն, որի բացասական դրսևորումների հետ սակայն չենք հաշտվում և չենք հաշտվելու: Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռևս առկա են և մտահոգում են յուրաքանչյուրիս. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ:Ձեզանից շատերն այժմ կհարցնեն, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել և ինչ է ձեռնարկելու թվարկված և բազմաթիվ այլ խնդիրները լուծելու համար:

ԱՌԱՋԻՆ: Անցնող տարիներին մենք ջանքեր գործադրեցինք հաղթահարելու տնտեսական համակարգի խոցելիությունը` այն է ցածր դիվերսիֆիակացիայի մակարդակը: Եվ այսօր ունենք ավելի բարենապաստ հիմքեր շարունակական տնտեսական աճ ապահովելու համար:  Առաջին անգամ պետությունը հանդես եկավ արդյունաբերական քաղաքականության նախաձեռնությամբ՝ բացահայտելով և օգտագործելով առկա ներուժը, տրամադրելով մասնավոր հատվածին պետական գործիքներից օգտվելու հավասար հնարավորություն, ինչը պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ արդեն տալիս է շոշափելի արդյունքներ:

ԵՐԿՐՈՐԴ: Մենք կանգնեցինք գյուղացու կողքին և հետևողականորեն օժանդակում ենք նրան՝ տրամադրելով մատչելի սերմնացու, վառելիք, պարարտանյութեր, ինչը ոլորտում ապահովում է  աճ և նոր աշխատատեղեր: Օժանդակում ենք գյուղատնտեսական կոոպերացիաների ձևավորմանը, խթանում նոր շուկաների ենթակառուցվածքների ստեղծումը՝ արտահանման ծավալները մեծացնելու համար: Շուտով կսկսենք գյուղատնտեսության համատարած հաշվառումը, որը հնարավորություն կտա բացահայտել ոլորտում առկա ներուժը և խնդիրները, որի հիման վրա կմշակենք հասցեական աջակցության ծրագրեր:

ԵՐՐՈՐԴ: Սոցիալական ոլորտում բացահայտեցինք կոռուպցիոն երևույթներ, որոնք հսկայական վնաս էին պատճառում պետությանը: Խնայած միջոցներով ավելացրեցինք կենսաթոշակները և սոցիալական նպաստները: Ստեղծեցինք հիմքեր սոցիալական ինտեգրված ծառայության համակարգի ներդրման համար, որի օգնությամբ սոցիալական խոցելի խմբերին տրվող օժանդակությունը լինելու է առարկայական և առանձնահատուկ վերաբերմունքով: Մարզկենտրոններում ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքով աշխատող սոցիալական ծառայությունների գրասենյակներ, որոնք առավել արդյունավետ օժանդակություն կցուցաբերեն խոցելի խմբերին: Միևնույն ժամանակ ներդնում ենք սոցիալական ծառայողի ինստիտուտը: Սկսել և շարունակելու ենք աղքատություն ծնող պատճառների վերացումը՝ կրթության և աշխատանքի մատչելիության ապահովմամբ:

ՉՈՐՐՈՐԴ: Բարեփոխումներ իրականացրեցինք կառավարման ոլորտում: Ներդնելով էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ապահովում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը, ինչպես նաև պետական մարմինների թափանցիկությունը, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և մեծացնում ներքին վերահսկողության արդյունավետությունը: Մի քանի անգամ կրճատեցինք ստուգումների քանակը, ներդրեցինք էլեկտրոնային հաշվետվությունների մեխանիզմ: Սոցիալական փաթեթ ծրագրից, այսօր հնարավարություն ունեն օգտվելու 150. 000 պետական ծառայողներ և նրանց ընտանիքի անդամները:

ՀԻՆԳԵՐՈՐԴ: Ենթակառուցվածքներում իրականացրել ենք համակարգաստեղծ մասշտաբային ծրագրեր, հինգ տարվա ընթացքում կառուցել և վերանորոգել ենք աննախադեպ ծավալների ճանապարհներ: Հեռավոր համայնքներում հասանելի ենք դարձրել հեռախոսակապը, համացանցը, խմելու ջուրը: Շիրակի և Լոռու մարզերում իրականացրել ենք մեծածավալ բնակարանաշինական ծրագրեր: Շարունակում ենք դպրոցաշինական, ամբուլատոր կլինիկաների կառուցման և հիվանդանոցների վերանորոգման ու վերազինման աշխատանքները:

ՎԵՑԵՐՈՐԴ: Քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հանրապետությունում արձանագրվել է լրջագույն առաջընթաց: Խոսքի և մամուլի ազատության,  մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների  ցուցանիշներով  առաջատար դիրքեր ենք զբաղեցնում տարածաշրջանում: Հասարակական կազմակերպությունների  հետ համագործակցության արդյունքում բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են դրական լուծումներ:  Մեր քաղաքական դիրքորոշումն  է՝  հասարակական կազմակերպությունները պետք է լայնորեն ներգրավված  լինեն երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

ՅՈԹԵՐՈՐԴ: Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձրել ենք առավել մատչելի: Մեր քաղաքացիները առաջին հերթին  մատնանշում են հետևյալ ոլորտների դրական զարգացումները: Ինտերնետ ծառայությունների գների կտրուկ նվազում, որակի բարձրացում: Պարզեցված, արագ և քիչ ծախսատար ծառայություններ պետական կադաստրում: Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության գործուն համակարգ: ԱՊՊԱ-ն որը ներդրման պահին  միանշանակորեն չէր ընդունվում, այսօր արժանացել է մեր ժողովրդի վստահությանը: Բիզնես իրականացնելու հեշտացված և րոպեների ընթացքում գրանցման հնարավորություն: Էլեկտրոնային ստորագրությունների և հաշվետվությունների ներդրման միջոցով  հարկային վարչարարության բեռի էական թեթևացում: Այս և մի շարք այլ միջոցառումների արդյունքում դուինգ բիզնեսի համաշխարհային աղյուսակում Հայաստանի Հանրապետությունը դիրքերը բարելավվեցին 18 կետով և մենք զբաղեցնում ենք 32-րդ տեղը: Մենք նաև քաջ գիտակցում ենք, որ բազմաթիվ բարեփոխումներ, որ սկսել ենք, դեռևս չեն տվել շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար։ Ձեր դատին ներկայացված ծրագիրը մշակելիս մենք այցելել ենք բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը: Մասնավորապես, ինչ էր ակնկալում պետությունից Վանաձորի  մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը: Առաջին հերթին, ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա: Մի խոսքով պայմաններ ընտանիք ստեղծելու և հայրենիքում արժանապատիվ ապրելու համար:           Ինչ է նախատեսում անել պետությունը Արմենի և նրան նման հազարավոր երիտասարդների համար:   կրթության բարեփոխումների շրջանակում ապահովվելու է ձեռնարկությունների և կրթական հաստատությունների ուղղակի կապը, որը հնարավորություն կընձեռի պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ, իրականացվում է և շարունակելու է իրականացվել «Մատչելի բնակարան երիտասարդներին»  ծրագիրը, անցյալ տարի էլ մեկնարկեց «Մատչելի ավտոմեքենա երիտասարդներին» ծրագիրը   Ինչ էր ակնկալում պետությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը: Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակած և Խնայբանկում ներդրած ավանդի վերադարձ:    Ինչ է նախատեսվում անել թոշակառուների համար՝ կենսաթոշակների ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաև անվճար ծառայությունների տեսականու ավելացում, ԽՍՀՄ խնայբանկերում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման ծրագրերի շարունակականություն:

Հարգելի գործընկերներ

Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի պետությունից յուրաքանչյուր քաղաքացու ակնկալիքները դարձնենք իրականություն: Առաջիկայում ապահովելու ենք՝ բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով, կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի և հասանելիության ապահովում, որպես առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց, հասանելիություն և որակի բարձրացում՝ առողջապահության ոլորտում, պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում՝ անհրաժեշ­տության դեպքում ոչ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելով բանիմաց, զարգացմանը միտված ծրագրեր ունեցող գործարարով, յուրաքանչյուր ձեռնարկությանը, կարիքներին համապատասխան առարկայական, նպատակային աջակցություն, փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն, ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ։ Մենք պետք է կազմակերպվենք, դառնանք մարտունակ պետություն և կազմակերպված հասարակություն: Իսկ կազմակերպված լինելուն մենք այլընտրանք չունենք: Դա հասկանալու համար բավական է  նայել աշխարհի քարտեզը և տեսնել մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը: Դա հասկանալու համար բավական է հետևել միջազգային լրահոսին և վերլուծել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ: Դա հասկանալու համար բավական է ծանոթանալ համաշխարհային տնտեսական ցուցանիշներին և այն ոչ հուսադրող կանխատեսումներին, որոնք վերաբերվում են մեր առևտրային գործընկերներին:

Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար օրակարգային  խնդիր է անցում կատարել գոյատևման կենսաձևից  և մտածողությունից  դեպի զարգացման հայեցակարգի իրագործումը: Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ: Սա է այն բանաձևը, որի գործարկման արդյունքում մենք կկարողանանք կերտել մրցունակ, ապահով և մարտունակ պետություն: Պատահական չէ, որ նախորդ տարվա Ազգային ժողովի ընտրություններին մենք մասնակցեցինք «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Իսկ այս տարվա նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմի առաջնորդը մասնակցեց «Դեպի Ապահով Հայաստան» կարգախոսով: Միմյանց փոխլրացնող այս գաղափարները ապագայի մեր տեսլականն է: Տեսլական, որն արժանացավ մեր քաղաքացիների մեծամասնության հավանությանն ու լիազորեց մեզ ապագա տարիներին իրականացնել փոփոխություններ և կերտել Ապահով Հայաստան:

Հարգելի պատգամավորներ, Սիրելի քաղաքացիներ,

Կարևորագույն փոփոխությունը, որ մենք պետք է իրականացնենք՝ դա մտածելակերպի փոփոխությունն է, վարքագծային կանոնների  փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր: Միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն և դատապարտելի են բոլորի կողմից: Այո՛, սա  հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում: Մենք կհաջողենք, եթե մեր նպատակադրած արժեքների և առկա արժեքների միջև գոյություն ունեցող ճեղքվածքը հաղթահարենք: Մենք կհաջողենք, եթե համագործակցենք: Այս ծրագիրը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք: Երբեմն ոչ ամբոխահաճո, երբեմն ցավագին որոշումներով, հաճախ՝ միանգամից ոչ տեսանելի արդյունքներով: Սա փոփոխությունների ծրագիր է, որն իրականացնողները պատրաստ են կրել դրա իրականացման պատասխանատվությունն ու առանձին փուլերի՝ ենթադրյալ բացասական արձագանքի ու քննադատության բեռը: Մենք ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև այլընտրանքային քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունը:   Ինչպես Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է իր նախընտրական ծրագրում,  -«…մենք միշտ հանդես ենք եկել «հանուն» գաղափարներով, չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, առաջարկել ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի համերաշխության և մեր ժողովրդի բարեկեցության ապահովում»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոստանում է նվիրական, քրտնաջան աշխատանք, որի արդյունքները տեսանելի և շոշափելի կլինեն յուրաքանչյուրի համար:

Շնորհակալություն»:

Էվերեստ բարձրանալու համար զբոսաշրջիկների հերթ է գոյացել. աշխարհի ամենաբարձր գագաթ բարձրանալն արժե 50,000 դոլար

e1Չնայած Էվերեստը աշխարհի ամենաբարձր գագաթն է, սակայն այն հասանելի նպատակ է դարձել բոլոր «սիրողական լեռնագնացների» համար, ովքեր ցանկանում են գրավել այն:

Քննադատները պնդում են, որ միաժամանակ բազմաթիվ  մարդիկ են փորձում բարձրանալ Էվերեստ՝ իրենց հետևից թողնելով մեծ աղբակույտեր, ինչպես նաև  պատահարներից  խուսափելն անհնարին դարձնելով:

Հաճախորդները վճարում են շուրջ 50,000 դոլար թույլտվություն և 8,848 մետր բարձրություն ունեցող լեռը բարձրանալու համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար:

Էվերեստը 1953թ-ին առաջին անգամ նվաճել են նոր զելանդացիներ Էդմունդ Հիլարին և Տենցինգ Նորգեյը:

Այս պատմական նվաճումից հետո ավելի քան 10,000 մարդիկ են փորձել բարձրանալ Էվերեստ, սակայն նրանցից միայն 2,500-ին  է հաջողվել:

Անցած տարի մայիսին չորս մարդ է զոհվել մարդկանց մեծ խմբի մեջ, ովքեր փորձում էին բարձրանալ լեռը:

Մի քանի տասնամյակ առաջ Էվերեստ բարձրանալու փորձ էին կատարում միայն բարձր մակարդակի պատրաստվածություն ունեցող, ուժեղ և փորձառու լեռնագնացներ:

Այժմ Էվերեստում լեռ բարձրացողների բիզնեսը ծաղկում է՝ նպաստելով Նեպալի տնտեսության զարգացմանը՝ հատկապես լեռ բարձրանալու սեզոնին՝ մարտից մինչև հունիսի առաջին շաբաթը:

Յուրաքանչյուր ոք, ով ունի գումար, կարող է միանալ լեռը բարձրացող բազմաթիվ տուրիստական խմբերից մեկին:

Նեպալի լեռնային տուրիզմի աշխատակիցները հայտնում են, որ այս շաբաթ և կիրակի օրերին շուրջ 200 մարդիկ կփորձեն բարձրանալ լեռ: