ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բեռնում

ԵԱՀԿ, Մինսկի խումբ,համանախագահներ,ԲեռնԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպոսը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիկը (ԱՄՆ) հաջորդ ամիս Բեռնում կհանդիպեն ԵԱՀԿ-ի գործող ներկայացուցիչ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերի հետ:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ադրբեջանականան դիվանագիտական աղբյուրները հույս են հայտնել, որ խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին:

 

Անկախ

Բրիտանիայում բնակարանները լցվել են բարձր դիմադրողականությամբ, մուտանտ առնետներով

առնետՄեծ Բրիտանիայում հեղեղված տները այժմ լցվել են մուտանտ առնետներով:

Բրիտանիայի հարավային հատվածներում բազմաթիվ առնետներ, փախչելով փոթորիկներից հեղեղված կոյուղիներից, ապաստանել են մարդկանց բնակարաններում:

Սովորական թույները չեն ազդում այս առնետների վրա, որոնք մարդուն և ընտանի կենդանիներին փոխանցվող հիվանդություններ են կրում:

Ռիդինգի համալսարանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Բերկշիրում և Օքսֆորդշիրում սպանված առնետների մեծ մասը բարձր դիմադրողականություն ունեն թույների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայում՝ ի տարբերություն ԵՄ-ի այլ երկրների, արգելվում է ուժեղ թույներ օգտագործել, որպեսզի վնաս չհասցվի կենդանի բնությանը:

Անկախ

Առաջիկա օրերին Երևանում սպասվում է մառախուղ և թույլ ձյուն

մառախուղՀանրապետության տարածքում` հունվարի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Այս մասին Անկախը տեղեկանում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

arm08.01.2Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
arm08.01.1 Երևանում հունվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:

Կանադայի թուրքերը պետք է դատապարտեն և ոչ թե արդարացնեն Ցեղասպանության ժխտումը

Հարութ ՍասունյանԿանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:

Այս ստորագրահավաքը մաս է կազմում թուրք ժխտողականների երկարատև ջանքերի՝ փոխելու համար Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհրդի (TDSB) 2008 թվականի որոշումը, որի համաձայն աշակերտներին դասավանդում էին Հայոց, Հրեական և Ռուանդական ցեղասպանությունների մասին: TDSB-ի որոշումը հաջորդեց 2002 թվականին Կանադայի Սենատի և 2004 թվականին Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, 2006 թվականից Կանադայի վարչապետները հաջորդաբար հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման տարեկան պաշտոնական հայտարարություններով՝ չնայած թուրքական կառավարության կողմից բուռն քաղաքական ճնշման ու տնտեսական շանտաժի:

Դեռևս 2008 թվականին թուրքական մեկ այլ նմանատիպ ստորագրահավաքով չհաջողվեց ստիպել TDSB-ին փոփոխելու ցեղասպանության ուսումնական ծրագիրը՝ ավելի քան 11 հազար ստորագրություն հավաքելուց հետո, հիմնականում Թուրքիայից: Իսկապես, Անկարայի կառավարությունը և Տորոնտոյում նրա թուրքական կամակատարները վերջին յոթ տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն ինչ այս ուսումնական ծրագիրը խափանելու համար:

Ստորև մեջբերված են թուրքական դիմումնագրով ներկայացված անհիմն բողոքները TDSB-ի ցեղասպանության ուսումնական ծրագրի դեմ՝ դրանց հաջորդող իմ հերքումներով.

— Թուրքական դիմումնագիր . «Որպես Տորոնտոյի դպրոցներ հաճախող աշակերտների թուրքախոս ծնողներ, մենք խորապես մտահոգված ենք «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ ներկայիս ուսումնական ծրագրի և 2008 թվականից TDSB-ի կողմից ընդունված ուսումնական նյութի բացասական ազդեցությամբ»:

Իմ պատասխանը. Տորոնտոյի դպրոցներում ՈՉ մի բռնություն կամ ճնշում չի կիրառվել որևէ թուրք աշակերտի նկատմամբ, չնայած որ ցեղասպանության ուսումնական ծրագիրը մի քանի տարի դասավանդվում է: Պատճառն այն է, որ հայերն այսօրվա անհատ թուրքերին պատասխանատու չեն համարում այն ոճրագործությունների համար, որոնք Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրագործվել են գրեթե հարյուր տարի առաջ, բացառությամբ նրանց, ովքեր ժխտողականությամբ իրենց շաղկապում են այդ ոճիրների հետ: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետությունը որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքների համար: Ցեղասպանության փաստերի ժխտումը շատ ավելի լուրջ բացասական հոգեբանական ազդեցություն ունի հայերի վրա, քան ուսումնական ծրագրում դրա ընդգրկումը՝ թուրքերի վրա: Ավելին, ճշմարտությունը չի կարելի թաքցնել միայն այն պատճառով, որպեսզի այն չվիրավորի նրանց զգացմունքները, ովքեր ուզում են քողարկել պատմական իրողությունները: Կարելի՞ է արդյոք պաշտպանել հրեական Հոլոքոստի ջնջումը պատմության դասագրքերից ժամանակակից գերմանացիներին չվիրավորելու համար:

— Թուրքական դիմումնագիր. «Հայերի Ցեղասպանության վերաբերյալ դասագիրքը և այլ գրքեր, ինչպիսին է Բարբարա Քոլորոսոյի «Արտասովոր չարիքը», անընդհատ վարկաբեկում են մի համայնքի նկարագրությունը մյուսների նկատմամբ և բացասական ազդեցություն ունենում Տորոնտոյի դպրոցների թուրքական ժառանգությամբ աշակերտների վրա»:

Իմ պատասխանը. Չի կարող երկու տարբերակ կամ երկու վարկած լինել Հայոց ցեղասպանության ապացուցված փաստերի վերաբերյալ: Կա միայն մեկ ճշմարտություն:

— Թուրքական դիմումնագիր. «Մենք խորապես համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և խաղաղ գոյակցության արժեքները կարող են ձեռք բերվել պատմության մասին ազնիվ և բաց երկխոսության միջոցով: Ավելին, արդար և անաչառ ուսուցումը պիտի հիմնված լինի պատմական փաստերի, այլ ոչ թե միայն ընտրյալ համայնքների պատումների վրա, անտեսելով մյուսներին: Պետք է նաև նշել, որ այս պատմական պնդումներից որևէ մեկի վերաբերյալ դատավճիռ գոյություն չունի, իսկ պատմաբանների կարծիքները տարբերվում են այս իրադարձությունների մանրամասների և սահմանումների առնչությամբ»:

Իմ պատասխանը. «Փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և խաղաղ գոյակցությունը» չեն կարող ձեռք բերվել խեղաթյուրումների և կեղծիքների միջոցով: Միայն ճշմարտությունն ընդունելուց և համապատասխան հատուցումից հետո Կանադայի թուրքերը կարող են խոսել նման վեհ գաղափարների մասին: Բացի այդ, հակառակ թուրքական պնդումներին, կան մի քանի դատավճիռներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սկսած 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների վճիռներից մինչև արգենտինական, շվեյցարական և ամերիկյան դատարանների վճիռները: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնախումբը 1985 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին զեկույց է ընդունել: Ցանկացած ցեղասպանության ամենաճիշտ  ատյանը Միավորված ազգերի կազմակերպությունն է, քանի որ Ցեղասպանության կոնվենցիան ՄԱԿ-ի փաստաթուղթ է:

Ամփոփելով՝ նշենք, որ այս վերջին թուրքական դիմումնագիը լիակատար ձախողման է դատապարտված, քանի որ դրա նախաձեռնողը՝ Կանադայի թուրքական միությունների ֆեդերացիան, առայժմ հավաքել է 2 հազարից էլ պակաս ստորագրություն, երբ պնդում են, թե Կանադայում ունեն 200 հազար անդամ: Հետաքրքիր է, որ ստորագրողների մեծ մասը ոչ թե Կանադայից է, այլ Թուրքիայից, որտեղ դիմումնագիրը լայնորեն տարածվել է կայքէջերում:

Կանադայի թուրքերի համար ավելի արժեքավոր նախաձեռնություն կլինի մի այլ  դիմումնագիր ձեռնարկել, կոչ անելով թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում կատարել այս հրեշավոր ոճրագործության զոհերի ժառանգներին Ցեղասպանության հարյուրամյակի առիթով:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ

Սիրիա, սպանված, ադրբեջանցի, մոջահիդՍիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդների կայքերին:

Ըստ գործակալության`սպանված մոջահիդը` “Ծովափնյա Մուհամեդ” անունով հայտնի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման անդամ է եղել: Մոջահիդները սոցկայքերում տարածել են նաև սպանվածի լուսանկարները:
Հիշեցնենք, որ օրերս Սիրիայում սպանվել էին ևս երկու մոջահիդներ, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ էին:

Անկախ

Ադրբեջանի նախագահի դուստրը դեպրեսիայով պարուրված բանաստեղծություն է գրել

լեյլա ալիևաԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը`Լեյլա Ալիևան, արտահայտել է իր իր հոգու կսկիծը: Իշխող ընտանիքի անդամի` “Երջանկություն” վերնագրով նոր բանաստեղծությունը “ապշեցնում է իր վշտով և ինչ-որ անհաղթահարելի դեպրեսիայով”: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը կատարսիսի մեջ է գտնվում, գրում է ադրբեջանական “Հագին” կայքը: Հոլովակում, որտեղ ներկայացվում է Լեյլա Ալիևայի բանաստեղծությունը, հնչում է արտակարգ իրավիճակների նախարարի կրտսեր որդու`Նիջաթ Հեյդարովի հեղինակային երաժշտությունը: Նշենք, որ Լեյլա Ալիևան հասարակական գործիչ է, “Բաքու” ամսագրի գլխավոր խմբագիրը, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, “Իսլամական համագործակցություն” կազմակերպության երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգողը` միջմշակութային երկխոսության գծով, Ռուսաստանում Ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (ԱՄՈՐ) նախագահը, “Շրջակա միջավայրի պաշտպանության համար միջազգային երկխոսություն” նախաձեռնության (IDEA) հիմնադիրը:    Անկախ

Լեհ փորձագետ. Եվրամիության «Արեւելյան գործընկերությունը» ավարտվեց լիակատար տապալումով

Մատեուշ ՊիսկորսկիԵվրամիության «Արեւելյան ործընկերության» ծրագիրը 2013-ին լիակատարտապալումով ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին:

Ըստ նրա` այդ նախագծի գլխավոր նպատակն էր չեզոքացնել հետխորհրդային տարածքում ԵՄ-ին այլընտրանք հանդիսացող ինտեգրացիոն նախագծերը: Ծրագրի հիմնական կողմնակիցներն `ին Եվրոպայի այն քաղաքական շրջանակները, որոնք սերտորեն կապված էին ԱՄՆ հետ ու ձգտում էին վերջինիս շահերի իրագործմանը: «Ճիշտ է, Հայաստանը հիմնականում աշխարհագրական-ռազմավարական իրադրությունում ու իրեն շրջապատող երկրների ռազմատենչ հայտարարություններից դրդված արեց իր առաջին քայլը: Այսպիսով` Հայաստանը հասկացրեց մյուս բոլոր խաղացողներին, որ ԵՄ-ն ու արեւմտյան ինտեգրացիոն նախագծերն այլընտրանք ունեն` այն է եվրասիական բլոկի մեծ ու ամբիցիոզ նախգիծը»,-ընդգծել է լեհ փորձագետը:

Նրա համոզմամբ` Ուկրաինայի որոշումը կապված էր տնտեսական ու քաղաքաակն բնույթի ընթացիկ խնդիրների հետ: «Եթե այդ խնդիրները հանգեցնեն պետական հեղաշրջման ու իշխանափոխության, այն ժամանակ ԵՄ-ն կկարողանա վերադառնալ բանակցություններին, սակայն պայմանով, որ կապահովի երկրի տնտեսական գոյատեւումը: Իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, դա երաշխավորել չի կարողանա»,-ընդգծել է Պիսկորսկին` հավելելով, որ Ռուսաստանն այժմ ունի պատմական հնարավորություն` ստեղծելու ինտեգրացիոն տարածություն, որին հետագայում կարող են միանալ շատ երկրներ, եթե հաջողվի ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ: Եթե ամեն ինչ ստացվի, ապա այդ գաղափարը կարող է նույնքան գայթակղիչ դառնալ, որքան ժամանակին ԵՄ-ն:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

 

Բուլղարիայում Աստվածհայտնության օրը մարդիկ տոնել են սառը գետերում լողալով

Bulgaria Orthodox EpiphanyԲուլղարիայում հազարավոր երիտասարդներ Աստվածհայտնության օրվա կապակցությամբ լողացել են սառը գետերի և լճերի մեջ՝ վերարտադրելով խաչելության հին ծեսը:

Ավանդույթի համաձայն՝ խաչելությունը նետվել է լճի կամ գետի ջրերի մեջ: Մարդիկ հավատում են, որ մտնելով ջուրը իրենք ազատվում են չար ոգիներից և ամբողջ տարվա ընթացքում առողջ կլինեն:

Երկուշաբթի օրը Բուլղարիայում Աստվածհայտնության օրը սկսվել է Սոֆիայում ջրօրհնեքի արարողությամբ:

Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը՝ պատրիարք Նեոֆիտը, աղոթել է մարդկանց բարեկեցության համար: Այս ավանդույթը վերացվել էր 1946թ-ին և վերահաստատվել՝ 1992թ-ին:

 Անկախ

Սիրիայում Ադրբեջանի երկու քաղաքացի է սպանվել

Սիրիա, ԱդրբեջանցիՍիրիայում զոհվել են երիկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող Ադրբեջանի ևս երկու քաղաքացի: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այս մասին տեղեկացրել է երկու կայք, որոնք պատկանում են մոջահիդներին:

Զոհվածներն են Նամիգ Ասքերովը, ով կապված էր “ալ Կաիդա” ահաբեկչական կազմակերպության հետ, և “Ազերի Սեյֆուլլահ” մականունով հայտնի Սոլթանը: Կայքերը տարածել են նաև մահացած ադրբեջանցիների լուսանկարները:
Ըստ տարբեր գնահատականների`Սիրիայում նախագահ Ասադի վարչակագի դեմ պայքարող գրոհայինների շարքում կան հարյուրավոր ադրբեջանցիներ: Տասնյակ ադրբեջանցիներ էլ զոհվել են այդ մարտերում:

Անկախ

Լուրջ մարդիկ աստղագուշակությանը լուրջ չեն վերաբերվում

Areg M.Աստղագիտությունն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ աստղաբանությունը` տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:  Բայց թե ինչ ազդեցություն ունեն մոլորակները մարդու օրգանիզմի վրա, դրա վերաբերյալ զրուցեցինք Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:

–        Ի՞նչ տարբերություն կա աստղաբանության, աստղագուշակության և աստղագիտության միջև:

–           Աստղագիտությունը բնական գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ դրա ժամանակակից ամենակարևոր բաժինը` աստղաֆիզիկան, ուսումնասիրում է տիեզերական երևույթների ֆիզիկան: Ներկայումս առաջանում են աստղագիտության նորանոր ճյուղեր` աստղակենսաբանություն, աստղաքիմիա: Ապագայում թերևես բոլոր գիտություններն են համագործակցելու աստղագիտության հետ: Մյուս կողմից գոյություն ունի «աստրոլոգիան», և չնայած այն հայերենով թարգմանվում է աստղաբանություն կամ աստղագուշակություն, ես, այնուամենայնիվ, տարբերում եմ դրանք: Աստղաբանությունն ուսումնասիրում է, ինչպես ասացիք, տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Եվ չնայած մեզ մոտ այն չի զարգանում, շատ կարևոր է: Սակայն աստղագուշակությունն արդեն կեղծ գիտություն կամ սնահավատություն է: Այդտեղ որևէ լուրջ բան չկա:

–        Իսկ աստղագուշակությունը և աստղաբանությունը նո՞ւյնն են:

–           «Աստղաբանություն» տերմինը պատմականորեն է առաջացել որպես աստղագիտության այլընտրանքային տերմին` աստրոնոմիա և աստրոլոգիա: Չգիտեմ՝ ով է հայերենում առաջինը կիրառել «աստղագուշակություն» բառը, բայց այն շատ դիպուկ է աստղաբանների մեծ մասին նկարագրելու համար: Իրականում մեր աստղաբանները զբաղվում են ոչ թե մարդու և այլ կենդանի օրգանիզմների վրա տիեզերական մարմինների ազդեցույթունն ուսումնասիրելով, խոսքը հատկապես ֆիզիկական ազդեցության մասին է և այն հատկապես ուժեղ է Լուսնի, Արեգակի և մոլորակների դեպքում, այլ բոլորովին անհիմն կերպով փորձում են նկարագրել մարդկանց բնավորությունները և գուշակել ապագան: Ընդ որում, յուրաքանչյուր աստղաբան դա անում է յուրովի: Այստեղից էլ պարզ է, որ դա լուրջ գիտություն չի կարող լինել:

–        Աստղաբանությունը կամ աստղագուշակությունն ի՞նչ հիմքերի վրա է իր գոյությունը պահպանել:

–           Աստղագուշակությանը թերևս երկինքն ու տիեզերքը թերի հասկանալու արդյունք է: Հայտնի է, որ նախկինում փարավոններն ու թագավորներն աստղագիտական գիտելիքներն օգտագործել են ժողովրդին զսպելու նպատակով: Օրինակ՝ երբ եգիպտական քուրմ-աստղագետները հաշվարկների միջոցով կանխատեսում էին Արեգակի խավարումը կամ մոտեցող գիսավորի պայծառացումը, դա օգտագործում էին աստվածների բարկությունը փոխանցելու և հասարակ ժողովրդին վախեցնելու համար: Մարդիկ հակված են անհասկանալի երևույթների հանդեպ սնահավատության, վախի, այդ պատճառով շատերին հնարավոր է դառնում գրավել աստղագուշակությամբ, մանավանդ որ մարդիկ սիրում են իրենց ապագայի մասին կանխատեսումներ անել: Լուրջ մարդիկ չեն կարող լուրջ վերաբերվել աստղագուշակությանը:

–        Ինչպե՞ս են աստղերն ազդում մարդու օրգանիզմի, բնավորության և հետագա քայլերի վրա, որովհետև կան մասնագետներ, որոնք հակառակն են պնդում:

–           Տիեզերական մարմիններն իհարկե ազդում են մարդու օրգանիզմի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակի վրա: Երկրի վրա տիեզերական մարմինների կողմից ամենամեծ ազդեցություններից և դրանց ամենավառ դրսևորումներից են Լուսնի ազդեցության տակ առաջացող մակընթացություններն ու տեղատվությունները: Մարդը` որպես զգալի չափով ջուր պարունակող օրգանիզմ, նույնպես պետք է էական կախվածության մեջ լինի Լուսնի փուլերից: Օրինակ` հայտնի է, որ շատ մարդիկ վատ են զգում լիալուսնի ժամանակ: Արեգակնային բռնկումների հետևանքով առաջացող երկրամագնիսական փոթորիկները նույնպես ազդում են մարդու և նրա գործունեության վրա: Արեգակի բարձր ակտիվության փուլերում հաճախակի են դառնում սրտի կաթվածները, մահացությունները: Որոշակի ազդեցություն ունեն նաև մոլորակները: Սակայն տարբերենք այս ամենը աստղերի թվացյալ ազդեցությունից: Աստղերն այնքան հեռու են, որ նրանց ազդեցությունը միլիարդավոր անգամ ավելի թույլ է և գործնականում բացակայում է:

–        Իսկ որքա՞ն հավանական է կենդանակերպ–մոլորակներ կապը և ինչի՞ վրա են հիմնվում աստղագուշակ–աստղաբաններն անհատի բնավորությունը, նաև ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս:

–           Դրանք հորինված «տեսություններ» են: Նկատեք, որ տարբեր հորոսկոպներ տարբեր մեկնաբանություններ են տալիս: Առավել ևս, կան տարբեր ժողովուրդների հորոսկոպներ: Իսկ մենք, փաստորեն, այնքան ենք տարվել դրանցով, որ միաժամանակ կիրառում ենք բոլորը միասին. հայկականը (եվրոպականը)` ամիսների համար, արևելյանը` տարիների համար, դրուիդներինը` ծառերի տեսակների համար և այլն: Դրանք իրար հետ կապ չունեն և նույնիսկ պատմականորեն միասին կիրառելի չեն եղել: Անհատի բնավորությունը կամ ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս աստղագուշակներից ոմանք հիմնվում են այդ ժամանակահատվածում ծնված հայտնի մարդկանց բնավորությունների միջին վիճակագրականի վրա: Սակայն այստեղ էլ որևէ գիտական հիմք չկա:

–        Այնուամենայնիվ, պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն…

–           Եթե խոսքը կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված մարդկանց բնավորությունների մասին է, ապա իհարկե, պատահականություններ հնարավոր են: Մյուս կողմից` մարդիկ հակված են նկատելու և հիշելու միայն համընկնումները, իսկ դրանց խախտումները, որպես կանոն, մոռացվում են: Արդյունքում ստացվում է, որ աստղագուշակները կարծես բավական լավ էին գուշակել ապագան:

–        Շուտով Ամանոր է և 2014 թվականը «հյուընկալվելու» է յուրաքանչյուրիս տանը: Ե՞րբ ենք ստույգ ներխուժելու այդ տարեթիվ:

–           Տարին Երկրի մեկ պտույտն է Արեգակի շուրջ: Թե որ կետից այն կհաշվարկվի և ինչը կհամարվի տարվա սկիզբ, լիովին պայմանականություն է և տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել: Այժմ մենք կիրառում ենք այսպես կոչված նոր կամ գրիգորյան տոմարը, որը բավական լավ է նկարագրում Արեգակի շուրջ Երկրի պտույտի իրական տևողությունը: Մոլորակների և երկնային մյուս մարմիններից շատերի շարժումները պարբերական բնույթ ունեն և անընդհատ կրկնվում են: Երկրագունդն իրականում միլիարդավոր պտույտներ է կատարել Արեգակի շուրջ և տարատեսակ տոմարների գոյությունն ունի ոչ թե աստղագիտական, այլ պատմական հիմքեր: Դրանցից մեկն է հենց մեր տոմարը` Քրիստոսի ծնունդից հաշվարկը, ըստ որի՝ այդ պահից անցել է 2014 տարի:

–        Տոնական սեղանն առատ է և գրեթե անհնար է քաղցած վեր կենալ: Ինչպե՞ս կարելի է սնվել տվյալ ժամանակահատվածում, որպեսզի չվնասենք առողջությունը:

–           Տվյալ ժամանակահատվածը զուտ պայմանական է, հետևաբար Նոր Տարին ոչ մի կապ չպետք է ունենա սննդակարգի հետ: Այստեղ ավելի շատ պետք է գործեն եղանակային ազդեցությունները: Պարզապես, ձմռանը գործում են սնվելու որոշակի առանձնահատկություններ, ինչի մասին շատ ավելի մանրամասն կբացատրեն համապատասխան մասնագետները: Բոլորովին չեմ արդարացնում մարդկանց, հատկապես հայերի ճոխ սնվելու մոլուցքը, պարզապես անհեթեթություն է:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ: Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է.

«Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»:

 

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ. Առասպե՞լ, թե՞ իրականություն

Գրիգոր-Լուսավորիչը-մկրտում-է-Տրդատ-Արգային1Համաձայն Մովսես Խորենացու` դեռ Տրդատ Գ արքայից շատ առաջ` I դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորի օրոք հայերը քրիստոնեություն են ընդունել: Պատմաբանները, մեկնաբանելով Խորենացու հաղորդումը, նրա մեջբերումներն ավանդապատում են համարել: Չնայած պատմությանը հայտնի է Եդեսիայում Աբգար անունով քրիստոնյա թագավոր (Աբգար 9-րդ, 179 – 214), սակայն այս Աբգարն ապրել է Հիսուսի մահից շատ անց, և Խորենացու հաղորդումը նրան չէր կարող վերաբերել:

Քերթողահոր մեջբերումը կարող է վերաբերել թերևս Եդեսիայի Աբգար 5-րդ Ուքամ (Սև) թագավորին, որ ապրել ու թագավորել է I դարում:

Վաղնջական ժամանակներից հյուսիսային Միջագետքը եղել է հայաբնակ և հայոց քաղաքական ոլորտում: Այն սկզբնաղբյուրներում հայտնի է Միջագետք հայոց անվամբ, որի կենտրոնական գավառն էր Արվաստանը` Մծբին կենտրոնով: Այստեղ դեռ մ.թ.ա. III դարից իշխում էր հայ Երվանդունիներից սերված Աբգարյանների տոհմը:

Համաձայն Խորենացու` Աբգար թագավորը այցելում է իր ազգակից պարթև Արշակունիներին և այնտեղ ծանր հիվանդանում: Չկարողանալով բուժվել` թագավորը որոշում է դիմել Պաղեստինում քարոզող Հիսուսին: Համաձայն ավանդույթի` Աբգարը Հիսուսի մասին լսել էր Աղձնիքի բդեշխից և Ապահունյաց նահապետից: Նրանցից լսելով Հիսուսի գործերի մասին`  արքան ասում է. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն աստված»:

Ապա Աբգար արքան նամակ է ուղարկում Հիսուսին. «Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով  առանց դեղերի ու արմատների… Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքում դրեցի այս երկուսից մեկը.  կա՛մ դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, այս բաներն անում ես, կա՛մ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզնից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել: Բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է…»:

Աբգարի սուրհանդակները Աբգարի նամակը Անդրեաս և Փիլիպոս առաքյալների միջոցով հանձնում են Հիսուսին:

Խորենացին մեջբերում է նաև Հիսուսի խոսքը Աբգարին, որ նրա հանձնարարականով գրի է առել Թովմաս առաքյալը. «Երանի նրանց, ովքեր ինձ հավատում են, ինձ տեսած չլինելով… Իսկ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ: Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ… Քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին…»:

Հիսուսը Աբգարի սուրհանդակ Անանի հետ պատասխան նամակի հետ ուղարկում է նաև իր պատկերը:

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները:

Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք է գործում անգամ հայոց արքունիք, թագավորական ընտանիք և ազնվականության դասը:

Բագրատունի իշխաններն ավանդաբար քրիստոնեության դրոշակակիրներն էին (հավանաբար այդ է պատճառը, որ հետագայում քերթողահայր Խորենացին նրանց հրեական ծագում է վերագրել):

II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը:

III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):

Ավանդույթը պատմում է Տրդատի` քրիստոնյաներին հալածելու, Գրիգոր Պարթևին բանտարկելու, արքայի այլակերպության և նրա քրիստոնեական դարձի մասին:

Իրականում, քրիստոնեության ընդունումը որևէ աղերս չէր կարող ունենալ նշված ավանդույթի հետ: Այն ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: Մինչ 301 թվականն էլ քրիստոնեությունը Հայաստանում առկա էր և պետության կողմից այն ուժեղ հալածանքի չէր ենթարկվել: Վկան` Հայաստանի տարածքում գործած քրիստոնեական համայնքները, Դարանաղում, Դերջանում, այլուր հաստատված եպիսկոպոսությունները:

II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական կացության նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը: Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերը, հասարակական հարաբերությունները: Այս համապատկերում էլ Հայաստանի ավատատիրական էլիտան նոր կրոնի մեջ տեսնում էր իր շահերի պաշտպանին ու հենարանին:

Իսկ հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու հետ: Գրիգոր Պարթև. ո՞վ էր նա:

226 թ. Հայաստանի հարևան և բարեկամ երկրում ռազմական հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է, սպանվում է Արտավան Ե արքան, և գահ է բարձրանում Արտաշիր Պապականը` հիմք դնելով Սասանյանների հարստությանը:

Բնականաբար, այս հեղաշրջումը չէր կարող անարձագանք մնալ Հայաստանում, որտեղ իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյան Պարսկաստանին և երկար տարիներ ավերածությունների ենթարկում Իրանը:

Միաժամանակ Սասանյանների դեմ պատերազմ են սկսում Միջին Ասիայի քուշանները, Մազքութաց Արշակունիները:

Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը: Խոսրովը երկու պատճառ ուներ Անանկին ընդունելու համար: Նախ` Շապուհի «թշնամին» էր, ապա` Սուրենյան Պահլավի տոհմը ազգակից էր Արշակունիներին:

Եվ Անանկ ստահակը կատարում է իր սև գործը. երեք տարի հայոց արքայի հյուրընկալությունը վայելելուց հետո նա դավադրաբար սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները, բնականաբար, ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին ստնտուները փախցնում են արտասահման: Ահա այս Գրիգոր Պարթևն է, որ հայոց աշխարհում շատ խառնակությունների և դարակազմիկ իրադարձությունների պատճառը պիտի դառնար:

Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկուց նա քրիստոնյա համայնքի մեջ էր, իսկ երբ չափահաս դարձավ, Դավիթ անունով մի հավատացյալ (հավանաբար հրեա) նրան պսակեց իր Մարիամ անունով դստեր հետ: Սակայն երեք տարի անց Գրիգորը լքում է կնոջն ու ընտանիքը և գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ III-ի արքունիքում: Հավանաբար Գրիգոր Պարթևի Հայաստան գալու բուն նպատակը հենց քրիստոնեություն քարոզելն էր, այլապես քիչ հավանական է, որ նա իր կյանքը վտանգի ենթարկեր` Տրդատի արքունիք գալով: Ամեն դեպքում, նախնական շրջանում նա ծպտված էր հանդես գալիս, և ոչ ոք չգիտեր, որ նա Անանկ ստահակի որդին է:

Սակայն հայկական ավանդույթը պատմում է, որ Անահիտ աստվածուհու Երիզայում գտնվող սրբավայրում ծիսակատարության ժամանակ Տրդատ արքան հրամայում է Գրիգորին, որ երկրպագի աստվածուհուն: Գրիգորը հրաժարվում է կատարել հրամանը, և ահա պարզվում է Գրիգորի ոչ միայն քրիստոնյա լինելը, այլև` ծագումը:

Երբ զայրացած արքան հարցաքննում է Գրիգորին, վերջինս իրեն ավելի անսանձ ու անպարկեշտ է պահում` արքային անվանելով «ապուշ, ձի, ջորի» , «մտքով եզից ու էշից պակասամիտ»:

Տրդատ արքան ստիպված էր տանջանքների ենթարկել ամբարտավանին և նետել Խոր Վիրապ կոչվող արքայական զնդանը: Համաձայն առասպելի` Գրիգորն այս զնդանում մնաց 13 տարի: Նույն առասպելը պատմում է, որ մի կին, երազում հրաման ստանալով, ամեն օր մեկ նկանակ է նետում, որպեսզի բանտարկյալը կարողանա ուտել և գոյատևել: Սա, իհարկե, միայն առասպել է: Ոչ մի կին չէր կարող անգամ մոտենալ արքայական զնդանին, ուր մնաց` այնտեղ հաց նետեր:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզայի տրամադրումը դյուրացվել է

հայաստան, եվրամիություն

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը,տեղեկացնում էnews.am-ը։ Գերմանիայի դեսպանությունը հրապարակել է իրենց դեսպանություն դիմողների համար ամենակարեւոր փոփոխությունները:

Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով)։ -Դրան զուգընթաց դիմողների հետեւյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից դպրոցականները, ուսանողները եւ ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում -Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականները (ամուսին, կին, երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ) -թոշակառուները -12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները -պաշտոնական պատվիրակությունների անդամները եւ գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորները -լրագրողները եւ նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը -միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները եւ նրանց ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ եւ այլն) -քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առեւտրային կազմակերպությունների հրավերով -գիտության, կրթության, արվեստի եւ մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները -հաշմանդամության կարգ ունեցող անձինք եւ նրանց ուղեկցողները -Վիզայի դիմումի հետ հարկ է ներկայացնել վերը նշված կատեգորիաներին պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

Անկախ

Կենդանակերպի ինքնազգացողությունը 2014-ին

ձիու տարի2Վիշապի ինքնազգացողությունը (1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)

Մշտական անհանգստությունը հարազատների  առողջության համար լավ չի անդրադառնա սեփական ինքնազգացողության վրա: Խորհուրդ է տրվում գտնել հարազատների, երեխաների, սիրած մարդու և սեփական անձի մասին հոգսերի ոսկե միջինը: Հիմա կարևոր է մտերիմներին էմոցիոնալ աջակցություն ցուցաբերել, այդ դեպքում նրանք էլ նույն կերպ կպատասխանեն ձեզ:

Օձի (1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013) հետաքրքրասիրությունը միշտ չէ, որ լավ հետևանքներ է ունենում: Չարժե գնել վերջերս թողարկված դեղամիջոցներ, եթե չգիտեք, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ ձեր օրգանիզմի վրա: Հիմա փորձարարության ժամանակը չէ, եթե անգամ այդ հրաշք-դեղամիջոցի մասին կարդացել եք հեղինակավոր հանդեսներում: Զգոն եղեք, դեղամիջոցների հարցում կասկածամտությունը չի խանգարի. գովազդվող ապրանքը միշտ չէ, որ հարմար է ձեզ:

Ձիու (1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014) անհանգստությունն ու կասկածները կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեր առողջության վրա ու հանգեցնել անգամ սթրեսի: Հիշեք, որ օրգանիզմն էլ իր համբերության բաժակն ունի: Երբ զգաք, որ սթրեսի մակարդակը թույլատրելի սահմանն անցնում է, ապա խնդիրներից խուսափել չեք կարողանա: Ինչո՞ւ ձեր տագնապները չեք հնչեցնում: Ավելի լավ է խոսեք դրանց մասին, քան լռեք: Դիմեք մասնագետի կամ մտերիմ հոգու, որը կլսի ձեզ: Հիվանդությունը կանխելը շատ ավելի հեշտ է, քան բուժելը:

Այծի (1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015) ինքնազգացողությունը. դեպրեսիան, վախը կամ էլ զայրույթը սանձելու անընդունակությունը լուրջ վնաս կարող է հասցնել առողջությանը: Նման բացասական զգացումը անհրաժեշտ է վանել գլխից: Փորձեք ձեզ անհանգստացնող նյութի շուրջ խոսել  ընկերների կամ հարազատների հետ, հակառակ դեպքում հետևանքները կարող են լուրջ բնույթ ստանալ:

Կապիկ (1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016), հարազատների հանդեպ հոգատարությունն ու սերը տարբեր հասկացություններ են: Դուք կարող եք սիրել հարազատներին, սակայն դրա հետ մեկտեղ, սեփական ժամանակը հանուն նրանց չվատնել: Հիշեք, որ երբեմն բավարար է անգամ հեռախոսային մեկ զանգը կամ էլ չնախատեսված այցելությունը, որ ձեր հարազատները զգան ձեր հոգատարությունն ու սերը: Ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին ու կզարմանաք, թե որքան շոշափելի ու էական արդյունք կստացվի դրանից:

Առնետ (1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008), հիշեք, որ հոգնածությունը չի կարող նպաստել ձեր ամենացանկալի երազանքների իրականացմանը: Հակառակ դեպքում դուք վտանգում եք առողջությունը, ինչը, սովորաբար լինում է ամենաանպատեհ ժամանակ: Հանգստին ու ուժերը վերականգնելուն, ինչպես նաև ճիշտ սնվելուն  ժամանակ հատկացրեք, որպեսզի բարձր ջերմությամբ անկողնուն չգամվեք:  Հոգ տարեք ձեր առողջության մասին:

Աքլոր (1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017). հաջողություններ սպորտում. դա հիանալի է, սակայն շատ մի տանջվեք: Ցանկացած ծանրաբեռնվածության դեպքում մի մոռացեք չափի մասին: Ժամանակ հատկացրեք քնին ու սննդին: Դուք ստիպված կլինեք տարբեր խոչընդոտներ վերացնել ձեր հաջողության ճանապարհին, դրա համար պինդ առողջություն է պետք, դրական տրամադրություն ու էներգիայի մեծ լիցք: Շատ լավ կլինի, որ ձեր պարապմունքը սպորտով ծառայի այդ նպատակին:

Ցուլ (1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009). քնի պակասը կարող է հանգեցնել կենտրոնացման կորստի ու ամենօրյա հոգսերից գլուխ հանելու անընդունակության: Փորձեք խուսափել նման սցենարից ու ժամանակին նախաձեռնեք նորմալ օրակարգի համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Չպետք է ամաչել կամ էլ վախենալ մտերիմներից  օգնություն խնդրելուց, եթե զգում եք, որ չեք կարողանում ձեզ վրա ծանրացած հոգսերից գլուխ հանել:

Շուն (1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018), չի կարելի կասկածամիտ լինել հիվանդության ու յուրաքանչյուր ախտանշանի հարցում, հակառակ դեպքում երբեք չեք կարող կազդուրվել: Սկսեք վայելել կյանքը: Սա այնքան էլ հաջող ժամանակ չէ բժշկական ամսագրեր թերթելու համար, այդպիսով ավելի կխորանաք ձեր մտածմունքների մեջ:

Վագր (1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010), չափազանց յուղոտ սնունդն ու սխալ օրակարգը կարող են վնասել իմունային համակարգը: Բարեբախտաբար, երբ որոշեք լրջորեն զբաղվել բացթողումը շտկելով (ճիշտ սնունդ, կոֆեինի պարունակությամբ ըմպելիքներից հրաժարում), ապա ձեր ինքնազգացողությունը կլավանա: 2014-ին ձեր տրամադրությունը հաճախակի կփոփոխվի, երբեմն էլ անվերահսկելի կդառնա: Հնարավոր է, որ մտերիմներն այդ փոփոխությունը զգան: Մտածեք, փորձեք հասկանալ, թե ինչը կարող է նման վարքագծի պատճառ դառնալ:

Խոզ (1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019). չի կարելի չափազանց յուղոտ կամ էլ չափազանց համեմված սնունդ ընդունել, եթե մանավանդ խնդիրներ ունեք լյարդի ու մաշկի հետ կապված: Մի մոռացեք ջրի կարևորության մասին. օրական առնվազն 2 լ ջուր` առանց հավելումների: Առողջության համար օգտակար են խոտաբույսերից պատրաստված թեյերը:

Կատու(1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011), սովորեք աշխատանքային ծանր օրից հետո լավ հանգստանալ: Հակառակ դեպքում հնարավոր է` ախորժակի բացակայություն, կրծքավանդակում ցավ ու անքնություն առաջանան: Ցանկացած անհանգստության դեպքում դիմեք բժշկի ու մի հետաձգեք բուժումը: Հետևանքները կարող են ձեզ լուրջ անհանգստություն պատճառել:

 

Առաջիկա հինգ օրերին սառնամանիքները կշարունակվեն

Եղանակը ՀայաստանումՀանրապետության տարածքում`
Հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Քամին հարավ-արևմտյան 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Հունվարի 2-6-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահն այցելել է հանրապետության սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

 Սերժ Սարգսյան,հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծՀայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների, Հանրապետության Նախագահը հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Ընդգծելով, որ յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության առաջնային խնդիրն անվտանգության ապահովումն է ու տարածքային ամբողջականության պահպանումը՝ Նախագահը նշել է, որ սահմանին կանգնած մեր զինվորներն այդ խնդիրը լավագույնս են կատարում. անցնող տարում նրանք կարողացել են անվտանգ պահել մեր սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը. «Ասել է թե՝ դուք մեր պետության հենասյունն եք: Պետությունը ձեզնով է սկսում, հենվում է ձեզ վրա և առաջ է շարժվում: Եվ ես շատ լավ հասկանում եմ զինվորական գործի դժվարությունները, չարչարանքները, պրոբլեմները, բայց ո՞ր աշխատանքում դժվարություն չկա»:

Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևորն այն է, որ մեր պետության մեջ յուրաքանչյուրը գիտակցի իր աշխատանքի կարևորությունը՝ անկախ նրանից, թե ինչ աշխատանք է կատարում. «Ես տեսնում եմ, որ դուք շատ լավ եք գիտակցում ձեր արածի կարևորությունը և ուզում եմ, որպեսզի մեր ողջ զինված ուժերը, մեր ժողովուրդը գիտակցեն, թե ինչպիսի կարևոր բան է սահմանի մի հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը: Ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, ձեր քույրերին, կանանց, ձեր սիրած աղջիկներին, որ կարողանում են և կարողացել են ձեզ ոգևորել և այնպես անել, որպեսզի մեր սահմանում դուք ամուր կանգնենք, կանգնեք տղամարդու պես, հայ զինվորի պես և այսպես ուրախ, երջանիկ՝ թեև կտրված հարազատ տնից, Նոր տարվա շեմին երգել, նվագել, այսինքն՝ ապրել լիարժեք կյանքով: Ուզում եմ, որպեսզի դուք վստահ լինեք՝ անցնելու են այս ժամանակները, շատերիդ համար մնացել է 6 ամիս, 8 ամիս, 11 ամիս, և դուք վերադառնալու եք տուն ու միշտ ձեզ հպարտ եք զգալու, հպարտ, որովհետև դուք պաշտպանել եք մեր փոքրիկ հայրենիքի անծայրածիր սահմանները, որովհետև ամենափոքր երկիրն էլ ունի անծայրածիր սահմաններ: Դուք՝ կոնկրետ ձեր ջոկը, այստեղ պաշտպանում եք ընդամենը մի քանի հազար մետր, իսկ մենք ունենք գրեթե 1000 կմ սահման, որ այսօր ձեր ընկերները, ձեր հասակակիցները պաշտպանում են՝ պաշտպանում են լավ, պաշտպանում են հայավարի, պաշտպանում են հպարտորեն: Ամեն օր լիարժեք ապրելու հետ զուգահեռ, մենք պետք է կատարելագործենք մեր վարպետությունը, մեր ռազմական վարպետությունը, կոփվենք հոգով, տիրապետենք մեր զենքին, և ոչ մեկը մեզ չի կարող այս սահմաններից կես մետր անգամ հեռու տանել: Բոլորիդ կենացը: Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ: Նախագահը հետաքրքրվել է բնակավայրի խնդիրներով, բնակիչների հետ զրուցել նրանց հետաքրքող հարցերի շուրջ և տոնական սեղանի շուրջ շնորհավորել ծաղկավանցիներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

 Անկախ

ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ

White horse in the new yearԱմանորը հայոց դիցարանի աստվածներից է, որը հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, որ իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս: Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավելի է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը:

Հայերը երեք անգամ են նոր տարի նշել. առաջինը մարտի 21-ն է` Վահագնի ծնունդը: Դա գարնանամուտի տոն էր միաժամանակ: Վահագնի ծնունդը տոնել են բոլորը` արքայից շինական: Տոնը սկսել է արևագալին, երբ ողջ հայությունը լուսաբացն է դիմավորել տաճարների մոտ, ապա կեսօրին, երբ արևը կիզակետում է, քրմերը ծես են կատարել: Այն համայնքներում, ուր չկային տաճարներ, ծեսը կատարվել է թոնրի կամ խարույկի շուրջը: Մարտի 21-ը Վահագն հուր աստծու ծնունդն էր խորհրդանշում, որ աշխարհ եկավ, հաղթեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից:

Մյուս ամանորը  Նավասարդի 1-ն էր, որ համընկնում է օգոստոսի 11-ին: Նավասարդը խորհրդանշում է Հայոց ձորի ճակատամարտում Հայկ նահապետի տարած հաղթանակը Տիտանյան Բելի դեմ: Այն միաժամանակ հայի ինքնության ծնունդն է խորհրդանշում, քանզի Նավասարդի 1-ով հայի ինքնության և հայոց պետականության սկիզբը դրվեց:

Նավասարդը նշվել է պետականորեն: Այդ օրը Նպատ լեռան լանջին են հավաքվել հայոց ավագանին, զորքը, քրմական դասը, ազնվազարմ ու շինական: Տոնակատարությունն ուղեկցվել է Նավասարդյան խաղերով, որոնք ուղղված էին Վահագն աստծու փառաբանմանը: Նավասարդյան խաղերին մասնակցել են բոլորը` առանց դասային սահմանափակման: Այն հայոց մեջ ամենասիրված տոնն էր համարվում: Տոնն ուղեկցվել է խրախճանքներով:

Եվ, վերջապես, XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարային բարեփոխումների արդյունքում ամանորը սկսեցինք նշել հունվարի 1-ին: Քանի որ այն Սուրբ ծննդի տոնին է նախորդում, համաձայն եկեղեցական օրացույցի` նոր տարին պահուց է: Սա ինչ խոսք, որպես այդպիսին, չի ընկալվում մինչ օրս, և հայերն ամանորյա սեղանները ճոխ են զարդարում` համադամ ուտեստներով լի:

Հայոց սրբազան տոմարի համաձայն` տարին բաժանված էր 12 ամիսների, յուրաքանչյուր ամիս ուներ 30 օր:  Ինչպես նաև կար հավելյալ ամիս` Ավելյաց օրեր, որ բաղկացած էր 5 կամ 6 օրից:

Տարվա ամիսներն էին` Արեգ, Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց,Մեհեկան, Մարգաց, Հրոտից:

Օրերի անուններն են` Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեզ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրօն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար:

Տեսնում ենք` օրանունները նվիրված են հայոց աստվածներին, արքաներին, հայոց սրբազան լեռներին:

Հունվարի 1-ը համապատասխանում է Մեհեկան ամսվա Մասիս օրվան:

Սա` հայոց սրբազան տոմարով: Իսկ համաձայն չինական օրացույցի` 2014 թվականը Ձիու տարի է:

Ձիու տարին մեր բազմահազարամյա պատմության ընթացքում աչքի է ընկել մի շարք կարևորագույն իրադարձություններով:

Ձիու տարում` մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա արքան կառուցեց Էրեբունի ամրոցը` Երևան-Արիավանը:

Սակայն Ձին միշտ չէ որ հաջողություն է բերել հայերին:

Ձիու տարին` մ.թ.ա. 590 թ. կործանվեց Վանի Արարատյան թագավորությունը: Ռուսա Երրորդը նրա վերջին արքան էր, որի սպանությունից հետո այս պետությունը սոսկ հիշողություն և պատմություն դարձավ:

Բայց, թագավորը մեռավ, կեցցե թագավորը. Ձիու տարին` 370 թ. գահ բարձրացավ  հայոց պատմության հզորագույն գահակալներից մեկը` Պապ թագավորը: Ափսոս, շնորհաշատ ու արի երիտասարդ գահակալը կարճ կյանք ու թագավորություն ունեցավ: Նա դավերի զոհ գնաց: Հետևաբար 2014 թ. գահ բարձրացողները, պաշտոն ստացողները գուցե մտորելու տեղիք ունեն:

Եթե չինական Ձիուն հեծած ճամփորդենք Հայոց պատմության ուղիներով, մեզ անհանգիստ տարի է սպասում, քանզի հենց Ձիու տարում` 850 թ. Հայաստանում հակաարաբական հզոր ապստամբություն ծագեց: Ճիշտ է, ապստամբությունը ճնշելու համար Հայաստան արշավեց ազգությամբ թուրք Բուղան, բայց խայտառակ պարտություն կրեց և փախավ մեր երկրից:

Ձիու տարում` 862 թ. հայոց իշխանաց իշխան դարձավ Աշոտ Ա Բագրատունին, որ հետագայում անկախացրեց Հայաստանն ու հիմքը դրեց Բագրատունիների թագավորության:

Ձիու տարին բարեբեր էր ևս մեկ Բագրատունու` Աշոտ Բ Երկաթի համար, որ 922 թ. արաբական խալիֆի կողմից ճանաչվեց արքայից արքա` շահնշահ հայոց:

Ձիու տարին` 1042 թ. գահ բարձրացավ նաև Բագրատունյաց վերջին գահակալը` Գագիկ Բ Կրտսերը:

Չինական ձիեր հեծած սելջուկ-թուրքերը 1054 թ. արշավեցին Հայաստանի վրա, սակայն Կարսի տակ Թաթուլ Վանանդեցի հայոց զորավարը սոսկալի ջարդ տվեց նրանց: Սա լավ կանխանշան է:

1186 թ. Զաքարե Զաքարյանն ու իր եղբայր Իվանեն առանձնակի շնորհների արժանացան Վրաստանում և իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ իշխանությունը:

1222 թվականը ծանր էր հայության համար: Մոնղոլական հետախուզական արշավանքը կազմալուծեց հայոց բանակն ու ցնցեց Զաքարյանների պետության հիմքերը:

Ձիու տարի էր նաև բախտորոշ 1918 թվականը Մայիսյան հերոսամարտերով, Հայաստանի առաջին հանրապետության ծնունդով:

Եվ, վերջապես, Ձիու տարում` 1990 թ. ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրն ու սկսվեց ՀՀ անկախության գործընթացը:

Ուրեմն եկեք լավ տրամադրությամբ սկսենք չինական Ձիու տարին ու լավ տրամադրությամբ ավարտենք:

Բարի Ամանոր:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

 

 

Բաքվում երիտասարդները Ղարաբաղյան պատերազմի վետերանի մահվան դեմ բողոքի ցույց են կազմակերպել

Բաքու,Ղարաբաղյան պատերազմի վետերան, բողոքի ցույց  Դեկտեմբերի 29-ին Բաքվի կենտրոնում`Շատրվանների հրապարակում, տեղի է ունեցել բողոքի ցույց`Ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովի մահվան դեմ, ով ինքնահրկիզման հետևանքով ստացած այրվածքներից մահացել էր, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Թեև ցույցը նախատեսված էր Ադրբեջանի ժամանակով 16:00-ին, ոստիկանները արդեն կեսօրից իրենց հսկողության տակ են վերցրել տարածքը: 16:30-ին մոտ 50 երիտասարդներ նստացույց են կազմակերպել`հանդես գալով հետևյալ լոզունգներով. “Թող վետերանները չայրվեն, բանակը չվերածվի դիահերձարանի”, “Ազատություն”, “Մի՛ այրեք վետերաններին” և այլն:

Բաքու,Ղարաբաղյան պատերազմի վետերան, բողոքի ցույց  Ոստիկանները նախ տարածքից հեռացրել են ցույցի առավել ակտիվ մասնակիցներին, այնուհետև`մյուս “կասկածելի” երիտասարդներին:

Ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովին ինքնասպանության հասցնելու դեմ կազմակերպված բողոքի ակցիայի հետևանքով մասնակիցները վարչական պատասխանատվության են ենթարկվել: Մասնավորապես`ձերբակալվածներից մեկը դատապարտվել է 15 օրվա ազատազրկման, 14 մասնակից տուգանվել է:

Զաուր Հասանովը դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, ինքնահրկիզման փորձ է կատարել այն բանից հետո, ինչ իշխանությունների թույլտվությամբ քանդել են վետերանի փոքրիկ սրճարանը: Այն եղել է հաշմանդամի մեծ ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը: Դեկտեմբերի 29-ին նրան հողին են հանձնել Բաքվում`Բիբի-Էյբան գերեզմանատանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

5103

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հանրապետության ճանաչված մարդիկ էլ են սպասում Ձմեռ պապին…

Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը (Ք.ա. 46 թ.), իսկ Նոր տարվա տոնակատարությունները սկիզբ են առել Բաբելոնում Քրիստոսից 4 հազ. տարի առաջ: Հին հայերը Նոր տարին նշել են օգոստոսի 11-ին, որը համընկնում էր Ք.ա. 2492 թ. Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան: Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, ապա Քրիստոնեության ընդունումից հետո, եվրոպական բանահյուսության մեջ, այդ  կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս Սուրբ Նիկողայոսի (270-345 թթ.) վարքին, որը, ըստ ավանդության, օգնում էր չունևորներին: Ժամանակի ընթացքում  այն փոխվել ու վերածվել է երեխաների ամենասպասված հյուրի:

Իսկ մեր հանրապետության ճանաչված մարդիկ ի՞նչ են ցանկանում`  2014 թվականին բերի Ձմեռ պապը: Հարցրինք նրանց:

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյան

Areg M.Անձամբ ինձ շատ բան չեմ ցանկանում՝ աշխատել ու նոր արդյունքների հասնել Տիեզերքի ուսումնասիրության բնագավառում, քանի որ դա է իմ կոչումը և կյանքի հետաքրքրությունը: Մարդկությանը և հատկապես հայությանը կցանկանայի նախ և առաջ խաղաղություն և բարեկեցություն: Շատ կուզենայի, որ հայերը վերագտնեին իրենց նախկին դրական արժանիքները և ոչ թե այդքան շատ կարևորեին նյութականն ու գործնականը: Ցանկանում եմ՝ առաջին տեղում լինեն հոգևոր արժեքները` ազնվությունը, բարոյականությունը, ստեղծագործականը, գեղեցիկը…

 Թարգմանիչ, իրավաբան Իգոր Անիսիմով

Ամենագեղեցիկ և դրական տոնն Ամանորն է: Եվ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես ունեմ երազանքներ: Կարծում եմ՝ բոլոր երազանքներն իրականանում են, եթե շատ ես ցանկանում: Թերևս առողջությունն ամենակարևորն է, առանց որի չես կարող լիաթոք ուրախանալ և վայելել իրագործված երազանքներդ: Ուստի իմ սիրելիներին և համայն աշխարհին ցանկանում եմ առողջություն և շատ երջանիկ պահեր, թեպետ երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր է: Ոմանց համար այն նյութականն է, այլոց համար՝ սերն ու առողջությունը: Ինձ համար երջանկությունն այդ բոլորը միասին է:

 Կինովավերագրող, ռեժիսոր Էդուարդ Համբարձումյան

Կցանկանայի, որ 2014 թվականը ոչ թե բերի, այլ տանի: Տանի այն բաժանումը, որը կա և՛ իմ, և՛ մեր հայության միջև, որը, ավաղ, սկսում է վերածվել մշտական կարոտի, քանի որ հնարավորություն չեմ ունենում երկար ժամանակ անցկացնել տանը` Երևանում: Թող որ 2014-ը տանի այդ կարոտի զգացումն ինձնից և հայաստանաբնակ հայերից, որոնց հարազատներից շատերը, ցավոք, նույնպես բնակություն են  հաստատել հայրենիքից դուրս: Թող որ 2014 թվականին հնարավորություն ունենանք միասին լինելու և, այո, միասնական: Իրականում մենք` հայերս, բարի ժողովուրդ ենք, դրանից էլ հաճախ ուրիշներին թվում է, թե միամիտ ենք: Արիությունն ու սերը մեզ կարող են միավորել: Ամրությո՛ւն մեզ բոլորիս: Կարծում եմ` դրա կարիքը հայերս շատ ունենք:

 Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դասախոս Արթուր Աթանեսյան

Arthur Atanesian2014 թվականը, իբրև տարեթիվ, հիշեցնում է 100 տարի առաջ սկսված Առաջին Համաշխարհային պատերազմը, որի հետևանքով էապես փոխվեց Եվրասիայի քաղաքական քարտեզը, փոխվեց եվրոպական պետությունների ռազմաքաղաքական և տնտեսական վիճակը, վերացավ ցարական Ռուսաստանը, նորաստեղծ Խորհրդային Միությունն իր մեջ առավ այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այժմ այդ բոլոր տերություններն ու քաղաքական իրողությունները պատմության գիրկն են անցել, բայց մարդկությունը դեռ շարունակում է մտածել ռազմաքաղաքական բախումների հրահրման տերմինաբանությամբ: Գալիք տարի լրանում է Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, մեկ տարի հետո, 2015-ին` Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված առաջին ամենածավալուն ցեղասպանությունը: Այսօր Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելով` Եվրոպայում իր ներկայությունն ու իր խաղի կանոնները կիրառելու պահին է սպասում: Ինչ կցանկանայի գալիք տարո՞ւմ.. Որ 100 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այլևս չկրկնվեն, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր ազգ և ժողովուրդ, դիտելով համաշխարհային հակամարտությունների, սպանությունների և մահվան մասին բազում հաղորդումներ, կարդալով գրքեր և այցելելով թանգարաններ, հստակ պատկերացնի պատերազմի սարսափն ու մերժի այն, սովորի մտածել հասուն անձի պես և այլևս պատերազմ չխաղա:

Քաղաքագետ, «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դիզն

Իմ սիրած մեջբերումներից մեկն առաջնորդության վերաբերյալ է և պատկանում է Դոնալդ Հ. Մակգեննին. «Ղեկավարությունը գործողություն է, ոչ թե պաշտոն»: Ցանկանում եմ, որ 2014 թվականը լինի գործողության տարի: Թող որ կարողանանք թարմացնել մեր մեջ եղած սերը, վերահաստատենք մեր պարտավորություններն ու վերագտնենք կենսաէներգիան մեր համայնքները, շրջանները և երկրները բարելավելու համար: Թող որ 2014-ը երջանիկ և մեծ ձեռքբերումների տարի լինի:

 Հրապարակախոս, գրող Արթուր Հայրապետյան

Իմ ազգին մաղթում են առողջություն և բազում հաղթանակներ, առանց մարդկային կորուստների: Թող 2014 թվականին Աստված մեզ հեռու պահի երևույթ և աներևույթ թշնամիներից: Շնորհավոր նոր տարի:

 Ասմունքող, հաղորդավար, գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյան

հրաչուհիՈւզում եմ հոգու և մտքի առողջություն, խաղաղություն յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրա համար պետք է մի քիչ աշխատել, անընդհատ մեղավորներ չփնտրել և ամեն ինչ սեփական անձի ներսում փորձել կարգավորել: Եթե քո մեջ ներդաշնակության հասնես, ամեն ինչ իր տեղը կընկնի: Տարիների հետ հասկանում եմ, թե ինչքան կարևոր է առողջ լինելը: Մեկ էլ այնքա՜ն հաճելի է, երբ  հաջողությունը ժպտում է:

Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ  սեքսալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյան

Եթե անկեղծ, ապա կուզենայի, որ 2014 թվականին երրորդ երեխաս տղա լիներ: Հայությանն էլ ցանականում եմ առողջ ընտանիքներ, միջանձնային լիակատար հարաբերություններ՝ իր բոլոր ասպեկտներով, երեխաների ճիչ բոլոր ընտանիքներում: Առողջ ընտանիք, առողջ պետություն:

 Միջազգային սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնթերոլոգ Վարդանուշ Պետրոսյան

Իմ ցանկությունները գաղտնի եմ պահում, թղթի վրա գրում և այդպես թողնում մինչև իրագործվելը: Իսկ ընդհանրապես ուզում եմ, որ մեր երկիրը բարգավաճի, լուսավորվի, յուրաքանչյուր մարդ իր տեղում և սրտացավ լինի: Այդպես ամեն ինչ լավ կլինի:

Իհարկե ամեն ինչ լավ կլինի, եթե մանավանդ Ամանորի տոնածառը չպակասի մեր տնից և զարդարվի մեծ սիրով ու ապագայի նկատմամբ հույսով: Չէ՞ որ, ի վերջո, բոլորս, լինենք մասնագետ, թե ոչ, մեծ երեխաներ ենք և ցանկանում ենք նվերներ ստանալ: Ուրեմն եկեք մի պահ մոռանանք անցած գժտություններն ու տխուր պահերը և երազանք պահենք: 2014 թվականը անպայման կկատարի այն:

Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Ելենա Չոբանյան

Անկախ