Հոտած ձկան հոտով երգչուհին

22-ամյա երգչուհի Քեսի Գրեյվսը տառապում է մի բացառիկ հիվանդությամբ, որը կոչվում է տրիմեթիլամինուրիա: Աղջկա մարմնից անընդհատ տհաճ հոտ է բուրում` նման հոտած ձկան: Հիվանդությունն աղջկան բազում անհարմարություններ  է  պատճառում, սակայն նա ոչինչ չի կարողանում անել դրա դեմ:

o_976787Ապագա արտիստի մոտ այդ հիվանդությունը հայտնաբերվել է 3 տարեկանում, պատճառն օրգանիզմում տրիմեթիլամինի կուտակումն է: Մեզի, քրտինքի ու արտաշնչած օդի հետ տարածվում է  օրգանական տհաճ հոտով:

Աղջիկը խոստովանում է, որ իր կյանքն ավելի հաջող կլիներ, եթե «հոտավետ» հիվանդություն չունենար:

«Ձեզ ծանոթ է հին ձկան հոտը, երբ շուկա եք մտնում: Ահա այդպես եմ ես բուրում ամեն օր,-պատմում է սկսնակ երգչուհին: – Հոտն արձակվում է իմ մազերից, մաշկից: Ես կարող եմ լողանալ օրը 3 անգամ, սակայն դա ինձ չի օգնում»:

Մի քանի միջոց կա այդ հիվանդության դեմ պայքարելու համար. Սակայն դրանցից և ոչ մեկը խնդրից վերջնականապես ազատման երաշխիք չի տալիս: Քեսին մտադիր է  դասախոսություններ կազմակերպել իր հիվանդության վերաբերյալ, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ բան իմանալ ու իրենց վերաբերմունքը փոխել այն  հիվանդների նկատմամբ, ովքեր վատ են բուրում:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 2-ից 3-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության, յուրացման և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ոսկեղեն` համագյուղացիներից

ձերբակալությունՕրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 3-ին հյուրընկալվելով համագյուղացու տանը` ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է 330.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, որոնք 200.000 դրամով վաճառել է Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում:
Ոստիկանները պարզել են նաև, որ Գայանե Ս.-ն 2001 թ. ամռանը հյուրընկալվելով մեկ այլ համագյուղացու տանը` գողացել է երկու ոսկյա մատանի:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

«Ոսկե Ծիրանի» շրջանակներում տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ ֆորումը

 

Ոսկե Ծիրան-2014«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում այս տարի ևս կանցկացվի  «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը:

Այն հիմնադրվել  է 2011 թվականի հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ  հարթակում: «Նման ծրագրերը, արտադրական հարթակները կարևոր են ցանկացած փառատոնի համար: Վերջին տասնամյակում հեղինակավոր բոլոր փառատոնները ստեղծել են նման արտադրական հարթակներ, քանի որ մեծացել է փառատոնների՝  կինոարտադրությանը խթանելու դերը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե  Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում: Մասնավորապես, հուլիսի 15-17 –ին  տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության  երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությանը: Մասնակցության համար  ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգամցան  երեք դրամաշնորհների համար : «Այս տարի հայկական վեց ֆիլմ  է ներկայացվել,  վրացական` չորս: Կան ֆիլմեր Գերմանիայից, Ուկրաինայից, Շվեդիայից: Թեմաները տարբեր են:  Հայկական ֆիլմերից երկուսը վերաբերում են արցախյան հակամարտությանը», – տեղեկացրեց նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:

Որպես դասավարներ հրավիրված են Eastern Europe German films-ի ներկայացուցիչ և  Saxonia Entertainment -ի Producer Documentaries ղեկավար՝ Սիմոնա Բաումանը, ARTVIVA –ի նախագահ և Film TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդրա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի ֆրանսիացի պատվիրակ  Ջուլիեն Էզզանոն:

Ֆորումի ժյուրիի  կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր  Դան Բուրլաքը,  Ռուսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի խորագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը:

Այս տարի նախագիծը կրկին կներկայացնի նաև ֆիլմեր առանց սահմանների կինոծրագիրը; Ծրագրում կներկայացվեն 17 ֆիլմ՝ ստեղծված Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջին տարիներին: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին ուկրաինացի ռեժիսոր Վիկտորյա Տրոֆիմենկոյի «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Անկախ

Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՎրաերթՀուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
Հուլիսի 2-ին, ժամը 17.15-ին, ոստիկանություն է ներկայացել 18-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:
Կատարվում է քննություն:

Անկախ

“Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողները ստացան իրենց մրցանակները (լուսանկարներ)

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթի այս տարվա արդյունքներին: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, “Այբ” կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, “Կենգուրու” ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը խոսեցին մրցույթի արդյունքների մասին, ներկայացրին հաղթողներին:

Ասուլիսին ներկա էին մրցույթի 8 հաղթողները`

1. Զարուհի Հակոբյան, 4րդ դաս., Երևան, Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 դպրոց

2. Զինա Ղազարյան, 4րդ դաս., Լոռու մարզ, Մղարթի հիմնական դպրոց

3. Նաիրա Շահբազյան, 4րդ դաս., Լոռու մարզ, Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց

4. Էրիկ Մելիքյան, 4րդ դաս., Լոռու մարզ, Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց

5. Մերի Ավետիսյան, 4րդ դաս., Շիրակի մարզ, Գյումրու Ֆ. Վերֆելի անվան թիվ 40 հիմնական դպրոց

6. Ալբերտ Գևորգյան, 11-րդ դաս., Երևան, “Քվանտ” վարժարան

7. Էդուարդ Միհրանյան, 12-րդ դաս., Երևան, “Այբ” ավագ դպրոց

8. Տիգրան Շախկյան, 12-րդ դաս., Երևան, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

ԿենգուրուԿենգուրու 2014

Ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը, ներկայացնելով հաղթողներին, նշեց, որ այս տարի մրցույթին մասնակցել է 44000 աշակերտ` Հանրապետության  1040 դպրոցներից:  Մրցույթին բավականին մեծ ակտիվությամբ են մասնակցում հատկապես մարզերի դպրոցների աշակերտները: Մրցույթի 44000 մասնակիցներից 16.200-ը գյուղերից են:

“Սա յուրօրինակ կրթական շարժում է, որ իրականացվում է Հայաստանում արդեն 6 տարի. Հայաստանը մրցույթին սկսել է մասնակցել 2009 թվականից”,-նշեց “Այբ” կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը: “Կենգուրու” ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ բարձր դասարանի հաղթողները` Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Միհրանյանը և Տիգրան Շախկյանը  ստացել են միջազգային ճամբարի մասնակցելու հնարավորություն, սակայն աշակերտներից մեկն ընդունվել է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոց և պետք է շուտով մեկնի, իսկ մյուսը վաղը  մասնակցելու է միջազգային մրցույթի մաթեմատիկայից,  ուստի, ճամբարին մասնակցելու փոխարեն հաղթողները ստացան այլ մրցանակներ;

Կենգուրու

Իսկ կազմակերպիչները նշում են, որ մրցանակները խրախուսական են, խթանիչ բնույթ ունեն. սա ընդունված է ողջ աշխարհում, իսկ նպատակն է խուսափել գայթակղիչ մրցանակներից, որոնք մասնակիցներին կարող են դրդել մասնակցելու մրցույթին:

Կենգուրու

 

IMG_1294IMG_1297“Անկախ”-ի այն հարցին, թե կա ՞ որևէ վիճակագրություն, թե մասնակից 70 երկրների աշակերտներից հատկապես որ ՞ երկրների աշակերտներն են առավել բարձր ցուցանիշներ գրանցում, “Այբ” կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն չկա, քանի որ ծրագիրը փորձում է զերծ մնալ համեմատականներից. նման տվյալները կարող են խոչընդոտել աշակերտների ազատ մասնակցությունը:

Կենգուրու 2014

Իսկ մրցույթի առաջադրանքները կազմվում են տարբեր երկրների մասնագետների կողմից. Ստեղծվում է մասնագետների յուրատեսակ “համայնք”, որ ողջ տարին աշխատում է, ամբողջացնում խնդիրները, այնուհետ ամենամյա գագաթաժողովի ընթացքում ընտրվում են մրցույթի խնդիրները:

Առաջադրանքները դուրս են կրթական ծրագրից, քանի որ դրանք տրամաբանական են և սահմաններ չեն ճանաչում: “Սա շնորհալիների մրցույթ է, ովքեր հատուկ ունակություններով են օժտված և հետևաբար, առաջադրանքներն էլ դուրս են կրթական ծրագրի սահմաններից”,-նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Իսկ հաղթողներից Նաիրա Շահբազյանը /4-րդ դաս./ “Անկախ”-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին, մրցանակ է ստացել պլանշետային համակարգիչ և հաճույքով մյուս տարի էլ կմասնակցի մրցույթին:

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներՀուլիսի 2-ին, ժամը 18.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում բախվել է կայանված ավտոկռունկի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց թիվ 13 երթուղու անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով սրահում գտնվող 45-ամյա ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 3-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց «Տակպար» մակնիշի մոտոցիկլետը բախվել է կայանված «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղին հարակից սարը բարձրանալու ճանապարհին «Տ-25» մակնիշի տրակտորը շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին` Արտաշատ քաղաքի կամրջի վրա, բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին` Մարմարաշեն գյուղից Մասիս քաղաք տանող ճանապարհի խաչմերուկում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.15-ի սահմաններում, երբ 4-ամյա դուստրն անցել է Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50 շենքի մոտ գտնվող հետիոտնային անցումով` կարմիր գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենան կողային մասով հարվածել է նրան, ինչի հետևանքով երեխան վայր է ընկել և աջ ձեռքի մասում ստացել մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը և «Հոնդայի» վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:

Անկախ

Ադրբեջանցի ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովին թույլ չեն տալիս մասնակցել հոր մահվան քառասունքին

Ռաուֆ ՄիրկադիրովՀարցականի տակ է մնում ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մասնակցությունը իր հոր՝ Հաբիբուլա Միրկադիրովի մահվան 40-րդ օրվա հոգեհանգստի կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը:

Ինչպես “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է լրագրողի փաստաբանը՝ Էլմար Սուլեյմանովը, այսօր գլխավոր դատախազության քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին հայտարարել է, որ իրավաբանի նամակը ինքը չի ստացել:

“Դա ուղղակի անհնար է: Մենք նախօրոք հոր  մահվան 40-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու խնդրանքով երկու անգամ նամակ ենք ուղարկել գլխավոր դատախազին, վերջինիս առաջին տեղակալին և ազգային անվտանգության նախարարությանը: Անհնար է՝ նամակը հասած չլիներ հասցեատիրոջը: Հավանական է՝ նրանք պարզապես չեն ցանկանում բաց թողնել Ռաուֆ Միրկադիրովին”,- նշել է փաստաբանը:

Մայիսի 24-ի առավոտյան մահացել էր Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ էր զգում, սակայն որդու կալանքը նրա վրա շատ էր ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չէր հայտնաբերվել, լրջորեն ազդել էր տարեց մարդու առողջության վրա:

Անկախ

Հայտնի են Արսեն Խոջոյանի արյան հետազոտության արդյունքները

Արսեն ԽոջոյանԱդրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մոտ բակտերոլոգիական և ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում` ՄԻԱՎ և Հեպատիտ C, չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Արսեն Խոջոյանը Հրազդանի բժշկական կենտրոնում ենթարկվել էր համալիր բուժզննության: Նրան հետազոտել էին թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետներն Արսեն Խոջոյանից վերցրել էին նաև արյան նմուշ, որի նպատակն էր պարզել` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ:

 

Անկախ

Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

Iran-russiaՄոսկվայում Իրանի  դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի  էներգետիկայի  նախարարը,  նշելով  Իրան­ Ռուսաստան  տնտեսական  համագործակցության ընդլայնման կարևորությունը ,    հայտնել է, որ Մոսկվան շահագրգռված է մասնակցելու Իրանում կառուցվող էլեկտրակայանների աշխատանքներին ։

«Շուտով  Ռուսաստանից  հատուկ պատվիրակություն կժամանի Թեհրան`  իրանական կողմի հետ քննարկելու առաջիկա համագործակցության մանրամասները: Իրանում  նոր  էլեկտրակայանների  կառուցումը  առաջնահերթ խնդիր է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- նշել է  Ալեքսանդր Նովակը:

Մոսկվայում  Իրանի  դեսպան Մեհդի  Սանային,  կարևորելով էներգետիկայի ոլորտում երկու  երկրների համատեղ ձեռքբերումները, ասել  է, որ Իրանի և Ռուսաստանի միջև անհրաժեշտէ  բանկային  և  ապահովագրական ոլորտներում ևս ընդլայնել  համագործակցությունը։

Տեղեկացնենք, որ դեռևս 2014-ի ապրիլին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը համաձայնություն էր ձեռք բերել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ` Իրանում էլեկտրացանցի արդիականացման, ինչպես նաև նոր էլեկտրակայանների և բարձրավոլտ հոսնաքագծերի կառուցման հարցերի շուրջը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

 

 

Իրան-«Վեցնյակ»` բանակցությունների 6-րդ շրջան

Իրան-«Վեցնյակ»Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են,  որպեսզի վերջնական համաձայնության գան:

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:

Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ միջուկային բանագնաց թիմն իր ողջ ջանքերը գործի է դնելու կայուն և տրամաբանական լուծում գտնելու համար :

«Հաշվի առնելով միջուկային համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին առկա բազում խնդիրները, իսկապես, դժվար է կանխատեսել բանակցությունների արդյունքը»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը հավելել է , որ չպետք է լուրջ ընդունել Իրան-«Վեցյակ» բանակցությունների արդյունքների մասին արևմտյան որոշ ԶԼՄ-ների ենթադրությունները, քանի որ վերջիններս ավելի շատ միտված են իրենց քարոզչություններով բանակցություններին  հակակշիռ տալու, քան վերլուծելու բանակցությունների ընթացքն ու ճշգրիտ տեղեկատվություն տարածելու:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Թուրքիայում 7 կին և 2 տղամարդ հիմնել են կանանց առաջին կուսակցությունը

kanayqՀունիսի 25-ին Թուրքիայում հիմնվել է կանանց առաջին կուսակցությունը: Վերջինիս հիմնադիրները 7 կանայք են, սակայն նրանց շարքերում կա նաև 2 տղամարդ: Նրանցից մեկը` 56-ամյա Քեմալ Մուրադ Գյուեյը նշել է, որ տղամարդիկ պետք է օգնեն կանանց: «Մեր հասարակությունը տղամարդկանց գերիշխանության տակ է: Ես այս կապակցությամբ երջանիկ չեմ: Այն ազգերը, որոնք հավասարություն են ապահովում հասարակության բոլոր ոլորտներում, ավելի առաջ են գնացել: Կարծում եմ, որ մենք էլ պետք է սկսենք այդպես շարժվել: Իմ շրջապատի տղմարդիկ ինձ ասում են, թե ինչ գործ ունեմ կանանց մեջ: Քննադատություն հնչում է նաև կանանց կողմից, նույնիսկ ավելի խիստ: Սակայն մենք Կանանչների նման առաքելություն ունեցող կուսակցություն ենք»,-նշել է Գյունեյը:

«Միլիյեթի» հաղորդմամբ` կուսակցության հիմնադիր մյուս տղամարդը` 47-ամյա Ֆարուք Օղունչը նշել է, որ իր շրջապատից դրական արձագանքներ է ստացել: «Եթե կանայք քայլ չկատարեն դեպի քաղաքականություն, ապա տղամարդիկ այդ հարթակը նրանց չեն տա: Մեր կուսակցությունը ֆեմինիստական մի շարժում չէ, այսինքն միանգամայն կանանց շարժում չէ»,-ասել է Օղունչը:
Անկախ

Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթողները

0001ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է  չորս տարիքային խմբերի միջև: Մրցույթի հունիսի 1-15-ը անցկացված 1-ին՝ վարչական շրջանների փուլին մասնակցել է 387 ընտանիք, իսկ քաղաքային փուլին՝ 144 ընտանիք, որոնք պարգևատրվել են  հուշամեդալներով:  Չորս  տարիքային խմբերում հաղթող ընտանիքներին հանձնվել են ՀՀ նախագահի կողմից սահմանված համապատասխան դրամական պարգևներ ու հավաստագրեր։ Մրցումներն անցկացվել են  7 մրցաձևերից. 30մ խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում։  Մրցումների ծրագրում առաջին անգամ ընդգրկվել էր նաև օդամղիչ հրացանով հրաձգությունը։ Յոթ մրցաձևերում հավաքած միավորների հանրագումարով էլ որոշվել են 4 տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները։

Երևանյան փուլում հաղթած 12 ընտանիքները թիմի ներկայացուցչի և 3 մարզիչների հետ հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ. հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնեն նաև 12 վարչական շրջանների հաշմանդամություն ունեցող անձանց 1-ական ընտանիքներ։ Երևանյան մարզական ընտանիք պատվիրակության համար մինչև Ծաղկաձոր մեկնելը ձեռք կբերվի 76 լրակազմ մարզահանդերձանք։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Լինդսի Լոհանն ընդդեմ համակարգչային խաղ ստեղծողների

o_699828Դերասանուհի Լինդսի Լոհանը դիմել է դատարան` համակարգչային Grand Theft Auto V խաղը ստեղծողների դեմ հայցով: Նա կարծում է, որ խաղում իր կերպարն է օգտագործվել` առանց իր թույլտվության: Դերասանուհու կարծիքով, ինքը GTA V խաղի հերոսուհիներից մեկի` Լեյսի Ջոնասի նախատիպն է, որին խաղացողը պետք է ազատի  պնդերես պապարացիներից :

Ինչպես  The Los Angeles Times-ն է հաղորդում, Լոհանը քաղաքացիական հայց է ներկայացրել նյույորքյան դատարան հուլիսի 2-ին, իր 28-ամյակի օրը: Հայցում նա մեղադրանք է ներկայացնում Rockstar Games և Take-Two Interactive ընկերություններին:

Նրա կարծիքով, պերսոնաժի ստեղծման համար լրիվ պատճենվել է իր արտաքինը.սանրվածքը, հագուստը ու աքսեսուարները: Մեղադրվաղ կողմն այս պատմությունը չի մեկնաբանել:

Սա առաջին դեպքը չէ, որ իրական մադրիկ դատի են տալիս տեսախաղեր արտադրողներին` իրենց կերպարն  առանց թուլտվության օգտագործելու համար:

Մեկ տարի առաջ Էլեն Փեյջը դիմել էր դատարան` «Մեկը մեզանից» խաղը ստեղծողների դեմ: Նա հավատացնում է, որ իր կերպարն են փոխառել գլխավոր հերոսուհու` Էլլիի ստեղծման  համար:

Ստամբուլի հայկական դպրոցում տնօրենին հեռացնելու վիճելի որոշում է ընդունվել

dprocՍտամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Արամյան Ունջույան տարրական դպրոցի կառավարման խորհուրդը որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենին և 6 ուսուցչի: Այս որոշումը մեծ դժգոհությամբ է ընդունվել ուսուցչական անձնակազմի կողմից, քանի որ տնօրեն Լերնա Քարաքյություքը և մյուս ուսուցիչները նախապես տեղեկացված չեն եղել հեռացման որոշման մասին: Դպրոցի նոր տնօրեն է նշանակվել Դպրեվանք վարժարանի բնագիտական առարկաների ուսուցչուհի Թալին Բերբերօղլուն: Արամյան դպրոցի հիմնադիր Սարվեն Սերթշիմշեքը նշելով, որ աշխատանքից ազատված ուսուցիչները չեն համապատասխանել ներկայացված պահանջներին, խուսափել է մանրամասներ հայտնել: «Հաշվի առնելով նրանց հետագա կարիերայի հարցը` չեմ ուզում մանրամասնություններին անդրադառնալ»,-նշել է դպրոցի հիմնադիրը:

«Ակօս»-ի հաղորդմամբ` դպրոցի հիմնադրամի տնօրեն Արման Բյուքյուջյույանը, հույս հայտնելով, որ հարցը կարել է լուծել երկխոսության միջոցով, նշել է, որ Սարվեն Սերթշիմշեքը գործողության մեջ է դրել ձայների մեծամասնությամբ կայացված որոշումը:

Անկախ

«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան

03.07.14Այն բարեփոխումները, որոնք  նախատեսվել են իրականացնել Քրեական դատարավարության նոր օրենսգրքով,   կոմպենսացման մեխանիզմներ են նախատեսում, որպեսզի Քրեական դատավարության օրենսգիրքը շարունակի մնալ այն մամլիչը,  որով սանձում են ազատության ձգտող ժողովրդին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Մասնավորապես, ըստ Արտակ Զեյնալյանի,  վտանգավոր է Քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագծում առաջարկվող մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը:

«Նախաքննական ցուցմունքը հրապարակում են դատական նիստում ու համարում, որ  դա ապացույց է: Ոչ հրապարակային կարգով տրված ցուցմունքը բերում են  դատարան ու  արձանագրում, որպեսզի   հետագայում այլևս հնարավոր չլինի որևէ բան փոխել»,- ասաց Ա.Զեյնալյանը:  Հիշատակելով իր կողմից շատ հարգված մի դատավորի խոսքերն առ այն, որ «բացառությունները կարճ ժամանակ հետո դառնում են օրինաչափություն», իրավապաշտպանը նշեց, որ  չի կարելի այդպիսի բացառություններ թողնել հրապարակային դատաքննության ժամանակ: «Պետությունը ու հանրությունը որոշակի ռիսկեր պետք է կրեն,  որ կարող է հանցագործը չբացահայտվել, բայց բացահայտել ամեն գնով չի կարելի՝  ցույց տալու համար, որ հանցագործությունը  բացահայտված է, չի կարելի»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Ըստ իրավապաշտպանի,  շատ վտանգավոր է նաև Քրեական դատավարության օրենսգրքում գործի վերաբացման, նորոգման երկու ինստիտուտների՝ նոր ի հայտ եկած փաստի և իրավունքի նորմի միաձուլումը, դրանք կոչվում են նոր ի հայտ եկած հանգամանք: Ա.Զեյնալյանը նշեց. «Այն, ինչ որ մենք հիմա ունենք,  ձեռք է բերվել Սահմանադրական դատարանի շուրջ 10 որոշումների արդյունքում,  այս ոլորտը կարգավորող նորմերի հակասահմանադրական ճանաչվելու արդյունքում:  Պատկերացնո՞ւմ եք ինչքան ջանք ու  եռանդ է ներդրվել այս իրավակարգավորումը ձեռք բերելու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ  Սահմանադրական դատարանի որոշումների, Եվրոպական դատարանի վճիռների կատարման   այսօրվա իրավակարգավորումները, այս ոլորտում ձևավորված իրավակիրառ պրակտիկան շատ առաջադիմական  է և համապատասխանում է Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և շարժում է լուրջ եվրոպական, միջազգային տեսաբանների նախանձը:  Բայց նոր Քրեական դատավարության օրենսգրքով  ինստիտուտները՝ փաստն ու իրավունքը,  միավորվում են և երկուսի համար էլ պետք է լինի հայեցողություն՝  որպես այդպիսին գնահատել կամ չգնահատել:  «Ինստիտուտներն ահռելի ճանապարհ են անցել, չի կարելի այս աստիճան դիմադրել, հակառակվել Սահմանադրական դատարանին, ժողովրդին, իրավունքին ընդհանրապես»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Իրավապաշտպանը հայտնեց նաև, որ իրենք առաջարկություն են  ներկայացրել, որպեսզի մարդու  անձնական կյանքի հարգանքի իրավունքին դատարանի  որոշման հիման վրա  միջամտելուց հետո  և այդ միջամտության ժամկետների  ավարտվելուց հետո մարդն անպայման այդ մասին տեղեկացվի, որպեսզի նա կամ նրա ներկայացուցիչը մասնակցեն  այդ նյութերի ոչնչացմանը,  և մարդը միջամտության արդյունքում  կրած վնասը հատուցելու հնարավորություն ունենա: «Շատ լուրջ միջամտություն է և այն իրականացվում է աջ ու ձախ, ես չգիտեմ դեպք,  երբ դատարանը մերժած լինի կամ շատ բացառիկ դեպքերում կարող է  մերժի գաղտնալսումը, տեսաձայնագրումը, արտաքին և ներքին դիտումները: Որպես կանոն՝  դատարանն ընդամենը դակողի դեր է կատարում, որևէ մեկը չի մտածում ինչ իրավունքի է միջամտում, որքան է սա հիմնավոր, եթե միջամտությունը արվեց և որևէ բան չհայտնաբերվեց՝ ինչպիսի փոխհատուցում պետք է տրամադրվի այդ մարդուն»:

Ըստ իրավապաշտպանի, գործուն չեն նաև բնակարանի անձեռնմխելիության  իրավունքին միջամտելուց հետո այդ իրավունքի վերականգնման մեխանիզմները:

Արտակ Զեյնալյանը բացասաբար է  վերաբերվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի իրավակարգավորումն առ այն, որ այլևս մեղադրյալը իրավունք չունի սուտ ցուցմունք տալ՝  նա ցուտ ցուցմունք տալու համար վկաների ու տուժողների պես ենթակա պետք է լինի քրեական պատասխանատվության: «Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից շատ վտանգավոր է»,- գտնում է իրավապաշտպանը:

Փաստինֆո

 

Անկախ

Մարտունիում առաջնորդվում են փողն է ծնում իրավունք կարգախոսով

hatakagicՄարտունիում ազգաբնակչություն-փող հակամարտությունում կարծես թե հաղթող է դուրս գալիս երկրորդը:

Չնայած 250 բնակիչ դիմում-բողոքներ է հղել Մարտունու քաղաքապետին, Գեղարքունիքի մարզպետին, Տարածքային կառավարման նախարարին և Հանրային խորհրդի նախագահին, հարցը դեռ լուծված չէ: Առաջին երեք դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե տվյալ տարածքով որևէ փաստաթղթով ճանապարհ նախատեսված չէ: Իսկ հակառակն ապացուցող փաստաթղթերի մասին թե՛ քաղաքապետարանի, թե՛ մարզպետարանի ներկայացուցիչները միաձայն նշում են` մենք նման փաստաթղթից տեղյակ չենք, նման բան չկա:
Այժմ բնակիչները սպասում են Հանրային խորհրդի արձագանքին: ՀԽ նախագահը մարտունեցիների խնդիրը ներկայացնող նամակ է ուղարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետի աշխատակազմից, սակայն, նամակին դեռևս չեն պատասխանել:
Մարտունու բնակիչները խոստացել էին, որ խնդրին դրական լուծում չտալու դեպքում կփակեն Երևան-Մարտունի մայրուղին` իրենց խնդիրը բարձրաձայնելու համար: Սակայն այս ընթացքում ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլև ակտիվիստներին առանձին-առանձին ՆԳՆ են հրավիրել, հետները «զրույց ունեցել» և անգամ հեռախոսահամար տվել, որ ճանապարհը փակելու դեպքում իրենց նախապես տեղեկացնեն, որպեսզի «կոորդինացնեն» աշխատանքները: Արդյունքում ամեն մեկը վախեցած իր գործին է անցել`պատճառաբանելով, թե «իբր երբ են ազատ ժամանակ ունենում, որ մի հատ էլ Սևանա լիճ գնան»: Մի քանի ակտիվիստներ են, որ դեռ շարունակում են պայքարը, այն էլ հարց է, թե դեռ ինչքան միայնակ կպայքարեն:
Դեռ մայիսին «Անկախը» գրել էր, որ Մարտունուց դեպի Սևան ազգային պարկ տանող ճանապարհը փակվել է բնակիչների համար: Քաղաքի և Սևան ազգային պարկի միջև ընկած է արտադրական տարածք, որը հիմա նոր սեփականատեր ունի: Նա արտադրական տարածքով անցնող ճանապարհն է փակել, իսկ արդեն հաջորդող գոտում էլ հողը գնած սեփականատերն է ճանապարհը փակել` մեծ ջրանցք փորելով: Սկզբում երկու սեփականատերերն էլ բնակիչներին կտրուկ մերժում էին: Աղմուկ բարձրանալուց հետո ամեն սեփականատեր բնակիչներին մյուսի մոտ է ուղղորդում: Բնակիչների պնդմամբ` արտադրական տարածքի սեփականատեր Արմեն Ղուկասյանը բազմիցս բանավոր ասել է, որ ինքը թույլ կտա` իր տարածքով բնակիչներն անցնեն, եթե կարողանան երկրորդ սեփականատիրոջ հետ լեզու գտնել և ջրանցքի վրայով ճանապարհ բացել: Քաղաքապետարանից էլ պնդում են, որ երկրորդ սեփականատերը` Հրաչիկ Կարապետյանը, բնակիչներին ճանապարհ կտա, եթե առաջինը թողնի իր տարածքով անցնել: Իրականում ոչ մեկն էլ մտադիր չէ ճանապարհ բացել, պարզապես բնակիչների աչքում իրավիճակի մեղավոր ուզում են մյուսին ցույց տալ:
«Անկախը» կապ հաստատեց Արմեն Ղուկասյանի հետ, որը հերքեց, թե երբևէ բնակիչներին խոստացել է ճանապարհ տալ իր տարածքով: «Որտեղով որ իրենք ցանկանում են ճանապարհ անցկացնել, իմ սեփական հողն է: Կարծում եմ` իմ հողի միջով ճանապարհ թողնելը տրամաբանական չէ»,- ասաց նա:
կանալՄեր նկատառմանը, թե ըստ փաստաթղթերի` այդ հատվածով ճանապարհ է անցնում, Ղուկասյանը նշեց, որ ինքն էլ է օրենքից հասկանում ու առքուվաճառքի ժամանակ գլխավոր հատակագծով նայել է և համոզվել, որ տվյալ տարածքով ճանապարհ չի անցնում:
Այս պարագայում խոսքը 2005-ին կազմված գլխավոր հատակագծի մասին է, որտեղ իսկապես ճանապարհ չկա այդ հատվածում ու չէր էլ կարող լինել, քանի որ հենց համայնքապետարանն է վաճառել այդ հողերի մի մասը: Սակայն «Անկախը» ՀՀ ազգային արխիվից վերցրել է 1981-ի Մարտունու շրջկենտրոնի գլխավոր հատակագիծը, որտեղ ոչ միայն ներկայիս վիճելի տարածքով է ճանապարհ անցնում, այլև այլ ճանապարհներ էլ կան, որոնք հիմա փակվել են տարածքների սեփականատերերի ձեռքով:
Բնակիչների` տարածքային կառավարման նախարարություն ուղարկված նամակը հասցեագրվել է Գեղարքունիքի մարզպետարանին և նաև իրենց ուղարկված նույն նամակի հետ քննարկվել Մարտունու քաղաքապետարանի հետ:
Արդյունքում, մարզպետարանից բնակիչներին հետևյալ պատասխանն են տվել. «Ուսումնասիրությունից պարզվել է, որ ինչպես Մարտունի քաղաքատիպ ավանի 1982 թ., այնպես էլ Մարտունի քաղաքի 2005 թ. գլխավոր հատակագծերում Մարտունու նախկին արտադրական բազայի տարածքով դեպի «Սևան» ազգային պարկի տարածք ճանապարհ նախատեսված չի եղել, քանի որ արտադրական բազան մեկ ամբողջություն է»:
«Անկախը» կապ հաստատեց մարզպետարանի ներկայացուցիչների հետ պարզելու` ծանոթ են արդյոք արխիվում առկա փաստաթղթին և ինչու են վերոնշյալ պատասխանը տվել արխիվում առկա նման փաստաթղթի առկայության պարագայում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ իրականում այս հարցում մարզպետարանը որևէ իրավասություն չունի. մարդն ունի սեփականության վկայական, որը կարող է չեղյալ համարվել միայն դատարանի կողմից: «Մեր մասնագետները գնացել և ուսումնասիրել են. կադաստրի վկայականից դուրս ոչինչ արված չէ, խախտումներ չկան»,- ասում է Խլղաթյանը` հավելելով, որ ամեն դեպքում մարդկայնորեն ճիշտ կլիներ բնակիչներին ճանապարհից չզրկելը:
Իսկ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ տվյալ տարածքով մինչև արտադրական գոտու կառուցումը ճանապարհ եղել է, իսկ կառուցումից հետո էլ մարդիկ տասնամյակներ շարունակ սովորության ուժով անցել-դարձել են այդ ճանապարհով: «Հիմնարկի միջով ճանապարհ չի կարող լինել, ուղղակի հին ճանապարհն է մնացել, մարդկանց թողել են անցուդարձ անել»,- ասում է նա:
Հովհաննիսյանն ասում է, որ ինքը 1982 թ. գլխավոր հատակագծի հեղինակներից մեկն է, և առնվազն այդ ժամանակից սկսած` հատակագծում վիճելի տարածքով ճանապարհ չի անցնում: Խոսելով արխիվից վերցրած փաստաթղթի մասին` ասում է, որ նման բան չի կարող լինել:
Իսկ Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանն «Անկախի» հետ զրույցում ասաց, որ խնդրում առաջընթաց չկա: Նրա խոսքով` բնակիչների մուտքն ազգային պարկ որևէ մեկը չի փակել, նրանք կարող են մեքենաների համար թողնված ճանապարհով ազգային պարկ մտնել և լիճ հասնել (նշենք, որ մեքենայի համար նախատեսված երկու ճանապարհներն էլ բավականին հեռու են Մարտունու 5-րդ և 6-րդ թաղամասերից, և բնակիչները սովորականից բազմակի երկար ճանապարհ պետք է անցնեն լիճ հասնելու համար):
Կարապետյանի խոսքով` քաղաքապետարանը, չխախտելով մարդկանց սեփականության իրավունքը, փորձում է արտադրական տարածքի հետևով ոտքի ճանապարհ` նեղ արահետ բացել, որտեղով մարդիկ կկարողանան ազգային պարկ մտնել և Սևանա լիճ հասնել: Ժամկետ նշելու բազմաթիվ պնդումներից հետո Կարապետյանն ասաց, որ մեկ ամսից ճանապարհը բաց կլինի: Իսկ թե որքանով է ասվածը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա ընդամենը 30 օրից:

Տոնի Կրոսը Մյունխենի «Բավարիայից» կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

տկ4366267Այսուհետ Տոնի Կրոսը կկրի Մադրիդի «Ռեալի» մարզազգեստը, որը Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերը գնելու համար վճարել է 25 միլիոն եվրո

24-ամյա ֆուտբոլիստն արքայական ակումբի ղեկավարության հետ 5 տարվա աշխատանքային պայմանագիր կկնքի:

Կրոսը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից և այդ թիմի կազմում նվաճել է ակուևմբային ֆուտբոլի բոլոր տիտղոսները:

 

Պարգևավճարը` պաղեստինցիներին

157-390x290Ալժիրի հավաքականի խաղացողները որոշել են  Բրազիլիայում ԱԱ-ին մասնակցությունից ստացված պարգևավճարը նվիրաբերել պաղեստինյան Գազայի բնակիչներին, հաղորդում է  «Чемпионат»-ը:

Հետաքրքրական է, որ  մյուս հավաքականներում սկանդալային իրադարձություններ են ծավալվում նույն պարգևավճարների շուրջ, քանի որ մարզիկները հրաժարվում են խաղալ առանց  դրանց: Բարեգործության գաղափարի հեղինակը Իսլամ Սլիմանին է, որը Ռուսաստանի հավաքանի դարպաս գնդակ ուղարկեց խմբային փուլի ավարտական էտապում:

Նա հայտարարել է, որ Ալժիրի հավաքականը ԱԱ-ից ստացված պարգևավճարները կնվիրաբերի Գազա քաղաքի բնակիչներին: Նա հայտարարել է, որ “այդ բնակիչները դրա կարիքն ավելի շատ ունեն, քան մենք”:

Անկախ

Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի թիմի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի հասցեին

խռ43148Ֆուտբոլիստները սովորաբար խուսափում են գովաբանել այլ թիմերում հանդես եկող խաղացողներին:

Իսկ ահա, Կոլումբիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի»  կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի թիմի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի հասցեին:

Գերմանական հեղինակավոր Bild պարբերականի լրագրողի հետ զրույցում Խամեսը նշել է, որ Հենրիխը գերազանց է փոխարինել Մարիո Գյոտցեին, ով «Բորուսիայից» տեղափոխվել էր «Բավարիա»:

Ի դեպ, մինչև Մխիթարյանի տրանսֆերն իրականացնելը «Բորուսիան» ցանկանում էր գնել Ռոդրիգեսին, սակայն Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը  45 միլիոն եվրո էր, որը չափազանց շատ էր «Բորուսիայի» համար։ Նրա փոխարեն Յուրգեն Կլոպի թիմը ձեռք բերեց Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին` վճարելով 27,5 մլն եվրո։

Հավելենք, որ Խամեսն աշխարհի առաջնության 4 խաղում 5 գոլ է խփել ու մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Նա նաև 3 գոլային փոխանցում է կատարել: