Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի կապակցությամբ

Free Democrats Logo1991թ. սեպտեմբերի 2–ը պատմական և շրջադարձային օր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ողջ հայության համար։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում միաձայն ընդունվեց Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին, ինչն էլ հետագայում ամրապնդվեց ժողովրդական հանրաքվեով։ Այդ օրն արցախցին ապացուցեց, որ ունի կամք և ձգտում կերտելու սեփական պետությունը, լինելու ազատ և անկախ։ Արցախցին ապացուցեց, որ ինքը տե՛ր է իր ինքնորոշման իրավունքին։

Անկախության 22 տարիների ընթացքում ԼՂՀ ժողովուրդն աշխարհին ապացուցել է սեփական պետություն ունենալու և զարգացնելու իր վճռականությունն ու իրավունքը։ Այսօր ԼՂՀ–ում մեծանում է անկախության սերունդը, որն ամուր կանգնած է իր հողի վրա և պայքարում է իր պետությունում ժողովրդավարության զարգացման համար։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է արցախցիներին և համայն հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սա բոլորիս տոնն է, քանզի ԼՂՀ  անկախության համար պայքարել է ողջ հայությունը` ԼՂՀ 22–ամյա անկախությունը մեր բոլորիս հաղթանակն է։

Մենք վստահ ենք, որ արյան և մաքառումի գնով ձեռք բերված ԼՂՀ անկախությունը արժանանալու է միջազգային ճանաչման`լիահույս ենք, որ արցախցին և ողջ հայությունը կհասնեն նաև այդ բաղձալի հաղթանակին։

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Արարատի մարզի Սիփանիկ համայնքում բացվեց նորակառույց դպրոցը

սյունիքՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Այն ապահովված է նաեւ անհրաժեշտ գույքով, որի ձեռք բերման համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի  կողմից հատկացվել է  շուրջ 3,5 մլն դրամ: Շենքի կառուցման համար 2009-2013 թթ. պետբյուջեից հատկացվել է շուրջ 480 մլն դրամ: Մինչ այդ, համայնքում դպրոցը գործում էր տնակային պայմաններում:

Փոխվարչապետը շնորհավորեց ուսուցիչներին եւ աշակերտներին`նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նորակառույց դպրոցում հնարավոր կլինի ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա նշեց, որ հատկապես մարզերում կրթական հաստատությունների վերականգնման ու բարեկարգման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում թե պետբյուջեի, թե այլ միջոցներով:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Էդվարդ Նալբանդյանը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

468.Minister Nalbandian's meeting at the YSU 02.09.2013ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի:

Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադառնալով ԵՊՀ-ում նախորդ տարի ունեցած հանդիպումից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին, նախարար Նալբանդյանը առանձնացրեց անցյալ տարվա դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նախորդ հինգ տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ ս.թ. հունիսին Էնիսկիլենում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես և այդ մակարդակով արված նախորդ չորս հայտարարությունները, Հայաստանը բարձր է գնահատել և կարևորել այդ փաստաթղթերում ամրագրված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և դրույթների հիման վրա բանակցային գործընթացի շարունակումը՝ հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանառաջնահերթությունները, Հայաստանի կողմից նախաձեռնված միջոցառումները, կազմակերպության դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերը:

Արտգործնախարարը անդրադարձավ նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը:

Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր սիրիական ճգնաժամը և Հայաստանի մոտեցումը հնարավոր զարգացումների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը  սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց  հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ  այս տարվա առաջին կեսին կայացել են այցելություններ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամ երկրների մայրաքաղաքներ և հանդիպումներ այդ պետությունների արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

 

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ

Տիգրան ՍարգսյանՍիրելի ՛ արցախցիներ,

22 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը: Արցախը կարողացավ հաղթահարել սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բարդությունները, ստեղծել ու կայացնել պետական ինստիտուտներ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման համար բարենպաստ պայմաններ, տնտեսական ներուժի արդյունավետ իրացման հնարավորություններ:
Եվ այսօր մենք վստահորեն կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է` ժողովրդավարական կառավարման համակարգով և զարգացման մեծ ներուժով: Թշնամական բանակներն ու մահաբեր հրթիռներն իրենց նպատակին չհասան, քանզի աշխատասեր ու արդարամիտ արցախցին մինչև հաղթական ավարտը պայքարեց հանուն Հայրենիքի, հանուն ազատության: Ավերված քաղաքները, գյուղերը, դպրոցներն ու ենթակառուցվածքներն այլևս անցյալում են: Ազատ Արցախն այսօր վերակառուցման փուլից թևակոխել է զարգացման փուլ:
Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ականատեսը լինել ժամանակին պատերազմ սանձազերծած և դրա արդյունքում պարտված թշնամու հոխորտանքներին ու սպառնալիքներին: Անշեղորեն շարունակում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայաֆոբիան պետական մակարդակով քարոզողների քաղաքականության վրա և նորից շեշտում` պատերազմ չենք ուզում, սակայն պատերազմից չենք վախենում:

Սիրելի՛ արցախցիներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ: Այսօր բոլորիս համար փառավոր օր է, խաղաղություն և բարօրություն եմ մաղթում ձեր ընտանիքներին:
Կեցցե ՛ ազատագրված Արցախը:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՍիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:

Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, և «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:

Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը և համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին և բռնապետների քմահաճույքներին:

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես և դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով:

Սիրելի՛ արցախցիներ,

Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլևս չի լինելու:

Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը:

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց պետական պարգևներով պարգևատրելու մասին

Բակո Սահակի ՍահակյանԱրցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Այս  մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար ՛՛Արիության համար՛՛ մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 135 հոգի, որից 8-ը` հետմահու:

Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 2 հոգի:
Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՛՛Մխիթար Գոշ՛՛  մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, ՛՛Վաչագան Բարեպաշտ՛՛ մեդալով` 3 հոգի, ՛՛Երախտագիտություն՛՛ մեդալով` 23 հոգի:
Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին:

 

Նոր նշանակումներ` ՀՔԾ-ում

հքծ Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար:
2013 թվականի օգոստոսի 28-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Թամրազյանը և առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վ. Գ. Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:

Դեսպան Ղազարյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

Vasili_GhazaryanՕգոստոսի 29-ին դիվանագիտական առաքելութան ավարտի կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանին ընդունեց Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեցին հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները և երկկողմ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միաժամանակ, կարևորվեց երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը՝ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելու համար:

Շնորհակալություն հայտնելով դեսպան Ղազարյանին Ղազախստանում կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ նախարար Իդրիսովը մաղթեց նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում Ղազախստանի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության և օժանդակության համար և համոզմունք հայտնեց, որ հայ-ղազախական հարաբերությունները կունենան շարունակական զարգացում և խորացում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ

սերժ սարգսյան, բակո սահակյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ և հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը:

Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:

Տիգրան Սարգսյանը և Վրաստանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

10641_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է երկկողմ փոխըմբռնում բոլոր հարցերում, ինչը հայ-վրացական եղբայրական փոխգործակցության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Վրաստանի փոխվարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները ևս շահագրգռված են Հայաստանի հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման, տարբեր ոլորտներում կապերն ավելի սերտացնելու գործում:
Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մաքսային բնագավառներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանն առնչվող հարցեր:
Կողմերը կարևորել են նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել մոտ ապագայում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ

 

 

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանը հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, հարազատներին և նրա բարձր արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Նա իր խորունկ, մարդասիրական ստեղծագործություններով վաղուց է դասվել 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչների շարքին: Որպես ճշմարիտ արվեստագետ և մեծ հայրենասեր՝ Ժանսեմը տասնամյակներ շարունակ նաև յուրօրինակ հոգևոր կամուրջ է եղել հայրենիքի և սփյուռքի միջև»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահը հյուրընկալել է միջազգային մրցույթներում հաղթած աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաև հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտներին

3621Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների: Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել են հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, 2013թ. դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, 2013թ. դպրոցականների միջազգային հինգ օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու-2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները, ինչպես նաև ՌԴ Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում մեդալներ շահած ՀՀ ուսանող մարզիկները: Արդեն ավանդական դարձած այդ հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ:

Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած ու օլիմպիադաներում հաջողությունների հասած աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ երիտասարդներ,

Ուրախ եմ այս հանդիպման համար և հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:

2008թ. ընտրվելով Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես խոստացել էի, որ կհանդիպեմ դպրոցների մեդալակիր շրջանավարտների և միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների հետ: Հավատացեք՝ որքան էլ զբաղված լինեմ, որքան էլ մեծ ու փոքր խնդիրներ լուծելու անհրաժեշտություն լինի, այնուամենայնիվ, ես իմ խոստումը կատարելու եմ և ամեն տարի հանդիպելու եմ նման երիտասարդների հետ, որովհետև մի կողմից դուք դրան արժանի եք, մյուս կողմից՝ ինքս մշտապես դրական լիցքեր եմ ստանում այսպիսի հանդիպումների ժամանակ: Այսօր դուք իմ անձնական հյուրերն եք: Մենք այս դահլիճում մշտապես հանդիպում ենք օտարերկրյա ղեկավարների հետ: Նրանց համար այստեղ ընդունելություններ ենք կազմակերպում, բայց հավատացեք, որ այսօրվա հանդիպումը պակաս կարևոր չէ: Դուք մեր երկրի ապագան եք, դուք մեր ժամանակի հերոսներն եք, և մեր երկիրը նման հերոսների կարիք ունի: Մեծ կարիք ունի:

Ես միշտ իմ զրուցակիցների հետ հպարտությամբ եմ խոսում ձեր մասին: Հավատացեք՝ մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի գիտությունը, կրթությունը Հայաստանում զարգանան: Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: Եվ արդեն այս տարվանից գործում են մի շարք ծրագրեր: Ծրագրեր, որոնք ընդհանրական են, նախատեսված են բոլորի համար և ծրագրեր, որոնք արդեն գործում են սոցիալապես անապահով ուսանողների համար:

Այս հանդիպումը սոսկ հանդիպում չէ և ձևական բնույթ չի կրում: Այս հանդիպումը քաղաքականություն է: Մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղությունն է կրթությունը: Ոչ պակաս, քան զինված ուժերը: Դուք մեր երկիրը ներկայացնում եք դրսում՝ արտասահմանում, դուք մեզ պատիվ եք բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ մրցել, թող մրցեն կրթության բնագավառում: Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները:

Միջազգային առարկայական օլիմպիադաներում դուք արդեն իսկ վաստակել եք 11 մեդալ՝ 1 արծաթե և 10 բրոնզե, ինչն ուղիղ այնքան է, որքան Վրաստանի և Ադրբեջանի ձեր հասակակիցների շահած մեդալները միասին վերցրած: Ես վստահ եմ, որ աստղագիտության բնագավառում մենք դեռևս հաջողության ակնկալիքներ ունենք և ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաջողություն մաղթենք մեր երիտասարդներին:

Ապրե՛ք: Շնորհակալ եմ: Հավատացեք՝ շատ մեծ գործ եք կատարել: Ե՛վ անցյալ տարի, և՛ այս տարի մենք հասել ենք լավագույն արդյունքների:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կազանի օլիմպիադայի մասնակիցներին, ովքեր շահել են 10 մրցանակ: Երբեք մենք մեր նորագույն պատմության մեջ այդքան մեդալներ ունիվերսիադաներում չէինք շահել:

Ուզում եմ առանձնահատուկ նշել բոլոր այն շրջանավարտներին, ովքեր այս տարի ստացել են ոսկե մեդալներ: Ուրախալին այն է, որ հանրակրթությունը Հայաստանում զարգանում է ոչ միայն Երևանում, ինչպես շատերն են ասում, այլ նաև մեր մարզերում: Եվ այդ մասին է խոսում մեդալակիրների թվի աճը ոչ միայն Երևանում, այլ նաև Գորիսում, Սիսիանում, Հրազդանում, Գյումրիում: Սա շատ լավ է: Վստահ եղեք, որ այս գործընթացը շարունակվելու է:

Ուզում եմ նշել մեր փոքրիկներին՝ «Կենգուրու» խաղի հաղթողներին, ովքեր իրավամբ համարվում են ձեզ փոխարինողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեզնից որևէ մեկը կանգ չառնի ձեռք բերածի վրա: Սա ձեր լուսավոր ապագայի առաջին հաստատուն քայլն է, և այն պետք է լինի հարատև: Մշտապես պետք է սովորեք: Նույնիսկ բուհ ավարտելուց հետո պետք է սովորել, մշտապես կարդալ: Կարդալ և ոչ միայն մասնագիտական գրականություն: Դուք փոքր, բայց մեծ մշակույթ ու պատմություն ունեցող ժողովրդի արժանի ներկայացուցիչներն եք: Դուք պետք է բազմակողմանի զարգացած լինեք, պետք է ուրիշներից շատ տարբերվեք: Հակառակ պարագայում, մենք բոլորս՝ մեր ժողովուրդը, չի ունենա այն ապագան, ինչի մասին մշտապես մեր նախնիները երազել են և ինչի համար շատ-շատերը տվել են իրենց կյանքը:

Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ և ցանկանում եմ, որպեսզի մենք այս դահլիճում հաջորդ անգամ հանդիպենք այլ կարգավիճակով: Գիտեք, որ Հայաստանում գործում է մի հիմնադրամ՝ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն 10 բուհերում սովորող հայ ուսանողներին: Ամեն տարի նրանց հետ էլ եմ հանդիպում: Այս տարի մի քանի շաբաթ առաջ եմ հանդիպել: Փայլուն երիտասարդներ են: Փայլուն: Կցանկանայի, որ որոշ ժամանակ հետո դուք ու նաև ձեզ հետ ուրիշները որպես «Լույսի» կրթաթոշակառուներ լինեք այս դահլիճում, և մենք արդեն խոսենք այլ թեմաների շուրջ: Ցանկանում եմ, որ մենք այս դահլիճում կրկին հանդիպենք և դուք արդեն լինեք Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների համար նախատեսված մրցանակների արժանացածներ: Ինքներդ էլ չեք տեսնելու, չեք զգալու, թե ինչպես անցան այդ մի քանի տարիները, և եթե շարունակեք այս տեմպով՝ դուք մեր երկիրը տանելու եք առաջ: Անցնելու է որոշ ժամանակ, հավատացեք, որ այս երկրի պատասխանատուները լինելու են կա՛մ այս դահլիճում նստածներից, կա՛մ էլ ձեզ նմաններից: Անձնապես պատասխանատու պետական բարձր պաշտոնյաներ:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը

3608_bՆախագահ Սերժ Սարգսյանին  երեկ` օգոստոսի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Մոսկերան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին, օգտագործելով առկա ներուժը, իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և ընդլայնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը կարևորում է Ֆիլիպինների հետ հարաբերությունների խորացումը և պատրաստակամ է դրան միտված  համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը դեսպան Ալեխանդրո Մոսկերան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը, որպեսզի հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները նոր որակ ստանան:

 

Արա Սահակյանը նշա­նա­կվել է Ղազախստանի Հանրապետությու­նում ՀՀ ար­տա­կարգ և լիազոր դեսպան

Արա ՍահակյանՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստա­նի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հա­յաս­­տա­նի Հան­­րա­­պե­տու­­թյան ար­տա­կարգ և լիազոր դեսպանի պար­տականություններից ազատելու մասին:

Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշա­նա­կվել է Ղազախստանի Հանրապետությու­նում Հա­յաս­­տա­նի Հանրապետության ար­տա­կարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):

Արա Սահակյանը ծնվել է 1955թ. հունվարի 1-ին:

Աշխատանքային փորձ

Սեպտեմբեր 2007թ. – մինչ օրս – Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, դասախոս,

Հուլիս 1995թ. – Հուլիս 1999թ. – ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր,

Հուլիս 1995թ. – Փետրվար 1998թ. – ՀՀ Ազգային ժողով, փոխնախագահ,

Մայիս 1990թ. – Հունիս 1995թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, պատգամավոր,

Ապրիլ 1992թ. – Հունիս 1995թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, 1-ին փոխնախագահ,

Օգոստոս 1990թ. – Ապրիլ 1992թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, քարտուղար,

Սեպտեմբեր 1988թ. – Սեպտեմբեր 1990թ. – Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, դասախոս,

Սեպտեմբեր 1980թ. – Սեպտեմբեր 1988թ. – Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, գիտական խմբագիր,

Սեպտեմբեր 1978թ. – Սեպտեմբեր 1980թ. – Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ, լաբորանտ:

Կրթություն

1973 – 1978թթ. – Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, փիլիսոփայության բաժանմունք, փիլիսոփա-դասատուի որակավորում:

Հմտություն

Փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության բնագավառներում գիտական հետազոտություններ (20-ից ավելի հրապարակում),

Պետական կառավարման, սոցիալական և մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնախնդիրների շուրջ հրապարակախոսական հոդվածներ (1 մենագրություն և 200-ից ավելի հրապարակում),

Գիտական բնագրերի խմբագրում (4 մենագրություն, 1 ժողովածու, 1 դասագիրք և 100-ից ավելի հոդված):

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Սեյրան Օհանյանի հերթական աշխատանքային շրջայցը հյուսիսարևելյան սահմանագոտի

4Օգոստոսի 20-21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Սեյրան Օհանյանը այցելել է բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, ծանոթացել է զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում գործող օժանդակ կառույցների շինությունների պահպանման և վերանորոգման աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:

5Իր և պաշտպանության նախարարության ղեկավարության անունից ողջունելով զինծառայողներին Ս.Օհանյանը նշել է. «Երբ ես այցելում եմ առաջնային գիծ, ինձ համար տարբերություն չկա, ես աջակցում, խրախուսում եմ և առաջնագծում կանգնած զինվորին և առաջնագծի խաղաղ բնակչությանը, որոնք, ըստ էության, մեր երկրի զինվորներն են և ամեն պահի կանգնած են զինվորի կողքին, իսկ զինվորը կանգնած է նրանց կողքին»: Նախարարը նշել է, որ «վերջին տարիներին ձեր զորամիավորումում նվազել են դժբախտ պատահարները, կանոնակարգվել են միջանձնային հարաբերությունները»: Ս.Օհանյանը պատասխանել է նաև զինծառայողների հարցերին:

Նախարարը մարտական հենակետերում ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների և զինվորների պարգևատրել է թանկարժեք նվերներով:

Շրջայցի ավարտին աշխատանքներն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամիավորման ղեկավարությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ

serj-sargsyan1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և անսպառ եռանդ հոգևոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ Նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի:

Տարոն Մարգարյանը շնորհավորել է Գարեգին Բ–ին

downloadԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է տեղադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ծննդյան օրվա կապակցությամբ.

«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Ամենաբարձր գնահատանքի է արժանի Ձեր ազգանվեր գործունեությունն՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորացմանն ու բարգավաճմանը, պետություն–եկեղեցի փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համայն հայության միասնության ու համերաշխության ապահովմանը։

Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ հովվապետական վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում։»

 

ՏԻՄ-երի տեղեկատվայնացման hայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ ՏԿՆ-ում

3552_bՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» hայեցակարգի նախագծի քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանների եւ համայնքապետարանների, շահագրգիռ մարմինների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստաթղթի մշակումը նախատեսված է ՏԿՆ 2013թ. միջոցառումների ծրագրով եւ ուղղված է ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության ու նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը:

Փաստաթուղթը պատրաստվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի կողմից` «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ:

Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ ղեկավար Գրիշա Խաչատրյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց, որ նախագծում նկարագրված է Հայաստանում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման եւ համայնքներում տեղեկատվական հասարակության ձեւավորման hետ կապված ներկա իրավիճակը, ներկայացված են կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված հիմնական խնդիրները եւ վերլուծություններից բխող եզրահանգումների հիման վրա ձեւավորված առաջարկությունները: Ըստ հեղինակների` դրանք կօգնեն ուսումնասիրվող ոլորտում որոշումներ կայացնելու գործում, ինչպես նաեւ կարող են դրվել ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:

ՏԿՆ աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների եւ կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը ներկաներին տվյալներ ներկայացրեց համայնքներում տեղեկատվայնության ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Փաստաթղթի ներկայացումից հետո շահագրգիռ քննարկում ծավալվեց: Մասնակիցները հանդես եկան դիտարկումներով ու առաջարկություններով: Վերջնական լրամշակումից հետո նախագիծը ՏԿՆ կողմից կներկայացվի կառավարություն:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

3594_bՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ փոխշահավետ համագործակցության շարունակականությունը բոլոր բնագավառներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին զարգանում են ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Լուկաս Գասերը հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ: