Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարները վտանգված են

ջավադյանՆոյեմբերի 3-ին Հանրային խորհուրդը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ  համակարգերի անցման մասին: Թեմայի մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել ՀԽ  գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի հետ:

– Պարոն Ջավադյան, ի՞նչն առիթ դարձավ, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման հարցը քննարկվի Հանրային խորհրդում:

– Արարատյան արտեզյան ավազանը ջուր է մատակարարում և՛ ոռոգման, և՛ խմելու նպատակով, ինչպես նաև ձկնային տնտեսություններին ու արտադրական նպատակներով, այսինքն` բոլոր նպատակներով: Արտեզյան ավազանի երկարությունը 120 կմ է, լայնությունը` 10-30 կմ, սնվում է Մասիս, Հայկական պար, Արագած և Գեղամա լեռներից:

Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ուսումնասիրությամբ հաստատվել է, որ պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Սա այն պաշարն է, որից ավելի ջուր վերցնելու իրավունք չունենք: Եթե վերցնենք, սկսվելու է պաշարների սպառում: Հենց այդ երևույթն էլ սկսվել է:

Քանի որ ջրառի թույլտվությունները 1990-ից հետո ավելի շատ են, քան ջրային պաշարները, բավական ծանր վիճակ է ստեղծվել: Եվ մինչև հիմա ինչքան ցանկացել ենք, որ պաշարների նոր ուսումնասիրություն լինի, թեկուզ` հաշվարկային կարգով, չի եղել, սակայն ջրառի թույլտվությունները շարունակվում են: Միայն ձկնային տնտեսություններն օգտագործում են տարեկան ջրառի թույլատրելի պաշարների չափ ջուր, այսինքն` ոռոգման, խմելու, արտադրական և այլ նպատակների համար հավելյալ ջրային պաշարներն են օգտագործվում, ինչի պատճառով պաշարները նվազում են:

Ջրառը թույլ տվող կազմակերպություններն այդ բոլորը պետք է գոնե հետագայում հաշվի առնեն, որպեսզի դադարեցնենք պաշարների սպառումը և ստորերկրյա ջրավազանին կամաց-կամաց վերականգնվելու հնարավորություն տանք:

– Ջրային պաշարների վերաբերյալ արդյոք նոր ուսումնասիրություններ կա՞ն: Ինչպիսի՞ն է պաշարների օգտագործման ներկա վիճակը:

– Ուսումնասիրություններ 1984-ից հետո չեն կատարվել: Մի 2-3 տարի առաջ առաջարկել ենք նման ուսումնասիրություն կատարել, սակայն նախարարությանն այդքան գումար չի հատկացվել: Ուսումնասիրության արժեքը գնահատվել է 250 մլն դրամ:

2008-ին բնապահպանության նախարարությունը, ըստ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի պահանջների, կատարել է գույքագրում: 2010-ին, զգալով պաշարների նվազումը ,փոխվարչապետ պարոն Գևորգյանի կողմից կազմվել է հանձնաժողով, որին մասնակցել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, ջրպետկոմի ներկայացուցիչը և Արարատի ու Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ երկու մարզերի համայնքները փականային ռեժիմ չունեն, և ջուրն անխնա հոսում է: Տարեկան 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում: Ընդհանուր, բոլոր ոլորտները հաշվարկած, տարեկան ՀՀ-ից 1 մլրդ 770 մլն ջուր ենք թափում Արաքս գետը և սահմաններից դուրս ուղարկում:

– Թույլատրելիից ավելի ջրի օգտագործումը տեսանելի խնդիրների հանգեցրե՞լ է:

– Այո: Ջրպետկոմն ուսումնասիրել է Մեծամոր գետի ավազանի վիճակը: Ավազանը ժամանակին սնվում էր ստորերկրյա աղբյուրներից և 303 շատրվանող հորերից: Դրանցից 122-ն իսպառ չորացել են: 1990-ին գետի ավազանում ունեցել ենք 18 խմ/վրկ ջուր: Ստուգման ժամանակ պարզվել է, որ հասել է 604 լիտր/վրկ-ի: Այսինքն` առնվազն 10 անգամ պակասել է: Այժմ և՛ Ակնա լճում, և՛ Մեծամոր գետի վերին հոսանքներում ջուր չունենք, դրա հետևանքով 6000 հա հողեր զրկվել են ջրի աղբյուրից:

Ստիպված ենք արդեն հաջորդ տարվանից (այս տարի էլ ենք բաց թողել, բայց հաջորդ տարվանից ավելի շատ) մոտ 70 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել Սևանա լճից: Ստացվում է, որ Սևանից պիտի հավելյալ ջուր բերենք, բայց տեղի պաշարներն էլ` 1,770 մլրդ խմ, առանց նպատակին ծառայեցնելու, լցնենք Արաքսը: Սա է մեր անհանգստության պատճառը:

Կան նաև ձկնաբուծարաններ, որոնց հատակները ջրամեկուսացված չեն, ջուրը ներծծվում է ու գնում դեպի բանավաններ և վարելահողեր: Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել և՛ բնակելի տների կայունության առումով, և՛ հողային ֆոնդի համար: Ներկայումս 21 հազար հա հողատարածք բարձր խոնավության վիճակում է և կրկնակի աղակալման վտանգի առջև:

-Խնդրին ի՞նչ լուծում է առաջարկում ՀԽ-ն:

– Առաջարկում ենք համայնքային բոլոր շատրվանող հորերը բերել փականային ռեժիմի: Խորքային հորերն ունեն փականային ռեժիմ, քանի որ ջուրը պոմպի միջոցով է հանվում, էլեկտրականություն է ծախսվում, և այդ պատճառով շռայլումներ չեն կարող լինել: Մենք առաջարկում ենք նաև, որ ձկնային տնտեսությունները երկու փուլով անցնեն նոր համակարգի: Առաջին փուլով նախատեսվում է անցնել կիսափակ համակարգի, որով ջրի 70 տոկոսը պիտի պտտվի, 30 տոկոսը` շարունակի հոսել:

Երկրորդ փուլով արդեն պետք է անցում կատարվի փակ համակարգերի, որի դեպքում կօգտագործենք միայն 3,5-5 տոկոս ջուր` գոլորշիացման և ֆիլտրացիոն կորուստները լրացնելու համար: Փակ համակարգը շատ ավելի խնայող է, բայց ավելի շատ միջոցներ է պահանջում: Ուստի չենք ցանկանում տնտեսություններին միանգամից ծանրաբեռնել: Եթե գոնե կիսափակ համակարգի անցնենք և 70 տոկոսը խնայենք, նաև հորերի փականային ռեժիմ կիրառենք, տարեկան 990 մլն խմ ջուր կխնայենք: Դա արդեն իսկ մեծ օգնություն կլինի ավազանի պաշարների վերականգնման համար:

– Ձկնաբուծական տնտեսությունների համար անցումը նոր համակարգին տանելի՞ ֆինանսական բեռ է:

– Մեր կարծիքով սա թույլատրելի ֆինանսական բեռ է տնտեսվարողների համար: Տնտեսվարողներին բաժանել ենք 3 խմբի. ջուր քիչ օգտագործողներ` մինչև 50 լ/վրկ, միջին օգտագործողներ` մինչև 150 լ/վրկ և շատ օգտագործողներ` ավելի քան 150 լ/վրկ:

Խոշոր տնտեսությունները 30-ն են, միջինները` 145: 93 փոքր տնտեսություններին առաջին փուլում չենք նախատեսում ընդգրկել:

Առաջին փուլով նախատեսվում է, որ միջին և խոշոր տնտեսությունները մեկ տարվա ընթացքում պետք է անցում կատարեն կիսափակ համակարգին: Միջին տնտեսությունների համար դա կարժենա 17 մլն դրամ, խոշոր տնտեսությունների` 68 մլն դրամ: Կիսափակ համակարգին անցնելու պարագայում տարեկան 25 տոննա միջինների դեպքում և 100 տոննա խոշորների դեպքում արտադրության պայմաններում ձկան մեկ կիլոգրամի ինքնարժեքը կբարձրանա 115 դրամով:

Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներ, եթե իրենց սարքավորումներն են գնում, վարկ են տալիս: Օրինակ` Դանիան նման պարագայում հատկացնում է 5 տոկոսով վարկ` 7 տարի ժամկետով: Մենք էլ առաջարկում ենք, որ տնտեսություններն այդ վարկերից օգտվեն:

Առաջարկել ենք նաև ավտոմատ հեռակառավարման համակարգ ստեղծել: Հեռակառավարման շնորհիվ համապատասխան պաշտոնյան ցանկացած պահի կկարողանա ստուգել իր աշխատասենյակից, թե որ հորը երբ ինչքան ջուր է տվել, և արդյոք դա թույլատրելիի՞ սահմաններում է:

Հարցը մանրակրկիտ քննարկվել է Հանրային խորհրդում, առաջարկությունները ներկայացրել ենք նախագահին, որպեսզի կառավարության հետ միասին այդ հարցերը նորից քննարկենք և լուծենք:

– Իսկ այս առումով ինչպիսի՞ն է միջազգային փորձը:

– Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, բելգիացիների օրինակով ու տվյալներով ենք հաշվարկները կատարել: Ընդհանրապես որևէ տեղ խմելու ջրի նկատմամբ նման բարբարոս վերաբերմունք չունեն: Ամեն տեղ փակ համակարգ են կիրառում:

– Ստեղծված իրավիճակն ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Վտանգն առաջին հերթին այն է, որ խախտվում է դաշտավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, երկրորդ` իջնում է գյուղացիական նշանակության հողերի բերքատվությունը, երրորդ` սոցիալական լարվածություն է առաջանում, չորրորդ` վտանգված է ատոմակայանի նորմալ շահագործումը, քանի որ Մեծամորի ջրային պաշարներից է օգտվում:

Եվ ամենակարևորը, որ մենք ունենք 6 մլրդ 300 մլն մակերեսային ջրեր, որից օգտագործում ենք միայն 2,5 մլրդ-ը, մնացածը սահմաններից դուրս է գնում: Այսինքն` այդ 3,7 մլրդ-ին, որի համար ջրամբարներ պիտի կառուցենք ու մի մասը պահենք, դեռ մի բան էլ ավելացնում ենք հոսքեր` ստորգետնյա պաշարներից 1 մլրդ 700 մլն: Դա մեր կողմից ամենամեծ սխալ քայլն է:

– Ի՞նչ ժամանակահատվածում է ցանկալի, որ ՀԽ առաջարկությունները կյանքի կոչվեն:

– Մենք առաջարկել ենք մեկ տարում անցնել խնայող ռեժիմի: Ուշացնել այլևս չենք կարող: Այլապես հետևանքներն անկանխատեսելի են: Այլևս վերականգնելու հնարավորություն չենք ունենա: Ստորգետնյա ավազանը, որը ոռոգման և խմելու ջուր է ապահովում Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու տարածաշրջանների համայնքներին, վտանգում ենք:

Յատրոֆա (Jatropha)

Созревание-семян-ятрофыՅատրոֆան (Jatropha) Մոլոչայի (Euphorbiaceae) ընտանիքից է, դրանք ծառեր են, թփեր և բազմամյա բույսեր, որոնք պարունակում են կաթնանման հյութ: Այն տարածված է Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում:  Jatropha  անվանումն առաջացել է հունական  Jatrys — բժիշկ և  tropha — կերակուր բառերից:

Սա  իր  անսովորությամբ հիանալի  բույս է, որն ունի  շշաձև ցողուն, որը անբողջ ձմեռ մերկ է, իսկ վաղ գարնանը նետում է հովանոցաձև ծաղկատու `մանր կարմիր ծաղիկներով: Ավելի ուշ երկար ցողունի վրա աճում են տերևները :

Խոշոր Յատրոֆան թանկարժեք բույս է, սակայն նրա խնամքը դժվար չէ: Նա ծաղկում է կանոնավոր կերպով ` երկար ոտիկների վրա հովանոցաձև ծաղկեպսակով: Հաճախ ծաղկումը սկսում է մինչև տերևների ի հայտ գալը, հետո հայտնվում են լայնաթաթ տերևները երկար ցողունների վրա, որոնք հասնում են 10-20սմ:

Տեսակները

Ճեղքված Յատրոֆա (Jatropha multifida)

Ոչ մեծ թուփ է, որը հասնում է 2-3 մետր բարձրության, ծածկված է գեղեցիկ տերևներով, որոնք բաժանված են 7-11 մասերի` մինչև 30 սմ տրամագծով: Տերևները մուգ կանաչ են, թեթևակի կապտավուն երանգով և ավելի բաց գույնի  կենտրոնով: Ժամանակի ընթացքում նրանք թափվում են` մերկացնելով ցողունի ստորին մասը: Երիտասարդ բույսը հիշեցնում է երիտասարդ արմավենի և շատ դեկորատիվ տեսք ունի:

Ճեղքված Յատրոֆայի ծաղիկները պայծառ են, հավաքված են հովանոցաձև ծաղկեպսակում: Արևադարձային պայմաննեորում Յատրոֆան կլոր տարին ծաղկում է, հատկապես տարվա շոգ ամիսներին: Ծաղկելուց հետո  առաջանում են դեղին եռանիստ պտուղներ  մոտավորապես 2,5սմ երկարությամբ, որի ներսում սպիտակ  ճարպային պտղամիսն է շագանակագույն , 1սմ երկարությամբ  երեք կորիզներով:

Բույսի բոլոր մասերը թունավոր են: Յատրոֆայի հյուսվածքների վնասվածքից առաջանում է կիսաթափանցիկ հեղուկ, որը կարող է գրգռել մաշկը:

Հոդատապային Յատրոֆա (Jatropha podagrica)

Սուկուլենտ, տերևաթափ թփեր են, պալարանման հաստացած ցողունով: Հոդատապային Յատրոֆան տարբերվում է իր յուրօրինակ ցողունով`հաստ հիմքով և նեղացած վերին մասով: Աճի նման տեսակը հատուկ է քարքարոտ տեղանքին, որտեղ  հնարավորություն չկա ձևավորել ստորգետնյա օրգաններ, պահեստավորված խոնավություն, այդ պատճառով ջուրը հավաքվում է ցողունի հաստացած ստորին մասում:

Հոդատապային Յատրոֆան ունի ևս մեկ առանձնահատկություն: Ցողունները ամրացված են ոչ թե տերևի ծայրին, այլ տերևի  մեջտեղին մոտ: Բույսի բարձրությունը հասնում է 50-70 սմ: Տերևները թաթանման են, կլոր և հասնում են 15-18 սմ տրամագծի: Նրանց գույնը կախված է տարիքից`երիտասարդները մուգ կանաչ և փայլուն են, տարիքի հետ գույնը բացվում է: Իսկ հասնելով ամենամեծ չափսի `մգանում են և դառնում անփայլ: Տերևի  ներքին մասը և ցողունը բաց գույնի են և ծածկված են գորշ նստվածքով: Բարդ հովհանոցաձև ծաղկեբույլը հայտնվում է անմիջապես աճման կետից: Սկզբում երևում են համեստ  կոկոնները և տեսանելի են միայն ամենախոշորները: Նրանք դանդաղ են հասունանում և հասնելով տերևների հասակին` աճը արագանում է: Կոկոնները գույն են ստանում և բացվում են կորալա-կարմիր ծաղիկները`1սմ տրամագծով: Ծաղիկները հոտ չունեն: Մի հովանոցի վրա կարելի է տեսնել արական և իգական ծաղիկներ: Արական ծաղիկները դիմանում են մեկ օր, բայց անմիջապես հետո նորն է ծաղկում: Մեկ հովանոցի ծաղկումը տևում է մոտ մեկ շաբաթ:Բնական պայմաներում Յատրոֆան   ծաղկում է  տարվա տաք եղանակներին:

Խնամք և լուսավորություն

Յատրոֆան գերադասում է լուսավոր, արևոտ, բայց ոչ անմիջապես արևի  ճառագայթների տակ: Գերադասելի են արևմտյան և արևելյան պատուհանները:

Ջերմաստիճանը

Լավագույնը ամառը օդի ջերմաստիճանը 18–22°C, ձմռանը  14–16°C:  Ձմռանը բույսը կարելի պահել տնային պայմաներում  Յատրֆայի խնամքը հեշտացնելու համար:

Օդի խոնավությունը

Յատրոֆան առանձնապես կարիք չունի ցողելու և լավ է տանում չոր օդը: Ժամանակ առ ժամանակ բույսի տերևները արժե խոնավ շորով սրբել:

Ջրելը

Յատրոֆան գերադասում է չափավոր ջրում ամռանն ու գարնանը:  Ջրում են հողի վերին շերտի չորանալու դեպքում: Շատ ջրվելու դեպքում բույսը կարող է փտել:  Ձմռանը ջրելը պակասեցվում է: Եթե Յատրոֆան աշնանը կամ ձմռանը տերևաթափ է լինում , ջրելը դադարեցվում է: Նորմալ սկսում են ջրել բողբոջներ երևալուց հետո:

Պարարտացում

Գարնանն ու ամռանը յատրոֆային պարարտեցնում են ամիսը մեկ անգամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով:

Տեղափոխումը

Յատրոֆային տեղափոխում են 2-3 տարին մեկ գարնանը: Բույսը կարիք ունի լայն և ոչ խորը թաղարի, լավ դրենաժի:

Բազմացումը

Յատրոֆան բազմացնում են սերմերով կամ կտրոններով, բայց սերմերը վերցնելը դժվար է, քանի որ նրանք արագ կորցնում են ծլունակությունը:

 Հիվանդություներն ու վնասատուները

Եթե փտում են արմատները և բույսը մահանում է, նշանակում է գերջրում է տեղի ունեցել: Հարկավոր է պակասեցնել ջրելու հաճախականությունը:

Եթե տերևների դեղնում են   ու  թափվում, նշանակում է, որ բույսը  վարակվել է  սարդոստայնային տիզով: Հարկավոր է բույսը 2-3 անգամ ցողել գոլ ջրով: Ուժեղ վարակի դեպքում անհրաժեշտ է մշակել ինսեկտիցիդով:

Բույսը դեֆորմացվում է և ծաղիկները  թափում են, ուրեմն վարակվել է  տրիպսով: Անհրաժեշտ է լվալ բույսը տաք ցնցուղով և մշակել ինսեկտիցիդի լուծույթով:

Աճի դանդաղման պարագայում տեղի է ունեցել  գերպարարտացում: Հարկավոր է պարարտացնել զգուշ, նախօրոք հողը խոնավեցնելուց հետո:

Տերևների գունաթափման և թոռոմելու դեպքում  պատճառը ջրելու  ջրի ցածր ջերմաստիճանն է: Արժե բույսը ջրել մի փոքր գոլ ջրով: