Շեֆլերա (ծառ հովանոց)

Шефлера-1Շեֆլերան ամենատարածված դեկորատիվ բույսերից է , և դա հասկանալի է, քանի որ նա շատ առավելություններ ունի: Առաջին հերթին շատ գեղեցիկ է իր յուրօինակ ձևավոր տերևներով, որոնք բացված հովանոցի նման են և ընդգծում են նրա բարեմասնությունը:
Երկրորդը նրա չափերն են : Բնության մեջ նա բավականին բարձրահասակ , մշտականաչ տերևներով ծառ կամ թուփ է, ինչի շնորհիվ տնային պայմաններում նա պատկառելի չափերի է հասնում:
Այս նրբագեղ բույսը կարող է հարմարվել նաև քիչ լուսավոր և ցուրտ սենյակներում, բայց հարմարավետ պայմաններում նրա պոտենցիալը բացվում է : Նրան խնամելը դժվար չէ, կարևորը ճիշտ տեղն ընտրելն  և նրա փոքրիկ պահանջները բավարարելն է:

Շեֆլերան (Schefflera) Արալիևների ընտանիքի ներկայացուցիչ է և աճում է Ասիայի արևելյան ու հարավ արևելյան երկրներում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Շեֆլերան ունի 250-300 տարատեսակ: Ճառագայթատերև և աստղատերև շեֆլերան (Schefflera actinophylla) ամենահայտնին է և լայն տարածվածը:

Ծաղկող շեֆլերաներ
Իր հայրենիքում շեֆլերան բազմացողուն ծառ է կամ ավելի շուտ հսկայական թուփ, որը հասնում է 12 մետր բարձրության: Ամռան վերջում կամ աշնանը կարելի հիանալ նրա ծաղկման գեղեցկությամբ: Իր անսովոր ծաղկումով պայմանավորված`  շեֆլերային անվանում են “ութոտնուկ ծառ”:
Իր երկրորդ անունը ` ”ծառ-հովանոց” շեֆլերան ստացել է իր ձևի շնորհիվ:

Այն ծառ է լայնացված հովանոցաձև ,բարակ ու մերկ ցողունների վրա, պսակով: Իսկ ամեն մի տերև արդարացնում է իր մականունը `շեֆլերայի մեծ, կաշվենման , մի փոքր կախված տերևները հիշեցնում են հովանոց:

Խնամքի գաղտնիքը.
Լուսավորությունը. Կանաչ տերևներով բույսի համար հարկավոր է ավելի ստվերոտ տեղ, քան երփներանգ տեսակի, որը ոչ բավարար լուսավորության դեպքում կարող է կորցնել իր էկզոտիկ գույները: Կարելի է թաղարը դնել արևի ճառագայթների ներքո, ինչը կարագացնի շեֆլերայի աճը: Չնայած բույսը հրաշալի է զգում նաև վատ լուսավորության ժամանակ, բայց այրող արևը վնասակար է բույսի համար:
Տան պայմաններում շեֆլերան կարող է հասնել 2 մետր բարձրության:

Ջրելը. Բույսը չի սիրում չորություն, այդ պատճառով այն հարկավոր է ջրել առատ և անընդհատ:

Խոնավությունը. Ինչպես բոլոր արևադարձային բույսերը, շեֆլերան սիրում է օդի բարձր խոնավություն: Խոնավություն հատկապես  անհրաժեշտ է, երբ բույսերը ձմեռում են տաք բնակարաններում:

Ջերմաստիճանը. Շեֆլերան ջերմասեր բույս է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանին, ձմռանը նրան անհրաժեշտ է առնվազն 10– 15°C: Ամռանը ամենաբարենպաստը մոտ 20°C, բույսը իրեն լավ է զգում, երբ գիշերը ջերմաստիճանը նվազում է:

Հողը. Այն պետք է ջրաթափանց լինի, թեթև և բերքատու: Լավագույն կազմությունը` 3 մաս ջերմոցային, մեկ մաս տորֆային և 1,5 մաս գետի խոշոր ավազ:

Բազմացումը. Շեֆլերան բազմացվում է մինչև 10սմ -անոց կտրոններով, ավելի լավ է այն բազմացնել գարնանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24 °C:

Աճը. Այն բավականին արագ է աճում, ամռան ընթացքում հեշտությամբ 30 սմ  և ավելի բարձանում է :
Ծաղկելը. Առավելապես ծաղկում է բնության մեջ , ծաղիկները նման են ութոտնուկի շոշափուկներին: Պտուղները, ծաղիկները և կոկոնները բույսի տարբեր տեսակների մոտ տարբեր գույների են` կարմիր, դեղնավուն, նարնջագույն, սպիտակ կամ  մորու գույնի:
Հնարավոր դժվարությունները.
Ամռանը շատ շոգի պայմաններում կամ ձմռան շատ ցածր ջերմաստիճանի և շատ ջրելու դեպքում կարող են թափվել տերևները:
Ոչ բավարար լուսավորության ժամանակ տերևները խունանում են, իսկ շատ լուսավորության ժամանակ նրանց վրա հայտնվում են բաց բծեր:

Բույսը համարվում Աղեղնավորի բույս:

 

Յակոբինիա (Յուստիցիա)

YAkobiniya-TelesnayaՅակոբինիան (Յուստիցիա)   բազմամյա, մշտադալար  բույս է և պատկանում է ականտյա ընտանիքին: Բնության մեջ այն աճում է Հարավային Ամերիկայում` Մեքսիկայում , Բոլիվիայում, Բրազիլիայում և հասնում է մինչև 2 մետր բարձրության: Յակոբինիան ունի ուղիղ ցողուններ, որոնց գագաթին ձևավորվում են յուրօրինակ խիտ հասկեր վարդագույն, կարմիր կամ դեղին ծաղիկներով:

Տնային պայմաններում հայտնի են  Յակոբինիամարմնային  կամ Յակոբինիակարմիր (Jacobinia carnea), Քիչ ծաղկավոր Յակոբինիա (Jacobinia pauciflora) , Ֆրիզոստեֆանի Յակոբինիա (Jacobinia chrysostephana).

Բույսը սիրում է պայծառ, ցրված լույս առանց արևի ուղիղ ճառագայթների: Իդիալական տեղը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են: Հարավային պատուհանագոգին յակոբինիան պետք է պաշտպանել արևից, քանի որ նրա տերևներին կարող են հայտնվել այրվածքներ:

Ամռանը ծաղիկը հարկավոր է հանել մաքուր օդին`պատշգամբ կամ պարտեզ: Ձմռանը յակոբինիաների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 16 – 18 °C: Քիչ ծաղկավոր Յակոբինիայի համար ձմռանը  ջերմաստիճանը պետք է լինի ավելի  ցածր`  մոտ 12 °C.

Գարնան-ամռան ժամանակաշրջանում  յակոբինիան առատ են ջրում, ձմռանը այն կրճատում են : Ծաղիկը չի սիրում հողի չորություն, դրանից նրա տերևներն ու ծաղիկները թափվում են:

Օդի խոնավությունը նույնպես պիտի բարձր լինի: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նրան ցողել:

Բույսը պարարտացնում են ակտիվ աճի ընթացքում`երկու շաբաթը մեկ, միներալներով և օրգանական պարարտանյութերով: Իսկ սեպտեմբերից փետրվար ամիսը մեկ անգամ:

Յակոբինիան տեղափոխում են ամեն տարի գարնան սկզբում:

Կարմիր  Յակոբինիան ծաղկում է ապրիլից սեպտեմբեր: Ծաղկելուց հետո կամ վաղ գարնանը բույսը հարկավոր է էտել: Դա արվում է նոր ճյուղերի աճի , նաև լավ ծաղկելու համար: Քիչ ծաղկավոր Յակոբինիան ծաղկում է նոյեմբերից մարտ:  Նրա էտումը պետք կատարել հունիսին, հակառակ դեպքում երիտասարդ կոկոնները կտուժեն:

Յակոբինիան բազմացնում են վերին կտրոններով փետրվար-մարտ ամիսներին: Կտրոնները լավ են արմատակալում ջերմոցային պայմաններում`օգտագործելով ֆոտոհորմոններ և տաքացնելով մինչև 24 °C: Արմատները երևում են 3 շաբաթից: Բույսի ճյուղավորումն արագացնելու համար  նրա ծայրերը «կսմթում» են: Ավելի խիտ թուփ ստանալու համար  մասնագետները խորհուրդ են տալիս թաղարում տնկել երկու երիտասարդ բույսի կտրոն:

Յակոբինիան կարող է վարակվել կարմիր սարդոստայնային տիզով: Այդ ժամանակ նրա տերևները դեղնում են և ծածկվում լաքաներով: Բույսի վրա երևան է գալիս բարակ սարդոստայն: Այդ վնասատուից ազատվելու համար հարկավոր է բույսը լվալ գոլ ջրով, հեռացնել  վնասված տերևները և     ավելացնել օդի խոնավությունը:

Նորակոչիկները` ծառայության դժվարությունների, լավ ու վատ կողմերի մասին

զինվորներՊաշտպանության նախարարությունը մի խումբ լրագրողների հնարավորություն էր ընձեռել այցելելու զորամասերից մեկը և հետևելու նորակոչիկ զինվորների ծառայությանը:

18-ամյա Արթուր Սաֆարյանն արդեն բանակում ծառայելու մեկշաբաթյա փորձ ունի, 7 օր առաջ է բանակ է զորակոչվել: «Տղան պետք է ծառայի, մենք էլ եկել ենք բանակ ծառայելու»,- ասում է Արթուրը և հավելում, որ բանակ ճանապարհելիս ծնողներն ասել են. «Գնա, լավ ծառայի ու հետ արի տուն»: «Ու ես այդպես էլ կանեմ»,- ասում է մարտունեցի Արթուրը:

Արթուրն ու իր նորակոչիկ ծառայակիցները ՊՆ N զորամասում մեկամսյա նախապատրաստություն են անցնում, այսպես կոչված կարանտինում են, որից հետո արդեն կուղարկվեն տարբեր զորամասեր ծառայության:

Արթուրը պատմում է, որ ծառայության 7 օրերի ընթացքում արդեն  իսկ հասցրել է որոշ դժվարություններ հաղթահարել և նոր բաներ սովորել .«Առաջին երկու օրը դժվար էր շուտ արթնանալը, բայց սովորում եմ: Շարային ենք սովորել: Սկզբում չէինք  կարողանում ճիշտ քայլել, բայց հիմա քիչ-քիչ ստացվում է: Սովորել ենք նաև երդման տեքստը, օրհներգը, հերոսների գործունեությունը»:

Հարցին, թե զինվորական կոշիկներին կարողացե՞լ է հարմարվել, պատասխանում է, որ կոշտուկներից խուսափելու համար մեկ չափս մեծ կոշիկ է վերցրել և խնդիրներ չի ունեցել:

Արթուրը չի դժգոհում նաև ճաշարանից, ասում է, որ սիրում է հատկապես մակարոնով փլավը և աղցանները. «Էստեղի ճաշերն էլ տան ճաշերի նման են, էնպես չէ, որ վատն են»:

Վստահեցնում է, որ ծառայության մի քանի օրերի ընթացքում որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, սպաների հեռախոսներով էլ 4-5 անգամ տուն է զանգել:

7-օրվա զինվոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասում է, որ վաղ վերկացներից ու ֆիզպատրաստության պարապմունքներից չի դժվարանում. մինչ բանակ  զորակոչվելը տարիներ շարունակ կարատեով է զբաղվել: Խոստովանում է, որ քաղաքացիական ազատ կյանքից հետո մի քիչ բարդ  է կանոնակարգված գործելը, հրամաններ կատարելը, բայց «ոնց էլ լինի, կհարմարվենք, քանի որ երկու տարի այստեղ ենք»: Պլանավորում է, որ զորացրվելուց հետո ֆիզկուլտինստիտուտ ընդունվի:

N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ազիբեկյանն ասում է, որ 90-ականներին նորակոչիկները լավ պատրաստված էին զորակոչվում բանակ, հետո աստիճանաբար անկում տեղի ունեցավ. «Հիմա էլի զգացվում է դպրոցների աշխատանքը, ռազմագիտություն են անցնում, այլ առարկաներ, ընտանիքներում էլ համեմատաբար դաստիարակություն են տալիս: Բայց ընտանիքն ու դպրոցը դեռ շատ անելիք ունեն: Պետք է երեխային ֆիզիկապես կոփեն, ընտանիքն էլ խրախուսի երեխայի մարզված լինելը: Հետո արդեն` գաղափարական դաստիարակությունը»:

Փոխգնդապետն ասում է, որ ունենում են նաև անտառաճանաչ  կամ հայերեն գրել-կարդալ չիմացող զինվորներ, բայց քիչ` 500-ից 10-12-ը, որոնք հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են կամ սփյուռքահայեր: Նման զինվորներին լրացուցիչ պարապմունքներով գրել-կարդալ են սովորեցնում:

Նորակոչիկների կրթական մակարդակից դժգոհում է նաև N զորամասի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, փոխգնդապետ Խաչիկ Պետրոսյանը: Նա նշում է, որ նորակոչիկները ոչ միայն ռազմագիտությունից են կաղում, այլև հայրենասիրական դաստիարակությունից. «ՊՆ-ն օժանդակում է դպրոցներին, բայց դա դեռ բավարար չէ, որ բարձրդասարանցի աշակերտը կարողանա զենքը, օրինակ, քանդել-հավաքել: Դպրոց դե ֆակտո ունենք, բայց դե յուրե չի տալիս այն իմացաբանական մինիմումը, որ պետք է երիտասարդին պատրաստ բանակ ծառայության ներկայանալու համար»:

Պետրոսյանն ասում է, որ ամեն ինչ գալիս է ընտանիքի և դպրոցի բացթողումից: 18 տարի երեխայի դաստիարակությունը բարձիթողի մատնած ծնողը պահանջում է, որ երկու տարվա ընթացքում իր տղայից անթերի դաստիարակությամբ մարդ կերտեն, ինչն անհնար է:

«Բանակն այն կառույցն է, որտեղ զինվորը պարտավոր է ծառայել հանուն հայրենիքի: Այս գիտակցությունը, սակայն, դեռ բավարար մակարդակի վրա չէ: Այդ գիտակցությունը եթե լիներ, վստահ եմ` մեր բանակը շատ ավելի  գիտակցված մակարդակի վրա իր ծառայությունը կկազմակերպեր:  Կան զինվորներ, որ  փայլուն են գիտակցում իրենց ծառայության կարևորությունը: Կա նաև հակառակը»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ բացատրական, անհատական ու կոլեկտիվ  աշխատանքներով փորձում են նման զինվորների մեջ սերմանել այդ գիտակցությունը:

Այցելում ենք նաև զորամասի ճաշարան, որտեղ ընթանում են ընթրիքի նախապատրաստական աշխատանքները: Ճաշարանի պետ, ավագ ենթասպա Թևոս Ռաֆայելյանն ասում է, որ նորակոչիկներին հատուկ ուշադրություն է դարձնում. «Ուտում են, նորակոչիկներն էլ, բոլորն էլ: Առաջին օրն են խնդիրներ առաջանում, տնից եկել են, սովոր չեն: Հաջորդ օրն ասում են` էլի կտա՞ք»:

Հարցին, թե ինչ են հիմնականում ուտում զինվորները, Ռաֆայելյանն  ասում է, որ ճաշացանկը տարբեր է` կախված ժամանակից:  Իսկ սնունդի չափն ամեն զինվորի համար սահմանված է ու պահպանվում է: Օրինակ` ամեն զինվորի օրական հատկացվում է 70 գրամ շաքարավազ, օրը մեջ` 100 գրամ ձուկ և այլն:

Ցույց է տալիս խոհանոցի սենյակները, որտեղ կաղամբ են կտրում, ձուկ մաքրում, ճաշ եփում: Աշխատողները քաղաքացիական անձինք են: Վերակարգի զինծառայողները պատրաստի սնունդը խոհանոցից սեղաններ են հասցնում:

Երեք շաբաթից նորակոչիկները հանդիսավոր կերդվեն ծառայել հայրենիքին ու ամեն մեկն իր ծառայությունը կշարունակի որևէ զորամասում` արդեն ծանոթ ու պատրաստ բանակային ծառայությանը:

Հ.Գ.

Ակամա մտովի համեմատեցի ԼՂՀ զորամասերից մեկը, ուր գարնանն էինք այցելել,  տվյալ զորամասի հետ: ԼՂՀ զորամասում կարգուկանոնը աչքի էր զարնում հենց մուտքից: Քայլքն  ու խոսքը` մեկ մարդու  պես հավասար, ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէր արտաքուստ որևէ թերություն նկատել.  անգամ քարերն էին փայլում, այնպիսի տպավորություն էր, որ ծառի տերևներն էլ իրենց դիրքն ընդունել էին  հրամանով: ՊՆ ենթակայության զորամասում ևս մաքրություն էր, արտաքուստ կարգ ու կանոն, սակայն չկար արցախյան զորամասից ստացված «հիստերիկ» մաքրության և կարգ ու կանոնի տպավորությունը:

Ի դեպ, Արցախի մի քանի զորամասերի հրամանատարները դժգոհում էին զինվորների` մեծ ծավալների հասնող անգրագիտությունից` նշելով, որ եթե գումարում-հանում իմացող, մաթեմատիկայից գլուխ հանող զինվոր են նկատում, անմիջապես համապատասխան ծառայության են ուղարկում: Որպես կանոն, դպրոց չեն հաճախում կամ վատ են սովորում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Եզրակացությունը մնում է ընթերցողին: