«Պարտքդ կալանքով կտրեմ»

Hovhannes-ManukyanՎերջերս հասարակության շրջանում` հատկապես վարորդների, դժգոհության նոր պատճառ, ավելի ճիշտ` առիթ է ի հայտ եկել` պայմանավորված արագաչափերով, տեսա-լուսանկարահանող սարքերով ու վճարովի ավտոկայանատեղերի համար նշանակված տուգանքներով ու տույժերով: Մարդիկ միաբերան բողոքում են հատկապես դրանց գանձման մեխանիզմների, մանավանդ ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձելու, բանկային հաշիվների ու կրեդիտ քարտերի հաշիվների սառեցման գործելակերպի դեմ:

Իհարկե, ԴԱՀԿ-ի անվանումը` դատական ակտերի հարկադիր կատարում, ենթադրում է ԴԱՏԱԿԱՆ, այսինքն` դատարանի որոշմամբ հաստատված ակտեր: Բայց վերջին շրջանում անվանման տրամաբանությունը խաթարվել է. մարմինը հարկադիր կատարման գործողություններ է կատարում նաև առանց դատարանի համապատասխան որոշումների ու վճիռների: Դրա լիազորությունները, անշուշտ, ստացել է: Օրինակ` բանկային հաշիվ ունեցող ինչ-որ վարորդ խախտել է երթևեկության կանոնները, այդ խախտումն արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը, դրա կապակցությամբ վարորդը տուգանվել է, ու մեկ էլ մի օր գնում է բանկ` իր հաշվից գումար ստանալու կամ այլ գործարք կատարելու, և օ զարմանք, հաշիվը սառեցված է: Պարզվում է, որ ինքը խախտում է արել, դրա համար տուգանվել է, տուգանքն էլ չի մուծել ու դրա համար հաշիվը սառեցվել է:

Նման մի տհաճ պատմության մեջ վերջերս ընկել էր մեր ծանոթ Վ.Ի-ն: Պարզվել էր, որ խախտման ու տուգանվելու վերաբերյալ ծանուցումը Վ.Ի.-ն ավելի ուշ էր ստացել, քան կսառեցվեր նրա բանկային հաշիվը: Դրա հետևանքով նա հայտնվել էր տհաճ իրավիճակում. ապրանք էր պատվիրել, ու երբ ցանկացել էր պլաստիկ քարտով իր հաշվեհամարից կատարել դրա դիմաց վճարումը, պարզվել էր, որ հաշիվը սառեցված է: Հետո պարզվել էր ավելի հետաքրքիր բան. նա տուգանված է եղել 10 հազար դրամի չափով, սակայն սառեցվել է նրա հաշիվն ամբողջությամբ` հաշվին եղած մոտ 250 հազար դրամով հանդերձ…

Մեկ այլ դեպք, որ մեզ պատմեց երևանաբնակ մի երիտասարդ` Ռուբենը: Իբր հոծ գիծ խախտելու համար նա էլ էր տուգանվել: «Ես հաստատ գիտեի, որ խախտում չեմ արել: Բողոքարկեցի, ինձ ցույց տվեցին ինչ-որ լուսանկարներ, թե իբր կոնկրետ ամիս-ամսաթվին ես խախտում եմ արել: Նախ` լուսանկարներն այնքան վատ որակ ունեին, որ դժվար էր պարզել` իմ մեքենան է եղել, թե ոչ, հետո խախտումն էր վիճելի: Իմ մեքենայի վրա տեսախցիկ է տեղադրված, ու ինձ հաջողվեց, կոնկրետ նշված օրվա ու ժամի տեսագրությունը ցույց տալով, ապացուցել, որ ես խախտում չեմ արել: Բայց ինձ տուգանած են եղել, մինչ ես կիմանայի դրա մասին, հետո, մինչ կբողոքարկեի` հաշիվս արդեն սառեցված էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռուբենը:

«Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրն իսկապես կարևոր է, քանի որ վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների ու բազմաշերտ է»,- լրագրողներին հուլիսի 24-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ այդ իսկ պատճառով իր նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում, բացի արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ-ի ծառայության ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև ոստիկանության ու ԿԲ-ի ներկայացուցիչները:

Մի խոսքով, խնդիրը հասել է նաև «դիվանբաշուն», ու հիմա թեժ գիծ է գործում, ինչպես տեղեկացրեց նախարարը: Այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անհարմար վիճակում, օրինակ` մեկնել է արտասահման հանգստի, ու մեկ էլ պարզվում է, որ իր բանկային ու քարտային հաշիվները սառեցված են, արդարադատության նախարարը խնդրում է անմիջապես զանգել թեժ գծին: Իսկ նման առաջարկ անողները պատկերացնո՞ւմ են, թե մինչ թեժ գծին զանգելը ինչ անի մարդը, երբ օրինակ` Հռոմի կամ Փարիզի ինչ-որ ռեստորանում կերած-խմածի համար պիտի քարտից վճարում կատարի, ու… Ֆրանսիացի, իտալացի կամ այլազգի մատուցողին ի՞նչ, թե մեր հայրենի ԴԱՀԿ-ն որոշել է նրա հաշիվների վրա արգելանք դնել ու հայրենի թեժ գիծն էլ կարձանագրի այդ փաստը:

Ինչ վերաբերում է ծանուցումներին, ապա արդարադատության նախարարն էլ նշեց, որ ծանուցումը երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում:
«Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել ու վարչարարությունն ավելի ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ հաշվի առնենք, որ նման ահռելի ծավալի մեջ (տասնյակ հազարներ են այդպիսի տուգանքները), այնուամենայնիվ, հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել: Սա նաև կապված է փոստի աշխատանքի հետ և միայն ոստիկանության խնդիրը չէ, այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Այսինքն` շատ լավ են հասկանում, որ քաղաքացին, օրինակ, փոստի աշխատանքի պատճառով կարող է անհարմարություն կրել:

Մյուս խնդրի` բանկային համակարգում հաշիվների արգելանքի կապակցությամբ էլ Հովհաննես Մանուկյանը նշում է, որ այնուամենայնիվ կա խնդիր` կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Եվ խնդիրն այն է, որ ԴԱՀԿ ծառայությունը բոլոր փաստաթղթերում, որ կազմվում են ԴԱՀԿ ծառայողի կողմից կատարում ապահովելու համար, հստակ նշվում են արգելանքի չափերը:

«Բայց պարզվեց, որ դեռևս տեխնիկական խնդիրներ կան, որ որոշ բանկերում լուծված չեն, ու այդ բանկերում ավտոմատ կերպով արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա: ԿԲ-ի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք լուծումներ գտնել ու շատ շտապ այդ խնդիրները լուծել»,- նշեց նախարարը:

Այստեղ էլ հարց է առաջանում` եթե ինչ-որ նորմի կամ դրույթի կիրարկման համար տեխնիկական խնդիրներ կան, ապա ինչո՞ւ է այն կիրառվում` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ այդ խնդիրը կարող է անհարմարություն պատճառել հազարավոր մարդկանց:

Վերջիվերջո մեկ այլ խնդիր էլ կա կրեդիտ քարտերի արգելափակման կապակցությամբ, որի մասին ևս թյուրըմբռնում կա ու որին անդրադարձավ արդարադատության նախարարը: Հարցն այն է, որ կրեդիտ քարտերը պարտքեր են` վարկային գծերի տեսքով: Այսինքն` դա վարկ չէ ու չի հանդիսանում վարկառուի սեփականությունը: Ենթադրենք, ինչ-որ կրեդիտ քարտի համար բացված է 300 հազար դրամի վարկային գիծ, դա նշանակում է, որ այդքան գումարի չափով քարտապանը կարող է գնումներ կատարել, գումար կանխիկացնել և այլն: Բայց դա որպես վարկ է սկսում հաշվարկվել այն պահից, երբ գումարը հանվում է: Այսինքն` կրեդիտ վարկային գիծը չի համարվում մարդու սեփականությունը, քանի դեռ նա չի ստացել այդ գումարը, թեպետ դա եղել է նրա քարտային հաշվի վրա: Այսինքն` զուտ տրամաբանական հակասութուն է առաջանում, քանի որ արգելանք է դրվում ուրիշի սեփականության վրա:

Այս հարցում ևս, ինչպես ընդգծեց նախարարը, որոշակի իրավակարգավորումներ պետք է փոփոխվեն:

Իսկ մինչև կարգավորումներն ու իրավակարգավորումները մարդիկ ստիպված են անհարմարություններ կրել` անկախ իրենց կամքից ու ցանկություններից:

 

Tags: , ,