Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

կարկուտԱնցյալ շաբաթը Հայաստանի գյուղատնտեսության համար ծանր սկսվեց: Արարատյան դաշտին պատուհասած կարկուտը վնասել է ավելի քան 17 հազար հեկտար տարածք ու գյուղացիներին պատճառել մոտ 35-40 մլն դոլարի վնաս: Գյուղնախարարությունը հայտարարում է, թե վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել է աշխատանքային շտաբառաջին  փոխնախարար  Գրիշա  Բաղիյանի  գլխավորությամբ, գյուղնախարարի կարգադրությամբ ճշգրտվում են հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները անհրաժեշտության դեպքում տուժած  տնտեսություններին  տրամադրելու  համար, Արմավիրի մարզի` կարկուտից տուժած գյուղերի բնակիչները, որպես բողոքի նշան, փակում են դեպի Երևան եկող  ճանապարհը` պահանջելով փոխհատուցում ու երկու տարով իրենց վերցրած վարկերի սառեցում, իսկ գյուղնախարարի տեղակալն ասում է, որ այդ բանկերը սեփական են, և պետությունը ոչինչ անել չի կարող:

 Բայց նախ տեսնենք, թե ինչու կարկուտն այդքան վնաս տվեց և ինչպես կարելի է հետագայում խուսափել նման աղետներից: 

Ինչո՞վ էին զբաղված հակակարկտային կայանները

Չէ՞ որ գյուղնախարարությունն արդեն մոտ 8-9 տարի է` գլուխ է գովում, թե հակակարկտային կայաններ է տեղադրում, թե դրանք աշխատում են չգիտես թե ինչ անգերազանցելի ցուցանիշներով և այլն:  Ուրեմն ինչո՞ւ երկրի գյուղատնտեսությանը նման հսկայական վնաս հասավ, չէ՞ որ կարկուտից տուժած համայնքներում այդ հակակարկտային կայաններն ամենախիտն են տեղադրված: Գյուղացիների մի մասն ասում է, թե այդ կայանները կարկուտի չարաբաստիկ օրն աշխատել ու կրակել են, մի մասն ասում է, թե չեն աշխատել: Ամեն դեպքում գյուղնախարարությունից պնդում են, թե աշխատել են: Ավելի վատ, քանի որ եթե այդ կայանները աշխատել են, բայց արդյունքում գյուղացիների բերքն ամբողջությամբ կամ 70%-ով ոչնչացել է, նշանակում է, որ կայանները չեն համապատասխանում Հայաստանի պայմաններին:  Ուրեմն ի՞նչ գործ ունեն Հայաստանում:

«Նախկին «Ալազան» տիպը բոլորովին այլ էր, բավականին թանկ հաճույք էր, դա չկա արդեն. նա կրակելով էր աշխատում, ավելի մեծ էֆեկտ էր տալիս: Սրանք փոքր կայաններ են, և ամբողջ տարածքը պետք է ծածկվի, քանի որ եթե ամբողջ օդային տարածքը չի ծածկվում, մանավանդ սահմանային գոտում բավականին բարդություններ են առաջանում. մեկ էլ տեսար` ամպը գոյանում է սահմանի վրա ու չես կարողանում կրակել, և գալիս ու կարկուտը թափվում է: Թափվելուց հետո հազարավոր պարկուճ էլ որ կրակես, միևնույն է` ոչ մի օգուտ այլևս չի տա: Իսկ ընդհանրապես հակակարկտային այս կայանները միջինը կարող են մինչև 60 տոկոս արդունավետություն ապահովել»,- այս կապակցությամբ նշեց Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը` հավելելով, որ աշխարհում ավելի մեծ հակակարկտային կայաններ, քան Հայստանում են, չկան: Հատկապես Եվրոպայում ու ասիական մասերում, բացի Հայաստանից, ոչ մի տեղ հակակարկտային կայաններ չկան: Իսկ այդպիսի մեկ կայանը, նայած տարածքի, կարող է ծածկել 50 հա տարածքից մինչև 80 հա, ոչ ավելի:

Այս հարցի առնչությամբ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը պատմեց հակակարկտային ծառայության ստեղծման հիմքերի մասին` նշելով, որ ստեղծվել էր գյուղատնտեսության հիմնադրամ, ինքը խորհրդի անդամ էր, որտեղ էլ  հենց  8-9 տարի առաջ որոշվեց, որ Արգենտինայից պետք է ձեռք բերվեն այս հակակարկտային սարքերը: «Խորհրդի 11 անդամներից ես միակն էի, որ դեմ  ստորագրեցի այս սարքերին, և հիմնավորեցի, որ այդ սարքերը Հայաստանում չեն փորձարկվել: Երկրորդ դժբախտությունը եղավ այն, որ ացետիլենային այս համակարգերը ներկրվեցին և հետագայում դրանց ացետիլենային պարկուճները փոխարինվեցին պրոպան-բութանով»,- ասաց Հրաչ Բերբերյանը:- Երրորդ դժբախտությունն այն էր, որ  սարքերը տեղադրվել են գյուղերում` այսինքն` ով գումար է ունեցել, կարողացել է ձեռք բերել, ծանոթ է ունեցել` տեղադրել է: Սակայն, իմ խորին համոզմամբ, դա պետք է այլ կերպ արվեր: Մենք ունենք կարկուտնեի հստակ ուղղություններ, որոնք գալիս են  Միջերկրական ծովից: Շիրակի, Արմավիրի` Մասիսի գոտով մտնում են այդ ամպերը, և մենք պետք է երկու էշելոնով դնեինք այդ սարքերը, ոչ թե ցաքուցրիվ անեինք, ուժերը ցրեինք, որպեսզի փորձեինք կանգնեցնել այդ ամպերը, եթե իհարկե ացետիլեն կրակեինք»:

կարկուտ (1) Աշխարհը հրաժարվում է հակակարկտային կայաններից ու անցնում հակակարկտային ցանցերին

Այնուհետև Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասաց, որ Եվրոպան վաղուց արդեն հրաժարվել է ացետիլենից,իսկ որտեղ էլ որ դեռևս կան այս տիպի հակակարկտային համակարգեր, այնտեղ էլ հրաժարվում են դրանցից, ու ներկայացրեց հատուկ հակակարկտային ցանցեր, որոնք, նրա հավաստմամբ, 100%-ով գյուղացիական տնտեսությունները կպաշտպանեն կարկուտներից, տարերային աղետներից և նույնիսկ ցրտահարության  ժամանակ 2-3 աստիճան ջերմաստիճանի տարբերություն կապահովեն: Նման ցանցերը 12-15 տարվա երաշխիք ունեն: Մեկ հակակարկտային սարքն Արգենտինայից ձեռք է բերվում  մոտ 30 հազար դոլարով,  իսկ մեկ հեկտարի համար նման ցանցն  արժի մոտ 2500 եվրո: «Եթե ցանցային եղանակը կա, որով գյուղացին հենց ինքը կարող է հոգալ իր հարցերը, ինչո՞ւ թանկ ու մեծ միջոցների մասին մտածենք: Այդ արգենտինական կայանները չեն արդարացնում իրենց»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Այնուհետև  նա ներկայացրեց թվեր, ըստ որոնց, նույն Արգենտինայում, որտեղից Հայաստան են ներկրվել հակակարկտային կայանները, այս տարի մոտ 10 հազար հեկտար խնձորենիների այգիներ են կարկտահարությունից ոչնչացվել, ու եթե Արգենտինայում այդ սարքերն աշխատեին, ապա հենց  նրանց կօգնեին:

Որ ամբողջ աշխարհում անցել են հակակարկտային ցանցերի, Բերբերյանից  բացի նշեց նաև Յուրի Ջավադյանը` շեշտելով. որ Հայաստանում աճող գյուղատնտեսական բույսերից, բացի ընկուզենիներից, մնացած բոլորը այդ հակակարկտային ցանցերով պատելի են:

Ջավադյանի ներկայացմամբ, այդ հակակարկտային ցանցերը պայքարում են ոչ միայն կարկուտի դեմ, այլև վարակների տարածման, նաև հովացնում են բույսերը տոթի ժամանակ, ու արևի ճառագայթները բույսի վրա անմիջական ազդեցություն չեն ունենում: Իսկ վարակների տարածման դեմ պայքարում են  այնքանով, որ նախ` թռչունները չեն ուտում և փչացնում միրգն ու այլ մշակաբույսերը, երկրորդ` բզեզները, որոնք վարակ են տարածում, ավելի դժվար են ներթափանցում ցանքատարածություններ: Այսինքն` բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն: Հակակարկտային ցանցերը, իհարկե, ավելի թանկ են հակակարկտային կայանների համեմատությամբ, բայց մշտական ապահովություն են երաշխավորում: Դրանք սինթետիկ նյութերից են գործված, բայց հսկայական` մինչև 5 մետրանոց հենակներ պետք է ունենան, այդ հենակների վրա փռվեն, ձմռանը հավաքվեն և այլն:

Ցանցային միջոցները, Հրաչ Բերբերյանի կարծիքով, կարելի է ներդնել պետական սուբսիդիաների միջոցով, հետագայում գյուղացիների կողմից կամաց-կամաց փակելու պայմանով: Նա նշեց, որ եթե մենք մեկ տարում 40 միլիոն դոլարի վնաս պետք է ունենանք, ապա այդ գումարով մեր ամբողջ հանրապետության տարածքը ցանցերով կփակվի:

 

 

Tags: ,