Գազի անխուսափելի թանկացումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը

 գազի գինՀայաստանի Հանրապետությունում այժմ ամենաքննարկվող ու հասարակությանն ամենահուզող հարցը թերևս գազի թանկացումն է: Անցյալ շաբաթ «Հայռուսգազարդն» իր մատակարարած գազի թանկացման մասին դիմում ներկայացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դիմումով «Հայռուսգազարդը» ցանկանում է Հայաստանում գազի գինը մոտ 67%-ով բարձրացնել: Բոլորն են հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է այս թանկացումն ունենալ ոչ միայն հայկական տնտեսության, այլև սոցիալական ու հասարակական-քաղաքական կյանքի վրա: 

Այ քեզ ռազմավարական դաշնակից

2012 թ. օգոստոսին 7-8-ը Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, հատուկ անդրադառնալով Հայաստան մատակարարվող գազի սակագնին, նշել էր. «Կարծում եմ` դրա ձևավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»:

Այսինքն` դեռևս անցած տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանել է, որ գազի թանկացումն այլընտրանք չունի, որ ռուսական կողմն այս հարցում զիջման չի գնացել, այսինքն` Հայաստանը պետք է հաշվի առնի ստեղծված նոր իրողությունը: Դրանից հետո միակ հարցը, որ կարող էր լինել հայ-ռուսական բանակցությունների օրակարգում, այն էր, թե ինչ չափով կբարձրանա գազի սակագինը Հայաստանի սահմանին:

Ուշագրավն այն է, որ գազամատակարարումը և հատկապես դրա գնային սակարկությունները ռուսական կողմի համար միշտ էլ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կատեգորիա են եղել: Եթե այդպես չլիներ, գազի սակագնի վերանայումը ոչ թե տեղի կունենար երկու երկրների նախագահների մակարդակով, այլ «Գազպրոմի» և ՀՀ կառավարության: Էներգետիկ ռեսուրսների գնային քաղաքականությունը Մոսկվայի համար առաջին հերթին իր գործընկերներից քաղաքական զիջումներ կորզելու գործիք է, որը կիրառում է թե՛ ԱՊՀ և թե՛ ԵՄ երկրների հետ հարաբերություններում:

Չպետք է մոռանալ, որ Հայաստանն ու Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ: Իսկ ռազմավարական գործընկերությունը սովորական դաշնակիցներից տարբերվում է նրանով, որ ռազմավարականի դեպքում դաշնակից կողմերից մեկը պարտավոր է իր ֆինանսա-տնտեսական շահը զոհել հանուն իր դաշնակցի ազգային անվտանգության ու կենսական նշանակության հարցերի:

Գազի թանկացումը Հայաստանի պարագայում նշանակում է, որ ամեն ինչ կթանկանա: Մեզ պես երկրում, որտեղ աղքատության շեմը սահմանված է նվազագույն սպառողական զամբյուղի կեսի չափով և դրանով  հանդերձ անգամ աղքատության մակարդակը պաշտոնապես 35% է,  յուրաքանչյուր թանկացում հղի է սոցիալական բունտի, այնուհետև նաև ներքին անվտանգության խարխլման վտանգներով: Իսկ հաշվի առնելով այն տարածաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում գտնվում է Հայաստանը, ուղղակի ազգային անվտանգության խնդիր է առաջացնում:

Եվ ո՞րն է տրամաբանությունը, երբ ռազմավարական գործընկերը, որը նաև քո անվտանգության երաշխավորն է ու անհրաժետության դեպքում պարտավոր է ապահովել քո անվտանգությունը, դեռ մի բան էլ ինքն է այդ անվտանգությանը սպառնացող իրավիճակ ստեղծում:

«Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար: Ո՞վ է ասում, որ գազի գինը Հայաստանում ցածր է, հակառակը` գազն ավելի թանկ է, քան Վրաստանում: Անգամ եվրոպական երկրների հետ ենք համեմատել, և ստացվում է` մեզ մոտ գազը թանկ է: Իրան-Հայաստան գազամուղը չպետք է հանձնվեր ՌԴ-ին: Այլընտրանքային էներգիայի աղբյուրները պետք է կարևորվեին, բայց դա չի արվում»,- գազի թանկացման շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ Ռուսաստանն այս քաղաքականությամբ հայաթափում է Հայաստանը:

Պատգամավորը, այսօրվա իշխանություններին համարելով «ամենաթույլիկը», նշեց, որ նրանք պետք է համարժեք գործողություններ իրականացնեն:

Համարժեք գործողությունների մասով տղերքը երևակայության պակաս ունեն

Իսկ կառավարության «համարժեք» գործողությունները նույնպես պարզ են. կառավարության մայիսի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի գնի վերանայման կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վարչապետն ասաց, որ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի գինը: Սոցիալապես անապահով ընտանիքները նաև կստանան աջակցություն:

Իհարկե, հիմա նման հիմար վիճակի առջև կանգնած չէինք լինի, եթե Հայաստանը ժամանակին էներգետիկ դիվերսիֆիկացիայի նպատակով կառուցված Իրան-Հայաստան գազամուղը չհանձներ «Հայռուսգազարդի» ղեկավարմանը: Որովհետև իրանական գազը, թեև ավելի ցածր կալորիականություն ունի, բայց անհամեմատ ավելի էժան է ռուսական գազից: Բայց, ինչպես ասում են, այդ ո՞նց պետք է ռազմավարական դաշնակից Հայաստանն իր «ավագ եղբորը» զրկեր Հայաստանը էներգետիկ վերահսկողության տակ պահելուց:

Էհ, եղածն արդեն եղած է, ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Եվ այժմ պետք է ուղղակի նայենք, թե գազի գնի այդ կտրուկ բարձրանալու դեմ ինչ միջոցներ կարող է ձեռնարկել հայկական կողմը, որ Հայաստանը չվերածվի հայերի համար առանց պատերի բանտի:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գազի գնի հետ կապված երկու ասպեկտ է մատնանշում: «Առաջինն այն է, որ բնականաբար Ռուսաստանի Դաշնությունն է սակագինը բարձրացնում և ոչ միայն Հայաստանի համար, այլ բոլոր այն երկրների, որտեղ առաքվում է ռուսական գազ, և այդտեղ մենք շատ մեծ անելիքներ չունենք. լավագույն դեպքում կարող ենք բանակցել և ակնկալիք ունենալ, որ մի փոքր ավելի քիչ կլինի, քան մյուսների համար: Բայց ոչ պակաս  ռեսուրսներ կան հենց Հայաստանում: Այսինքն` հենց «Հայռուսգազարդի» շահույթի նորմը` այն ծախսերը, որ նախկինում ներդրումների համար նախատեսում էին շահույթի մեջ, դրանք հիմա կարելի է նվազեցնել, որովհետև  այսօր այդ ծավալի ներդրումներ ընկերության կողմից չեն արվում: Իհարկե, որոշ բաներ միգուցե արվում են,  բայց ոչ այն ծավալներով, ինչ տարիներ առաջ, քանի որ, ըստ էության, Հայաստանի գազիֆիկացիան ավարտվել է, ու մենք դրանով իսկ Հայաստանի գազի սակագնի վրա ազդելու հնարավորություն ենք ստանում: Եթե օրինակ` նախատեսվում է 67%, ապա մեր հաշվարկներով` առնվազն 10-15%, եթե ոչ ավելի, կարող ենք գոնե այդ մասում իջեցնելու, սակագինը նվազեցնելու տեղ ունենալ»,- նշեց Մանասերյանը:

Կան նաև լծակներ, որոնք, կապված են գազի որակի, բաղադրության, խտության հետ: Գազի հաշվիչները վերջին 10 տարվա ընթացքում ընդհանրապես չափագրման չեն ենթարկվել, մեծ մասը,  բայց վերջին հաշվով սահմանագծին չափիչ խոշոր կայան կա, որի ստեղծման համար մեզանից պահանջվել է 1.5 միլիոն եվրո գումար. դա  նույնպես շատ օգտակար է` ստուգելու համար գազի բաղադրությունը` թե ինչ կալորիականություն ունի, ինչ խտություն ունի և այլն: Այս ամենը գազի գնի կարգավորման համար պետքական գործիքներ են, բայց, ինչպես նշեց տնտեսագետը, չեն օգտագործվում: Այսինքն` մենք պետք է նայենք նաև ներքին հնարավորություններին, ոչ միայն արտաքին:

Օրերս Աժ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ «հպանցիկ» անդրադարձավ այս հարցին, որ եթե Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնած մաքսային միության անդամ լիներ, ապա գազը 30%-ով պակաս կթանկանար: Այս մասին հայկական 1in.am լրատվական կայքին ասել էր նաև կովկասագետների միության նախագահ, ռուս քաղաքագետ, վերլուծաբան  Ալեքսանդր Կռիլովը` նշելով. «Շատ է խոսվում ԵվրԱզԷսի, Մաքսային միության մասին: Իսկապես, Հայաստանը չի հանդիսանում ո՛չ Մաքսային միության, ո՛չ ԵվրԱզԷսի անդամ: Ինձ մոտ տպավություն է ստեղծվել, որ Հայաստանի համար բավական ընդունելի է եվրոպական վեկտորը, գուցե շատ դեպքերում, այո՛, այն առավել գրավիչ է, բայց գուցե Մաքսային միության ներսում ա՞յլ գներ լինեին: Այստեղ Հայաստանի որոշելիքն է. եթե նա նախընտրում է եվրոպական վեկտորը, ապա դա չի կարող չազդել նաև ռուսական էներգասպասարկումների գների վրա: Հայաստանը պետք է համակերպվի, որ չի օգտվում այն արտոնություններից, որոնք տրվում են Ղազախստանին և Բելառուսին: Հետխորհրդային երկրներն ունեն ընտրության հնարավորություն` մտնել այդ կառույցի մեջ կամ չմտնել, դա կախված է հայ քաղաքական գործիչների ընտրությունից»:

Բնականաբար, հարց է առաջանում` պատահական զուգադիպությո՞ւն է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում 30%-ով սուբսիդավորել գազի գինը: Արդեն խոսակցություններ կան, որ այդ սուբսիդավորման ծախսերը Հայաստանի եվրոպացի «բարեկամները» կփոխհատուցեն: Բայց մնացած` 37%-ն էլ Հայաստանը  հեշտ չի մարսի: Այնպես որ ինչպես անխուսափելի է գազի թանկացումը Հայաստանում, այնպես էլ անխուսափելի են ցնցումները սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և արտաքին հարաբերություններում:

Tags: