Կրթության որակը դպրոցներում. արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները միջին և միջինից ցածր են

կրթությունՉնայած ուսումնական տարին ավարտվում է, սակայն Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դեռ չի վերլուծել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին անցկացված արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները: ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Բայաթյանն ասում է, որ հավանաբար վերլուծությունը կհրապարակվի սեպտեմբերին, երբ թարմ ուժերով կսկսեն նոր ուսումնական տարին, վերլուծությանն էլ դպրոցները ավելի գործնական մոտեցում կցուցաբերեն:

Նշենք, որ գարնանը հանրապետության բոլոր դպրոցների 11-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում է իրականացվել հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից:

Արտաքին ընթացիկ գնահատման նպատակներն են` բացահայտել և վեր հանել  կրթության ոլորտում առկա խնդիրները,  նպաստել կրթության որակի բարելավմանը:

Նրա խոսքով` ԳԹԿ-ն  մատնանշում է  խնդիրը, սակայն չի  առաջարկում այն լուծելու տարբերակներ, ոչ էլ վերահսկողի իրավասություն ունի: Մարզային վարչություններում են քննարկումներ կազմակերպվում` հիմնված ԳԹԿ վերլուծության վրա, որտեղ էլ որոշում են առկա թերությունների շտկման եղանակները:

Բայաթյանն ասում է, որ այս անգամ 11-րդ դասարանում են (վարժարանների, միջնակարգ և ավագ դպրոցների) ստուգողական թեստեր հանձնարարել, որպեսզի համեմատության մեջ տեսնեն, թե որ տիպի դպրոցն ինչպիսի կրթություն է ապահովում, նաև համեմատել են քաղաքային և գյուղական դպրոցների մատուցած կրթությունը: «Այդ առումով նշեմ, որ ինչքան խոշոր քաղաքներից հեռանում ենք դեպի մարզերի հեռավոր գյուղեր, այնքան արդյունքները նվազում են, այսինքն` մեր հանրապետությունում հավասար կրթության իրավունք կարծես թե բոլորը չունեն»,- ասում է Բայաթյանը` խուսափելով պատճառներ նշելուց:

Սակայն ուշագրավ է, որ սահմանամերձ գյուղերում միջին գնահատականը հավասար է միջին քաղաքներին, եթե ոչ խոշորներին:

Արդյունքներն ամփոփելով` Բայաթյանն ասում է, որ թեստերի մակարդակը մնացել է նույնը, սակայն արդյունքները համեմատաբար բարելավվել են, ինչը նշանակում է, որ ավագ դպրոցները կայանալու ճանապարհին են.  «Երևում է, որ ավագ դպրոցներն աճել են  և՛ իրենց նախորդ տվյալների,  և՛ միջնակարգ դպրոցների, և՛ թեկուզ վարժարանների համեմատությամբ»:

«Անկախը» մի շարք դպրոցներից դժգոհություններ էր ստացել, որ արտաքին ընթացիկ գնահատման թեստերը հաշվի չեն առել հոսքային տարանջատումները, օրինակ` հայոց լեզվի թեստերը բարդ են եղել բնագիտա-մաթեմատիկական հոսքի համար, մաթեմատիկայի թեստերը բարդ են եղել հումանիտար հոսքի համար: Այս առումով Բայաթյանն ասում է, որ թեստերը ընդհանուր հոսքի միջին մակարդակով են կազմվել.  «Միասնական քննություններն էլ նույն սկզբունքով են անցկացվում, հումանիտար հոսքից և ֆիզմաթ հոսքից եկածները լրիվ տարբեր արդյունքներ են տալիս: Ենթադրվում է, որ առարկան խորացված ուսումնասիրած աշակերտը պետք է ավելի լավ արդյունք ցույց տա, իսկ ոչ խորացված աշակերտը` ավելի ցածր արդյունք, դա նորմալ է:  Շերտավորում անցկացնելու իմաստ ուղղակի չկար: Թեստերը կազմված են եղել ընդհանուր հոսքի միջին մակարդակով` ելնելով չափորոշիչների պահանջներից»:

Նրա խոսքով` ոչ հոսքային առարկաներից արձանագրված ցածր գնահատականները դպրոցների վատ որակի մասին չեն վկայի:

Նշենք, որ հանրապետության մակարդակով հայոց լեզվի միջին միավորը 4,1 է (10 բալանի համակարգով), հայ գրականությանը`  5,1, հանրահաշվինը` 3, երկրաչափությանը` 3:  2012-ի նոյեմբերին կայացած արտաքին ընթացիկ գնահատումների ժամանակ հայոց լեզվի միջին գնահատականն էր 4, հայ գրականությանը` 3,7, հանրահաշվինը` 4, երկրաչափությանը` 1,7:

Անկախ փորձագետների և մասնագետների կարծիքներն «Անկախը» կներկայացնի հետագայում, երբ արդյունքներն ամբողջովին վերլուծված և հրապարակված կլինեն:

Tags: , ,