Արտաշես Առաջին. երևելի ու փառապանծ գործիչ

Artashes_A1Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի

Եվ առավոտը Նավասարդի,

Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.

Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

Ինչպես կարգն էր թագավորների... 

Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):

Արտաշես Առաջինը Երվանդունյաց արքայական տոհմից էր: Հայոց ավանդավեպը նշում  է, որ նա հայոց արքայազն էր, և նրա գահն ու իրավունքը բռնագրավեց Երվանդ Դ արքան (մ.թ.ա. 220-200), որ գահ բարձրանալով` սրի քաշեց օրինավոր թագաժառանգներին: Նրանցից փրկվեց միայն մանուկ Արտաշեսը, որին Սմբատ Բագրատունին փախցրեց: Հետագայում հասակ առնելով Արտաշեսը վերանվաճում է իր երկիրը, ճակատամարտի ժամանակ սպանում Երվանդին և գահ բարձրանում Հայաստանում:

Ինչքանով է հավաստի հայոց ավանդապատումը` դժվար է ասել: Մեզ հայտնի է Արտաշեսի հայրանունը. նա Զարեհի որդին էր: Զարեհ անունով թագավոր մինչ Արտաշեսի գահակալումը չենք ունեցել: Միգուցե Արտաշեսը Երվանդունյաց արքայատոհմի կրտսե՞ր ճյուղի ներկայացուցիչն էր:

Մ.թ.ա. 200 թ. հզորացող Սելևկյան կայսրությունը կարողանում է ծնկի բերել Հայաստանը, և Երվանդ Դ արքան զրկվում է գահից կամ սպանվում: Ամեն դեպքում, Հայաստանը հայտնվում է Սելևկյան թագավորության հպատակի կարգավիճակում: Գուցե Հայաստանի նվաճմանը մասնակցել է նաև սելևկյան բանակում որպես զորավար ծառայող Արտաշեսը, որի պատճառով էլ հայոց ավանդույթը նրան է վերագրում Հայաստանի նվաճումն ու Երվանդ Դ արքայի սպանությունը:

Նվաճելով Հայաստանը` սելևկյան Անտիոքոս Գ Մեծ արքան երկրի կառավարիչ է նշանակում Արտաշեսին, իսկ Ծոփքում` Զարեհին, որ նույնպես Երվանդունիների արքայատոհմից էր:

Սելևկյան թագավորը, բնականաբար, վստահ էր, որ Արտաշեսն ու Զարեհը, որպես իր զորավարներ, հավատարիմ կծառայեն իր կայսրությանը: Սակայն նրա հաշվարկները սխալ էին:

Օրեցօր զորեղացող Հռոմեական կայսրությունն արտաքին նվաճումների էր ելել: Հռոմի վաղեմի նպատակն էր Ասիա աշխարհամաս դուրս գալ և նվաճել Փոքր Ասիա թերակղզին: Եվ երկու հզոր ախոյանների միջև բախումն անխուսափելի է դառնում: Մ.թ.ա. 190 թ. Մագնեսիայի ճակատամարտում հռոմեական բանակը ջախջախում է Անտիոքոս Գ-ի զորքերը: Այս ճակատամարտն իրավամբ պետք է համարել համաշխարհային պատմության բախտորոշ դրվագներից մեկը: Ճակատամարտի արդյունքում Արևելքում իրադրությունը կտրուկ փոխվում է, և հռոմեական քաղաքակրթությունը ներխուժում է Արևելք:

Նման առիթից չօգտվել չէր կարող Մեծ Հայքի կառավարիչ Արտաշես զորավարը, որ անմիջապես ապստամբում է Սելևկյան թագավորության դեմ, իրեն հռչակում Մեծ Հայքի թագավոր, իսկ Հայաստանը` անկախ պետություն: Արտաշեսի օրինակին հետևում է նաև Զարեհը, որ թագավորում է Ծոփքում: Միաժամանակ իրենց անկախությունը վերագտան նաև Փոքր Հայքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները, որտեղ համապատասխանաբար թագավորում էին Միհրդատ և Պտղոմեոս Երվանդունիները:

Այս քայլով Արտաշես Առաջինը փաստորեն Հայաստանում սկիզբ դրեց նոր թագավորական` Արտաշեսյան հարստության (մ.թ.ա. 190-1), որին վիճակված էր հզորագույնը լինել հայոց ողջ պատմության ընթացքում:

Չի բացառվում, որ Արտաշեսը նախապես Հռոմի հետ պայմանավորված լիներ համատեղ հարված հասցնել ընդհանուր թշնամուն` Սելևկյան թագավորությանը:

Մագնեսիայում կրած պարտությունից հետո, բնականաբար, սելևկյաններն անմիջապես չէին կարող արձագանքել Հայաստանի իրադարձություններին, և Արտաշեսը ժամանակ ուներ կարգի գցելու իր գործերը հայրենիքում:

Անկախության հռչակումից անմիջապես հետո հայոց արքան ամբողջացրեց իր երկրի սահմանները. նա նվաճեց Հայաստանի ծայրագավառները, որոնք անթողության տարիներին անջատվել էին երկրից: Մի քանի տարվա մեջ Արտաշես Ա-ն կարողացավ ամբողջացնել հայոց թագավորության սահմանները:  Նա նախ արշավեց արևելք` հասնելով Կասպից ծովի ափերը` իր տերությանը միավորելով Փայտակարանն ու Կասպիականը: Ապա միավորեց Գուգարքը և հյուսիսի երկրները: Ամբողջացնելով երկրի սահմանները հյուսիսում և արևելքում` նա վճռական հարված հասցրեց Սելևկյան պետությանը և հարավում ազատագրեց Տմորիքը: Արտաշեսի պետության սահմաններից դուրս մնացին միայն Ծոփքը, որտեղ թագավորում էր իր բարեկամն ու դաշնակիցը` Զարեհ Երվանդունին, Փոքր Հայքը և Կոմմագենեն: Արտաշեսը զերծ մնաց հայոց այս երկրներն իր տերությանը միավորելուց, քանզի այնտեղ գահակալում էին իր դաշնակիցները: Նրա կիսատ գործը հետագայում ավարտին հասցրեց թոռը` Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55):

Արտաշեսի այս միավորիչ գործունեության մասին մանրամասներ է հաղորդում նրա ժամանակակից հույն պատմիչ Ստրաբոնը, որ նշելով նրա կողմից Հայաստանի միավորումը` գրում է. «…Այսպիսով բոլորը միալեզու եղան..»: Այսինքն` կարճ ժամանակում հայոց արքան կարողացավ իր թագի շուրջ համախմբել հայոց բզկտված պետությունը:

Ամբողջացնելով երկրի սահմանները` Արտաշեսն անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա հողային և վարչական բարեփոխումներ իրականացրեց Հայաստանում: Հստակ նշեց երկրի նահանգների, գավառների սահմանները: Մեծ Հայքը բաժանեց 15 աշխարհների և 120 գավառների: Գավառների ու նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց` համապատասխան արձանագրություններով: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ` նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ չորս բդեշխությունները` այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին, ամրացրեց ու առավել մարտունակ դարձրեց հայոց բանակը: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ո՛չ լեռնային և ո՛չ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Այս միջոցառումների շնորհիվ Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի զորեղ պետություններից մեկը` ընդունակ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի: Այնքան հզոր ու ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա համարձակորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը` իր մոտ ապաստանելով պունիկյան երկրորդ պատերազմից հետո իր մոտ փախած Կարթագենի զորավար Հաննիբալին:

Քերթողահայր Մովսես Խորենացին փաստում է. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով` քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ հույն պատմիչ Պլուտարքոսը հենց Հաննիբալին է վերագրում Արտաշատ մայրաքաղաքի նախագծման պատիվը: Ըստ ավանդության` Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է հայոց դշխոյի` Սաթենիկի աչքի պատկերով: Մայրաքաղաքը շեն ու բարեկարգ էր և գտնվում էր Արարատյան դաշտի սրտում` Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում` ներկայիս Խոր վիրապի մատույցներում: Արտաշատն այնքան ամուր ու գեղեցիկ էր, որ հռոմեացի պատմիչները նրան անվանում էին «Հայկական Կարթագեն»:

Քաղաքում դեռևս Արտաշեսի ժամանակներից թատրոն է գործել, այն Արևելքի վաճառաշատ ու մարդաշատ քաղաքներից էր, այնտեղ էին տեղակայված հայոց արքունիքը, հայոց արքաների պալատները, պետական դրամահատարանը, Անահիտ աստվածամոր տաճարը… Արտաշատ մայրաքաղաքը հայոց մայրաքաղաքներից ամենահարատևն էր: Արտաշատը կարճատև դադարներով Հայաստանի մայրաքաղաք հանդիսացավ շուրջ յոթ հարյուրամյակ:

Բացի Արտաշատից, հայոց արքան իր երկրի տարբեր վայրերում մի շարք այլ քաղաքներ կառուցեց` իր հոր պատվին անվանելով Զարիշատ, Զարեհավան…

Միայն տասնամյակներ, անց քիչ թե շատ ուշքի եկած Սելևկյան պետությունը փորձ արեց դարձյալ ծնկի բերել Հայաստանը: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Հռոմի հարաբերությունները լարված են Հաննիբալի պատճառով, սելևկյան Անտիոքոս Դ Եպիփանես արքան մեծ զորքով մ.թ.ա. 164 թ. ներխուժեց Տմորիք: Սակայն Արտաշեսը կարողացավ ջախջախել սելևկյան բանակն ու դուրս քշել իր երկրի սահմաններից:

Արտաշես Առաջինն իր արձանագրություններում կոչվել է Բարի` բարեպաշտ, որն արտացոլում է հայրենասեր ու զորեղ միապետի նվիրումն իր պետությանն ու ժողովրդին: Սակայն պատմությունը նրան տվեց նաև «Մեծ», «Աշխարհակալ» տիտղոսները, որոնք նույնպես արտացոլում են Արտաշես Առաջինի` որպես հայոց թագավորի, կարգավիճակը:

Ժողովուրդը սիրելի թագավորի մասին բազում ավանդություններ է հյուսել: Նրանցից գեղեցկագույնը, ինչ խոսք, Արտաշեսի և Սաթենիկի մասին պատումն է: Արշավելով հյուսիս` Արտաշեսը ծնկի է բերում Կովկասյան լեռնականներին և ճակատամարտերից մեկի ժամանակ գերելով ալանաց չքնաղ արքայադստերը` Սաթենիկին, նրան կին է առնում:

Ճակատամարտի սկզբում Արտաշեսը նախ գերում է ալանաց արքայազնին: Եվ Սաթենիկ օրիորդը եղբորն ազատելու նպատակով դուրս է գալիս իր վրանից և կոչ ուղղում հայոց արքային.

Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,

Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին.

 Ե՛կ լսի՛ր ալանների գեղաչյա դստերս խոսքերին

 Եվ տուր պատանուն:

 Որովհետև օրենք չէ՝ որ քենի համար դյուցազունները

 Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն

 Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն,

 Եվ երկու քաջ ազգերի մեջ

 Մշտնջենավոր թշնամություն հաստատեն:

 Եվ հայոց արքան հմայվում է Սաթենիկի գեղեցկությամբ ու քաջությամբ, սիրահարվում նրան:

Հեծավ արի Արտաշես արքան գեղեցեկ սև ձին,

Եվ հանելով ոսկեգօծ շիկափոկ պարանը,

 Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,

 Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը,

 Ձգեց մեջքը ալանաց օրիորդի,

 Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,

 Արագ իր բանակը հասցնելով:

Հետաքրքիր ավանդապատում է պահպանվել նաև Արտաշես Առաջինի մահվան վերաբերյալ: Մ.թ.ա. 160 թ. Մարանդում, արդեն զառամյալ հասակում, հայոց արքան հիվանդանում է: Նա Աբեղյան տոհմի Աբեղո իշխանին ուղարկում է Անահիտ աստվածամոր տաճարը` տիրամորից առողջություն խնդրելու: Սակայն մինչ իշխանի վերադարձն արքան հոգին ավանդում է ասելով.

Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի

 Եվ առավոտը Նավասարդի,

 Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.

 Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

 Ինչպես կարգն էր թագավորների... 

Այնքան մեծ էր ժողովրդի վիշտը սիրելի գահակալի մահվան առթիվ, որ շատերը նրա մահվան մահճի մոտ ինքնասպան էին լինում վշտից: Տեսնելով դա` նրա որդին և գահերեցը` Արտավազդը, բողոքում է. «Դու մեռար և քեզ հետ տարար շատերին, ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ…»:

Այնքան մեծ էր հայոց Արտաշես Ա թագավորի հանդեպ ժողովրդական սերը, որ անգամ նրա մահից երկու դար անց հայոց գահին տիրացած օտարները ժողովրդի սիրտը շահելու համար իրենց անվանափոխեցին Արտաշես` հանձինս Զենոն-Արտաշես Գ (16-34) կամ Տրդատ Ա (66-88) թագավորների:

 

Վահե Անթանեսյան