Երբ «էլիտան»` ընտրանին, ընտրասերված չէ…

լիսկա2 Անցած շաբաթվա թիվ մեկ աղմկահարույց իրադարձությունը  դարձավ հունիսի 2-ի գիշերը Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի տան մոտ կատարված սպանությունը: Գլխավոր դերերում էլ մարզպետն ու նրա շրջապատն էին, թե կոնկրետ ո՞վ, հավանաբար կասեն իրավապահները:

 Սկանդալային միջադեպերից «աչք չենք» բացում

Միջադեպը, իհարկե, զվարճալիների ու զավեշտալիների շարքը չի կարելի դասել, քանի որ մի մարդ սպանվել, երկուսն էլ վիրավոր են, ընդ որում` մեկը ազգային բանակի գնդապետ: Չենք ուզում անդրադառնալ դեպքի «պատմական արմատներին» ու առավել ևս` մանրամասներին, քանի որ առանձնապես մանրամասներ էլ չգիտենք:

Մեզ համար, որպես հասարակության, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որպես ազգի, պակաս կարևոր չէ, թե ինչու են Հայաստանում վերջին շրջանում այդպիսի միջադեպեր գրանցվում, և այս ամենը դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի: Էլ Գյումրիում են կրակոցներ հնչում, էլ փաստաթղթեր են հրապարակվում, որոնք վարչապետին ու բարձրաստիճան հոգևորականին կտրում են իրենց տրամաբանական իրականությունից ու տեղափոխում այլ` անհասկանալի ու արատավոր իրականություն, մեկ էլ, երբ դեռ նախորդները չէինք հասցրել մարսել, նոր կրակոցներ են հնչում արդեն Սյունիքում, ու դարձյալ մարդկային կյանքի կորստով, ու դարձյալ գլխավոր դերերում են իրենք իրենց քաղաքական ու իշխանական «էլիտա» համարողները:

Կարծում ենք` Հայաստանում չկա որևէ ողջամիտ մարդ, որ համոզված չլիներ, թե Սյունիքի մարզպետի բոլոր «քաջագործությունների»` անպատժելիությունը նման հետևանքների է հանգեցնելու: Համոզված ենք` բոլոր նորմալ ու  բանական մարդիկ հասկանում ու համոզված էին, որ երբ Սուրիկ Խաչատրյանը ծեծում է երեխային ու անպատիժ մնում, երբ նա, տեսախցիկներից անգամ չխորշելով, հարվածում է կնոջը ու հետո շարունակում պաշտոնավարել, դեռ մի բան էլ «Մարտական խաչ» է ստանում, ապա մի օր այդ ամենը շատ վատ ավարտ է ունենալու: Ահա և վատ` շատ վատ ավարտը. մեկի կյանքն ընդհատվեց, մյուսն էլ կյանքի ու մահվան կռիվ է տալիս:

Արամ Մանուկյան«Հայաստանում իշխանությունը ստեղծել է մի միջավայր, որտեղ թույլատրվում է հանցագործություն անել ու չպատժվել: Այդպիսի տասնյակ դեպքեր կարող ենք նշել, որ կրակում են, թիկնապահները ծեծում են և այլն: Սա գնալով պիտի հաճախանա, քանի որ այս մարդկանց ապրելու ձևը սա է, այս մարդկանց ստեղծած մթնոլորտը, համակարգը սա է»,- անդրադառնալով միջադեպին` նշում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և շարունակում իր միտքը, թե կադրերն այստեղ մեղավոր չեն, անգամ` այդ կրակողները, նրանց հովանավորները` մարզպետը, քաղաքապետը, այլ ամենաթողությունն ու «բեսպրեդելն» է մեղավոր, որ ստեղծվել է իշխանության կողմից: ՀԱԿ-ի պատգամավորը հավելեց, որ այնպես չէ, որ Սուրիկ Խաչատրյանը հանկարծ վերցրել ու հանցագործություն է կատարել. «Ինքը չէր կարող չանել, ինքն այդ միջավայրում է, ու եթե այդպես չաներ, կարող էր ավելի վատ վիճակում հայտնվել»: ՀԱԿ-ի պատգամավորի այս դիտարկումն առավել քան ուշագրավ է, քանի որ  նրա նշած ամենաթողության ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակ, երբ իշխող կուսակցությունը հենց իր հարազատ կուսակցությունն էր` ՀՀՇ-ն, բեսպրեդելի հիմքերը ՀՀՇ-ի իշխանության տարիներին են դրվել, և Լիսկան էլ հենց այդ տարիների ծնունդն է: 1992 թ.` պատերազմի ժամանակ, երբ Լիսկան զինված մտավ և Գորիսի քաղաքապետարանը գրավեց, օրենքը և իրավապահ մարմինները ոչինչ չարեցին, քանի որ Լիսկայի հովանավորները  իշխանության ամենաառանցքային դեմքերից էին: Այն ժամանակ ընդհանրապես իշխանական թևից ոչ ոք չէր պատժվում, հիմա գոնե հույս կա, որ կարող է պատժվել:

«Ոճիր և պատիժ», եթե, իհարկե, պատժող դեռ մնացել է

Ստյոպա ՍաֆարյանԲայց սովորաբար իրենց ժողովրդավարական հռչակած երկրներում նման դեպքերը ոչ միայն աչքաթող չեն արվում, այլև կայծակնային արագությամբ ստանում են թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական: Իրավական` հետագայում նման դեպքերից խուսափելու համար և քաղաքական, որպեսզի նման միջադեպերը շղթայական ռեակցիայով իշխանական վերնախավի անդրկուլիսյան ինտրիգները չբացահայտեն: Բայց Հայաստանում…

«Նախադեպերը շատ են: Պարզապես, քանի որ Սյունիքի մարզպետն անգնահատելի ֆիգուր է իշխանությունների համար թե՛ ընտրությունները կեղծելու, թե՛ Սյունիքում բռնատիրություն հաստատելու առումով, բնականաբար, ոչ թե նա էր իշխանության պարտքի տակ, այլ իշխանություններն էին նրա պարտքի տակ մշտապես»,- այս դեպքի կապակցությամբ նշեց Ստյոպա Սաֆարյանը և շարունակեց, որ Սյունիքի մարզպետի գոյությունն իր պաշտոնում տարիներ շարունակ եղել է հիասթափության պատճառ շատ ու շատ նորմալ, արժանապատիվ մարդկանց համար:

Սյունիքի մարզպետի հայտարարությունը  («Լավ է, որ քնած եմ եղել, որ արթուն լինեի, մի 20 հատ էլ ես էի գլխին շարելու») վերջնականապես հունից հանեց գրեթե բոլորին: Զղջալու փոխարեն մարդը դեռ մի բան էլ հոխորտում էր: Որովհետև նախկին բոլոր «հերոսությունների» համար Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք օրենքի լեզվով չխոսեց:

Մարդիկ կարծես աչքաթող արեցին նաև այն հանգամանքը, թե ինչ գործ ունեին զինված թիկնապահները կամ պահակազորը մարզպետի տանը և կողքին: Օրենքով դա թույլատրված չէ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մարզպետը թիկնազոր է պահում,  երբ դա ոչ միայն օրենքով նախատեսված չէ, այլև արգելված է: Հենց նման դեպքերից խուսափելու համար էր թիկնազորից հրաժարվելու մասին որոշումը կայացվել բարձր էշելոններում:

Հիմա արդեն եղածը փոխել ոչ ոք չի կարող: Բուդաղյան եղբայրներից մահացածին ոչ ոք հետ չի բերի, գնդապետ Բուդաղյանն էլ դեռ հիվանդանոցում է: Ու այս անգամ արդեն կարևոր է, թե ինչ քննություն կընթանա, իրական հանցագործն ըստ արժանվույն պատիժ կստանա՞, թե հերթական անգամ ծածկադմփոց կարվի հերթական աղմկահարույց պատմությունը: Էլ ավելի կարևոր է, թե ինչպիսի գնահատական կտան իրենց կուսակից ընկերոջն ու «զինակցին» իշխող կուսակցության անդամները, որովհետև հետագա զարգացումները, պարզից էլ պարզ է, կընթանան միայն սուբյեկտիվ` քաղաքական դիրքորոշման պայմաններում: Համենայն դեպս, այդպիսին է մեր երկիրը. պետք է վերինը որոշի, թե ստորինն ինչ պատիժ կկրի, ոչ թե օրենքը:

«Ժամանակից առաջ չընկնենք, եթե դեպք է պատահել, կարծում եմ` լավ չէ, որ հետաքննության ընթացքում գնահատականներ տանք կամ փորձենք ինչ-որ բան մեր վերլուծականով ներկայացնել: Եթե մարդը հանցանք է կատարում, բնականաբար, պետք է պատժվի,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` դեպքի կապակցությամբ հայտնելով իր կարծիքը:- Ինձնից սկսած` ցանկացած մարդ, որ հանցանք կկատարի, պետք է ադեկվատ պատիժ ստանա»:

Կարծես թե անցավ նաև այն փուլը, երբ փորձում էին Լիսկային արդարացնել, թե իբր նրա տան վրա է հարձակում եղել,  թե պաշտպանվել են: Ամեն դեպքում, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է առնելու:

 

 

 

 

Tags: ,