Հունիսի 14-ին հարևան Իրանում տեղի կունենան 11-րդ նախագահական ընտրությունները: Իրանի նախագահի մոտ 700 թեկնածուներից այս պահին ընտրապայքարը շարունակում են 8-ը: Երկրի ընտրական համակարգն այնպիսին է, որ թեկնածուները նախօրոք գրանցվում են, հետո սահմանադրության պահապանների խորհուրդ կոչվող բարձրագույն մարմինն արդեն քննում է թեկնածուների գործերի համապատասխանությունը երկրի սահմանադրությանը: Փաստորեն, մոտ 700 գրանցված թեկնածուներից այդ խորհուրդն ընտրել է ութ քաղաքական գործիչների թեկնածությունը և լիազորել այդ թեկնածուներին` շարունակել իրենց հետագա ընտրապայքարը:
Իրանի զարգացումներին ուշիուշով հետևող փորձագետներն ընտրությունների հիմնական ինտրիգը կապում էին նախօրոք գրանցված թեկնածուներից նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտերիմ թիմակցի` Ռահիմ Մաշայիի անունների հետ: Բայց խորհուրդը մերժեց նրանց թեկնածությունը, և նրանք հնարավորություն չստացան շարունակելու իրենց հետագա ընտրապայքարը: Այդպիսով իրանագետները համոզված են, որ ընտրությունների ինտրիգային հնարավորությունները սպառված են:
Իրանի նախագահի թեկնածուները մոտենում են ընտրական վերջին հանգրվանին
Ներկայումս արդեն որպես նախագահի թեկնածու հանդես եկող ութ թեկնածուներն Իրանի հասարակությանը լավ հայտնի են. նրանք ժամանակին զբաղեցրել են բավական բարձր պաշտոններ, և նրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք հենց այս պահին էլ բարձր պաշտոն ունեն: Բոլորը գիտությունների դոկտորներ են, լավ տիրապետում են Իրանի խնդիրներին: Նրանց մի մասը պահպանողական ուժը ներկայացնող գործիչներ են, մյուս մասը` բարեփոխական:
«Պահպանողականների մեջ ներկայումս ներքին համաձայնություն կա, և թեկնածուներից մեկը պետք է իր թեկնածությունը հանի մյուսի օգտին: Այսինքն` ներկայումս առավել մեծ շանսեր ունեցող քաղաքական գործիչները հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին է, երկրորդը` Ազգային անվտանգության բարձրադիր խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, որ նաև միջուկային հարցով գլխավոր բանագնացն է, և երրորդը Թեհրանի քաղաքապետ Դալիբաֆն է: Այս երեքից յուրաքանչյուրը հաղթելու մեծ շանսեր ունի: Սակայն, իմ կարծիքով, մեծ դեր կարող է ունենալ հոգևոր առաջնորդի կարծիքը, քանի որ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, հոգևոր առաջնորդն ընտրապայքարի վերջին փուլում կողմնորոշվեց Ահմադինեժադի կողմը, և հասարակության մեծ մասը քվեարկեց վերջինիս օգտին: Այս պահի դրությամբ, սոցիալական հարցումներից դատելով, առաջին տեղում է Վելայաթին: Մեծ ընտրազանգված ունեն նաև բարեփոխական ուժերը, սակայն նրանք քարոզչությունն իրականացնելիս լրատվամիջոցների հետ հարաբերություններում կարծես մի քիչ սահմանափակ հնարավորություններ ունեն: Հիմա բարեփոխականներից մեծ շանսեր ունեցող ևս երկու գործիչ կա` Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի խորհրդական Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ռոհանին: Ինչ-որ պահի հնարավոր է` նրանք իրենցից մեկին ընտրեն որպես բարեփոխականների միասնական թեկնածու: Այս հարցում էլ կարևոր կլինի Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամիի դիրքորոշումը»,- իրավիճակը նյերկայացրեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, եթե վերլուծելու լինենք իրավիճակը, ապա հիմնական պայքարը կընթանա այս երկու թևերի` պահպանողականների և բարեփոխիչների միջև, բայց նրանց միջև կա նաև գործող նախագահ Ահմադինեժադի թևը, որը կարծես դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե նշված թեկնածուներից ում է աջակցելու. կարծես վերջին շրջանում խոսվում է Ջալիլիին աջակցելու մասին:
Արմեն Իսրայելյանը նաև կարծիք հայտնեց, որ Իրանում ներկայիս դրությամբ հանգիստ ու նորմալ ընտրապայքար է ընթանում, Ռաֆսանջանիի և Մաշայիի խաղից դուրս գալուց հետո որևէ ինտրիգային իրադարձություն չի ծավալվում:
«Կարծում եմ` ընտրապայքարը հանգիստ ուղիով կընթանա, և հետընտրական փուլում չեմ կարծում, որ ինչ-որ խռովություններ ու զարգացումներ լինեն: Նախ` այն թեկնածուները չկան, որ կառաջացնեն այդպիսի իրավիճակ, երկրորդ` Իրանի իշխանությունները տիրապետում են երկրի ներքին անվտանգությանը, վերահսկում են իրավիճակը ու որևէ փորձ` դրսից թե ներսից, լրագրողների մասնակցությամբ կամ այլ ուժերի, անմիջապես չեզոքացնում են: Ավելին` ներքին գործերի նախարարությունը վերջերս հայտարարեց նույնիսկ, որ հնարավոր է` ընտրությունների օրերին երկրի սահմանները որոշ ժամանակով փակվեն արտաքին միջամտությունը բացառելու նպատակով»,- ասաց Արմեն Իսրայելյանը:
Ի՞նչ նորություն կբերի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ Իրանի նոր նախագահը
Ինչ վերաբերում է Իրանի նախագահի թեկնածուների քաղաքական վարքագծին ու քարոզարշավի էությանը, ապա մասնագետների կարծիքով` բոլորի մոտ կարմիր թելի նման անցնում է տնտեսությունն առողջացնելու գլխավոր խնդիրը: Նման տեսակետ հայտնեց նաև իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նա նշեց նաև, որ սա է թիվ մեկ խնդիրը բոլոր թեկնածուների համար, որովհետև այսօր Իրանում նկատվում է տնտեսական բավականին լուրջ ճգնաժամ, որն առավելապես կապված է Իրանի նկատմամբ իրականացված պատժամիջոցների հետ:
«Օրինակ` Իրանի նախկին արտգործնախարար Ալի Վելայաթին կարծում է, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել Արևմուտքի հետ հարաբերություններին և այդ հարաբերությունների միջոցով կարողանալ նվազեցնել այդ պատժամիջոցների ազդեցությունը: Իսկ դրա միջոցով կկարողանան տնտեսությունը ոտքի կանգնեցնել: Հաջորդ թեկնածուն` Դալիբաֆը, կարծում է, որ կկարողանա Իրանի տնտեսությունը ոտքի կանգնեցնել առաջիկա երկու տարիների ընթացքում: Այսինքն` յուրաքանչյուրն ունի իր թեզը, բայց բոլորի թեզերը վերաբերում են տնտեսական խնդիրները լուծելուն»,- նշեց Գոհար Իսկանդարյանը:
Մեզ համար թերևս կարևոր է, թե ինչպես կանդրադառնան Իրանի նախագահական ընտրությունները տարածաշրջանային զարգացումների, հայ-իրանական հարաբերությունների և Իրանի հայ համայնքի վրա, որովհետև տնտեսական շրջափակման պատճառով մեր երկու «պատուհաններից» մեկի մասին է խոսքը: Այսինքն` Իրանի ընտրությունները և այդ երկրում ընթացող ցանկացած զարգացում մեզ համար արդեն ռազմավարական նշանակություն է ստանում:
Մասնագետներն այս առումով նշում են, որ ութ թեկնածուներից ով էլ լինի Իրանի նախագահ, միևնույն է, Հայաստանի հետ հարաբերությունները բացասական առումով որևէ լուրջ փոփոխություն չեն կրելու:
«Որովհետև, ի վերջո, Իրանի արտաքին և ներքին քաղաքական կուրսերը մշակվում են հոգևոր առաջնորդի գիտությամբ և հեռահար ծրագրերով: Ու նախագահի փոփոխությամբ որևէ փոփոխություն չի կարող իրականանալ քաղաքականության մեջ: Կարող են հռետորաբանությունները փոխվել, առկա գույները փոխվել` լավի կամ վատի, բայց բովանդակությունն ինքնին չի կարող փոխվել: Եվ ութից ով էլ լինի նախագահ, ես կարծում եմ` հայ-իրանական հարաբերությունները կմնան այնպես, ինչպես կան, եթե զարգացում չունենան»,- համոզմունք հայտնեց Գոհար Իսկանդարյանը:
Իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ այս առումով կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային քաղաքականության վրա Իրանի նախագահական ընտրությունները կարող են ազդել այն դեպքում, երբ ինչպես 2009 թ. ընտրություններից հետո եղավ, այդ երկրում հետընտրական ներքին լարվածություն առաջանա, ինչը բացառված չէ: Ուղղակի հարցն այն է, որ ներկայիս թեկնածուների մեջ, ինչպես նշվում է, չկան ինչ-որ մարդիկ, որոնք հանգեցնեն այնպիսի վիճակի, ինչպիսին ստեղծվեցին անցած ընտրություններից հետո: «Այնպես որ Իրանի ընտրությունները տարածաշրջանային քաղաքականության վրա կանդրադառնան, եթե երկրում ինչ-որ ներքին լարվածություն առաջանա, ու այդ լարվածությունն էլ բերի ինչ-ինչ հետևանքներ: Բայց տարածաշրջանում Իրանի քաղաքականության վրա դժվար շատ լուրջ անդրադարձ ունենան նախագահական ընտրությունները: Որովհետև, ինչպես գիտենք, եթե նույնիսկ այդ երկրի արտաքին քաղաքական ուղղությունները մշակվում էլ են ինչ-որ կաբինետներում, միևնույն է, վերջնական հաստատում ստանում են հոգևոր առաջնորդի կողմից»,- եզրափակեց Մհեր Բաղդասարյանը:
Իսկ թե ինչ կստացվի վերջնարդյունքում, կերևա մոտ օրերս, ընտրությունները յոթ սարի հետևում չեն:
Tags: ընտրություններ, իրան