Հայոց լեզվի և գրականության գնահատականը բողոքարկել է դիմորդների 1,4 տոկոսը

DSCN2227Հայոց լեզվի և գրականության քննության արդյունքներն ընդամենը 122 դիմորդ (1,4 տոկոսը) է բողոքարկել: Միասնական քննությունների առաջին փուլի ավարտից հետո` հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում,  ԳԹԿ մասնագիտական հանձնաժողովները կքննեն բոլոր առարկաների բողոքարկումները և կհրապարակեն  որոշումները:

Հայոց լեզվի և գրականության քննության համար նման հանգիստ մթնոլորտը մի փոքր արտառոց է. սովորաբար դժգոհությունների մեծ ալիք է լինում: Այս անգամ ուսուցիչներն ու դիմորդները բողոքի մեծ ակցիա իրականացրեցին շտեմարանների 1-ին և 2-րդ հատորների հրապարակումից հետո` դժգոհելով արհեստական բարդությունից, առաջադրանքներից, որոնք կոչված են ընդամենը մեխանիկական հիշողություն ստուգելու:

Անի Պողոսյանը ԵՊՏՀ դիմորդ է, ապագա ապրանքագետ: Հայոց լեզվի և գրականության քննությունից 19 է ստացել, իր գնահատականից գոհ է, չնայած քննությունից առաջ վերջին պարապմունքին լրացված թեստից 20 էր հավաքել:

«Թեստը միջին բարդության էր, համենայնդեպս, ավելի տանելի էր, քան շտեմարանի 1-ին և 2-րդ հատորների առաջադրանքները»,- ասում է նա:

Նշում է, որ մեկ միավորն էլ անարդարացի է կորցրել` կարճ պատասխան ենթադրող հարցերից: «Առաջադրանքները 70-90 տոկոսով կատարել էի, բայց գնահատման կարգն այնպիսին է, որ մի թիվ էլ պակաս նշես` միավոր չես ստանում»:

Գնահատման համակարգն անարդարացի է համարում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արդարացի չէ, երբ դիմորդը առաջադրանքի գերակշիռ մասը կատարել է, բայց միավոր չի վաստակում, ինչպես և դիմորդը, ով հարցին չի անդրադարձել ընդհանրապես: Եվ թեստում նման  շուրջ 20 հարց կա:

Այդուհանդերձ, Կարապետյանն ասում է, որ շտեմարաններին կողմ է` դրանցով քննություններն ավելի կանխատեսելի են, դիմորդը քննասենյակում անակնկալի չի գալիս: Բայց նաև նշում է, որ թեստերը կարող էին ավելի որակյալ լինել:

«Թող բարդ լինի, բայց ոչ խճճող»,- ասում է նա` հավելելով, որ ներկայիս շտեմարաններն ու թեստերը մասամբ են գիտելիք ստուգում: Դժգոհում է հատկապես շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից. «Բառապաշարը խրթին է, երևի անգամ հեղինակներն  այդ բառերը չգիտեն, բառարանից են արտագրել: Կամ փոխանակ ստուգեն, թե որքանով է աշակերտը բանաստեղծության գաղափարական բովանդակությունը հասկացել, պահանջում են, որ իմանա, թե քանի տողից է այն բաղկացած»:

Հիշեցնենք, որ այս տարի  Հայոց լեզվի և գրականության միասնական քննության մասնակցել է 8648 դիմորդ: Միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Tags: , , ,