Փողոցն ու մայթը պետք է ճիշտ սարքել

երևանԳարնանը տեղացած հորդ անձրևները մի լուրջ խնդիր  ջրի երես հանեցին Երևանի կառավարման բնագավառում. անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակումներ ու հեղեղներ եղան: Նույնիսկ որոշ դեպքերում փրկարարների միջամտության անհրաժեշտություն առաջացավ: Օրինակ` Վաղարշյան փողոցում, որպեսզի կիսանկուղային խանութի աշխատակցուհուն փրկեն հեղեղից

 «Երևան ջրի» «հումորը» քաղաքացիների վրա ծանր է նստում

Այդ հեղեղներն ու ջրերի կուտակումները երևակեցին, որ քաղաքապետարանի համար այլևս գերկարևոր խնդիր է ջրահեռացման ու հեղեղատարների հարցերով զբաղվելը: Քաղաքապետարանը, իհարկե, մինչև հիմա էլ պետք է զբաղվեր այս խնդրով: Ու երբ նայում ենք քաղաքապետարանի կայքի «կոմունալ տնտեսություն» բաժինը, որտեղ էլ ջրամատակարարման ու ջրահեռացման մասին կետերն են ու հաշվետվությունները, բացի ջրամատակարարման բարելավմանը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող մեկ-երկու տեղեկություններից, ավելի լուրջ ու հստակ տեղեկատվություն ջրահեռացման ու հեղեղատարների մասին չենք գտնում:

Իհարկե, Երևանի քաղաքապետարանին անմիջապես վերաբերող հարց է սա, սակայն միայն քաղաքապետարանը չէ այս ոլորտի պատասխանատուն: 2005 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն` 10 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով Երևանի ջրամատակարարմամբ ու ջրահեռացմամբ պետք է զբաղվի առաջին հերթին  Veolia Water ընկերության «ենթակայության տակ գործող» «Երևան ջուր» ընկերությունը:

Վերջինս էլ նշում է, թե գարնան սկզբից վերսկսված շինարարական աշխատանքները, կապված մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում բարենպաստ եղանակների հետ, ընդլայնվում են:

«Ներկայումս Ավան, Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջաններում և Երևանի հարակից համայնքներում իրականացնում են 29  տեսակի աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 987 մլն դրամ: Բացի այդ, նորով են փոխարինվում հնամաշ կամ վթարված ջրագծերն ու կոյուղագծերը, կոլեկտորներն ու հեղեղատարները, դիտահորերն ու փականային հանգույցները: Զգալի արդյունք է ակնկալվում նաև Զորավար Անդրանիկի թաղամասի Ա2 բնակելի զանգվածում իրականացվող ծրագրից (պայմանագրի գինը կազմում է 79 մլն դրամ), որտեղ նախատեսվում է շահագործման հանձնել մոտ 1300 գծամետր ջրագծեր և կոյուղագծեր»,- նշվում է ընկերության կայքէջում:

Շատ լավ: Բայց «Երևան ջրում» կարծես ոչ թե անհանգստացած են այս խնդրով, այլ դեռ մի բան էլ «հումորով» են վերաբերվում: Մասնավորապես մայիսի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը, ոչ ավելի, ոչ պակաս,  նշել է հորդառատ անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակման «դրական կողմերը»: «Ինչո՞ւ չենք տեսնում, որ տարիներ առաջ մայթային տարածքներն ու փողոցներն անբարեկարգ էին, և հորդառատ անձրևները ներծծվում էին հողի մեջ կամ անցնում շենքերի գրունտային շերտերի տակ: Այն, որ քաղաքի կենտրոնում եղան նման ջրակուտակումներ, խոսում է այն մասին, որ փողոցները դարձել են ավելի բարեկարգ, և հին ջրահեռացման համակարգը չի կարողանում հեռացնել այնքան ջուր, որքան կուտակվում է սալիկապատ փողոցներում», – ասել էր Կարապետ Օհանյանը, բայց դրանից հետո, անկախ ամեն ինչից, ընդունել, որ ջրահեռացման համակարգում խնդիրներ կան:

«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչը նշել էր նաև, որ առաջիկա 1 ամսում կկազմվի ռազմավարական ծրագիր 25-30 փողոցների համար: «Մոտ 30 փողոցներից գուցե ոչ բոլորում հիմա խնդիր կա, բայց տարիներ հետո ջրակուտակման խնդիր կարող է լինել դրանցից յուրաքանչյուրում, ուստի ավելի լավ է նախօրոք զբաղվել դրանցով»,-  ասել էր Օհանյանը և խոստացել, որ քաղաքապետարանն ու «Երևան ջուրը» կանեն ամեն ինչ հետագայում նման վիճակներից խուսափելու համար:

Սովորենք ջրահեռացում կազմակերպել

Հարց է ծագում, թե ինչ են արել մինչև հիմա, որ նման իրավիճակներ են առաջանում: Այս հարցի պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմեցինք ճարտարագետ-ճանապարհաշինարար Արմեն Հակոբյանին: Նա էլ  ասաց, որ այս ամենի ամենամեծ պատճառը մայրաքաղաքում ծավալված ու ծավալվող սխալ ճանապարհաշինությունն է:

«Սովորաբար ցանկացած ճանապարհ սարքելուց կամ նորոգելուց առաջ, տեղանքին համապատասխան, որոշվում է, թե ինչ թեքություններ պետք է ունենա այդ ճանապարհների ասֆալտ-բետոնային ծածկույթը: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ասֆալտի կամ բետոնե ճանապարհի կենտրոնը պետք է լինի ուռուցիկ, իսկ ծածկույթի երկու կողմերով անցկացված լինեն ջրահեռացման գոգավոր ակոսներ, որպեսզի անձրևներից, ձյունից, կարկուտից առաջացած ջրերը ասֆալտի ուռուցիկ հատվածից հոսեն դեպի կողքերը և այդ  փողրակներով թափվեն ջրահեռացման դիտահորերի մեջ: Նայեք մեր թեկուզ ամենավերջին նորոգված ճանապարհներին, քանի՞ ջրահեռացման փողրակ կհայտնաբերեք. էլ չեմ խոսում այն մասին, որ որոշ դեպքերում դիտահորերի մակարդակը ասֆալտից բարձր է, ու հավաքված անձրևաջրերը չեն կարող թափվել դրանց մեջ, այլ հոսում են փողոցներն ի վար, ու որքան էլ զարմանալի է, հենց մեջտեղով… Պատճառն այն է, որ ճանապարհաշինական ընկերությունների աշխատանքը ոչ ոք չի ստուգել ու չի պահանջել ջրատար փողրակներ թողնել»,- պարզաբանեց Արմեն Հակոբյանը:

Սա փողոցների դեպքում էր, բայց նույնը կարելի է ասել նաև մայթերի վերաբերյալ: Քաղաքներում այդ նույն ասֆալտե ճանապարհների փողրակները ծառայում են նաև մայթերից հոսող անձրևաջրերը դեպի ջրահեռացման դիտահորեր ուղղելու համար:

«Մեկ-մեկ նայում եմ մայթերը սարքողներին ու տեսնում, որ հարթաչափով թելը ուղիղ կապած` շողուլի բերած` գործ են անում, մայթի սալիկ են շարում: Զարմանում եմ, որ դրանց մտքով չի անցնում, որ մայթը պիտի թեթև թեքես դեպի փողոց, որ ջրերը հոսեն եզրաքարերի տակ` ջրահեռացման ակոսների մեջ: Թե չէ դրանց շարած սալահատակից հետո էդ մայթերով քայլել չի լինում»,- մասնագիտորեն բացատրում է 26 տարի սալահատակ շարած վարպետ Կորյուն Ա.-ն:

Այսինքն` այդ հարցերը կարելի էր հեշտությամբ կարգավորել, եթե ժամանակին փողոցի ու մայթերի անհրաժեշտ թեքությունները հաշվի առնվեին, ու այդ փողոցների ու մայթերի համար ջրահեռացման ակոսներ թողնեին: Իսկ ջրահեռացման դիտահորերն էլ մեկ-մեկ մաքրեին: Թե չե ամբողջությամբ ասֆալտ-բետոնե Երևանում ջուրը, որ չի կարողանում նույնքան հեշտությամբ ներծծվել այդ ասֆալտի ու բետոնի մեջ, որքան հողի, սկսում է հոսել ու վերջում դառնում է հեղեղ: Պատասխանատուներն էլ ստիպված «հումորով» պատասխաններ են փնտրում` իրենց չարածն արդարացնելու համար:

 

Tags: ,