Առհասարակ ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտը, բացի ամենառիսկայինը համարվելուց, նաև ամենից շատ ուշադրություն պահանջողն է: Ցանկացած գյուղատնտեսագետ կփաստի, որ գյուղոլորտն առանց աջակցության ուղղակի չի զարգանա: Հայաստանը բացառություն չէ:
Քաղաքակիրթ աշխարհում գյուղատնտեսության ամենագործուն աջակցության ձևերից է ապահովագրական համակարգը: Հայաստանում այս համակարգը բացակայում է: Բայց մեր երկրում էլ գյուղատնտեսությունը որոշակի աջակցություն ստանում է: Օրինակ` կառավարությունն էժան պարարտանյութեր, սերմացու և վառելիք է տրամադրում գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին, սուբսիդավորվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, խորհրդատվություն է տրամադրում և այլն:
Շատ է խոսվում նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերում չարաշահումների, կամայականությունների և այլ բացասական երևույթների մասին:
ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, սակայն, գյուղատնտեսության սուբսիդավորումը նորմալ է ընթանում: Այստեղ գործընթացներն ավելի հասցեական են, որովհետև գյուղացիներն անձամբ վճարում են էժան վառելիքի, սերմի կամ պարարտանյութերի համար, իսկ համապատասխան մարմիններն էլ այդ ապրանքները տանում-հասցնում են գյուղացուն: Անմիջականությունն ակնբախ է: Գյուղատնտեսական վարկերի մասով պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական փոքր վարկերի տոկոսադրույքի 4 տոկոսը, իսկ մնացած 10-11 տոկոսը գյուղացին ինքն է վճարում և այլն: Այս տարի, կարելի է ասել` ՀՀ նորանկախ պատմության մեջ առաջին անգամ, պետությունը նաև բնական աղետի հետևանքները վերացնելու համար, մասնավորապես մայիսյան կարկտահարությունից տուժածներին է աջակցություն ցույց տալիս:
«Հայաստանում բնական աղետների պատճառած վնասների առաջին փոխհատուցումը Արմավիրի մարզի կարկտահարության հասցրած վնասների դիմաց են նախատեսվել, որոնք արդեն ճշտված են թե՛ բանկերի, թե՛ գյուղատնտեսության նախարարության կողմից: Մասնակցում էր նաև ֆինանսների նախարարությունը. մանրամասն հաշվարկներն արվել են: Եվ այս անգամ որոշեցին, ու 100 տոկոս վնաս ստացածների հողի հարկը, ջրի վարձը և այլ վճարները 100 տոկոսով փոխհատուցելու են, 50 տոկոս վնաս կրածինը` 50 տոկոսով և այլն: Մի խոսքով` նորմալ գնաց այս գործընթացը»,- ասաց Հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:
Նրա կարծիքով, սակայն, գյուղատնտեսական խորհրդատվությունը լավագույն վիճակում չէ: Այստեղ, ըստ մասնագետի, թերությունները, բացթողումները շատ են:
«Բազմաթիվ դեպքեր ունենք, որ խորհրդատուներն ուղղակի տեղաշարժման հնարավորություն չեն ունենում. տրանսպորտի հետ կապված հարցեր կան և այլն, չեն կարողանում իրենց գործն արդյունավետ կատարել, բայց ասվում է, թե խորհրդատվություն է մատուցվում»,- նշեց Ջավադյանը:
Նույն կարծիքին է նաև ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա համոզմամբ` այն ծառայությունները, որոնք գյուղացիներին մատուցվում են, պետք է լինեն պայմանագրային, մատուցողը գյուղացու հետ պայմանագիր պիտի կնքի ու դրա շրջանակներում իր ծառայությունները մատուցի:
«Այսինքն` կարգ ու կանոն պետք է մտնի ամեն ինչի մեջ, և եթե խորհրդատվություն է մատուցվում գյուղացուն, ապա համապատասխան գրանցում պետք է լինի, պայմանագրային ակտ գրանցվի, թե ինչ խորհրդատվություն է մատուցվել գյուղացուն և ինչ բարեփոխումներ են արվել այդ խորհրդատվության արդունքում: Այսօր մենք ունենք շատ կազմակերպություններ, այդ թվում` նաև միջազգային ֆինանսավորող կազմակերպություններ, որոնք ինչ-որ ծրագրեր են իրականացնում, բայց պարզվում է` դա գյուղացուն չի հասնում: Եթե գրասենյակն աշխատում է, բայց գյուղացին դրանից որևէ օգուտ չի ստանում, դա արդեն չարաշահում է: Օրինակները բազմաթիվ են. ամենամոտիկ գյուղի գյուղացիներին հարցնելով էլ պարզ կդառնա, թե իրականությունն ինչպիսին է»,- ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահը:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ որպես չարաշահում կարելի է դիտել Հայաստան ներկրվող և գյուղացուն որպես աջակցություն տրամադրվող սերմացուի որակի հարցը: Որովհետև, ասաց նա, ծրագրի առաջին տարում, օրինակ, շատ բարձր որակի ցորենի սերմ ներկրվեց, բայց հաջորդ տարիներին այդ սերմի որակն այնքան էլ բարձր չէր, ու բազմաթիվ բողոքներ կային: Բայց ցորենի սերմը ներկայացվում էր որպես էլիտար և այլն:
Գյուղատնտեսության ոլորտում չարաշահումների մեկ այլ ձև էլ Հրաչ Բերբերյանը նշեց հակակարկտային կայանների օրինակով: «Եթե գյուղացին ոռոգման համար ունի համապատասխան պայմանագիր, էլեկտրացանցի հետ ունի համապատասխան պայմանագիր, չէ՞ որ հակակարկտային կոչված կայաններն էլ ծառայություն են մատուցում ազգաբնակչությանը: Բայց հակակարկտային կայանի կողմից գյուղացու հետ կնքված որևէ պայմանագիր չկա: Այստեղ չարաշահումն այն է, որ հայտնի չէ, թե այդ կայաններն ում համար են աշխատել: Այս առումով համակարգը թերի է, և պարզ չէ, թե որ պայմանագրի հիման վրա է այդ ծառայությունը մատուցվում»,- ասաց նա` հավելելով, որ պատասխանատվության հարց պետք է դրվի, որովհետև եթե էլեկտրացանցը թերություն ունի և մեկի տանը տեխնիկա է փչանում, էլեկտրացանցն է այդ վնասը փոխհատուցում: Իսկ հակակարկտային համակարգերի հետ գյուղացու առնչություններում պայմանագրային հարաբերություններ չկան, հետևաբար նաև պատասխանատվություն չկա, հսկողություն էլ չկա, ու հայտնի չէ, թե նրանք ինչով են զբաղվում, ինչպես են զբաղվում կամ զբաղվո՞ւմ են առհասարակ…
Ի դեպ, «Անկախը» տեղեկություն ստացավ, որ ԱԱԾ-ի կողմից գյուղատնտեսական աջակցության ստուգումներ են ծավալվել, ու հայտնաբերվել են չարաշահուների բազմաթիվ դեպքեր: ԱԱԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծվին Բաղրամյանից փորձեցինք ճշտել, թե ինչ ստուգումներ են եղել դրանք ու ինչ բացահայտումներ են եղել: Ա. Բաղրամյանը զարմացավ մեր հարցից ու նշեց, որ ինքը գյուղոլորտում ԱԱԾ-ի կողմից անցկացված որևէ միջոցառման մասին տեղյակ չէ, և ԱԱԾ-ն էլ ստուգումներ իրականացնող մարմին չէ: Իսկ եթե չարաշահումներ են եղել, ապա այդ հարցերով կզբաղվի դատախազությունը կամ ոստիկանությունը:
Tags: գյուղատնտեսություն, կարկուտ, տնտեսական
