Ո՞ւմ ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը

13199631_news_bigpicՌուսաստանը վերսկսել է  Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումըներառյալ տանկեր, մարտական մեքենաներ, ծանր հրետանի, հրթիռահրետանային նորագույն զինատեսակներ և այլն: Այս մասին տեղեկատվությունը հայտնվեց հենց ռուսական լրատվամիջոցում` «Վեդոմոստի»-ում` ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին հղում անելով: Ընդ որում, մատակարարման գործը, ինչպես նշում է պարբերականըսկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար:

 Ադրբեջանը Ռուսաստանից գնել է հարձակողական պայքարի միջոցներ

Ճիշտ է` պաշտոնապես ո՛չ «Рособоронэкспорт»-ը և ո՛չ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա մասին մեկնաբանություններ չեն արել, բայց հանդես չեն եկել նաև հերքմամբ:

Նշվում է, որ  պայմանագրով նախատեսվում է  Ռուսաստանից գնել  94 հատ Տ- 90-Ս  տանկ, մոտ 100  ՀՄՄ-3 հետևակի  մարտական  մեքենաներ, 18  «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային  համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր,   նույնքան  «Վենա» տիպի  հրետանային համակարգեր  և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետների  վեց համակարգեր : Ընդ որում,  այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները, իսկ  Տ-90Ս տանկերը` լրիվ կոմպլեկտավորմամբ:

Այս ամբողջը համարվում է հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում Ադրբեջանն անընդհատ որ երկրին է սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այս ամբողջ զենքն ու զինամթերքը:

Ճիշտ է` խոսակցություն արդեն կար, որ ռուսական կողմն Ադրբեջանին զինամթերք  է վաճառել, մասնավորապես` T90 տանկեր, բայց որ այդ քանակությամբ նման տեխնիկա են վաճառել, անսպասելի էր:

Ուշագրավ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ու մեր հակառակորդ Ադրբեջանը վաղուց են պայմանավորվածություն ունեցել և արդեն վաճառել են, ոչ թե նոր պիտի վաճառեն և գնեն  նշված սպառազինությունը: Ու բացի տանկերից, նաև` մյուս բոլոր զինատեսակները:

«Սմերչ» համակարգերի մասով կարող եմ ասել, որ ադրբեջանցիները վաղուց էին առնում, մենք գիտեինք, որ նրանք նման համակարգեր ունեն: «Սմերչ»-ները գաղտնի չեն պահվել: Այստեղ խնդիրն այն է, որ «ՄՍՏԱ-Ս» համակարգերը խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային  համակարգեր են, որոնք բավականին արդիական են, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն «Ուրագան»-ների, որոնցից նույնպես գնել են, «ՄՍՏԱ»-ները սպառազինության մեջ են մտել 1989 թ. վերջերին, այսինքն` խորհրդային զինտեխնիկայի վերջին նմուշներից են և բավական արդյունավետ են, մանավանդ լեռնային պայմաններում»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` նշելով, որ այդ կարգի ու քանակի սպառազինություն Ադրբեջանի կողմից գնվելն ուղղակի սպառնում է մեր անվտանգությանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ռուսական կողմն Ադրբեջանին վաճառելով  նման սպառազինություն, կարծես ուժերի հարաբերակցությունը թեքում է հօգուտ Ադրբեջանի: Նման սպառազինության վաճառքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին անհասկանալի է. ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հանդեպ նման կերպ վարվել:

«Այն հանգամանքը, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, դրանով ադեն մոտենում է այն պահը, որ սպառազինություններն օգտագործելով` Ադրբեջանն ինչ-որ պահի արդեն կդիմի լայնածավալ մարտական գործողությունների, եթե մենք շատ ակտիվ հակամիջոցներ ու քայլեր չձեռնարկենք: Եթե համեմատվենք Ադրբեջանի հետ, մեր հնարավորությունները շատ ավելի սուղ են, ու մենք պետք է փորձենք դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ քայլեր անել: Բայց Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում անընդմեջ բարձրացնում է հարցը, որ Ադրբեջանն ակտիվ զինվում է, և սպառազինությունների մրցավազքի սահմանափակման հռչակագրի դրույթներն անընդհատ խախտում է, բայց միջազգային հանրությունը ոչ մի քայլ, առավել ևս` կոշտ քայլեր,  չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ: Այսինքն` հույսը դնել միջազգային հանրության վրա սխալ է: Մնում է երկրորդ տարբերակը. մենք պետք է մեր բանակը զինենք տեխնիկայով ու միջոցներով, որոնք Ադրբեջանին ուղղակի կստիպեն ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից»,- ասաց Հրաչ յա Պետրոսյանցը:

Ռուս-ադրբեջանական սպառազինությունների հարցի առնչությամբ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կոնցեպտուալ առումով որևէ փոփոխություն Ռուսաստանի ռազմատեխնիկական քաղաքականության մեջ, որը նա վարում է վերջին մոտ 2 տասնամյակներում, չի տեսնում:

«Ռուսաստանը, ինչպես մինչ այժմ, շարունակում է զենք և զինամթերք վաճառել Ադրբեջանին շուկայական գներով և Հայաստանին գրեթե ձրի կամ շատ մատչելի գներով տրամադրել համապատասխան զենք-զինամթերքը, որը հնարավորություն է տալիս բալանսավորել ղարաբաղյան կոնֆլիկտի գոտին և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Խնդիրն այն է, որ նույն զենքն ու զինամթերքն Ադրբեջանը նույն հաջողությամբ կարող է գնել նաև այլ երկրներից: Եվ երբ Ադրբեջանը զենք գնեց Իսրայելից անցյալ տարվա մեծ կոնտրակտի ժամանակ, Ռուսաստանը պարտավորված չէր զգում համապատասխան քանակի զենք ու զինամթերք տրամադրել Հայաստանին` կոմպենսացնելու այդ փոփոխությունը: Այս պահին, երբ Ռուսաստանն ինքն է վաճառում այդ զենք-զինամթերքը Ադրբեջանին, ռազմավարական դաշնակցի պարտավորություններից ելնելով, ստիպված է և պարտավորված  Հայաստանին մատակարարել այդ զենքն ու զինամթերքը: Վերջիվերջո, եթե Ադրբեջանը չգնի այդ զենքը Ռուսաստանից, ապա կարող է դա անել յուրաքանչյուր այլ երկրից: Եվ  գուցե զարմանալի թվա, բայց Հայաստանին   ավելի է ձեռնտու, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական առումով համագործակցում է Ռուսաստանի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Այս տեսակետը, այն էլ ոչ մեկ անգամ, հնչել է նաև ռուս վերլուծաբանների շրջանակներում: Մասնավորապես Կովկասյան գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը հենց այս գործարքի կապակցությամբ նշել էր,  թե ռուսական զենքի մատակարարումներն  Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում. «Ադրբեջանին Ռուսական զենքի յուրաքանչյուր մատակարարում, նույնսիկ կոմերցիոն հիմքերով, Հայաստանում նյարդային ու հիվանդագին է ընդունվում ոչ միայն հասարակության կողմից, այլև էլիտայի: Բայց հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում ռուսական ներքին գներով, և դեպի Հայաստան զենքի մատակարարումները բալանսավորում են դեպի Ադրբեջան ռուսական զենքի վաճառքը»,- ասել է նա Vedomosdti.ru-ին:

Իսկ ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն էլ նշել է, թե այս իրավիճակի առումով կարելի է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Այս երկրների կախվածությունը մեկ մատակարարից հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ու Արևմուտքին զսպելու երկու հաճախորդների միջև առաջացած կոնֆլիկտը:

Ճիշտ է` Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, ու հավանաբար սա էլ են հաշվի առնում վերլուծաբանները: Բայց եթե ռազմական գործողություննե՞ր սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները, Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն. այս հարցը շատ լուրջ հարց է, որը պայմանագրով չի երևում:

Բացի այդ, ենթադրենք, թե Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով նույն Ռուսաստանից: Սակայն հնարավոր է, չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու անհրաժեշտության դեպքում. չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք…

Բացի այդ, ռուս վերլուծաբանների նշած պատճառաբանությունը չի կարող հիմնավոր համարվել. Ադրբեջանը չի հայտնվի ռուսական մատակարարումներից կախվածության վիճակում, քանի որ մեր թշնամիները հանգիստ կարող են սպառազինություն ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից ու Իսրայելից, ինչի օրինակն արդեն կա: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության էությունը հուշում է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքը հաստատ սպառնում է:

 Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  հայտարարությամբ հանդես եկավ. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:

Tags: , ,