Իրանը նոր նախագահ ունի, միջազգային հարաբերությունները` նոր հույսեր

RohaniՇաբաթ օրը Իրանում կայացած նախագահական 11-րդ ընտրությունների արդյունքում ընտրողների 50.7 տոկոսի վստահության քվեով  ընտրվեց բարեփոխական ուժերի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի նախկին բանագնաց Հասան Ռոհանին:

 Իրանի նորընտիր նախագահին արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ: Գերտերություններից Իրանի նախագահին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԱՄՆ-ն շնորհավորել է Իրանում անցած ընտրությունները: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, իհարկե ոչ նախագահի, ոչ էլ պետքարտուղարի, այլ Սպիտակ տան ներկայացուցչի մակարդակով հույս է հայտնել, որ բարեփոխական թեկնածուի հետ հետագա երկխոսությունը կստացվի և առաջարկել Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մեջ ընդունված կանոնների համաձայն` սա նոր փուլ կարող է նախանշել մերձավորարևելյան, մասնավորապես` Իրանի շուրջ ձևավորված խնդրի կարգավորման հարցում:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ գրանցվեց այս ընտրությունների արդյունքում, այն է, որ հետընտրական զարգացումներ չկան, իսկ երկրի բնակչությունը, հատկապես` ընդդիմադիր հատվածը, ցնծության մեջ է, քանի որ Ռոհանիին վստահության քվե տվել են նաև Իրանի այն քաղաքացիները, որոնք համարվում են ընդդիմադիր: Ինչպես հեռուստատեսությամբ նշեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը, չի կարելի ասել, թե բարեփոխական նախագահն ընդդիմադիր է, նա ավելի շատ չափավոր պահպանողական է: Իսկ փորձագետն աննախադեպ է համարում այն, որ բոլորը սպասում էին, թե հիմնական պայքարը կընթանա պահպանողականների ու նախագահի աջակցած թեկնածուների միջև, իսկ Ռոհանին երրորդն էր, բայց հաղթեց հենց նա, այն էլ բավական մեծ տարբերությամբ:

Այն, որ հաղթանակ տարավ բարեփոխական ուժի ներկայացուցիչը,  նշանակում է, որ հետընտրական ցույցեր ու զարգացումներ չեն լինի, սա էլ իր հերթին նշանակում է, որ Իրանի դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջուկային խնդրով տարվող բանակցություններում կամրապնդվեն, քանի որ նորընտիր նախագահը վայելում է հասարակության աջակցությունը:

«Դրական փոփոխությունների ակնկալիքը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե նախագահն ինչ քաղաքականություն կորդեգրի այն հիմնական խնդիրների ու հիմնախնդիրների առնչությամբ, որոնք համաշխարհային հանրության մտահոգությունների առարկան են: Դրանք են` իրանա-սիրիական հարաբերությունները, լիբանանյան «Ֆաթխ» կազմակերպության հետ հարաբերությունները և միջուկային հիմնախնդրի առնչությամբ Իրանի դիրքորոշումը: Ահա եթե այս երեք կետերի շուրջ Իրանի նորընտիր նախագահը կտրուկ կամ էական փոփոխություններ իրականացնի, հնարավոր կլինի Իրան-Արևմուտք հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրել, ինչն էլ մեծ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա: Քանի որ, իմ խորին համոզմամբ, Իրանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրը երկրի ներքին տնտեսական իրավիճակն է, ոչ թե արտաքին սպառնալիքները»,- այս առումով նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Սակայն տարբեր փորձագետների համոզմամբ` նորընտիր նախագահը վերոհիշյալ հարցերի առնչությամբ նույն քաղաքական կուրսը կտանի, ինչ նախորդ ղեկավարությունը, ուղղակի  շեշտադրումները փոքր-ինչ կմեղմանան:  Հազիվ թե իրանցիները լիովին հրաժարվեն իրենց դիրքրոշումից, քանի որ, ինչպես տեսնում ենք, պահպանողական ուժերի կողմից արդեն շնորհավորանք կա նորընտիր նախագահին,  հետևաբար այնպես չէ, որ Իրանում լիովին ընդդիմադիր ուժ է գալիս իշխանության: Ուղղակի` ավելի մեղմ քաղաքականություն վարող քաղաքկան ուժ, որն ավելի նուրբ, ոչ այնքան կտրուկ հայտարարություններով կմոտենա խնդիրներին: Հնարավոր է նաև, որ միջուկային խնդրում որոշ առաջընթաց նկատվի, քանի որ Հասան Ռոհանին նախկինում ազգային անվտագության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր, և նա այդ պաշտոնում մեծ հաջողությամբ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Այսինքն` ակնկալվում է, որ միջուկային ծրագրի շուրջ լուրջ առաջընթաց կլինի: Բայց դժվար է ենթադրել, թե Ռոհանին  կհրաժարվի նախկին իշխանությունների որդեգրած հիմնական քաղաքականությունից: Որովհետև նախընտրական շրջանում բոլոր 8 թեկնածուներն էլ հայտարարել են, որ իրենք շարունակելու են Իրանի` միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքի իրականացումը:

«Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն տարածաշրջանում` Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում: Այսինքն` Թեհրանը այնտեղ ծավավող իրադարձություններից բխող որոշումներ կկայացնի: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողություններ կլինեն այդ երկրներում և ինչ զարգացումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ Իրանը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ Իրաքում, թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում, ամեն դեպքում մինչ այժմ նրա ազդեցությունը կա, և դա էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը:

Իհարկե` այն, որ բարեփոխիչների թեկնածուն դարձավ Իրանի նախագահ, մի քիչ, շատ քիչ Իրանի շուրջ լարվածությունը կարող է թեթևացնել: Բայց սա ավելի շատ ուղղված է  ներքին լսարանը հանգստացնելուն: Քանի որ տնտեսական պատժամիջոցներից որոշակի անհանգստություններ, դժգոհություններ կային, ժողովուրդն էլ այդ հաղթանակը ընդունեց, շատ կարևոր փաստ է, որ նախկին նախագահներ Ռաֆսանջանին ու Խաթամին նույնպես աջակցեցին Ռոհանիին: Եվ այստեղ ոչ թե Ռոհանիի անձն է կարևոր, այլ բարեփոխական ուղղվածությունը»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Մի՞թե Ռոհանին խաղաղության հրեշտակն է լինելու

Փաստորեն, Ռոհանին խորհրդանշում է նաև Իրանի հասարակական միասնականությունը, որը վերջին 4-5 տարիներին բացակայում էր Իրանում, և եթե այդպես շարունակվեր, արդեն լուրջ մարտահրավերներ կնետեր արդեն բուն իսլամական համակարգին: Ռոհանիի ընտրությունն Իրանի  ներքին կայունության ամրապնդմանը միտված քայլ էր, և որքան երկրի ներքին կայունությունը կուռ լինի, այնքան մեր հարևաններն արտաքին հարաբերությունները կարող են հօգուտ իրենց ծառայեցնել:

«Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում. Իրանին բոլորը մեղադրում էին հակաժողովրդավարության մեջ, սակայն այսօր նկատում ենք, որ Թեհրանի փողոցներում ցնծում են նախագահական ընտրությունների արդյունքներից, իսկ Ստամբուլի փողոցներում իշխանությունները ցուցարարներին` ընդդիմադիրներին ճնշում են, բռնություններ կիրառում: Սա քարոզչական առումով էլ Իրանի համար շատ լավ հարթակ էր իր դերը բարձրացնելու համար, և արդեն իրանական մամուլից երևում է, որ նրանք անպայման կօգտագործեն այս հանգամանքները: Բնականաբար, դա հանգեցնելու է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման, սակայն էական փոփոխություններ չեն լինելու», -պարզաբանեց իրանագետը` հավելելով, սակայն, որ նախկին փորձը փաստում է, որ բարեփոխական նախագահները կարողանում են ընդհանուր լեզու գտնել Արևմուտքի հետ: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ որոշ վերաձևակերպումներ կարող են ի հայտ գալ` նախկինում կարևորվում էր Իրանի կողմից իսլամական երկրների, Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների խորացումը, սակայն ներկայումս հնարավորություն կա շեշտադրումների փոքրիկ փոփոխություններով փորձել հարաբերությունները լավացնել նաև Եվրոպայի հետ, ու Թուրքիայի ուսերից պոկել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում միակ ու անփոխարինելի առաջատարը լինելու ձգտումն ու շապիկը:

«Շատ հետաքրքրական են Իրանում համեմատաբար բարեփոխիչ նախագահի ընտրությունները, ինչը նշանակում է, որ Իրանն ավելի հստակ երկխոսության կգնա, բանակցությունների կգնա արտաքին աշխարհի հետ, իսկ դա` իր հերթին, նշանակում է, որ Թուրքիայի դերը հակաիրանական ճամբարի առումով, ավելի կիջնի»,- այս հարցի կապակցությամբ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Իրանում  բարեփոխիչ ուժի ներկայացուցչի հաղթանակը նոր սպասումներ է բերում մեր տարածաշրջանային զարգացումներում: Մասնավորապես` ամբողջ աշխարհը տեսավ, որ Թուրքիան, որպես Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության մոդել, արդեն կաղում է, և շատերն են խոսում Թուրքիայի «տհաս» ժողովրդավարության մասին: Ու ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ներքին գզվռտոցով, այնքան ավելի քիչ ժամանակ ու էներգիա կունենա արտաքին աշխարհի, միջազգային քաղաքական հարաբերություններում:

 

Tags: , ,