Ջրի խնդիրը մեր դռանն էլ է չոքելու

ջուրԸստ հոռետեսական կանխատեսումների` հաջորդ դարում Երկիր մոլորակի վրա ամենաթանկ ապրանքը կհամարվի ջուրը: Իսկ իրականում մեր մոլորակն այսօր իրոք կանգնած է ջրային ռեսուրսների սպառման խնդրի առջև. չկրկնենք օվկիանոսների անպիտան ու քաղցրահամ` պիտանի ջրերի հարաբերակցության մասին  հազար անգամ հնչած թվերը:

 Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է զարգացած, բայց  ոչ միատարր հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն: Հայաստանի Հանրապետություն տարեկան միջին հոսքը կազմում է 7190 մլն խորանարդ մետր, ներառած անդրսահմանային վտակները` Արաքսը և Ախուրյանը: ՀՀ-ում այս գետերից տարեկան սպառվում է 940 մլն խմ ջուր: Բացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա  շոգ եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբար, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խորանարդ մետր ջուր: Բայց այս ամենով հանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու: 

Եթե ջրային պրոբլեմը չենք լուծում, չենք լուծում պարենային, վառելիքաէներգետիկ և բնապահպանական պրոբլեմները:

Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդը, կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32 տոկոսը: Մնացած ջրերը հոսում են Հայաստանից դուրս:  Մեր 79 արհեստական ջրամբարներում  ընդամենը 1 մլրդ խմ ջուր  կա, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Փաստորեն, ունենք ամբարված ընդամենը 750-760 մլն խմ ջուր: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշարներ, և  ուզում ենք  դրանք հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի  հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, մենք ունենալու ենք երկու խոշորագույն պրոբլեմ: Առաջինը գլոբալ տաքացումն է, որը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման, տեղումների որոշակի նվազման և գոլորշիացման  ավելացման, և այն 7.3 միլիարդը, կդառնա 5.4 միլիարդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որոնք կհանգեցնեն Արաքսի պաշարների կրճատման:

«2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ-ի և չի բարձրացվելու: Ամեն տարի 300 մլն-ով Սևանի ջրերը թարմացվելու են, միաժամանակ 300 մլն խմ-ով բաց է թողնվելու: Հիմա եթե այդ բաց թողնված ջուրը «չբռնվի», գումարվելու է Արաքս լցվող ջրերին, այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացնելուց հետո, կդառնա 1.1 մլրդ խմ: Այսինքն` առաջանում է ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր: Ջրի կռիվը նոր է սկսվում, բերեք այս գլխից չպարտվենք, որովհետև գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ջրային ռեսուրսների խիստ կարիք կարող է առաջանալ. մեկը կամբարի ու կվաճառի, մյուսը` չի ունենա»,- Հանրային խորհրդում Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցման հարցի քննարկման ժամանակ նշել է Վլադիմիր Մովսիսյանը:

Իսկ ո՞վ պետք է լուծի մեր ջրային անվտանգության հարցերը: Պարզվում է`  Հայաստանում գոյություն ունի «Ջրի ազգային ծրագիր»: Ավելին` կա նաև «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենք, որի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման և օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, ՀՀ ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:

2002 թ. հոկտեմբերի 17-ից, կառավարության որոշմամբ, ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Այս կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2008-2012 թթ. առաջնահերթ միջոցառումներից և ոչ մեկը չի վերաբերում ջրամբարաշինությանը: Կոմիտեի կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն` իրականացվել կամ դեռևս ընթացքի մեջ են 24 վարկային ծրագրեր, որոնցից միայն երկուսն են ուղղված պատվարների անվտանգության բարձրացմանը, և մեկը Կապսի ջրամբարի վերանորոգման ծրագիր է: Մնացածը համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր են: Կառավարության այս տարվա ծրագրում  նույնպես որևէ դրույթ չկա, որը հիշեցնի Հայաստանում ջրային ռեսուրսների վերոհիշյալ խնդիրների մասին և դրանց ուղղությամբ իրականացվելիք որևէ ծրագիր նախանշի:

Թերևս միակ ծրագիրն այս հարցերի ուղղությամբ կարելի է համարել Սևանի մակարդակի բարձրացումը: Սևանից այժմ տարեկան մոտ 150 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում: Միջինը: Ըստ «Սևանի մասին» օրենքի` թույլատրվում է բաց թողնել մինչև 170 մլն խմ ջուր: Բայց Սևանի մակարդակը մինչև 3.5 մ բարձրանալու դեպքում, ինչպես նշեցինք,  տարեկան հնարավոր կլինի մինչև 300 մլն բաց թողնել: «Այս տեսանկյունից փոխանակ ջուրը տանենք լցնենք Արաքս և ուղարկենք թուրքերին… Էլեկտրաէներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ է Էներգիա արտադրելուց հետո կուտակել այդ ջուրը, միշտ ունենալ կուտակած, որպեսզի հետագայում օգտագործվի  հազարավոր հեկտարների ջրապահովվածության մակարդակը բարձրացնելու համար», – ՀԽ քննարկումներից մեկի ժամանակ նշել է Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը:

Իհարկե, ունենք նաև ստորգետնյա ջրերի պաշարներ` մոտ 3.3 մլրդ խմ: Բայց վերջին տարիներին այդ ստորգետնյա ջրերն այն աստիճանի են օգտագործվել, որ մինչև վերջին 1,5 տասնամյակն Արարատյան հարթավայրում մարդիկ տուն կառուցելիս նկուղային հարկ չէին նախատեսում ջուր հավաքվելու պատճառով: Այսօր նկուղներով տներ կառուցում են` առանց վախենալու ջրերից: Հետևություն անելը դժվար չէ:

Հայաստանում, իհարկե, կան մի քանի նոր ջրամբարներ կառուցելու ծրագրեր: Այդ մասին նույնիսկ իր նախընտրական ելույթների ժամանակ նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց թե երբ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն, հայտնի չէ, քանի որ մինչ օրս այս ուղղությամբ ընդամենը մեկ իրական ծրագիր է ներկայացվել` Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցումը, որն այդպես էլ մնացել է որպես ծրագիր: Հաջորդիվ կանդրադառնանք այդ հարցին ևս:

 

 

Tags: , ,