Ջրամբարներ կառուցելու ծրագրերը մնացել են թղթի վրա

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՆախորդ համարում «Անկախն» անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների խնդիրներին` հանգելով ջրամբարների կառուցման հույժ կարևոր խնդրինԲացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբարներ, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր: Այսուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու:

 Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները ջրամբարներով պետք է լուծել

Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդ-ը կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32%-ը: Մնացած ջրերը Հայաստանից հոսում են դուրս: Այսօրվա  դրությամբ ունենք 79 արհեստական ջրամբարներ, որոնցում պահեստավորվում է ընդամենը 1 մլրդ խմ ջուր, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Եվ,  փաստորեն, ջրամբարներում ընդամենը 750-760 մլն խմ ջուր ունենք: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշար և ուզում ենք այն հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում ունենալու ենք երկու լուրջ խնդիր:

Առաջինը գլոբալ տաքացման հետևանքով ջերմաստիճանի բարձրացման և այդ դեպքում տեղումների որոշակի նվազման ու գոլորշիացման  ավելացման խնդիրն է, որի դեպքում մեր ունեցած 7.3 մլրդ խմ մակերեսային հոսքի պաշարները, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի  հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, կդառնա 5.4 մլրդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները երկուստեք համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որը կհանգեցնի Արաքսի պաշարների կրճատման:

Այս կապակցությամբ Հայաստանում շրջանառության մեջ դրված «Ջրի ազգային ծրագիր» փաստաթղթի շրջանակներում նախատեսվում էր կառուցել ջրամբարներ: Հունվարի 31-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ, այն ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2013-14 թթ. Հայաստանում երեք խոշոր ջրամբարներ կկառուցվեն: Սարգսյանի խոսքով` ոռոգման ջուրը հողագործության համար կարևորագույն նշանակություն ունի, և պետությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը` ֆերմերական տնտեսություններին ոռոգման ջուրը հասանելի դարձնելու համար:

«Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի և Վեդիի ջրամբարները: 2013-14 թթ. կսկսվեն դրանց կառուցման աշխատանքները: Եվս մեկ ջրամբար` ավելի փոքր չափի, կկառուցվի Արմավիրի մարզում: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով և պահպանել ապագա սերունդների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ջրամբարները պետք է թղթի՞ վրա ունենանք

2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ նիշին և այլևս Սևանի մակարդակը չի բարձրացվելու, մուտքն ու ելքը կարգավորվելու է` եկածը բաց թողնելու սխեմայով: Այդ դեպքում երկու խնդիր է լուծվելու. ամեն տարի 300 մլն խմ-ով Սևանի ջրերը թարմացվելու են,  երկրորդ` 300 մլն խմ-ով ջուրը բաց է թողնվելու: Ու այդ դեպքում առաջանում է կարևորագույն հարց. եթե Սևանից  բաց թողնված ջուրը «չբռնվի»,  գումարվելու է Արաքս լցվող ջրերին: Այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացվելուց հետո, կմնա 1.1 մլրդ խմ: Մի քանի տարի առաջ մեկնարկեց դեռևս խորհրդային տարիներին սկսված, բայց կիսատ մնացած Եղվարդի ջրամբարի շինարարությունն ավարտին հասցնելու ծրագիրը: Այն ժամանակ, երբ քննարկվում էր այդ ծրագիրը, կարծես միակ հարցը ջրամբարի ծավալն էր. մասնագետները որոշում էին` 90՞, թե՞ 228 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցելու նպատակահարմարության հարցը:

«90՞ մլն խմ, թե՞ 228. գումարների մեջ քիչ տարբերություն կա: Ինչո՞ւ է շահեկան կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար. այստեղ երկու հիմնական դիտարկում կա, որոնք մեզ շահագրգռում են 90-ի փոխարեն կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Գումարների տարբերությունը 30-40 մլն դոլար է: Սակայն ջրի հայելին 200 հեկտարով ավելանում է, 800-ից դառնում է 1000 հեկտար: Սա շատ կարևոր խնդիր է: Ու քանի որ ջրամբարի շինանյութը գտնվում է հենց իր տակ` ջրամբարի կառուցման տեղում, մենք դրա շինանյութը` 1 մլն խմ, պետք է հանենք, տանենք մեկ այլ տեղում պահենք, որ հետո օգտագործենք 90 մլն խմ-ը 228 մլն դարձնելու ժամանակ:  Մինչդեռ իզուր փող չենք ծախսի, եթե միանգամից կառուցենք 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Երկրորդ` երբ Սևանի ջրերը կարգավորելու համար 300 մլն խմ ջուր սկսենք բաց թողնել, այդ ջուրը չենք լցնի Արաքս և ուղարկենք թուրքերին: Էներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ չէ՞ էներգիա արտադրելուց հետո բերել կուտակել այդտեղ, միշտ կուտակած ունենալ, և հետո օգտագործել մեր 40 հազար հեկտար ոռոգելի տարածքների ջրապահովման համար»,-  ասում է Հանրային խորհրդի բնապահպանության ու գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Թե՛ Հանրային խորհուրդը, թե՛ էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ մնացած բոլոր շահագրգիռ կողմերը դրական եզրակացություն են տվել այս ջրամբարի կառուցմանը:

Ուշագրավ է, որ միայն ջրի ամբարման, ոռոգման և այլ տնտեսական հարցերը լուծելու նպատակով այդ ջրամբարը կառուցելը տնտեսապես ձեռնտու չի դիտվել. թանկ էր: Ուստի որոշվել էր այնտեղ բիզնես նախագիծ իրականացնել: Այսինքն` մասնավոր ու պետական հատվածների համագործակցության արդյունքում ներդնել մոտ 300-400 մլն դոլար ու ջրամբարի հետ միասին կառուցել նաև հանգստի և զվարճանքի, սպորտային համալիրներ, հյուրանոցներ: Մի խոսքով, ծրագիրը հետաքրքիր էր: Այդ ծրագիրը հիմա կանգ է առել. ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի ծավալվում:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրում, որ կոչվում է «Կառավարության ծրագիր 2013», մեկ կետ կա, որում նշվում է. «…Նոր ջրամբարների (Կապսի, Եղվարդի, Վեդու և Մաստարայի) շինարարության միջոցով ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման հնարավորության ստեղծում…»:

Բայց այդ ծրագրում  չի  նշվում, թե ինչ միջոցներով, ինչ ժամկետներում և ինչպես պետք է իրագործվի այս կետը,  չի նշվում նաև, որ Հայաստանում որևէ մեկը կարող է ցույց տալ ծրագրային այս կետի իրականացման ուղղությամբ կատարվող որևէ քայլ, օրինակ` ջրամբարատեղի պատրաստում կամ սևահողի դուրսբերում և կամ արգելապատնեշի կառուցում: Իսկ եթե ամռան բարենպաստ եղանակային պայմաններում նման աշխատանքներ չեն կատարվում, դժվար է հավատալ, թե աշնանը, առավել ևս ձմռանն այդ ջրամբարների շինարարական աշխատանքները կսկսվեն:  Մանավանդ որ նշված ջրամբարների շինարարության կապակցությամբ միայն Եղվարդի ջրամբարի շինարարության մասով հստակ ծրագիր կա,  այն էլ ուղղակի կանգ է առել:

 

 

Tags: ,