Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի սպառազինությունների վաճառքից հետո հարց առաջացավ, թե ինչ նոր ռազմական կարողություններ ձեռք բերեց մեր հակառակորդը: Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի` նոր ձեռքբերված սպառազինություններով Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է կայծակնային գործողությունների: Այսինքն` ինչպես բացատրեց ռազմական փորձագետը, հայկական ուժերի զբաղեցրած մարտական գծի մի քանի հատվածներում, կենտրոնացնելով կրակային մեծ խտություններ, փորձելու են ճեղքել մեր պաշտպանական գիծն ու արագ հաջողության հասնել: Կարճ ասած` բլից կրիգով են փորձում հարցերը լուծել մեր հակառակորդները:
Այս առումով, ինչպես վերջին զարգացումներից հետո պարբերաբար սկսեց հնչել հայկական միջավայրում, Հայաստանը պետք է պատրաստվի անհամաչափ մարտական հարված հասցնելուն:
«Հայկական «Իսկանդերներ»
Դրա համար, ինչպես նշվում է, հայկական կողմը բավարար կրակային հզորություններ ունի` նոր ու արդիական սպառազինություններ: Բայց վերջին շրջանում սկսեցին ավելի շատ խոսակցություններ ծավալվել, ընդ որում ոչ շարքային վերլուծաբանների շրջանակներում, այլ ՊՆ-ի հետ պարբերաբար համագործակցող փորձագետների կողմից, որ ռուսական կողմը Հայաստանին ոչ թե 102-րդ ռազմաբազային, այլ հենց Հայաստանին տրամադրել է «Իսկանդեր-Մ» տեսակի օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր:
«Իսկանդեր-Է» (Էքսպորտային) և «Իսկանդեր-Մ» (Ռուսաստանի անձնական կարիքների համար) օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ստեղծումը մեկնարկել է 1987 թվականից, «Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի» շրջանակներում, երբ հակամարտության կողմ հանդիսացող երկրները հրաժարվում էին մարտական գործողությունների թատերաբեմում միջուկային զենքի կիրառումից: Այդ կապակցությամբ համակարգերը ստեղծվեցին սկզբունքորեն նոր պահանջներին համապատասխան` ապահովելու համար գերճշգրիտ կրակի հնարավորությունները, որպեսզի հրթիռները կառավարվեն թռիչքի ամբողջ ընթացքում կամ դրա գերակշիռ հատվածում` էականորեն բարձրացնելով համակարգերի ավտոմատացումը և այլն:
Դրան գումարած` համակարգը պետք է ունենար գլոբալ արբանյակային տվյալների փոխանցման` NAVSTAR նավիգացիոն համակարգ, խոցեր շարժվող ու բարձր պաշտպանունակությամբ ստացիոնար թիրախներ, տիրապետեր բարձր կրակային հզորությունների, արդյունավետորեն հաղթահարեր հակառակորդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծած արգելքները:
«Իսկանդեր» համակարգերն այս բոլոր չափանիշներին համապատասխանում են, իսկ 2007 թ.` համակարգի առաջին փորձարկման ժամանակ արձակված հրթիռի շեղումն առաջադրված թիրախից կազմել է ընդամենը 1 մետր:
«Իսկանդերների» նշանակությունը
Այս գերճշգրիտ շարժական օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը նախատեսված են հակառակորդի մարտակարգի խորքերում տեղակայված ինչպես փոքր չափերի, այնպես էլ մեծ տարածք զբաղեցնող թիրախների խոցման համար: Որպես թիրախներ կարող են լինել կրակային խոցման տարատեսակ միջոցները` հրթիռային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հեռահար հրետանի, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցներ, օդանավակայաններում գտնվող ուղղաթիռներ ու ինքնաթիռներ, հրամանատարական կետեր ու կապի հանգույցներ, հասարակական ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներ և հակառակորդի տարածքում գտնվող այլ մեծ ու փոքր նշանակետեր:
Բարձր շարժունակությունն ու հրթիռների արձակման համար նախատեսված շատ կարճ ժամանակահատվածը հնարավորություն են տալիս համակարգերին լինել գործնականում անտեսանելի:
«Իսկանդեր» համակարգերի հրթիռները կոշտ վառելիքով աշխատող, մեկ իրանով` թռիչքի ամբողջ ընթացքում մարտագլխիկը իրանից չբաժանվող, կառավարվող մանևրվող հրթիռներ են, որոնց թռիչքի ամբողջ ընթացքում հետագիծը կանխատեսելը շատ դժվար է: Հրթիռները կառուցված են «Ստելս» տեխնոլոգիայով. ունեն քիչ անդրադարձնող մակերես և անցնում են 50 կմ բարձրությամբ, ինչն էականորեն փոքրացնում է հակառակորդի կողմից այն խոցելու հավանականությունը: Հրթիռների «անտեսանելիությունն» ապահովվում է դրանց կառուցվածքի ու արտաքին մակերեսը հատուկ նյութերով ծածկված լինելու միջոցով:
Իր տեխնիկական զինվածության արդյունքում «Իսկանդեր» հրթիռները գերճշգրիտ խոցում են նշված թիրախները. շեղումների հավանականությունը 1-2 մետր է, ինչով էլ աշխարհի ոչ մի համարժեք հրթիռային համկարգ չի կարող լուծել նմանատիպ խնդիրներ:
Տարբեր տեսակի թիրախներ խոցելու համար հրթիռները կարող են «զինված» լինել 10 տարբեր տիպի մարտագլխիկներով` ոչ կոնտակտային պայթեցման բեկորային մարտական էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, կումուլյատիվ էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, ինքնանշանառվող մարտական էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, դետոնացիոն էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, բեկորա-ֆուգասային, ֆուգասա-հրկիզող, մեծ խորություններ ներթափանցող: Կասետային
մարտական մասը բացվում է 900 մետրից մինչեւ 1.4 կմ ընկած բարձրության վրա, որտեղ բացված հրթիռի միջից դուրս են գալիս տարբեր տեսակի մարտական էլեմենտներն ու սկսում են կարգավորված շարունակել թռիչքը` մինչև նշանակետեր:Դրանք ունեն ռադիոհաղորդիչներ, որոնցով հնարավոր է թիրախից ընդամենը 6-10 մետր բարձրության վրա պայթյուն իրականացնել:
Հրթիռների մեկնարկային քաշը 3800 կգ է, որից օգտակար տարողությունը` մարտական զանգվածի քաշը` 480 կգ:
Հրթիռների արձակման համար համակարգի մեջ մտնում է Ինքնագնաց արձակման կայանը, որը ծառայում է երկու հրթիռները պահելուն և արձակելուն: Այն տեղադրված է 8 բարձր անցունակության անվահեցերի վրա, որոնք մեծ շարժունակություն են հաղորդում համակարգերին: Կայանի քաշը 42 տոննա է, օգտակար բեռի քաշը` 19 տոննա, ասֆալտապատ ճանապարհով շարժման արագությունը` 70 կմ/ժ է, իսկ գրունտային ճանապարհով`է 40 կմ/ժ, վառելիքի պաշարը բավարար է 1000 կիլոմետր տեղաշարժվելու համար: Մարտական անձնակազմը` 3 հոգի:
Թե ինչու են «Իսկանդերները» Հայաստանի համար համարվում ստրատեգիական
«Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի հիմնական բնութագրիչներն են` տարբեր տեսակի թիրախների գերճշգրիտ խոցումը, մարտական հերթապահության անցկացման գաղտնիությունը, արագ մարտական վիճակի բերելն ու հակառակորդին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունը, արձակման կայանների վրա տեղադրելիս թռիչքային հրամանների ավտոմատացված հաղորդման հնարավորությունը, հակառակորդի ակտիվ հակաքայլերի պայմաններում անգամ մարտական առաջադրանքի կատարման բարձր հավանականությունը, շահագործման բարձր կարողությունները, հրթիռների արձակման ու թռիչքի ժամանակ գործնականում անխափանությունը, մարտական բարձր անցողունակության անվավոր մեքենաների վրա արձակման կայանների տեղադրված լինելու հանգամանքով պայմանավորված` բարձր շարժունակությունը, մարտական կառավարման բարձր աստիճանը, կառավարման օղակների համար անհրաժեշտ հետախուզական տվյալների հաղորդումն անհրաժեշտ ժամանակ, ինչպես նաև շահագործման երկար ժամկետն ու հարմարավետությունը: Այս ամենը հրթիռային համակարգերը դարձնում են անգերազանցելի:
Լոկալ կոնֆլիկտների ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը «զսպող զինատեսակներ» են, իսկ սահմանափակ տարածքային հնարավորություններ ունեցող երկրների համար` ստրատեգիական նշանակության զինատեսակ:
Յուրաքանչյուր արձակման կայանի վրա երկուական հրթիռի առկայությունը, ինչպես նաև երկու պահեստային հրթիռներն ու վերալիցքավորման բարձր արագությունը էականորեն բարձրացնում են հրթիռային դիվիզիոնների հզորությունը, իսկ հրթիռների արձակման միջև ընկած 1 րոպե տևողությունն ապահովում է բարձր կրակային խտություն:
Արդյունավետության տեսանկյունից, հաշվի առնելով մարտական հնարավորությունները, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը հավասարազոր են միջուկային զինամթերքի: Որովհետև դրանց հեռահարությունը 50-280 կմ է, հրթիռների արձակման տևողությունը` 4-16 րոպե: Ու եթե պատկերացնենք, որ 16 րոպեում կարող է մի ինչ-որ տարածքում 4 կասետային, բեկորա-ֆուգասային կամ գետնի խորքը բարձր թափանցողունակ հրթիռ ընկնել, ապա այս հրթիռների իրական նշանակությունը միանգամից ակնհայտ է դառնում: Հետաքրքիրն այն է, որ ռուսական «Իսկանդերները» մրցակից չունեն արևմտյան հրթիռների շրջանում. դրանք մեկ վայրկյանում հաղթահարում են 2 կմ հեռավորություն, իսկ գործողության ընդգրկույթը մոտ 300 կմ է: Սրան գումարած` կառավարման իներցիալ-ավտոմատ համակարգը` ГСН օպտիկական ինքնաուղղորդման համակարգով, և -50-ից +50 աստիճան եղանակային պայմաններում աշխատելու կարողությունը և շահագործման ժամկետը` 10 տարի, որից 3 տարին` դաշտային պայմաններում:
«Իսկանդերներին» անտեսել չի կարող նույնիսկ ԱՄՆ-ն
«Իսկանդեր» անունը, հատկապե Արևմուտքում, զգուշությամբ են արտաբերում: Չի կարելի մոռանալ, որ ամեն անգամ, երբ Ռուսատանը «զոռ է տալիս» իր «Իսկանդերներին», Արևմուտքն ուղղակի լռում է, ինչպես եղավ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանների տեղակայմանն ի պատասխան Ռուսաստանի` Կալինինգրադում «Իսկանդերներ» տեղադրելու մասին հայտարարության դեպքում: Դրանից հետո մի անգամ էլ նման վիճակ ստեղծվեց Սիրիայում այս տարվա սկզբին, երբ Թուրքիայի սահմանին ՆԱՏՕ-ի «Patriot» հրթիռների տեղակայմանն ի պատասխան Ռուսաստանն «Իսկանդերներ» «գործուղեց» Սիրիա: Այդ ժամանակ ևս Արևմուտքն անցավ ավելի զուսպ ու զգուշավոր քաղաքականության, քանի որ բոլորն են հասկանում` «Իսկանդերը», ի տարբերություն միջուկային զենքի, արգելված զինատեսակ չէ, բայց իր արդյունավետությամբ ու մարտական նշանակությամբ հավասարազոր է միջուկային զենքի: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ռուսական «Իսկանդերները» նախատեսված են նաև բալիստիկ մարտագլխիկների տեղափոխման համար և ցանկության դեպքում շատ արագ կարող են սովորական հրթիռներից վերածվել միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների:
Իսկ սրան համազոր այլ հրթիռներից աշխարհում ոչ ոք չունի: Այնպես որ, Ադրբեջանն իր T90c տանկերի շարժիչները գործի գցելուց առաջ մի լավ պետք է մտածի:
Tags: ադրբեջան, բանակ, զենք, ռազմական, ռուսական զենք, քաղաքական