Մեղրիում ինը նոր ՀԷԿ-եր են կառուցվում. մեղրեցիները մտահոգ են…

հէկԸստ տարբեր փորձագետների ու միջազգային կազմակերպությունների կարծիքների` Հայաստանում էներգետիկ անվտանգության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է էներգիայի այլընտրանքային ռեսուրսներ ներդնել: Առաջին հերթին նշվում է, որ Հայաստանում արժե շեշտը դնել ՀԷԿ-երի, հատկապես փոքր ու միջին ՀԷԿ-երի վրա:

Ինչպես ասում են` ՀԷԿ-եր, ուրեմն ՀԷԿ-եր: Հայաստանում լայն թափ առավ ՀԷԿ-երի շինարարությունը: Զուգահեռ տարբեր անհատ բնապահպաններ, բնապահպանների խմբեր կամ կազմակերպություններ սկսեցին բարձրաձայնել ՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական հետևանքների մասին: Մասնավորապես` շինարարության փուլում կարող են ծառեր հատվել, բնական միջավայրեր քանդվել և շինարարական հրապարակի վերածվել, գետերի հուներ փոխվել:

Վերջին  6-7 տարվա ընթացքում, փոքր ու միջին ՀԷԿ-երի մասով,  100 մլն Կվտ/ժամից հասել ենք շուրջ 600 միլիոն Կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության: Ներկայումս կառուցման ընթացքի մեջ են մոտ 80 նոր ՀԷԿ-եր: Դրանցից  9-ը կառուցվում են Մեղրու տարածաշրջանում: Այդ հանգամանքը, ինչպես նշում են տեղացի բնապահպաններն ու ակտիվիստները, արդեն որոշակի խնդիրներ է առաջացրել:

«Մեղրու տարածաշրջանն աչքի է ընկնում իր գյուղատնտեսությամբ, Մեղրին ինքը հանդիսանում է մրգի բրենդ: Եվ ՀԷԿ-եր կառուցելով, շինարարական աշխատանքների կատարման արդյունքում,  անտառներից բավական մեծ տարածքներ արդեն իսկ չորացել են. ես ինքս գնացել-տեսել եմ:

Խնդիր է նաև այն, որ ոչ միայն ՀԷԿ-եր են կառուցում, այլև փորձում են Մեղրի գետի ջուրը մտցնել խողովակների մեջ, ու դրանից հետո վաճառել քաղաքացիներին: Խնդիրները հիմնականում դրանք են, ու համատարած դժգոհության առիթ են դարձել»,- «Անկախին» պատմեց Կապանի «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանը:

Գիտենք, որ Հայաստանի սահմանի ամենանեղ հատվածը հենց Մեղրիում է, ու այդպիսի փոքր տարածքում, ընդամենը 30-40 կմ վրա միանգամից 9 ՀԷԿ-եր կառուցելը գոնե տրամաբանական հարց առաջացնում է. արդյոք նպատակահարմա՞ր է, կամ արդյոք տեղի էկոլոգիական վիճակի վրա կործանարար  ազդեցություն չի՞ ունենա:

Իրականում որևէ իրավական նորմ չկա,  թե այս կամ այն գետի վրա քանի ՀԷԿ կարելի է կառուցել: Քանի որ Մեղրու ռելիեֆն էլ խիստ կտրտված է, ժայռոտ տեղանք է, ջրերի գահավիժումը բավականին հաճախակի է հանդիպում, գետերը վերևից ներքև  բավականին արագ են ընթանում, ու մակարդակների տարբերությունը էլեկտրաէներգիա արտադրելու համար հիանալի պայմաններ են ստեղծում: Ուստի այնտեղ ՀԷԿ-եր կառուցելը բավականին նպատակահարմար է: Բայց օրենքով կան սահմանված նորմեր ու չափորոշիչներ, թե ինչպես պետք է կառուցվի ՀԷԿ-ը, որքան ջուր վերցնի, որտեղից վերցնի և այլն:

Մենք փորձեցինք այս հարցը պարզել Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի հետ:  Նա ասաց. «Բլոր տարածաշրջաններում էլ բազմաթիվ ՀԷԿ-եր կառուցվում են: Ներկայումս մոտ 80 ՀԷԿ-եր, որ լիցենզիա են ստացել, ուսումնասիրվում են, կառուցվում են և այլն: Ես դետալներով չգիտեմ, թե որ տարածաշրջանում քանի ՀԷԿ է կառուցվում, և ինչ խնդիրներ են առաջանում այդ ՀԷԿ-երի կառուցման ընթացքում»:

Իսկ Արմեն Փարսադանյանը նշում է, որ այդ ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների հետևանքով մեծ թվով ծառեր չորացել են, բավականին շատ ծառահատումներ են կատարվել: Ջուրն էլ  մտցնում են խողովակների մեջ. էլի բավական տարածքներ մնում են անջուր և չորանում են:

Մենք 9 ՀԷԿ-երից կարողացանք պարզել միայն 5-ի անունները` «Քյու Հաշ» ՍՊԸ, «Սար-Ռուբ» ՍՊԸ, «Գելիգուզան» ՍՊԸ, «Էմպաթիա» ՍՊԸ և «Մեղրի ՀԷԿ» ՍՊԸ:

«Քյու հաշն» ու «Էմպաթիան» բնապահպանական փորձաքննության չեն ներկայացվել: Իսկ «Մեղրի ՀԷԿ»-ը բնապահպանական փորձաքննության է  ներկայացվել 2006 թվականին, դա նշանակում է, որ բնապահպանական խնդիրներ չի առաջացնում, «Գելիգուզանն» ու «Սար- Ռուբն»-ն էլ 2011 թվականին են ներկայացվել բնապահպանական  փորձաքննության, այսինքն` այնտեղ էլ բնապահպանական խնդիրներ չկան»,- մեզ տեղեկացրին բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ի՞նչ ենք տալիս և ի՞նչ ենք ստանում` ՀԷԿ-եր կառուցելով

Ստացվում է, որ 9 ՀԷԿ-երից գոնե երկուսը` «Քյու հաշ» ՍՊԸ-ն և «Էմպաթիա» ՍՊԸ-ն, բնապահպանական փորձաքննություն չեն անցել, այսինքն` չի բացառվում նաև, որ նրանք լուրջ բնապահպանական խնդիրներ առաջացնեն: Հարց է առաջանում` ինչո՞ւ են այս ՀԷԿ-երի շինարարությունը սկսել:

Ինչպես ներկայացրեց մեզ ՀԷԿ-ի տերերից մեկը (անունը չենք նշում նրան վարչական հետապնդումների թիրախ չդարձնելու համար), հաճախ ՀԷԿ-ի շինարարությունը սկսվում է, հետո նոր թղթաբանությունն է կարգավորվում: Թղթաբանությունը ժամանակատար գործընթաց է, ու նախապես իմանալով, որ որևէ խնդիր չի առաջացնի տվյալ ՀԷԿ-ի շինարարությունը, սկսում են կառուցել, ընթացքում էլ թղթերն են պատրաստում: Բայց լինում են նաև դեպքեր, որ ՀԷԿ-ը կառուցում-վերջացնում են, որպեսզի համապատասխան կառույցները ստիպված համակերպվեն գոյություն ունեցող փաստի հետ: Պատահում է նաև այնպես, որ այդ ՀԷԿ-երի տերերը խոշոր պաշտոնյաներ են լինում, ու ՀԷԿ-երը կառուցում են` «տակից»:

Իհարկե, մեր երկրին անհրաժեշտ են ՀԷԿ-եր, ու ակնհայտ է նաև, որ այդ ՀԷԿ-երի կառուցման համար որոշակի գին պետք է վճարի հասարակությունը` բնապահպանական վնասների իմաստով: Սակայն այստեղ պետք է գործեն հստակ խաղի կանոններ, հաշվարկվի, թե ինչքան օգուտ կարող է բերել նոր կառուցվող ՀԷԿ-ը և ինչ վնասներ կարող է հասցնել: Հետո այդ արդյունքները համեմատել` հասկանալու համար` արժե՞ տվյալ ՀԷԿ-ը կառուցել, թե՞ ոչ:

Նայենք պաշտոնական թվերին: Հայաստանում այսօր ունենք երկու խոշոր` Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադն ու Սևան-Հրազդան կասկադը, սրանցից բացի, ունենք  նաև 142 վերականգնվող էներգիայի կայաններ, որոնցից 1-ը հողմակայան է, մեկը` բիոէներգետիկ կայան, և մնացածը` փոքր ՀԷԿ-երն են: 2012 թ. Հայաստանում արտադրված 8 մլրդ, 36 մլն 200 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայից  միայն 512.8 մլն կՎտ/ժամն է բաժին հասնում փոքր ՀԷԿ-երին: Ներկա դրությամբ շինարարական ընթացքի մեջ գտնվող մոտ 80 նոր ՀԷԿ-երի կառուցումից հետո ծրագրվում է այդ ծավալը հասցնել մինչև մոտ 1 մլրդ կՎտ/ժամի: Հայաստանում 2012 թ. բնակչության պահանջարկը էլեկտրաէներգիայի նկատմամբ կազմել է 1 միլիարդ 901 մլն 700 հազար կՎտ/ժամ: Սա նշանակում է, որ  կառուցվող փոքր ՀԷԿ-երը չեն կարող ծածկել բնակչության պահանջարկը: Այսուհանդերձ դեռևս ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչքան վնաս կարող են տալ ՀԷԿ-երը:  Այսպես թե այնպես, ինչպես միշտ նշում է ՀՀ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, բնապահպանական վնասի փոխհատուցման համար Հայաստանի բյուջե մուտք է գործել 0 դրամ:

Tags: