Սնոուդենի հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի

սնոուդենՎիկիլիքսյան բացահայտումներից հետո ԱՄՆ-ի համար երկրորդ աղմկահարույց սկանդալն է գնալով թափ առնում: Ինչպես հիշում ենք, դեռևս հունիսի սկզբին ամերիկյան Washington  ու  բրիտանական Guardian թերթերը ԱՄՆ ղեկավարության կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ նյութեր հրապարակեցին: Տեղեկությունները թերթերին էր հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, 29-ամյա Էդվարդ Սնոուդենը: Նա բացահայտել էր ԱՄՆ-ի քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը PRISM ծրագրի միջոցով: Չինական South China Morning Post թերթի տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը նախկինում չինական հեռահաղորդակցական ընկերությունների վրա կիբեռհարձակումներ է իրականացրել` ՉԺՀ-ի բնակիչների sms հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, ինչպես նաև պատմել էր, որ ամերիկացիները նաև կիբեռհարձակում են կազմակերպել Ցինհուայի համալսարանի ներքին ցանցի և Pacnet հեռահաղորդակցական ընկերության` Հոնկոնգում գտնվող շտաբ-գրասենյակի համակարգիչների վրա: 

Իսկ օտարերկրացիներին գաղտնալսելու իրավունք  ԱՄՆ-ին ո՞վ է տվել 

Հետաքրքիր էր հատկապես Սնոուդենի` իր արարքի պատճառաբանությունը. Սնոուդենը մերժում է  անմեղ  քաղաքացիներին լրտեսելը: Նա ենթադրում է, որ գաղտնի ծրագրային լրտեսումը կդառնա հասարակական  լայն քննարկումների թեմա և հույս ունի, որ մարդիկ կկարողանան դատարանի միջոցով պաշտպանել իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Սկզբում Սնոուդենը գտնվում էր Հոնկոնգում: Նա հայտնել էր, որ մտադիր է  ապաստան խնդրել «խոսքի ազատությանը հավատացող» ցանկացած երկրում: Նախօրեին` տեղեկատուի մասին տվյալների հրապարակումից հետո,  NSA-ն  պահանջել է հետաքննել ու հայտնաբերել  տեղեկությունների արտահոսքի հանգամանքները:   Համապատասխան հարցում է ուղարկվել ԱՄՆ արդարադատության նախարարություն: NSA-ի  տնօրեն Ջեյմս Կլեպերը հատուկ հայտարարության մեջ խոստովանել է, որ PRISM լրտեսական ծրագիրը, որի մասին գրել է The Washington Post-ը իրականում գոյություն ունի, սակայն ընդգծել է, որ այն աշխատում էր օրինական հիմունքներով, ամերիկյան Կոնգրեսի սանկցիայով: Բացի այդ, Կլեպերը հավաստիացրել է, որ տվյալներ են հավաքում ոչ թե ամերիկացիների, այլ միայն օտարերկրացիների մասին:

Ստացվում է, որ եթե ԱՄՆ քաղաքացիներին չեն գաղտնալսել, այլ օտարերկրացիներին, ապա դա հերոսության պես մի բան է: Հետաքրքիր է նաև այն նշումը, որ Կոնգրեսն է գաղտնալսումների սանկցիա տվել: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո գործում է սահմանադրության մի ուղղում, ըստ որի` ԱՄՆ հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվում «ահաբեկչության դեմ պայքարի» կարգախոսի ներքո ոչ միայն գաղտնալսել, այլ ահաբեկչության կասկածի դեպքում անգամ ցանկացած մարդու կալանավորել ու կտտանքների ենթարկել:

Ինչևիցե, Սնոուդենը թողեց Հոնկոնգը և հասավ Մոսկվա` Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտի: Հենց այդ ժամանակ էլ «Սնոուդենի հարցը» ստացավ քաղաքական նշանակություն: Հարցն այն էր, որ ԱՄՆ-ն սկզբում Չինաստանից, իսկ այնուհետև Ռուսաստանից պահանջում էր ձերբակալել Սնոուդենին ու փոխանցել ԱՄՆ-ին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին ակնարկեց Սնոուդենին չհանձնելու հնարավոր հետևանքների` երկու երկրների հարաբերությունների վատթարացման մասին: Նա նշեց, որ ԱՄՆ-ում պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի կողմից հետապնդվող հանցագործներ, և ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի հետ` նրանց ձերբակալելու և Ռուսաստան վերադարձնելու հարցերում:

Պուտինն էլ, ի պատասխան, հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք չունի մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտել. ֆորմալ առումով Սնոուդենը չի էլ հատել Ռուսաստանի սահմանը, նա գտնվում է  տարանցիկ գոտում, նրան ռուսական վիզա պետք չէ, և նա Ռուսաստանում օրենք չի խախտել: Ռուսական կողմը հայտարարել է, որ Սնոուդենի հարցում որևէ միջոց ձեռնարկելու մտադրություն չունի:

 ԱՄՆ-ի քթին էլ խփեցին 

Այս առումով ԱՄՆ տարբեր գործիչներ արդեն հանդես են գալիս մեկնաբանություններով: Սենատոր Ջոն Մակքեյնը նշում է, որ ԱՄՆ-ն պետք է տրամաբանորեն մոտենա Պուտինին` հասկանալով, թե ով է նա: Այնուհետև Մակքեյնը մասնավորեցնում է իր միտքը, թե Պուտինը հին «ապարատչիկ» է ԿԳԲ-ից, որ երազում է կայսերական Ռուսաստանի օրերի մասին ու փորձում է իրենց խանգարել ամենատարբեր միջոցներով:

ԱՄՆ-ն քննադատում է անգամ Չինաստանին, որ Սնոուդենին թույլ տվեց լքել Հոնկոնգը:

ԱՄՆ-ի այս պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ լկտիություն: Որովհետև նրանք, նախևառաջ, մոռանում են չինական գիտահետազոտական ընկերությունների գաղտնալսումների մասին: ԱՄՆ-ի լկտիությունն է մատնանշում անգամ այդ երկրի պետքարտուղարի արտահայտությունը, ինչպես նաև այլ պաշտոնյաների կողմից գաղտնալսումների վերաբերյալ «արդարացումները», թե  իրենք կոնկրետ մարդկանց չեն գաղտնալսել, այլ անոնիմ են լրտեսել:  Լրագրողի «Միլիոնավոր չինացի քաղաքացիների ու գիտնականների՞» հարցին Քերին պատասխանում է. «Անոնիմ, որպեսզի հետևենք տեռորիստներին: Եթե ահաբեկչություն լինի, կամ մենք նկատենք ինչ-որ կապ, ինչ-որ ցուցիչ…»: «Չինաստանո՞ւմ»,- հարցնում է լրագրողը: «Որտեղ պատահի, աշխարհի ցանկացած կետում, դրանից հետո պետք է փաստերը ներկայացնել դատարան, ստանալ համապատասխան թույլտվություն, որպեսզի ձեռնարկենք ինչ-որ միջոցներ կոնկրետ մարդկանց նկատմամբ` անվանական»:

Ստացվում է, որ ԱՄՆ-ն ահաբեկիչներ էր փնտրում Չինաստանի հետազոտական կենտրոնների աշխատակիցների շրջանում: Սա բավական ծիծաղելի պատասխան էր, որը չեն ընդունի անգամ ԱՄՆ քաղաքացիները, էլ ուր մնաց Չինաստանը: Բայց դեռ մի բան էլ ԱՄՆ-ն է խոսում սադրանքի ու սպառնալիքների լեզվով, թե իբր Չինաստանի` Սնոուդենին չձերբակալելու և իրենց չփոխանցելու քայլը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Նույն սպառնալիքն է հնչեցնում ԱՄՆ պետքարտուղարը նաև Ռուսաստանի հասցեին: Ի պատասխան ՌԴ նախագահի հայտարարության, թե «պարոն Սնոուդենը ազատ մարդ է, ֆորմալ առումով Ռուսաստանի տարածքում չի գտնվում ու Ռուսաստանում օրենք չի խախտել», նաև «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիր չկա», Ջիմ Քերին հայտարարում է, թե չպետք  է երկու երկրների միջև առկա հարաբերությունները վտանգել: «Համաձայնագիր չկա, սակայն կան որոշակի նորմեր գործընկեր երկրների միջև: Մենք ուղղակի մեր ռուս գործընկերներին կոչ ենք անում ձեռնարկել նորմալ միջոցներ իրավական համակարգի տիրույթում, որի նպատակը արդարադատության հաղթանակն է»,- նշել է Քերին:

Հավանաբար ԱՄՆ-ում մոռացել  էին այդ «ընկերական ժեստի» մասին, երբ Ռուսաստանից Արևմուտք էր «փախել» ռուսական ՀԴԲ-ի նախկին գործակալ Լիտվինենկոն ու այնտեղից ռուսական գաղտնի ծառայությունների գաղտնիքներն էր հրապարակում:

Սնвուդենը «Վիկիլիքսի» միջոցով  դիմել է Էկվադորին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Եվ հիմա Էկվադորի իշխանությունները քննարկում են այդ դիմումը: Սակայն պետք  է հիշել, որ Էկվադորը նախկինում արդեն ապաստան տվել է Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Այդ ընթացքում Վենեսուելայի նախագահը հայտարարեց, որ քաղաքական ապաստան կտա Սնвուդենին: Սակայն հարց է առաջանում, թե Սնոուդենն ինչպես պետք է հասնի Կարակաս: Խնդիրն այն է, որ Սնոուդենը գտնվում է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանից Կարակաս ուղիղ կոմերցիոն չվերթներ չկան: Նա պետք է վայրէջք կատարի Հավանայում, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ կպահանջի դեպի Հավանա թռչող այն ինքնաթիռի վայրէջքը, որում կլինի Սնոուդենը: Մի խոսքով, Սնոուդենի կարգավիճակը դեռ մնում է անորոշ, սակայն նրա «հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Այս պատմությունը դեռ նոր-նոր է հասունանում, ու արդեն դարձել է գերտերությունների առճակատման առիթ:

 

 

Tags: , ,