Ծրագիր, որ իրոք կարող է խթանել այգեգործությունը

այգիՆույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում 14 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի 4 տոկոսը կառավարությունն է սուբսիդավորում, ու գյուղացին վարկը ստանում է 10 տոկոսով, միևնույն է, այդ վարկերը մեր գյուղացիների համար թանկ են, քանի որ պետք է ձեռք բերեն վառելանյութպարարտանյութ, թունաքիմիկատներ, սերմացու, անասունների ցեղական մայրեր, կեր, աշխատանքներ կատարեն իրենց գյուղացիական տնտեսությունների վրա:

 Զարգացնել գյուղատնտեսությունը, նշանակում է նորմալ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար

Դրա համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղացիական տնտեսությունների վրա: Այս կարծիքին են գյուղատնտեսության ոլորտի` կառավարության հետ կապ չունեցող կամ քիչ կապ ունեցող մասնագետները: Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, օրինակ, նշում է Եվրամիության երկրներում գյուղացիական տնտեսություններին պետության տրամադրած սուբսիդիաների չափն ու ձևերը` որպես օրինակելի ձևեր. «Եվրամիությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը` ծախսերի 35, 40, նույնիսկ 45 տոկոսի չափով: Եվրամիության ամբողջ բյուջեն, որ մոտավորապես 540 միլիարդ եվրոյի է հասնում, գրեթե կեսը գնում է գյուղատնտեսության սուբսիդավորմանը: Դրա համար էլ նրանք գյուղմթերքները ստանում են դեմպինգային գներով: Եվ որևէ մի երկիր, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե մի ուրիշը, իր գյուղմթերքները չի կարող եվրոպական շուկայում վաճառել, որովհետև նրանց մթերքներն ի սկզբանե դեմպինգային են, այսինքն` ինքնարժեքից ցածր գներով են ստացվում: Այդպիսին է գյուղի նկատմամբ մոտեցումը: Այն երկրները, այդ թվում նաև Հայաստանը, որոնք գյուղը դիտում են որպես շուկայական տնտեսության գործառույթի բաղադրիչ, այդպիսի երկրները ժամանակի ընթացքում պետք է վերանայեն իրենց մոտեցումները: Եվ կգան դրան»,- նշեց Սաֆարյանը:

Հայաստանում էլ սուբսիդավորումը կատարվում է փոքր-ինչ  միջնորդավորված: Օրինակ` դիզելային վառելանյութն է 100 դրամով սուբսիդավորում, պարարտանյութն է սուբսիդավորում: Բայց այնպիսի քայլեր, ինչպիսիք են, օրինակ` սահմանային գյուղերում ջրի վարձի համար  խորհրդանշական գին սահմանելը կամ խթանելը այնպիսի արդյունաբերությունը, որը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, դեռևս իրատեսական չէ մեր երկրի համար:

Բայց Հայաստանում գործում են նաև այնպիսի ծրագրեր, որոնք օրինակելի են և կարող են էապես նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Օրինակ` մի բավականին հետաքրքիր ծրագիր է այժմ  իրականացվում «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից: Հանրապետության երեք մարզերում`  Վայոց ձորում, Տավուշում և Արագածոտնում, այդ ծրագրի շրջանակներում, մոտ 300 հա հողատարածքի վրա հիմնվելու են նոր` ինտենսիվ տիպի այգիներ, որոնց համար Հայաստան կներկրվեն ժամանակակից սորտերի տնկիներ, ոռոգումն ապահովելու նպատակով կտեղադրվի ոռոգման կաթիլային համակարգ և կորիզավոր պտղատուները կարկուտից պաշտպանելու համար կներդրվեն հակակարկտային ցանցեր:

«Այցելելով մարզեր` մենք ընտրում ենք հողատարածքներ, որոնք բնակլիմայական տեսանկյունից հարմար են պտղատուներ աճեցնելու համար: Այդ հողատարածքները պետք է ապահովված լինեն ոռոգման ջրով, ունենան դեպի այգի տանող անցանելի ճանապարհներ: Յուրաքանչյուր հողակտորի չափը 1-2 հա է: Կողք-կողքի գտնվող փոքրածավալ ֆերմերային տնտեսություններ, որոնք համաձայն են ծրագրի պայմաններին, միավորվում են և ստեղծում մեկ ընդհանուր հողատարածք, բոլորի հողակտորները միասին դիտարկվում են, որպես մեկ այգի: Մենք արդեն ընտրել ենք այդպիսի 4 այգի: Մեկն արդեն հիմնված է. Տավուշի մարզի Արճիս համայնքում տնկված է 4 հա այգի: Մեկը նախապատրաստական փուլում է, համապատասխան աշխատանքները կատարվել են ու սպասում ենք տնկանյութի ձեռքբերմանը և կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ գարնանը տնկման աշխատանքները կիրականացնենք»,- պատմեց այս ծրագիրն իրականացնող «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Ալվինա Ավագյանը` հավելելով, որ 2014 թ. կկատարվեն ևս 50 հա այգու տարածքների նախապատրաստական ու այգիների տնկման աշխատանքները:

Ծրագիրն իրականացնողներն առաջարկում են հողի տեր գյուղացիներին, ըստ ցանկության, ստեղծել կոոպերատիվներ հետագայում այգիների կառավարելիությունը բարձրացնելու և իրացման ու պահպանման խնդիրները լուծելու համար: Այգետերերից հողի վարձակալության` գյուղատնտեսական հողատարածքի ժամանակավոր օգտագործման պայմանագրերը կնքվում են 12 տարի ժամկետով: Պայմանագիրը գրանցվում է կադաստրում: Ըստ պայմանագրի` առաջին 4 տարիներին հողատերը ստանում է 100 հազար դրամ մեկ հեկտարի դիմաց` որպես կանխավճար հետագա եկամուտների հաշվին: Իսկ 5-րդ տարուց սկսած` մինչև 12-րդ տարին ստանում է բերքի 25 տոկոսը կա՛մ ստացված մթերքի տեսքով, կա՛մ դրա արժեքին համապատասխան գումար` ըստ ցանկության: Հողատերերը, եթե ունեն ցանկություն, իրավունք ունեն աշխատելու իրենց հողերում:

«Որովհետև այգին միշտ աշխատուժի պահանջարկ ունի, պահպանումը պահանջում է և՛ ոռոգում, և՛ քաղհան, և՛ կուլտիվացիա և այլն, մշտական տեխնիկական միջոցառումներն իրականացնելու համար պահանջվում է բանվորական ուժ, և մենք առաջարկում ենք հենց հողատերերին այդ աշխատանքները: Քանի որ ամբողջ ընթացքում նրանք շարունակում են մնալ հողատեր, պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք այգին վերադարձնում ենք  նրանց»,- ասում է Ալվինա Ավագյանը:

Այսպիսի միջոցառման հիմնական նպատակն է ցույց տալ, որ այգեգործությունը կարող է լինել շատ եկամտաբեր: Որովհետև, օրինակ, ոռոգման կաթիլային համակարգերը և հակակարկտային ցանցերը մեղմում են այգեգործությանը սպառնացող ռիսկերը: Այս ծրագրով նաև ուզում են ներկայացնել մեր գյուղացիներին նոր տիպի այգիների մոդելը, որտեղ ծառերը կիսագաճաճ կամ գաճաճ տիպի են, պատվաստված ծառեր են, բացի այդ, կորիզավոր պտղատուների դեպքում մեկ հեկտարի վրա մոտ 1500 տնկի է տնկվում:

«Դա հնարավորություն է ստեղծում 1 հեկտարի` միավորի հաշվարկով ավելի շատ բերք ստանալ: Դրանք նոր տիպի այգիներ են, մշակության նոր կուլտուրա է, որ մենք ուզում ենք ներդնել մեր հանրապետությունում»,- ասաց «Հայկական միրգ» ընկերության տնօրենը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է  ունենալ 300 հա ցուցադրական այգիներ: Իսկ դրանք էլ, իրենց հերքին, կծառայեն նմանատիպ այգիների տարածմանը` այլ գյուղացիների մոտ ևս ցանկություն կառաջանա նմանատիպ այգիներ հիմնել, իսկ ծրագիրն էլ այդ դեպքում կտրամադրի խորհրդատվություն:

Երբ պտղատու այգիներ են տնկվում, ծրագրի շրջանակներում կոոպերատիվներ են կազմվում, սովորեցնում են, թե ինչպես կարելի է լավ այգի տնկել, պահպանել այդ այգին, հակակարկտային միջոցառումներ իրականացնել, հողը նախօրոք պարարտացնել ու բերել այն մակարդակին, որտեղ ծառը նորմալ կաճի, սա շատ լավ կուլտուրա է այգեգործությունը զարգացնելու համար: «Շատ լավ ծրագիր է: Նաև շատ օգտակար է այն գյուղացիների համար, որոնք իրենց հողերը միավորում են, կոոպերատիվներ են ստեղծում, հետո` 10 տարի հետո անվճար այդ նույն կոոպերատիվին են հանձնում իրենց հողերը: Սա մեծ կուլտուրա է` սահմանազատում են հողը` արգելապատնեշներ են ստեղծում, որ ոչ ոքի չխանգարի, պահակ են պահում, զուգարաններ են տեղադրում, կահավորում են աշխատանքային տարածքներ աշխատողների համար և այլն: Այսինքն` մեր ժողովրդին գյուղատնտեսական նորմալ կուլտուրա են սովորեցնում մաքուր ու որակյալ բերք ստանալու համար».- նշեց ՀԽ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Այլ խոսքերով` սա ծրագիր է, որն իրոք կարող է Հայաստանում խթանել ժամանակակից ու որակյալ այգեգործության զարգացումը:

 

Tags: