Վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում

դատական նիստԹվում էր, թե 90-ական թվականների հետ միասին վաղուց անցյալ են դարձել այն ժամանակները, երբ Հայաստանի բնակչության մի կեսը «տոկոսի տակ էր», մյուս կեսն էլ՝ խաբված պարտատեր: Թվում էր, թե վաղուց արդեն անցել ենք քաղաքակիրթ հարաբերությունների, մանավանդ որ Հայաստանի բանկերը գրեթե ամեն օր սիրաշահում են մեզ՝ առաջարկելով վարկերի տրամադրման հրապուրիչ համակարգեր:

Բայց պարզվում է, որ վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում: Մինչ բնակչության մեծ մասն աշխատանք է փնտրում ու եթե գտնում է, օրնիբուն տքնում է, որ մի կերպ հասնի հարաճուն թանկացումների հետևից ու ծայրը ծայրին հասցնի, չգտնելու դեպքում էլ բռնում է պանդխտության ճանապարհը՝ օտարության մեջ հազարումի փորձանքի հանդիպելով, որոշ մարդիկ, ոչինչ չանելով, միայն ունեցած գումարը սրան-նրան տոկոսով պարտք տալով, հսկայական շահույթներ են ստանում: Եվ թող փորձի այս իրավիճակում որևէ կրպակատեր մի քանի դրամ առևտրի  ժամանակ մոռանալ կտրոն տալ հաճախորդին` բոլորս գիտենք, թե ինչ կանեն:

Այդպիսի հեշտ վաստակող անձանցից է  Տիգրան Մարտիրոսյանը, որը Երևանի տարբեր համայնքների դատարաններում ընթացող դատավարությունների գլխավոր գործող անձ է: Նրա բազմաթիվ պարտապանները սեփական բնակարաններից զրկվելու վտանգի տակ են, թեպետ վաղուց արդեն իրենց վճարած տոկոսներով շատ ավելի գումար են տվել պարտատիրոջը, սակայն այն օրվանից, ինչ այլևս չեն կարողացել վճարել տոկոսները, պարտքը աճել-աճել ու մի քանի անգամ ավելի մեծ գումար է դարձել, որը նրանք կարող են մարել միայն գրավ դրած բնակարանով:

Անշուշտ, առաջին «մեղավորները» հենց այդ պարտապաններն են,  որ ընկնում են վաշխառուների ծուղակը: Բայց, ինչպես ասում են` լավ օրից չէ: Հիմնական պատճառը նրանց միամտությունն է, ավելի ճիշտ՝ անգիտությունը, և մանավանդ նրանց նեղ վիճակը, տվյալ պահին նրանց կյանքում առաջացած ծանր կացությունը, որից էլ այնքան վարպետորեն օգտվում են վաշխառուները:

Տիգրան Մարտիրոսյանի երկու պարտապանները դիմել են իրավապահ մարմիններին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2013 թ. հունվարի 25-ին քրեական գործ է հարուցվել Տիգրան Մարտիրոսյանի կողմից որպես արհեստ վաշխառություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել, որ «2009-2010 թթ. ընկած ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, Անահիտ Դոխոյանին, Արմեն Մկրտչյանին, Լաուրա Սարգսյանին և Սուրեն Սադոևին է տրամադրել ընդհանուր 170 000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որից հետո մինչև 2011 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում որպես տոկոսագումար նրանցից ստացել է ընդհանուր 37 584 500 ՀՀ դրամին համարժեք 101 700 ԱՄՆ դոլար գումար (այդ անձանց նկատմամբ որպես արհեստ վաշխառություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իրականացվում է դատաքննություն)։ Նույն ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը, որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, դեռևս ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Անահիտ Կարապետյանին և Աղասի Վարդանյանին է տրամադրել տոկոսով գումարներ և դրանց դիմաց տևական ժամանակ ստացել տոկոսագումարներ…»:

Հուլիսի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր` Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, քննեց Տիգրան Մարտիրոսյանի գործը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (վաշխառությունը որպես արհեստ):

Ե՛վ Անահիտ Կարապետյանի ու Աղասի Վարդանյանի վկաներն ու ներկայացուցիչները, և՛ Տիգրան Մարտիրոսյանը բերել են իրենց ապացույցներն ու առարկությունները: Սակայն, որքան էլ որ ակնառու են եղել տուժողների վկայություններն ու ապացույցները, որոնք վեր են հանում բազմաթիվ խարդախություններ ու օրինազանցություններ, դատավորը դրանք այնքան էլ հիմնավոր չի համարել և ի վերջո եզրակացրել է. «Ճանաչել և հռչակել ամբաստանյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։ Տուժող Անահիտ Կարապետյանի` Երևան քաղաքի Ն.Ադոնցի փողոցի թիվ 15 շենքի թիվ 42 բնակարանի և վկա Սեդա Վարդանյանի` Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի թիվ 46 բնակարանի վրա նախաքննության մարմնի 2013 թ. ապրիլի 2-ի և ապրիլի 5-ի որոշումներով դրված կալանքը վերացնել»:

Այսքանից հետո, ինչո՞ւ պիտի չծաղկի վաշխառությունը մեր երկրում, եթե մարդը քաղաքի տարբեր ծայրերում բնակվող տասնյակ մարդկանց, որոնք մինչ այդ երբևէ կապ չեն ունեցել իր հետ, տոկոսով պարտք է տալիս նրանց, օգտվելով նրանց նեղ վիճակից ստիպում պայմանագրում ավելի մեծ գումարների դիմաց ստորագրել, այնուհետև գրավ է վերցնում բնակարանը բավական էժան գնով ու հետագայում ավելի թանկ վերավաճառում: Ինչո՞ւ չանի, եթե այսպիսի գործողությունների համար մեղավոր ճանաչվելու դեպքում էլ ՀՀ քրեական օրենսգիրքն ընդամենը նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով տուգանք է նախատեսում կամ առավելագույնը երկու տարի ազատազրկում:

Այսօր Նոր Նորք համայնքի դատարանում տեղի է ունենալու քաղաքացիական հայցով դատավարությունը: «Անկախը» կհետևի դատավարությանը և հաջորդ համարում  կներկայացնի տուժողների հետագա ճակատագիրը, ինչպես նաև նրանց պաշտպանների մեկնաբանությունները:

 

 

Tags: , ,