«Վիճակագրական» Հայաստանը հեռու է իրական Հայաստանից

վիճակագրությունՎիճակագրությունը յուրաքանչյուր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի. այն ստեղծում է երկրի իրական վիճակի համապատկերը, և դրանից ելնելով է կառավարությունը պետական քաղաքականություն մշակում ու իրականացնում այս կամ այն ոլորտում, դրանից ելնելով են գործարարները պլանավորում իրենց բիզնեսը, և այլն: Ու եթե վիճակագրությունը կեղծվում է, նշանակում է` նույնիսկ ամենաիրատեսական ծրագրերը դառնում են անիրականանալի:

 Պանիր չկա, բայց պետք է լիներ

Նախորդ շաբաթ մամուլում հրապարակումներ եղան, որ Երևանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերևս մինչև մայիս նոր խմբաքանակ չեն ստանա: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանն ասել է. «Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչև մայիս ամսվա վերջ: Անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»:

Այս պարզաբանմանը և մամուլի ահազանգներին անմիջապես պատասխանեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` պարզաբանելով, որ  լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, այն էլ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից: Դեկտեմբեր-մարտ ժամանակահատվածում կաթի  արտադրման ծավալները խիստ նվազում են, ամռան ամիսների համեմատությամբ` մոտ 3,5 անգամ: Բնականաբար, աճում է կաթի մթերման գինը (1 կգ 130-150 դրամից հասնելով 170-200 դրամի): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն): Սրանով է պայմանավորված, ըստ նախարարության, ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը: Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին,  պարզվում է` այն ոչ թե պակասել է, այլ կտրուկ ավելացել. ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով: Այդ տվյալից ելնելով` ենթադրվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով: «Ներկայումս վերամշակող ձեռնարկություններն օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում 7-10%-ի սահմաններում»,- հավաստիացնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Ըստ նույն գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, որոնք հրապարակված են  նրա կայքում, նախորդ` 2012 թ. անասնագլխաքանակի աճման տեմպերը պահպանվել են նաև 2013-ին: Իսկ 2012-ին նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական կենդանիների աճման ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրներում զբաղեցրել է առաջին տեղը: Բայց հիշենք, որ  անցած տարի խոտի պակասության ու թանկության պատճառով բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ գյուղացիները գերադասում են վաճառել կամ մորթել իրենց անասունները: Ու եթե նշվում է, որ ավելացել է անասնագլխաքանակը, դա նշանակում է, որ պետք է ավելանա նաև այդ անասուններից ստացվող կաթը:

Հարց է ծագում` ինչո՞ւ անցած տարի պանրի խնդիր չկար, իսկ այս տարի կա, երբ ըստ պաշտոնական թվերի` նախորդ տարի ավելի քիչ անասուն ունեինք:

Բայց միայն այս հանգամանքը չէ, որ տարակուսանք է առաջացնում: Ըստ գյուղնախարարության պարզաբանման` կաթի սեզոնային նվազմամբ է պայմանավորված պանրի արտադրության ծավալների նվազումը, մինչդեռ նույն նախարարության պաշտոնական կայքը, ամփոփելով նախորդ տարին, գրում էր, որ 2012 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, կաթի արտադրությունը ավելացել է 16.7 հազար տոննայով կամ 2.8%-ով, և կաթի համախառն արտադրությունը կազմել է 618,1 հազար տոննա: Երբ համեմատում ենք գյուղնախարարության ներկայացրած վիճակագրությունը` համադրելով անասնագլխաքանակի ու կաթի ծավալները, ստացվում է, որ իր կովերի կաթնատվությամբ Հայաստանը մրցում է, օրինակ, ԱՄՆ-ի հետ:

Այս հանգամանքները նշեցինք, հասկանալու համար, որ վիճակագրությունն ընդամենը նկարված, ավելի ճիշտ` «կրակված» թվերի համախումբ է, որն իրականությանը չի համապատասխանում:

Կարծիք կարող է լինել, թե դա վերաբերում է միայն կաթին, կովերին, պանրին, գյուղնախարարությանը, նրա ներկայացրած վիճակագրությանը և այլն: Սակայն

մի կարևոր արձանագրում անենք. անցյալ շաբաթ նաև պարզ դարձավ, որ համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գներն ընկել են: Մասնավորապես 1 տոննա պղնձի գինը համաշխարհային շուկայում ընկել է մինչև 7 հազար 253 դոլար,  սա ամենացածր գինն է վերջին 1.5 տարվա ընթացքում: Իսկ նավթի գինը մոտեցել է 100 դոլարի: Սա անմիջականորեն ազդում է մեր երկրի վրա, որովհետև Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը  գունավոր մետաղների, առավելապես պղնձի հանքաքարն է: Ուստի դրա էժանացումը նվազեցնում է մեր երկրի եկամուտները: Իսկ նավթի գնի անկումը վատթարացնում է վիճակը Ռուսաստանում և բացասական ազդեցություն թողնում այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների վրա: Իսկ թե ինչ ազդեցություն ունեն  դրսից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները մեր տնտեսության համար, չեն թաքցնում նույնիսկ պատկան մարմիները: Հարկ է նշել նաև, որ 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հիմնականում այս ապրանքների գների անկմամբ էր պայմանավորված:

Սա նշանակում  է, որ տնտեսական աճի այն ցուցանիշներին հասնելը, որոնք որպես թիրախ իր առջև դրել էր ՀՀ կառավարությունը, չեն իրականանա: Բայց երբ նայում ենք պաշտոնական վիճակագրությանը, Հայաստանը դրախտավայր է:

Փաստացի մենք ունենք արդեն ոչ միայն երկու` իրական ու վիրտուալ Հայաստաններ, այլև դրանց ավելացել է ևս մեկը` վիճակագրական Հայաստանը: Ու մեր երկրի տնտեսությունը այսպես դեռ երկար կկաղա, քանի դեռ Հայաստանում վիճակագրությունը ոչ թե վարվում է, այլ հորինվում:

 

 

Tags: