Վերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի նախաձեռնությամբ մի շարք զարգացումներ եղան Երևանում, որոնք կասկածի տակ են առնում «քաղաքապետարան» ինստիտուտի գործունեության տրամաբանությունը, եթե չասենք` հակասում են:
Առաջին դեպքը Մաշտոցի պուրակն էր, որտեղ քաղաքապետարանը քաղաքացիների` հանրային տարածք հանդիսացող այգու հաշվին ուզում էր «լավություն անել» որոշ ձեռներեցների: Այս դեպքը, բարեբախտաբար, դրական ելք ունեցավ` շնորհիվ «Տարո՛ն ջան, սիրուն չի» թևավոր խոսք դարձած արտահայտության: Բայց քաղաքապետարանը կարծես չհաշտվեց պարտության մտքի հետ ու նախաձեռնեց մեկ այլ աղմկահարույց միջոցառում` հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը: Այս դեպքում էլ քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը հիմնված էր այն «փաստարկների» վրա, որ գծատերերը` գործարարները, «վնասով են աշխատում»: Ուզենք թե չուզենք, ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ստանձնում է մասնավոր հատվածի շահերի պաշտպանի դերը, չնայած բոլոր նորմալ մարդակենտրոն հասարակություն ունեցող և ժողովրդավարական չափանիշներով շարժվող երկրներում պետական կառույցները, առավել ևս` տեղական ինքնակառավարման մարմինները, աշխատում են հանրային շահերի պաշտպանության տրամաբանությամբ, ոչ թե մասնավոր ընկերությունների, անհատ ձեռներեցների շահույթ ստանալու նպատակների արդարացման մղումով…
«Անկախը» բազմիցս է անդրադարձել տրանսպորտին, հատկապես հասարակական տրանսպորտին առնչվող խնդիրներին ու նշել, որ հանրային տրանսպորտը պետք է ծառայի հանրության տեղաշարժի` տեղափոխման նպատակներին, ու այս ոլորտում քաղաքապետարանը պետք է առաջնորդվի ոչ թե գծատերերի «վնասները» ծածկելու պարտավորությամբ, այլ հասարակական տրանսպորտով մարդկանց տեղաշարժը քաղաքակիրթ կազմակերպելու մղումով: Գոնե այդպիսի քաղաքակիրթ ծառայությունների մատուցման մթնոլորտ պետք է ստեղծի իր որոշումներով:
Իսկ եթե քաղաքապետարանի աշխատակիցները չգիտեն, թե դա ինչպես պետք է անել, ապա հեռու գնալու հարկ չկա, կարելի է կազմակերպել մեր պաշտոնյաների «ճանաչողական ուղևորությունը» հարևան Վրաստան ու պահանջել, որ վերադարձին նրանք շարադրություն գրեն «Վրաստանն իմ աչքերով» դպրոցական թեմայով: Հավանաբար այդ դեպքում կտեսնեն, որ քաղաքակիրթ երկիր կառուցել ցանկացող պետություններում առաջին հերթին մարդակենտրոն կառավարում է իրականացվում, մարդն է համարվում գերագույն արժեք, ու հանրային ծառայություններն էլ մատուցվում են մարդկանց, և ոչ հակառակը…
Երրորդ «դեպքը», որ դեռ «Մաշտոցի պուրակի» կամ «150-դրամանոց տրանսպորտի» հնչեղություն չի ստացել, մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի հարցն է: Ինչպես գիտենք, Երևանի ավագանու 2012 թ. դեկտեմբերի 25-ի` N561-Ն որոշման համաձայն, Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում պետք է կազմակերպել ավտոկայանատեղեր:
Էլի «Հանրության քթերից` հանուն մասնավորի գրպանի» մեխանիզմ
Մի խոսքով, ավտոկայանատեղիի գործունեությունը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Բայց Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք գանձում են տուրք Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Այդ կայանատեղիների համար սահմանվեցին անհրաժեշտ կահավորանքի չափանիշները, թե ինչ տեխնիկական պարամետրեր պետք է ունենան, ու սկսվեցին կայանատեղիները «առանձնացվել»` կարմիր ներկով գծանշվել: Այս վճարովի ծառայության համար, բնականաբար, սահմանվեց նաև կայանման տուրքի չափը, վճարման ձևերը և այլն: Ըստ այդմ` ավտոկայանատեղիի կազմակերպիչը տուրքը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ (որոշումներով) սահմանված դրույքաչափերի սահմաններում և վճարման ձևին համապատասխան:
Երևանի ավագանու որոշման համաձայն` ավտոկայանատեղիի համար սահմանվել են հետևյալ դրույքաչափերը. մեկ ժամի համար` 100 դրամ, ընդ որում, կայանելու պահից մինչև 5 րոպե տուրք չի գանձվում, մեկ օրվա համար` 500 դրամ, – մեկ շաբաթվա համար` 1000 դրամ, ամսվա համար` 2000 դրամ և մեկ տարվա համար` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 12 000 դրամ: Ժամը 24:00-ից մինչև 9:00-նն էլ կայանելու դեպքում տուրք չի գանձվում:
Վճարովի ավտոկայանատեղին առանձնացված է կարմիր գծանշումներով և ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով, տարածքը հսկվում է հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը: Ավտոկայանատեղիների կազմակերպման նոր գործընթացի համաձայն` տուրքը վճարվելու է անկանխիկ` Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն կայանատեղիներում առկա տեղեկատվական ցուցանակների վրա: Տուրքը չվճարելու դեպքում կկազմվի հատուկ արձանագրություն և վարորդից կգանձվի 5000 դրամ տուգանք, իսկ 48 ժամից ավելի առանց տուրքի վճարման կայանելու դեպքում, ատոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք կտեղափոխվի, որի դեպքում ևս նախատեսվում է տուգանք օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական տուրք չվճարելու և մեքենան հատուկ տարածքում պահպանելու համար:
Ինչո՞ւ քաղաքի կառավարումն էլ չհանձնենք մասնավոր հատվածին
Մի խոսքով, քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց, և «պարզ դարձավ», որ Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կառավարումն ու սպասարկումը պետք է իրականացնի «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունը:
Երևանի կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղիների կազմակերպումն առաջին հայացքից քաղաքակիրթ է երևում: Համենայն դեպս, շատ քաղաքակիրթ երկրներում է նման փորձ կիրառվում: Բայց մեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Օրինակ` վճարման ձևերից ու չափից երևում է, որ կայանման համար գանձվող գումարները չեն ուղղվելու քաղաքային բյուջե, դրանք տնօրինելու է մասնավոր ընկերությունը, որը, բնականաբար, շահույթ ստանալու նպատակով է առաջնորդվում: Իսկ քանի որ մեր քաղաքապետարանն արդեն հասցրել է մասնավոր հատվածի շահերի համար աննկուն պայքարողի համբավ ձեռք բերել, այս անգամ էլ սակագները սահմանելիս առաջնորդվել է հենց «Փարկինգ սիթի սերվիսի» շահերից: Որովհետև կայանման համար գանձվող գումարները, ըստ գանձման ձևի, ֆինանսական միջոցների միանվագ հավաքում են ենթադրում: Իսկ գումարների միանվագ հավաքումը բխում է ընկերության շահերից, քանի որ նվազեցնում է կայանատեղիների սպասարկման ծախսերը, այս դեպքում նվազում են վճարումների վերահսկողության համար կատարվող ծախսերը: Բացի այդ, վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպող ընկերությունը ծախսերը հոգալու է ոչ միայն հավաքվող գումարներից, այլև քաղաքային բյուջեից, և այդ միջոցները հատկացվելու են քաղաքապետարանի բյուջեի «համայնքների պահուստային ֆոնդից»:
Ստացվում է, որ հարկատուների վճարած հարկերի միջոցով կառուցված փողոցներում, որոնք նույնպես հանրային սեփականություն են, քաղաքապետարանի որոշմամբ մասնավոր հատվածի ներկայացուցիչը շահույթ հետապնդող գործունեություն է իրականացնելու, դեռ մի բան էլ նույն հարկատուների մուծած հարկերից ու տուրքերից նրան լրացուցիչ գումարներ են տալու, որ կարողանա վնասով չաշխատել:
Հենց սրա վրա քաղաքակիրթ երկրներում մի կուշտ կծիծաղեն: Որովհետև չեն հասկանա, թե ինչո՞ւ պետք է հենց քաղաքապետարանը չկազմակերպի վճարովի ավտոկայանատեղիները, ինչու պետք է դրանց համար մուծված գումարները հոսեն մասնավորի գրպանը, դեռ մի բան էլ քաղաքային բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացվեն մասնավորին` հանրային սեփականությունը շահույթ ստանալու նպատակով օգտագործելու համար: «Միջոցների բացակայության պատճառով»,- կփորձեն պարզաբանել պարոնայք չինովնիկները: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ քաղաքապետարանն էլ չդարձնենք օֆիս ու քաղաքի կառավարումն էլ չհանձնենք շահույթ հետապնդող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին…
Հուսանք, որ գոնե ապագայում Հայաստանն այնպիսի երկիր կդառնա, որտեղ պետական կառույցները կզբաղվեն ոչ թե մասնավոր հատվածի շահերի պաշտպանությամբ, այլ իրենց անմիջական պարտականություններով` հանրային շահերի գերապատվությամբ ու պաշտպանությամբ:
Tags: Երևանի քաղաքապետարան, տնտեսական
