Գուրգեն Նազարյանը Աֆղանստանում ծառայած ու կռված մարտունեցիներից առաջինն էր, որ 1988-ին անդամագրվեց «Հայ դատ» հասարակական քաղաքական ՀԿ-ին ու միացավ Ղարաբաղյան շարժմանը:
«Պատերազմ տեսել եմ 18 տարեկան հասակում, Աֆղանստանում: Երբ շարժումը սկսվեց, ասի` ո՞նց, ուրիշի հողի համար գնամ կռվեմ, իսկ իմ հողի համար զենք չվերցնե՞մ»,- հիշում է շարժմանը միանալու իր որոշման մասին:
Սկզբում Վարդենիսում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում մասնակցել է սահմանների պաշտպանությանը, ապա Արցախի ազատագրման համար է պայքարել հինգերորդ գումարտակի կազմում: Նազարյանը կռվել է հիմնականում Մարտակերտի տարածքում` մասնակցելով Մատաղիսի և Թալիշի ազատագրմանը: Հիշում է, որ սկզբնական շրջանում զենք անգամ չկար, թշնամու դեմ պայքարում էին որսորդական հրացաններով ու ինքնաշեն նռնակներով, բայց, չնայած դրան, «կռվել ենք ու մեր հողն ազատագրել` առանց վախենալու և ընկճվելու»:
Իր մարտական ընկերների հետ հաճախ է փոխանակել Աֆղանստանում ձեռք բերված ռազմական փորձը, իր խորհուրդներով օգնել նրանց հաղթահարել վախը:
«Պատերազմի ժամանակ, եթե տեսնում ես կողքինդ սրտով տղա է, պետք եղած ժամանակ կրակում է, կողքիդ է, քեզ ակտիվ ես զգում, վախի զգացումը նահանջում է, իսկ եթե կողքիդ ընկերը թաքնված է, չի ուզում կրակել կամ հարձակման ժամանակ հետ է մնում, քեզ էլ վստահ չես զգում, վախի մթնոլորտ է առաջանում»,- ասում է նա:
53-ամյա Նազարյանը պատերազմի մանրամասները հիշել չի ցանկանում, ասում է` չի սիրում նաև, երբ կողքիններն են պատերազմից պատմում. «Միշտ ասել եմ` մեկ Աստված գիտի, մեկ թուրքը, մեկ էլ մենք, թե ինչ է կատարվել: Եթե սիրում ես հայրենիքդ, նվիրված ես, հաստատ չես վախենում, սրտով կռվում ես, հատկապես որ կամավոր ես գնացել»:
Նազարյանը նաև այսպես է բացատրում, թե ինչու չի սիրում պատմել իր անցած ուղու մասին. « Հայրենասեր մարդը, հետագայի մասին չմտածող կռվող տղեն կյանքում չի գա էստեղ ու գոռա, թե էս եմ արել, էն եմ արել: Ընենց տղերք են զոհվել, հազար ափսոս, ինձանից հազար անգամ լավ տղերք: Նայելով էն տղերքին, նրանց տված կռվին, էսօր ո՞նց կարամ մոռանամ նրանց ու ասեմ` էս եմ արել, էն եմ արել: Ինչ արել եմ, իմ հող ու ջրի համար եմ արել»:
Հիշելով ազատամարտի տարիները, երբ հայկական կողմը բավարար քանակությամբ զենք չուներ, ադրբեջանցիներին զիջում էր նաև մարդկային ռեսուրսներով, բայց միևնույն է, հաղթեց, Նազարյանն ասում է, որ գլխավոր գործոնը միասնականությունն էր. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88-ին, էլի լինի: Բոլորով մեկ բան էինք ուզում. ժողովուրդը մեկ մարդու պես պահանջում էր անկախություն և հողերի ազատագրում, այդպես էլ եղավ»: Նրա խոսքով` հատկապես Ղարաբաղյան շարժման սկզբում բոլորն էին ուզում հայրենիքին մի բանով օգնել, պայքարել, անգամ վիճում էին մարտի գնալու համար (պատահում էր, որ պահանջված թվից ավելի մարդիկ էին ցանկանում մեկնել):
«Այն ժամանակ հայրենասիրությունը բոլորի մեջ կար: Գուցե կային մարդիկ, որ վախենում, զենք չէին վերցնում, բայց հաստատ հայրենասեր էին: Այսօր նույնը չեմ կարող ասել,- ասում է նա:- Մենք գիտեինք մեր պատմությունը, թե ոնց են թուրքերը ջարդել հայերին, թասիբը մեր մեջ եռում էր, ուզում էինք վրեժ լուծել»:
Երբ պատերազմն ավարտվում է հայերիս հաղթանակով, Նազարյանը հայրական օջախ է վերադառնում, էլի ձեռքն է առնում բահն ու գերանդին ու շարունակում գյուղացիական աշխատանքով ապրուստ ստեղծել և դաստիարակել երեխաներին, որոնց թողել էր հայրենիքին օգնության ձեռք մեկնելու համար:
2008-2013 թթ. ղեկավարել է «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի Մարտունու տարածքային կառույցը, այս տարի, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, հրաժարվել է պարտականություններից: Այժմ աշխատում է էլեկտրացանցում:
Ասում է, որ երբեք որևէ մեկից որևէ բան չի պահանջել և չի պահանջելու. «Համարել եմ, որ հայրենիքն իմ օջախն է, ելել եմ պաշտպանելու: Գնամ իմ ընտանիքի՞ց ինչ-որ բան պահանջեմ, չէ, ընտանիքը հարգում է, չի հարգում, ինքը գիտի, ինձնից հասանելիքը ես արել եմ: Կռվող տղեն երբեք հետ չի նայել, հետագայի մասին չի մտածել, նրան պետք է եղել, որ հողն ազատագրի ու վրեժ լուծի թշնամուց, մնացածը թող հայրենիքը մտածի»:
Ասում է, որ ազատամարտիկի համար ամենակարևորը հարգված լինելն է, երբ կա հարգանք, էլ ուրիշ ոչինչ պետք չէ. «Չեմ ասում, որ պետությունը ազատամարտիկին պիտի ամեն ինչով ապահովի, ոչ, ուղղակի հարգանք է պետք: Ափսոսում եմ, որ երիտասարդ սերունդը, տեսնելով զոհվածների և ազատամարտիկների ընտանիքների վիճակը, կարող է հիասթափվել էս հող ու ջրից, հայրենիքից: Հատկապես զոհվածների ընտանիքներին պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի»:
Ասում է, որ հիասթափության հիմնական պատճառն անարդարությունն է, այն, ինչ չկար 1988-ին, երբ բոլորը կողք կողքի նույն բանն էին պահանջում և նույն վիճակում էին:
Այսպես, օրինակ` Աֆղանստանում ծառայությունից հետո Նազարյանը տնամերձ հողատարածք է ստացել, որը և ընտանիքով մշակել է: Սակայն պատերազմից վերադառնալուց հետո պարզել է, որ հողն այլևս իրենը չէ. այն սխալմամբ են հատկացրել, քանի որ այդտեղով պետք է ճանապարհ անցներ: Փոխարենը իրեն այլ հողատարածք են հատկացրել, բայց արդեն վարձակալական հիմունքներով: Կիլոմետրերով հայրենի հող ազատագրած ազատամարտիկն ասում է, որ մեկ-երկու անգամ պահանջել է իրեն հատկացնել հասանելիք հողը, բայց ապարդյուն, ինքն էլ այլևս չի շարունակել պայքարը:
Չնայած այս ամենին, Նազարյանը կարծում է, որ ամեն մարդ պետք է ապրի ու արարի իր հայրենիքում: Նա երիտասարդներին կոչ է անում մնալ իրենց հայրենիքում, քանի որ ուր էլ գնան, միևնույն է, հողին այնպես ամուր չեն կարողանա կանգնել, ինչպես իրենց պապերի հայրենիքում:
Tags: ազատամարտիկ, Արցախ, ԼՂՀ, Հայաստան
