Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակահատվածում` 1943-ին, ԽՍՀՄ-ում ստեղծվեց «Աշխատանքային հերթափոխ» մարզական ընկերությունը: Նպատակն այն էր, որ պրոֆտեխկրթության համակարգի սովորողները և աշխատողները բարեկամանան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետ, ֆիզիկական կոփվածք ձեռք բերեն` լավ վազեն, ցատկեն, նռնակ նետեն և պատրաստ լինեն բանակում ծառայելու, երկիրը պաշտպանելու: Սպորտում մեծ նվաճումների հասնելու մասին սկզբնական շրջանում խոսք չկար: Հայաստանում էլ ստեղծվեց նույնանուն մարզական կառույց: Եվ ահա, այն դարձել է 70 տարեկան:
Եթե պատերազմական տարիներին պրոֆտեխուսումնարանները ռազմականացված հաստատություններ էին, կադրեր էին պատրաստում գործարանների համար, նաև ունեին արտադրություններ, ապա խաղաղության հաստատումից հետո այդ կրթօջախներն արդեն հիմնականում ուսում ստանալու և մասնագիտանալու հանարավորություն էին տալիս երիտասարդներին: Սովորողների մեծ մասը ծնողազուրկ էր կամ անապահով ընտանիքներից: Եվ ստեղծվել էին բոլոր հնարավորությունները, որպեսզի ՊՏՈւ-ների սաները լավ պայմաններում մասնագիտանան, նաև առողջությունը կոփելու, սպորտով զբաղվելու հնարավորություն ստանան: Այդ հաստատություններն ունեին ժամանակակից խաղահրապարակներ, մարզագործիքներով կահավորված դահլիճներ: «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը ոչ միայն Երևանում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում ստեղծել էր հիանալի մարզակառույցներ: Հետագայում մեր երկրում ընդլայնվեց պրոֆտեխնիկական ուսումնարանների ցանցը: 1970-ականների կեսերին դրանց թիվը Հայաստանում հարյուրից ավելի էր: Ստեղծվել էր Պրոֆտեխկրթության պետական կոմիտե, որը գերատեսչական հզոր կառույց էր, նախարարության կարգավիճակ ուներ: Ընդ որում, Հայաստան սովորելու էին գալիս ոչ միայն խորհրդային հանրապետություններից, այլև Վիետնամից, Բանգլադեշից, արտասահմանյան այլ երկրներից:
Արմատավորված էին բռնցքամարտը, ըմբշամարտը, մարմնամարզությունը, հեծանվային սպորտը և այլն: Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում բռնցքամարտին: «Աշխատանքային հերթափոխի» ներկայացուցիչներ են օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մխիթար Մանուկյանը, մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանը և ուրիշներ:
Հայաստանի անկախացումից հետո կազմակերպության կյանքում նոր փորձություններ ծագեցին: Նախ, համակարգի փոփոխման հետ կապված, նորամուծություններ կատարվեցին: 1989-ին կրթական համակարգը միավորվեց. լուսավորության նախարարությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտության նախարարությունները և Պրոֆտեխկրթության պետական կոմիտեն միավորվեցին Ժողկրթության նախարարության կազմում: «Աշխատանքային հերթափոխը» մնաց որպես հասարակական կազմակերպություն, սակայն ոչ պաշտոնապես սկսեց իրականացնել նաև հանրակրթական դպրոցների սովորողների, մանկապարտեզների սաների ֆիզիկական դաստիարակության աշխատանքը: Իսկ1991-ից այդ ամենը կատարվում է արդեն պաշտոնապես:
Խորհրդային տարիներից լուսավորության նախարարության համակարգում էր Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Այս մարզօջախին էր վստահված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆիզդաստիարակության աշխատանքների համակարգումը և իրականացումը: Դպրոցը զբաղվում էր նաև պատանի մարզիկների մարզական վարպետության բարելավման խնդիրներով: Հաստատությունը նախապատրաստում էր մեր երկրի ներկայացուցիչներին դպրոցականների համամիութենական սպարտակիադաներին, ապահովում այդ ստուգատեսներին նրանց մասնակցությունը: Ընդ որում, սկզբում Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը, մնալով կրթական համակարգում, շարունակում էր զբաղվել դպրոցական ոլորտի ֆիզկուլտուրայի և սպորտի բոլոր հարցերով: 1991-ից արդեն «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը սկսեց ամբողջովին զբաղվել նաև այն խնդիրներով, որոնք կատարում էր Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Վերջինս մնաց, սակայն կարգավիճակը փոխեց` զբավելով միայն պատանիներին և աղջիկներին որոշ մարզաձևերում ընդգրկելու աշխատանքով:
«Այժմ պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններ չկան: Արտադրական ձեռնարկություններից շատերը չեն աշխատում և տարբեր մասնագիտությունների նոր կադրերի պատրաստման խնդիրներով չեն զբաղվում: Դրանց փոխարեն գործում են մի շարք քոլեջներ, որոնց հետ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը շարունակում է գործունեությունը: Դրանց թիվը Հայաստանում հասնում է շուրջ երեք տասնյակի: Անցկացվում են Հայաստանի դպրոցականների մարզական խաղեր, որոնցում ներգրավվում են նաև քոլեջների սովորողները: Ի դեպ, նախկինում քոլեջների թիվը մեծ էր, և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար առանձին սպարտակիադա էր կազմակերպվում: Իսկ դպրոցականների մարզական խաղերն անցկացվում են անկախացման առաջին իսկ տարվանից: Արդեն կազմակերպվել է 22 ստուգատես: Դա ուշագրավ ցուցանիշ է: Այդ մրցումների ծրագրում 8 մարզաձև է: Դրանք այն մարզաձևերն են, որոնք ընդգրված են դպրոցականների աշխարհի առաջնությունների ծրագրում»,- ասաց «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արա Մեհրաբյանը:
Նա 2006-ից ստանձնել է նաև Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, և «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության, Հայաստանի ԿԳ նախարարության համատեղ ջանքերով մեր երկրի պատանի մարզիկները հանդես են գալիս Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող մրցումներում, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնություններում: Այնպես որ «Աշխատանքային հերթափոխի» գործունեության ոլորտն ընդլայնվել է:
Այնուամենայնիվ, անկախացումից հետո կորուստներ եղել են, հնարավոր չի եղել պահպանել այն ամենը, ինչը ստեղծվել էր նախկինում: Խորհրդային տարիներին մարզընկերությանը մայրաքաղաքում մեծ տարածք էր հատկացվել, որպեսզի մարզահամալիր սարքավորվի: Սակայն Խորհրդային Միության փլուզման հետ այդ ծրագիրն էլ դադարեց:
«Ամենացավալին այն է, որ կորցրել ենք Կապանի մարզադաշտը: Մեր համար էլ անհասկանալի է, թե այդ ինչպես է տեղի ունեցել: Քանիցս դիմել ենք դատական տարբեր ատյանների, բողոքել արդարությունը վերականգնելու համար, պայքարել, սակայն արդյունքի հասնել չի հաջողվել: Փաստորեն, ապօրինի քայլ է արվել: Թեև «Աշխատանքային հերթափոխի» նախկին ղեկավարությունն էր գործարք կատարել, սակայն այն օրինական ուժ չուներ, քանի որ մարզադաշտից հրաժարվելու համար կոլեգիալ որոշում էր անհրաժեշտ, որը չէր եղել: Կատարվածից մեկ շաբաթ հետո արդեն այդ մասին ահազանգ է բարձրացվել, բայց դա չի օգնել: Փաստորեն, խախտվել էր մարզական կազմակերպության կանոնադրությունը, և նրա ղեկավարը միանձնյա վճիռ է կայացրել, որի իրավունքը չուներ»,- պարզաբանեց Մեհրաբյանը:
Այդուհանդերձ, կազմակերպության Երևանի, Գյումրիի, Վանաձորի մարզաբազաները պահպանվել են, գործում է նաև մայրաքաղաքի Էլեկտրալամպերի գործարանի հարևանությամբ գտնվող օլիմպիական պատրաստության կենտրոնը: Ի դեպ, Գյումրիի մարզաբազան 1988-ի երկրաշարժի ժամանակ փլուզվել էր, սակայն 2007-ին այն ամբողջովին վերանորոգվել է և նոր տեսք ստացել: 2006-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է «Աշխատանքային հերթափոխի» Երևանի մարզահամալիրը:
Կազմակերպության ցուցանիշներն էլ խոսուն են: «Աշխատանքային հերթափոխի» մարզիկները մեդալների են արժանանում Հայաստանի տարբեր մարզաձևերի առաջնություններում, մեր երկրի տարբեր մարզաձևերի հավաքականների կազմերում հանդես գալիս խոշորամասշտաբ ստուգատեսներում, պարգևների տիրանում: Կան օլիմպիական խաղերի մասնակիցներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ:
Ըստ Մեհրաբյանի` չէր լինի այդ ամենը, եթե չաջակցեր Հայաստանի կրթության և գիտության նախարությունը: Եթե օգնություն չցուցաբերվեր, իհարկե, դժվար կլիներ, սակայն կազմակերպությունը կշարունակեր իր գոյությունը: Ընդ որում, բոլոր մարզախմբերն անվճար են: Ի դեպ, նախարարությունը 23 մլն դրամ է առանձնացրել, որպեսզի նոյեմբերին առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն Բրազիլիայի Բրազիլիա քաղաքում կայանալիք Համաշխարհային գիմնազիադայի մրցումներին:
Այդուհանդերձ, «Աշխատանքային հերթափոխը» խնդիրներ ունի: Երկար ժամանակ է, ինչ մարզագույք չի ստացել: Հայաստանի սպորտի ղեկավարները տարիներ առաջ խոստացել են, որ դա կտրամադրեն: Բայց երբ բացահայտվել է, որ «Աշխատանքային հերթափոխի» մարզաբազաների մի մասում պահպանվել է նախկինում եղած մարզագույքը, ռինգերը, այդպես էլ ոչինչ չեն հատկացրել:
«Դա անակնկալ էր, քանի որ կան այլ կազմակերպությունների այնպիսի մարզաբազաներ, որոնք 2000-ին մարզագույք էին ստացել, սակայն լավ չէին պահպանել և այժմ կրկին նորն են ստանալու: Իսկ մեր կազմակերպության կահավորումը մարզագույքով նպատակահարմար չի համարվել սոսկ այն պատճառով, որ հինը հոգատար վերաբերմունքի շնորհիվ մնացել է»,- ասաց Մեհրաբյանը:
Ինչևէ, սեպտեմբերին կայանալու է «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Կազմակերպության մարզերում գտնվող մասնաճյուղերում կանցկացվեն արմատավորված մարզաձևերի բաց առաջնություններ` բռնցքամարտի, ըմբշամարտի, սեղանի թենիսի, հանդբոլի և այլն: Նպատակն է` շուքով նշել հոբելյանը, նաև քարոզել սպորտը, առողջ ապրելակերպը: Ինչ խոսք, դա կնպաստի, որ նոր պարապողներ համալրեն «Աշխատանքային հերթափոխի» տարբեր մարզաձևերի խմբերը:
Tags: սպորտ
