Այդպես էլ կրթությունն «ապրանք» չդարձավ

կրթությունԱյդպես էլ Հայաստանի «մեծապատիվ տիարք» չհասկացան մի պարզ ճշմարտություն` կրթություն մատուցելը համարվում է ծառայությունների մատուցում: Իսկ ծառայությունների մատուցման ոլորտում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործում է մի պարզ սկզբունք. ցանկացած սակագին փոփոխվում է, երբ տվյալ ծառայություն մատուցող ոլորտը թևակոխում է զարգացման ավելի բարձր աստիճան, դրանից հետո է տեղի ունենում թանկացումը: Իսկ ծառայությունների գները բարձրացնել ընդամենն աղոտ խոստումներ տալով, թե ինչ-որ անորոշ ապագայում  հայկական բուհերում մատուցվող կրթական ծառայությունները ինչ-ինչ փոփոխություններ կունենան, ուղղակի ծիծաղելի է, եթե ոչ ծաղր: 

Ինչպես գիտենք, ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարները թանկացնել 100.000 դրամով և նվազագույն շեմը նախկին 300 հազար դրամի փոխարեն դարձնել 400 հազար դրամ: Վարձավճարների բարձրացմամբ են նոր ուսումնական տարին սկսում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով:

Այս որոշման հեղինակներն ուսման վարձավճարների թանկացումը  պատճառաբանում են այն հանգամանքով, որ վերջին տարիներին բուհերի ծախսերը շատացել են. բուհն այժմ մեկ ուսանողի համար ավելի շատ գումար է ծախսում, քան նախկինում, ինչը պայմանավորված է կահավորանքի, տեխնիկական և լաբորատոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ:

Մի պահ մոռանանք հայկական իրականությունը և անդրադարձ կատարենք առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների փորձին: Ֆրանսիայում, օրինակ, Սորբոնի համալսարանում Ֆրանսիայի ռեզիդենտ քաղաքացիների համար ուսումն անվճար է, իսկ ոչ ռեզիդենտների համար ուսման վարձավճարները սկսվում են տարեկան 7 հազար եվրոյից: Բացի Սորբոնի համալսարանից, Ֆրանսիայի շատ այլ համալսարաններում կրթությունը բավականին թանկ է: Նայենք ԱՄՆ-ի օրինակին. այդ երկրի բուհերում, առավել ևս միջազգային հեղինակություն վայելող, ուսման վարձավճարները հասնում են տասնյակ հազարավոր դոլարների: Եվրոպական շատ այլ երկրների առաջատար ու միջին կարգի բուհերում էլ ուսման վարձավճարները բավականին բարձր են:

Իհարկե, լավ կրթությունը չի կարող էժան լինել, եթե հաշվի առնենք ուսումնական գործընթացի կազմակերպչական, նյութատեխնիկական պայմանների բավարարումը, հեղինակավոր ու որակյալ փորձագետներով ու մասնագետներով պրոֆեսորա-դասախոսական անձնակազմերը համալրելու անհրաժեշտությունը և այլն: Տպավորություն կարող է ստեղծվել, թե մեզ մոտ էլ նույն պատճառաբանություններն են բերվում, սակայն դա չի արդարացնում կրթության ոլորտի հայ պատասխանատուներին:

Նախ` այն պարզ պատճառով, որ այդ երկրներում առաջնորդվում են «կրթությունը պետք է լինի ոչ թե էժան ու անհասանելի, այլ թանկ, բայց հասանելի բոլորին» սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ ստեղծված են բազմազան ու բազմապիսի մեխանիզմներ, որոնցով ուսանողներն ու նրանց ծնողները կարող են վճարել որակյալ կրթության համար: Օրինակ` գործում են կրթության ֆինանսավորման տարբեր ու տարատեսակ հիմնադրամներ, այդ երկրների բանկային համակարգերն ունեն ուսանողական վարձավճարների վարկավորման ճկուն մեխանիզմներ, պետությունը կիրառում է կրթության վարձավճարների սուբսիդավորման, զեղչերի ու փոխհատուցումների ճկուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս գումար չունեցող, բայց  ուսումնատենչ երիտասարդին ստանալ որակյալ կրթություն` համոզված լինելով, որ իր ստացած կրթությամբ հետագայում կկարողանա արդարացնել ու «ծածկել» կրթության համար արված ծախսերը:

Այդ երկրներում կրթությունը, ինչպես և պետք է լինի, դիտարկվում է, որպես ապրանք, և մարդիկ գիտեն, թե ինչի համար են վճարում, գիտեն այդ ապրանքի, այսինքն` իրենց ստացած կրթության արժեքը: Օրինակ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի համալսարաններում կրթություն ստանալ ցանկացողներին բուհերը տրամադրում են սպառիչ տեղեկություններ, թե ուսանողն իրենց մոտ ինչ առարկաներ է ուսումնասիրելու, ինչ մակարդակով, ինչ չափանիշների է համապատասխանում այդ կրթությունը, ինչպիսի հիմնարկների, կազմակերպությունների կամ կառույցների համար են կրթության այդ չափանիշներն ընդունելի, իրենց համալսարանի շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում, ինչպիսի վարձատրությամբ աշխատանք է գտնում, ինչպես են օգնում իրենց շրջանավարտներին հետագայում աշխատանք գտնելու հարցում, իրենց պատրաստած մասնագետներն աշխատաշուկայում ինչ պահանջարկ ունեն և այլն:

Բացի այս ամենը, նորմալ ու նախանձելի կրթական համակարգեր ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում  և այլն, բուհերն ակտիվորեն համագործակցում են պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` իրենց կրթական ծրագրերը նրանց պահանջներին համապատասխանեցնելու համար, որպեսզի կարողանան պահանջված մասնագետներ պատրաստել, ոչ թե ընդամենը դիպլոմներ տալ… Մեկ այլ օրինակելի մեխանիզմ էլ կա այդ երկրներում. օրինակ` ինչպես Հայաստանում պետությունն է բուհերին պետպատվերի շրջանակներում մասնագետների պատրաստում պատվիրում, նույն կերպ էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են այդ բուհերին ուղիղ, անմիջական կապի միջոցով պատվիրում իրենց համար համապատասխան մասնագետների պատրաստում` պետության պես  ուսման վճարները լրիվ կամ մասնակի փոխհատուցելով: Սա ևս մեկ լծակ է, որն օգնում է ուսանողներին չվախենալու ուսման վարձավճարների թանկությունից: Իսկ հայկական բուհերից քանի՞սը կարող են իրենց գոնե մեկ տարվա շրջանավարտների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կամ վիճակագրություն ներկայացնել: Քանի՞սը կարող են ասել, թե իրենց պատրաստած որ մասնագիտությունն ինչպիսի պահանջարկ ունի աշխատանքի շուկայում, քանիսն են դիմորդների ու նրանց ծնողների համար էքսկուրսիաներ կազմակերպում իրենց կրթօջախներում` ներկայացնելու համար մատուցվող կրթության ձևը, որակը, բուհի լաբորատոր-լսարանային, նյութա-տեխնիկական պայմանները, ուսումնա-մեթոդական տարրերն ու պրոցեսները, պրոֆեսորա-դասախոսական կազմին…

Հայ ուսանողը կա՛մ պետք է հարմարվի, կա՛մ հեռանա

Մինչդեռ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը հրավիրված ասուլիսում արդարացնում է ուսման վարձերի թանկացումը` պնդելով, թե դա ինքնանպատակ չէ, թե վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի ուսման վարձից, որ կրթությունն էլ իր գինն ունի…

Նախարարը խոստանում է «ջանքեր թափել», որ այս ամենից, իր խոսքերով ասած, «պլյուսով դուրս գանք», որ կրթաթոշակներ են սահմանվելու լավագույն ուսանողների համար, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որ վարձավճարներից գոյացած միջոցների 7 տոկոսը բուհերը հատկացնեն ուսման վարձավճարների զեղչեր սահմանելու հիմնադրամներին և այլն:

Բայց ոչ մի տեղ չի խոսվում, թե ուսման վարձավճարների բարձրացումն ինչպես կանդրադառնա ուսման որակի բարձրացման վրա: Օրինակ` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կշարունակե՞ն տառապել «նախնադարյան» համակարգիչներն աշխատեցնելով, թե՞ նոր ու ժամանակակից համակարգիչներով կստեղծեն իրենց նյութերը, 240 հոգով 4-5 տեսախցիկի վրա՞ հույսները կդնեն տեսանյութեր պատրաստել սովորելիս, թե՞ գոնե 2-3 հոգուն մեկ տեսախցիկ կհասնի…

Ոչ մի տեղ այս հարցերի պատասխանները չկան: Չկան նաև այնպիսի հարցի պատասխաններ, թե ինչպիսի նոր տեխնոլոգիաներ կներդրվեն ուսումնական գործընթացների կազմակերպման համար, ինչպիսի ու ինչ կարգի մասնագետներ կհրավիրվեն դասավանդման համար և այլն: Կարծես ամեն ինչ, բացի մի քանի լսարանների կոսմետիկ վերանորոգումից, նույնն է մնում` թե՛ կրթության որակը, թե՛ պայմանները, միայն վարձավճարներն են թանկանում:

Սեպտեմբերի 2-ին` «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած բողոքի երթի ժամանակ, երբ ուսանողները հասան կառավարության շենքի մոտ, նրանց դիմավորեց կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ու ցնցող «նորություններ» հայտնեց. «Բուհերն ինքնավար մարմիններ են, ու երբ ուսման վարձը թանկանում է, հավասարաչափ թանկանում է նաև պետության համար: Պետպատվեր գոյություն ունի, ես պարտավոր եմ լինելու կատարել նրանց որոշումը և ավելի գումար վճարել պետպատվերի համար: Այնպես որ մենք այստեղ  դեմ դիմաց կանգնած կողմեր չենք` այս խնդիրն ինչքան ձեզ համար է բարդ, այնքան էլ կառավարության համար է բարդ: Բայց կառավարությունը մյուս կողմից փորձում է ուրիշ միջոցներ ձեռնարկել` սոցիալական խնդիրները լուծել, ուսանողական հիմնադրամների խնդիրները լուծել, լրացուցիչ զեղչեր սահմանել»:

Ստացվում է` պետական բուհերն ինքնագլուխ ինչ ուզեն, կարող են անել` առանց կառավարության ցանկությունները հաշվի առնելու: Կառավարությունն էլ համաձայն է բուհերի ղեկավարների պատճառաբանությունների հետ ու հարց չի բարձրացնում, թե ինչու են ուսման վարձավճարները թանկացնում խոստացված փոփոխություններից ու բարելավումներից առաջ, ոչ թե հետո:

 

Tags: , ,