Գիրք, որ ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է կարդա

ռաֆայել իշխանյանԼույս է տեսել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի նոր հրատարակությունը: Մինչև սեպտեմբերի կեսը գիրքն արդեն գրախանութներում կլինի:

«Անտարես» հրատարակչությունը եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրավիչ արտաքին, որակյալ թուղթ, ընթերցելու համար հարմար  տառաչափ և հնագիտական գտածոների ու պատմական դրվագների  բազմաթիվ նկարներ: Գիրքն առաջին անգամ ձեռքը վերցնելիս այս հատկանիշներն են աչքի զարնում:

Իսկ մի  քանի էջ կարդալուց  հետո ընթերցողը կհասկանա, որ հենց այս գրքով է պետք կրթել աճող սերնդին: Սա գիրք է, որից կարող են օրինակ վերցնել ժամանակակից դասագիրք գրողները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում լուծել գիտականության և մատչելիության համատեղելիության խնդիրը:

Երեք մասից կազմված գրքում  մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը` սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների թագավորության անկումը:

Գրքի առաջին մասում ներկայացված են հայ ժողովրդի ծագումը, հայոց հնագույն պատմությունն ըստ այլալեզու վկայությունների, Վանի Արարատյան թագավորության, Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերի պատմությունը:

Երկրորդ գրքում հեղինակը ներկայացնում է քրիստոնեության ընդունումը, Արշակունիների հարստության անկումը, հայ դպրության սկզբնավորումը և հայոց պետականության անկումը:

Երրորդ գրքում արդեն ներկայացված են Պարսկաստանին ենթակա Մարզպանական Հայաստանի պատմությունն ու ազատագրական պայքարները, արաբական տիրապետությունը Հայաստանում և Բագրատունիների կողմից հայոց պետականության վերականգնումը, ապա դինաստիայի անկումը:

Ցավոք սրտի, հեղինակը չի հասցրել գրել գրքի չորրորդ հատորը, որում պետք է ներկայացներ Կիլիկյան Հայաստանի պատմությունը: 90-ականների դժվարին օրերին հեղինակն ասում էր, որ գրքի 4-րդ մասը մտքում պատրաստի ունի, մնում է միայն շարադրել: Բայց չէր շտապում, քանի որ  նրա գրքերը սովորաբար երկարատև պայքարի արդյունքում էին հրատարակվում, իսկ գրքի 2-րդ և 3-րդ հատորները դեռևս տպագրված չէին:  Մինչդեռ, ըստ նախնական գաղափարի, գիրքը պետք է վեցհատորյակ լիներ:

պատկերազարդ պատմություն հայոցՀետաքրքիր զուգադիպությամբ գիրքն առաջին անգամ հրատարակվել է Արցախյան շարժման տարիներին և կոչված  էր հայ մանուկին ու երիտասարդին ոչ միայն սովորեցնել իր պատմությունը, օգնել խուսափելու պատմական սխալների կրկնությունից:

Այսօր ևս Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, երբ անընդմեջ երկընտրանքի առջև ենք: Եվ մեծից փոքր հասկանում ենք, որ հարկ է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի դարերի խորքից մինչև XXI դարը հասած հայությունը կարողանա պահպանել պետականությունը: Վերահրատարակված գիրքը  ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին, որ արևմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ` նախ պետք է լինել հայամետ: Եվ սա արվում է ոչ թե քարոզով, այլ պատմական փաստերը կողք կողքի դնելով:

Իշխանյանը պատմական օրինակներով ընթերցողի մեջ սերմանում է այն միտքը, որ պետք է հավասարակշռված  անկախ քաղաքականություն վարել հարևանների հետ` հօգուտ հայրենիքի և պետականության:  Նա հիշեցնում է, որ «քաղաքականության  մեջ միևնույն կրոնը դավանելը նշանակություն չունի, որ ամեն պետություն իր շահն ունի, և հայերի գեղեցիկ աչքերի համար ոչ ոք նրանց չի օգնել և չի օգնի»:

Ասվածի ապացույցը Արշակունիների հարստությունից Արշակ Երկրորդի և նրա որդու` Պապի վախճանն է: «Հայրը զոհ գնաց մի հակառակորդի` պարսիկների, իսկ որդին մյուսի` Հռոմի դավերին: Հայքը թուլանում էր»,- գրում է հեղինակը:

Գրքի ամենակարևոր յուրահատկությունն այն է, որ  հեղինակը կարողացել է հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները ներկայացնել մատչելի լեզվով: Գիրքը հավասարապես ըմբռնելի ու գրավիչ է  թե՛ դպրոցահասակ փոքրիկի համար, որը նոր-նոր է սկսում պատմության ուսումնասիրությունը,  թե՛ գիտակ  մեծահասակի համար:

Հեղինակը աշխատության սկզբում բացատրում է ընթերցողին պատմական տերմինները և մի շարք բառեր, որոնք ներկայիս դասագրքերը չեն բացատրում, և բեռը մնում է ծնողի ուսերին, մինչդեռ ամեն ծնող չէ, որ ունի բավարար գիտելիք կամ ժամանակ այդ ամենը երեխային բացատրելու համար: Օրինակ` սովորեցնում է, թե ինչ է «մ.թ.ա»-ն և «մ.թ.»-ն, ինչպես հաշվել, թե օրինակ` մ.թ.ա. 95 թվականը մեզանից քանի տարի առաջ է եղել, ինչպես որոշել, թե տվյալ թվականը որ դարն է: Նա անհրաժեշտ է համարել նաև տեղեկացնել ընթերցողին, թե ինչ են պապիրուսը, մագաղաթը, ինչպես են պատրաստվել և կիրառվել: Ավելին, ընթերցողը գիտելիք է ստանում նաև, թե մեր պատմության մասին  տեղեկություններն ինչ աղբյուրներից ենք ստանում, ինչպես է պատմությունը գրվում:

Այս ամենը ժամանակին տողերիս հեղինակին բացատրել են ծնողները, քանի որ դասագիրքը նման գիտելիքներ չէր տալիս: Այս աշխատությունը, փաստորեն, լուծում է երեխայի` դասն ինքնուրույն սովորելու խնդիրը,  թեպետ այն դպրոցական դասագիրք չէ:

Աշխատության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ մշտապես կարևորվում է լեզվի` որպես ազգ կերտող և պահող գործոնի դերը: «Զուտ հայկական ամեն առանձնահատկություն իր հիմքում ունի հայոց լեզուն,- բացատրում է Իշխանյանն իր ընթերցողին:- Իրոք, դարերի ընթացքում հայերի գլխավոր ու վճռական առանձնահատկությունը, որը միայն հայերինն է եղել, և որը չի ունեցել ու չունի ուրիշ որևէ ժողովուրդ, լեզուն է` հայոց լեզուն»:

Իշխանյանը հմտորեն կապակցում է հայոց լեզուն և հայոց պատմությունը, ընթերցողին բացատրում, որ չկա հայ առանց հայոց լեզվի,  և չկա հայոց լեզու առանց հայի, քանի որ այն լեզուն, որով չեն խոսում, մեռած է:

Ցավոք, այսօր դպրոցում միջառարկայական կապն այնքան էլ հստակ չէ: Մինդեռ ներկայիս դասագրքերի հեղինակները կարող են Իշխանյանից օրինակ վերցնել, թե ինչպես է պետք մատուցել միջառարկայական կապը:

Կասկած չկա, որ «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը կարդացած աշակերտն իր գիտելիքներով կփայլի ոչ միայն պատմության, այլև մայրենիի դասաժամին:

«Պատկերազարդ պատմություն հայոց»-ը գիրք է, որ ամեն հայ գեթ մեկ անգամ պետք է կարդա, որպեսզի ներսում խլրտա ազգասիրության ոգին, հպարտությունը, որպեսզի երբևէ հանկարծ չարտաբերի օտարների կողմից հայերի մեջ սերմանված այն միտքը,  թե հայոց պատմությունը պարտությունների շարան է, թե հայերը եկվոր են կամ իրենց մեջ ամփոփում են ամենայն վատը: Սա գիրք է, որ ամեն օր պետք է աչքի առաջ ունենալ, իսկ կարդացած ամեն մի տողն էլ ականջին օղ անել:

 

 

Tags: , , ,