Նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից հետո, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, քննարկումները չեն դադարում: Ամենուրեք և ամենքը քննարկում են այն հարցը, թե Հայաստանի համար որն է ավելի նախընտրելի, Եվրասիական միության Մաքսային միությանը միանա՞լը, թե՞ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը և Առևտրի ազատ գոտուն միանալը: Անգամ հանրաքվե անցկացնելու պահանջ եղավ:
Չնայած բազմաթիվ քննարկումներին, այդպես էլ շարքային քաղաքացուն չի ներկայացվում, թե ինչ են իրենցից ներկայացնում Մաքսային միությունը և Ազատ առևտրի գոտին, կառույցներից յուրաքանչյուրին միանալու դեպքում Հայաստանը ինչ ձեռքբերումներ և կորուստներ կունենա, որպեսզի նա ճիշտ կողմնորոշվի:
Մաքսային միության դրականն ու բացասականը այլոց փորձով
ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի հիմքը դրվել է 2008-ին: Այն ենթադրում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում ԽՍՀՄ նախկին երկրներից Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ: Գործընկերության շրջանակներում նախատեսվում է այդ երկրների և ԵՄ-ի միջև կնքել ասոցացման համաձայնագիր, որի մի բաղադրիչն է խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին:
Ազատ առևտրի գոտի հասկացությունը Վիքիպեդիա օն-լայն հանրագիտարանն այսպես է սահմանում. «Սա միջազգային ինտեգրման տեսակ է, որի դեպքում մասնակից երկրների միջև վերացվում են մաքսատուրքը, հարկերը և առևտրային քանակական սահմանափակումները` համաձայն միջազգային պայմանագրի: Յուրաքանչյուր երկրի իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմը: Մեծ մասամբ ազատ առևտրային գոտու պայմանները տարածվում են բոլոր ապրանքների վրա, բացառությամբ գյուղմթերքի»:
2007-ին ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը համաձայնագիր ստորագրեցին մաքսային միություն ստեղծելու մասին: «Մաքսային միության նպատակն է ստեղծել միասնական մաքսային տարածք, որի սահմաններում կկիրառվի միասնական մաքսային տուրք և այլ միասնական առևտրային քայլեր երրորդ երկրների հետ»,- ասված է Եվրասիական միության կայքում:
Ըստ այդմ` միասնական տնտեսական տարածքն ընդգրկում է համաձայնագրի անդամ երկրները: Այստեղ գործում են տնտեսության կարգավորման միանման մեխանիզմներ` հիմնված ընդհանուր շուկայական մոտեցումների վրա, գործում է միասնական ենթակառուցվածք և կիրառվում է համաձայնեցված հարկային, դրամա-ֆինանսական ու մաքսային քաղաքականություն, որն ապահովում է ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:
Եթե Հայաստանի առումով դեռ որևէ վերլուծություն չկա, թե ինչ օգուտ և վնաս կտա Մաքսային միությանն անդամակցելը, ապա Բելառուսի և Ղազախստանի դեպքում այդպես չէ. կան բազմաթիվ վերլուծություններ:
Օրինակ` Բելառուսական բիզնես (http://economics.bel.biz/) կայքի վերլուծության համաձայն` Մաքսային միությունը Բելառուսի համար նախընտրելի այլընտրանք է, քանի որ կկարողանա էներգակիրներ ստանալ համեմատաբար ցածր գներով, բացի այդ, ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը փոքր է, քան Մաքսային միության երկրների հետ: Ավելին, ազատ առևտրի գոտուն միանալու պարագայում դժվար թե ծավալները կարողանան մեծացնել, քանի որ բելառուսական ապրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին:
Չնայած ցանկալի այլընտրանք լինելուն` Մաքսային միությունն ունեցավ նաև բացասական ազդեցություն Բելառուսի տնտեսության վրա: 2011-ին պարենամթերքի էժան գներով արտահանումը Ռուսաստան կանխել չկարողացան, ինչի հետևանքով երկրի բնակչությունը պարենամթերքի պակասի խնդրի առջև կանգնեց: Սա բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է:
Իսկ Համաշխարհային բանկն էլ, վերլուծելով Ղազախստանի կորուստներն ու ձեռքբերումները, նշում է, որ Մաքսային միության իրագործման ամենամեծ խոչընդոտը միասնական արտաքին մաքսատուրքի սահմանումն է, որը տվյալ դեպքում Ղազախստանին տնտեսական կորուստներ է պատճառում:
«Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»
Պարզելու համար, թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելը, «Անկախը» զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:
Նրա խոսքով` որևէ միության անդամակցելուց առաջ հարկավոր է խորը և լուրջ հետազոտություն կատարել` պարզելու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը. «Չի կարելի բացասել հանուն բացասման կամ գովաբանել հանուն գովաբանման»: Բացառություն չէ և Մաքսային միությունը:
Հովհաննիսյանը ներկայացրեց Մաքսային միությանը միանալու հնարավոր դրական և բացասական կողմերը` կարճաժամկետ առումով (տնտեսագիտության տեսանկյունից սա 1-3 տարի ժամանակահատվածն է):
Ըստ այդմ, Մաքսային միությանն անդամակցելը կարճաժամկետ առումով կտա հիմնական ռեսուրսների էժան, այդ շրջանակներում առավել սերտ համագործակցության և նոր ռուսական վարկի ձեռքբերման հնարավորություն:
Որպես հնարավոր բացասական ազդեցություն Հովհաննիսյանը նշում է, որ կարող է թանկանալ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքը, ինչ-որ առումով կսահմանափակվի երկրի ինքնիշխանության ֆունկցիան և կզգանք ռուսական բիզնեսի ներկայությունը: Անդրադառնալով ինքնիշխանության սահմանափակմանը` ասում է. «Նույնը կարող է լինել, եթե մենք անդամակցեինք մեկ այլ կառույցի, քանի որ փոխհամաձայնության պիտի գնանք: Չնայած այժմ էլ այդ քայլին գնում ենք: Որևէ նոր քաղաքականություն մշակելիս մենք այն համապատասխանեցնում ենք այս կամ այն կառույցի հետ կնքված համաձայնագրերին»:
Իսկ այն հարցին, թե իսկապե՞ս Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է վերադարձ Խորհրդային միությանը, մասնագետն ասում է. «Ցանկացած մաքսային միություն իր ենթատեքստում դա ենթադրում է, որքան էլ որ պնդեն հակառակը: Եթե մտածում ենք, որ կառույցը կատարյալ միություն է, արդեն սխալվում ենք և կորցնում ենք, ում էլ որ հարենք»:
Անդրադառնալով հնարավոր սցենարին, որ կարող էր ի հայտ գալ, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, տնտեսագետն ասում է. «Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում էլ որոշ սահմաններում չէինք կարողանալու ինքնուրույն որոշումներ ընդունել: Այստեղ նաև միգրացիոն խնդիր կառաջանար, քանի որ որակյալ աշխատուժը շատ ավելի ազատ կտեղաշարժվեր ԵՄ անդամ երկրներ: Կառաջանար նաև գների աճ`՝ պայմանավորված հիմնական ռեսուրսների թանկացմամբ և գործազրկության աճ»:
Հովհաննիսյանը վստահ է, որ հայաստանյան արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, հետևաբար սկզբնական փուլում չի կարողանա արտահանվել եվրոպական շուկա: Բացի այդ, Հայաստան ապրանք կներմուծվի հիմնականում Եվրոպայից, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում, հետևաբար ապրանքի գինն էլ ավելի բարձր կլինի:
Չնայած այս ամենին` Հովհաննիսյանն ասում է, որ տվյալ պահին որևէ մեկը միանշանակ չի կարող ասել, թե որն է Հայաստանի համար ավելի ձեռնտու, Մաքսային միությա՞նը, թե՞ ԵՄ ազատ առևտրի գոտուն անդամակցելը. «Ուսումնասիրություն է պետք, որպեսզի հասկանանք, թե որ կառույցին միանալու դեպքում ինչ օգուտներ և վնասներ կունենանք: Կարևորը, որ երկու դեպքում էլ կառուցողական մոտեցում ցուցաբերենք: Եթե չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, լինելու են և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ վնասներ»:
Տեսականորեն հնարավոր է նաև երրորդ տարբերակը. Հայաստանը չի անդամակցում որևէ կառույցի և շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը: Այս տարբերակը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, հավանաբար հնարավոր չլինի տեսականից գործնականի վերածել, քանի որ Հայաստանը արտադրողականության առումով սահմանափակ հնարավորություններ ունի:
Անդրադառնալով այն խնդրին, որ Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի, Հովհաննիսյանն ասում է, որ եթե անդամակցում ենք, ապա այդ մարտահրավերը պետք է դրվի Մաքսային միության առջև փոխշահավետ լուծման ակնկալիքով. «Եթե մենք չենք ունենում լիարժեք պատասխան մեր բարձրացրած հարցին, պետք է այլ քայլերի դիմենք: Խնդիրն այն է, որ բոլորս փորձում ենք ենթադրություններ անել դեռ չտեսնելով ընդհանուր առաջարկությունների փաթեթը»:
Եզրափակելով Հովհաննիսյանն ասում է, որ նախ պետք է կողմնորոշվենք, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել և իրավիճակը ճիշտ գնահատել. «Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»:
Tags: ԵՄ, Հայաստան, Մաքսային միություն
