Սիրիահայերը Թուրքիայի թիրախներից մեկն են

սիրիահայերԱյս օրերին աշխարհն անհամբեր սպասում է` Սիրիայի դեմ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ռազմական գործողություններ կսկսե՞ն, թե՞ ոչ: Այս հարցը հետաքրքիր է ոչ միայն Սիրիայում աշխարհաքաղաքական շահեր հետապնդողներին, ուղղակի հետաքրքրասերներին ու միջազգային հարաբերություններով հետաքրքրվողներին, այլև մեզ` հայերիս համար: Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի մայր համայնքն է համարվում:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ այդ համայնքը ձևավորվել է հատկապես Ցեղասպանությունից հետո: Ցեղասպանության ենթարկված մեր ազգի մնացորդներից մի չնչին մասը, որ կենդանի է մնացել, անցնելով Դեր-Զորի անապատը, Սիրիայում է հաստատվել հետագայում այլ երկրներ տեղափոխվելու հույսով, բայց 1924 թ., ինչպես գիտենք, նրանց տրվեց քաղաքացիության իրավունք, և սիրիահայերը անցյալ 90 տարում ինտեգրվեցին սիրիական հանրությանը»,- ներկայացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարության` սիրիահայերի հարցերով զբաղվող  աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը:

Փաստորեն սիրիահայ համայնքը ձևավորվել է Ցեղասպանության իրականացման հիմնական վայրերում. Դեր Զորը Սիրիայում է: Բավականին մեծ ու կազմակերպված համայնք էր, որը լուրջ դեր ու նշանակություն ուներ ոչ միայն Մերձավոր Արևելքի հայ համայնքների շարքում, այլև աշխարհի` համարվելով սփյուռքի կենտրոնական ու գլխավոր համայնքներից մեկը: Մինչև սիրիական խնդիրների սկիզբը ոչ պաշտոնական տվյալներով Սիրիայում ապրում էր 100 հազար, իսկ պաշտոնական տվյալներով` մոտ 80 հազար հայ: Եվ այս համայնքը ոչ միայն հայկական խոշոր ազգային-մշակութային կենտրոն էր, այլև անմիջապես  Թուրքիայի սահմանների մոտ բավական ուժեղ հայկական գործոն:  Այս համայնքը մեծ դեր ուներ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում,  և հենց նման հզոր ու կազմակերպված համայնքի գոյությունը սահմանի երկարությամբ բավական լուրջ խնդիրներ էր ստեղծում Թուրքիայի համար: Դրա համար էլ պատահական չէ, որ սիրիական կոնֆլիկտի մեկնարկից սկսած` Թուրքիայի համար այն հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից մեկն էր:

«Սիրիայի հարցի հետ կապված` Թուրքիայի թիրախում, ի թիվս այլ հարցերի, նաև տեղի հայ համայնքի խնդիրն է: Թուրքիայի համար ներկայում ստեղծված իրավիճակը հարմար առիթ է Սիրիայի հայկական համայնքը թուլացնելու և կազմալուծելու համար: Իհարկե, Անկարային որևէ կերպ ձեռնտու չէր հարևան երկրում ուժեղ հայկական համայնքի գոյությունը, որը, ի դեպ, հենց Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հետևանքով է ձևավորվել իր այսօրվա տեսքով: Սպասելի էր, որ Թուրքիան ամեն կերպ թիրախավորելու է հայ համայնքին և փորձելու է թուլացնել այն: Եվ այն տեղեկությունները, թե Թուրքիայից ֆինանսավորում են հայերի վրա հարձակումներն ու սպանությունները, տրամաբանությունից զուրկ չեն և իրականությունից հեռու չեն: Պետք է հասկանալ, որ Թուրքիան մեր օրերում նույնպես շարունակում  է հայատյաց քաղաքականություն վարել, և Սիրիայի հայ համայնքի դեպքում դա վառ ընդգծվում է: Այս առումով տեղի հայ համայնքի համար ևս մեկ բացասական զարգացում կլինի միջազգային լիարժեք ներխուժումը Սիրիա, որի ակտիվ ջատագովներից և պատրաստակամ մասնակիցներից է Թուրքիան»,- պարզաբանեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Համենայն դեպս, սիրիական դեպքերի ամբողջ ընթացքում բազմաթիվ հրապարակումներ, հայտարարություններ եղան, կարծիքներ ու տեսակետներ հնչեցին, որ Սիրիայի ապստամբները, որոնք  մարտական պատրաստություն են անցնում նաև Թուրքիայում կամ թուրք հրահանգիչների միջոցով, հենց այդ թուրք հրահանգիչների միջոցով էլ ուղղորդվում են` հարվածներ հասցնելու նաև հայկական թիրախներին` մարդկանց, տներին, գույքին, ազգային-մշակութային շինություններին և այլն: Տարբեր կազմակերպություններ նաև բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, որ սիրիայի ապստամբների շարքերում քիչ չեն նաև թուրք ու ադրբեջանցի վարձկանները, որոնք, բնականաբար, նույնպես հայերին ու հայկական ամեն ինչը որպես թիրախ են տեսնում: Ու, ինչպես նշեց թուրքագետը, միջազգային ներխուժումն էլ ավելի վտանգավոր պայմաններ կստեղծի սիրիահայ համայնքի համար:

«Բացի մարդկանց սոցիալ-կենցաղային հարցերից, Սիրիայում կան բազմաթիվ մշակութային կոթողներ ու հուշարձաններ, այդ թվում նաև հայկական եկեղեցիներ, մշակութային կոթողներ, որոնք մեր մշակութային ժառանգությունն են և պարզապես կործանվում են ու կորչում: Եվ շատ ցավալի կլինեն այդ կորուստները: Ցեղասպանությունից հետո մարդիկ 100 տարվա ընթացքում ստեղծել են դպրոցներ, մշակութային օջախներ, միություններ` նոր կյանք, և հիմա կորցնում են այն»,- նշեց սփյուռքի նախարարության  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը:

Նշենք, որ թեև ոչ ոք հստակ չգիտի, թե սիրիահայ բազմահոծ համայնքից քանի հոգի է դեռ մնում Սիրիայում, քանիսն են տեղափոխվել Հայաստան ու քանիսը` այլ երկրներ, ամեն դեպքում թե՛ սփյուռքի նախարարությունը և թե՛ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշում են, որ այս պահին Հայաստանում է հանգրվանել մոտ 10 հազար սիրիահայ:

«Վերջին տվյալներով, որը մեծ մասամբ ստանում ենք լրատվամիջոցներից, քանի որ պաշտոնական տվյալներ, որպես այդպիսին, չկան, տարբեր կարգավիճակներով ու փաստաթղթերով սիրիահայեր են, որոնք անընդհատ ժամանում են Հայաստան կամ մեկնում են Հայաստանից, ուստի մենք այդ տվյալներով ասում ենք, որ մոտ 10 հազար սիրիահայ է այսօր գտնվում Հայաստանում: Այդ 10 հազար սիրիահայերից 432-ը միայն այս պահին ունի փախստականի կարգավիճակ: Եվս 103 հոգի սպասում է իր կարգավիճակի հաստատմանը: Սիրիահայերը Ցեղասպանությունից են մազապուրծ եղել, մեկ սերունդը դեռ չվերջացած, մեկ դարի ընթացքում, նրանք արդեն երկրորդ անգամ են ստիպված բռնում գաղթի ճանապարհը»,- հայտնեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Սիրիայում, ըստ սփյուռքի նախարարության ունեցած տվյալների, դեռ ունենք շուրջ 50 հազար հայրենակից: Արդեն նշեցինք` 10 հազար սիրիահայ գտնվում է Հայաստանում, իսկ մնացած շուրջ 20 հազարը հարակից ու հեռավոր երկրներում են ապաստանել: Ստույգ հայտնի չէ նաև, թե ներկայումս Սիրիայում գտնվող հայերից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, բայց բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան այնտեղ: Մոտավոր տվյալներով` Սիրիայում ներկայումս գտնվող սիրիահայերից վերջին 1 տարում գոնե 5 հազար հոգի ձեռք բերեց հայկական անձնագիր:

«Սիրիայում գտնվող հայերի խնդիրների հետ կապված` նախարարության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան ո՛չ ցամաքային, ո՛չ էլ օդային ճանապարհներ, փակ են, և մենք, ըստ էության, որևէ կերպ չենք կարող ազդել  այնտեղի գործընթացների վրա»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Բնականաբար, կոնֆլիկտի հետագա  ծավալման դեպքում դեռևս Սիրիայում մնացած հայերի մեծ հոսք կարող է  լինել դեպի Հայաստան: Հաշվի առնելով, որ Հայաստանում ներկայումս գտնվող սիրիահայերը դեռևս բազմաթիվ չլուծված հարցեր ու խնդիրներ ունեն, պետք է պարզել` մեր երկիրը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ է ընդունել ու ապաստան տալ սիրիահայերին նոր հոսքի դեպքում:

«Սիրիական կոնֆլիկտի շուրջ նոր զարգացումների սպասելիս, լարվածության մեծացմանն ընդառաջ, ասեմ ձեզ, որ մենք բոլոր սցենարներին էլ պատրաստ ենք: Մենք ելնում ենք իրավիճակից ու առկա փորձից: 2012 թ. մայիսի վերջին մենք չէինք սպասի, որ սիրիահայերի այդպիսի ներհոսք կունենանք և մեկ տարի անց Հայաստանում 10 հազար սիրիահայեր կլինեն: Ենթադրում էինք, որ մի քանի հազար հոգի կգան: Հիմա մենք, բոլոր դեպքերում, պատրաստ ենք, ու եթե նորից սիրիահայեր գան, մենք կընդունենք նրանց, ինչպես ընդունել ենք այս 10 հազար հոգուն: Եթե նրանք խնդիր չդնեն, որ անպայման պետք է Երևանում հանգրվանեն, մենք կարող ենք նույնիսկ նրանց երևանամերձ համայնքներում տեղավորել»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Ամեն դեպքում սիրիահայերի հանդեպ սփյուռքի նախարարությունը որդեգրել է այն սկզբունքը, որ որևէ արհեստական մոտեցում չի լինելու սիրիահայ համայնքի պահպանման համար. ո՛չ  փորձելու են այդ համայնքը քանդել, ո՛չ էլ հորդորելու են մնալ Սիրիայում, քանի որ դա սիրիահայերի լուծելու ու որոշելու հարցն է:

Tags: ,