ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ. հայ գահակալներից ամենաերկարակյացը

անհողին (1)Դավիթ Ա Անհողինը (990-1048) Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան արքայատոհմի երկրորդ գահակալն է: Նա պատմության մեջ չգնահատված տիրակալ է: Դրա պատճառները բազում են. գլխավորը թերևս այն է, որ Դավիթը ոչ թե Անվո հայոց կենտրոնական թագավորության, այլ Տաշիր-Ձորագետի գահակալն էր: Եվ քանի որ նա երիցս փորձ է արել տիրանալ Անվո գահին, պատմիչները նրան սև ու մռայլ գույներով են ներկայացրել:

Իրականում, Դավիթ Անհողինը XI դարի հանճարեղ գործիչներից էր և հմուտ զորահրամանատար:

Մինչ օրս պատմագրությունը միասնական տեսակետ չունի Լոռվա թագավորի Անհողին մականվան մասին: Ընդունված է «Անհողին» մականունը կապել 1001 թ. Դավթի` հայոց շահնշահ Գագիկ Առաջինի (990-1020) դեմ ապստամբությանն ու պարտությանը, որի  հետևանքով նա կորցրել է Կայան և Կայծոն բերդերը: Ըստ իս` սա թյուր տեսակետ է. նախ` երկու ամրոցի կորստյան պատճառով թագավորը Անհողին չէր կոչվի, ապա միանշանակ չէ նրա ապստամբության պարտությունը, և վերջապես, դեռևս 996 թ. Հաղբատի մի արձանագրության մեջ Դավիթը կոչվում է Անհողին և Ինքնակալ:

Ըստ իս` Դավիթ Ա-ն Անհողին է կոչվել հետևյալ պատճառով: Հայոց Աշոտ Գ Ողորմած (954-977) արքան երեք որդի ուներ` Սմբատ, Գագիկ, Գուրգեն: Սմբատ Բ Տիեզերակալը (977-990) հաջորդեց Աշոտ Գ-ին, իսկ Գուրգեն-Կյուրիկեն թագավորեց Լոռիում (962-990): Համարվում է, թե Գագիկը Աշոտ Գ-ի երկրորդ որդին էր: 990 թ. նա, սպանելով եղբորը` Սմբատ Բ-ին, տիրացավ Անվո գահին: Նույն թվականին մահացավ Գուրգենը: Կարծում եմ` Գուրգենը մեծ էր Գագիկից, և Սմբատ Բ-ից հետո, որ ժառանգ չուներ, Անին պետք է ժառանգեր հենց Գուրգեն-Կյուրիկեն, կամ նրա որդի Դավիթը: Եվ սակայն հորեղբոր` Գագիկի գահը դավադրաբար նվաճելու հետևանքով նա մնաց անհող… Ահա և Դավիթ Անհողինի` Գագիկ Ա-ի դեմ ապստամբության և հետագայում Անվո գահը գրավելու փորձերի պատճառը: Այս վարկածի օգտին է խոսում նաև Դավթի հոր` Գուրգեն-Կյուրիկե Ա-ի տապանագիրը Սանահինում. «Այս է տապան Գուրգեն Բագրատունու շահնշահի» արձանագրությամբ: Բնականաբար, Գուրգենն ինքն իր համար տապանաքար չէր կարող պատվիրել, դա արել է Դավիթը` դրանով իսկ հայտարարելով իր նկրտումների մասին:

Դավիթ Անհողինը Տաշիր-Ձորագետի թագավորության հզորագույն գահակալն է: Ինչպես վկայում են ժամանակակից պատմիչներ Վարդան Բարձրաբերդցին և Դավիթ Քոբայրեցին, իր երկարատև թագավորության ժամանակաշրջանում նա իր թագավորությունում կառուցել է 20 ամրոց և ոչ մի եկեղեցի… Ի թիվս այլ կառույցների, Դավիթը կառուցեց նաև Լոռէ բերդաքաղաքը, որը հետագայում դարձավ Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը:

անհողինԴավիթը ամենաերկար գահակալած հայոց թագավորն է. իր տիրակալության 58-ամյա շրջանում նա բազում ճակատամարտեր շահեց: Ճիշտ է, պատմիչների հավաստմամբ, նրա գահակիցն էր եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս թագավորությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Հոր գահը ժառանգելով երիտասարդ հասակում` նա անմիջապես ձեռնամուխ եղավ իր օրինավոր ժառանգությանը տիրանալու գործին և իր թագավորությունն անկախ հռչակեց Անվո գահից: Դավիթը դաշինք կապեց Սյունիքի և Վանադի թագավորությունների հետ: Հետագայում այդ դաշինքն օգնեց Դավթին` ջախջախելու իր տիրույթները ներխուժած Աբուլ-Ասվարի զորքերին:

Նոր գահ բարձրացած Դավիթ Անհողինը ստիպված էր ճնշել Գագ ամրոցի տեր Դեմետրե իշխանի ապստամբությունը, որն անհնազանդություն էր հայտնել իր տիրոջը Գագիկ արքայի դրդմամբ:

1001 թ. Գագիկ Ա-ն մեծ բանակով ներխուժում է Լոռի: Նա իր զորքերով շուրջ երեք ամիս շրջեց Լոռու թագավորության տարածքում, բայց Դավթի զորքի հետ բախում չեղավ: Խույս տալով ահեղ հակառակորդի հետ բաց ճակատամարտից` Դավիթ Անհողինն իր զորքերով ներխուժեց Շիրակ և ավերեց Գագիկի տիրույթները: Դա ստիպեց Գագիկ Ա-ին կանգ առնել և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հայոց տիրակալի և Լոռվա գահակալի միջև բանակցությունները տեղի ունեցան Շիրակավանում: Ցավոք, բանակցությունների ընթացքի և արդյունքների մասին հայոց պատմիչները լռում են` հիշատակելով սոսկ այն, որ Դավիթը Գագիկ Ա-ին զիջել է Կայան և Կայծոն բերդերը:

Հարկ է նշել, որ այս ապստամբությունից հետո Լոռու թագավորության վրա տարածվեց Աղվանից կաթողիկոսության իրավասությունը: Միգուցե դա Շիրակավանի բանակցությունների ընթացքում Դավթի ձեռքբերումներից մեկն էր:

Ամեն դեպքում փաստերի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած մասնակի զիջումներին` Դավիթն այս պատերազմում պարտվող չէր: Ապստամբությունից հետո էլ նա կրում էր ինքնակալ արքա տիտղոսը: Ավելին` Գագիկ Ա արքայի կազմակերպած զորահավաքներից և ոչ մեկին Լոռվա տիրակալը չմասնակցեց, ինչը վկայում է նրա ինքնակալության մասին:

1003 թ. Դավթի տիրույթների վրա հարձակվեց Գանձակի Փատլուն ամիրան: Դավիթը ոչ միայն ջարդեց ու հալածեց նրա զորքը, այլև նվաճումներ կատարեց Փատլունի տիրույթներում` մեծացնելով իր թագավորության սահմանները:

Նա իրեն այնքան ամուր ու զորեղ էր զգում, որ սատարեց Նիկեփորոս Ծռվիզի 1021 թ. ապստամբությանը` ընդդեմ բյուզանդական կայսր Վասիլ Բ Բուլղարասպանի:

Դավիթը հմուտ դիվանագետ էր: Նա իր որդիներին ու դուստրերին ամուսնացրեց ժամանակի ազդեցիկ գործիչների հետ: Այդ խնամիական կապերը հետագայում Դավիթը խնամքով օգտագործեց իր արտաքին քաղաքական ծրագրերում: Մասնավորապես, նա իր դստերը` Հրանուշին, ամուսնացրեց Սյունյաց արքայազնի հետ: Երկու թագավորությունների դաշինքը բավական ամուր էր. հետագայում Սյունյաց տունն առաջինն օգնության փութաց Դավիթ Անհողինին Դվինի էմիրության դեմ պայքարում: Դավթի որդին` ապագա թագավոր Կյուրիկե Երկրորդն (1048-1080), ամուսնացավ վիրա-աբխազական թագավոր Բագարատ Դ-ի քրոջ` Շերիկի հետ: Դավիթն ու Բագարատը դաշինք կապեցին և միմյանց միջև բաժանեցին իրենց ազդեցության գոտիները Կովկասում:

Ինքը` Դավիթը, ամուսնացած էր Կախեթի քորեպիսկոպոս Դավթի Զորակցել դստեր հետ: Հետագայում Կախեթի արքա Կվիրիկե Գ-ի մահից հետո Դավիթը գրավեց  Կախեթի թագավորությունն ու այնտեղ թագավոր կարգեց իր որդի Գագիկին:

Դեռևս 1020-ական թթ. Դավիթ Անհողինը նոր դաշինք ձևավորեց Կովկասում: Նա դաշնակցային հարաբերություններ ստեղծեց Վիրա-աբխազական թագավորության գահակալ Բագարատ Դ-ի, Կախեթի թագավոր Կվիրիկե Գ-ի, Թիֆլիսի Ջաֆար ամիրայի հետ: Դաշնակիցները միասին դիմագրավեցին Գանձակի Փատլուն ամիրայի զորքերին և 1030 թ. ջախջախեցին նրա բանակը:

Կովկասում այդ տարիներին առաջնության համար պայքարում էին Դավիթ Անհողինը և Վիրա-աբխազական թագավորության գահակալ Բագարատ Դ-ն: Անիի թագավորությունը, որ արդեն անկման եզրին էր, այլևս դուրս էր պայքարից: Դավիթն այս պայքարում հաղթող դուրս եկավ, քանզի կարողացավ Կախեթի գահին նստեցնել իր որդուն` Գագիկին և իր պետությանը հպատակեցնել նաև Թիֆլիսի էմիրությունը: Դավիթն իր երբեմնի դաշնակցին և այսօրվա ախոյանին թուլացնելու համար աջակցեց նրա դեմ ապստամբած Լիպարիտ Լիպարիտյանին: Լիպարիտին զորական օգնություն ցուցաբերեց նաև Դավթի որդին` Կախեթի Գագիկ թագավորը:

1040 թ. մեծ բանակով Դավթի տիրույթների վրա հարձակվեց Դվնո Աբուլ-Ասվար ամիրան: Դավիթի զորքերի թվաքանակը քիչ էր նրան դիմագրավելու համար: Նրան օգնության փութաց հավատարիմ դաշնակիցը` Բաղք-Կապանի թագավորությունը: Դավիթը սպառնալիքով օգնական զորք կորզեց նաև Անվո Հովհաննես-Սմբատ Գ արքայից (1020-1041), վիրա-աբխազական թագավորությունից: Նա զորահավաք հայտարարեց իր թագավորության տարածքում, զենքի կոչեց նաև բնակչությանը: Պատմիչները հավաստում են, որ Դավիթը պատերազմին կրոնական երանգ հաղորդեց: Նա Լոռու բոլոր եկեղեցիներից ժողովեց հոգևորականներին և ճակատ ուղարկեց զորքի առջևից:

Ինչևէ, Դավիթը կարողացավ ջախջախել թշնամուն և նրա զորքերի մնացորդները հալածական անել իր երկրից: Հալածելով Դվնո ամիրային` Դավիթը հավանաբար նրան պարտադրել է նոր դաշինք ընդդեմ Անվո թագավորության: 1045 թ. դեպքերի կապակցությամբ պատմիչները գրում են. «Իսկ քաղաքացի գլխավորները, որ Անիում էին նստում, տեսնելով, որ Գագիկը արգելափակվեց Հունաստանում, երբեմն մտածեցին քաղաքը հանձնել Դավթին, երբեմն` Դվինեցուն, որովհետև սրա քույրը Դավթի կինն էր..»

Այստեղ շարադրանքը շատ խճճված է. դժվար թե զառամյալ տարիքում Դավիթն իրեն կին առներ: Սակայն այն, որ նրանց միջև խնամիական կապ կար, ակներև է: Ամեն դեպքում, 1045-ից հետո Անվո գահին հավակնում էին թե՛ Դվնո ամիրան, թե՛ Դավիթ Անհողինը: Ուսումնասիրողներից ոմանք պնդում են, թե Դավթի քույրը  Դվնո ամիրայի կինն էր:

1041 թ. մահանում է Անվո Հովհաննես-Սմբատ Գ արքան: Դավիթը կրկին փորձ է անում տիրանալու իր ժառանգությանը և բանակով հարձակվում է Անվո վրա: Սակայն անեցիները հակահարված են հասցնում, և Դավիթ Անհողինը մեծ ավարով ու գերիներով նահանջում է: Այնքան մեծ ավերումներ է գործել Դավիթը Շիրակում, որ այս արշավանքից հետո պատմիչները նրան կոչեցին «Դավիհ»: Ի դեպ, խոսելով այս դեպքերի մասին` Մատթեոս Ուռհայեցին Դավիթ Անհողինին  անվանում է Հովհաննես-Սմբատի ազգապետ: Սա ևս մեկ լրացուցիչ վկայություն է, որ Շիրակավանի բանակցություններում Դավիթը կարողացել էր պաշտպանել իր իրավունքները:

Դավիթը նույն փորձը կատարեց նաև 1045 թ., սակայն դարձյալ  ապարդյուն, և Անին` հայոց չքնաղ մայրաքաղաքը, բաժին հասավ նենգ բյուզանդացիներին:

1048 թ. իր մահկանացուն կնքեց զառամյալ թագավորը, որ հայ գահակալներից ամենաերկարակյացն էր` թագավորելով 58 տարի: Պատմությունը արդարացի չեղավ նրա հանդեպ, և պայքարով ու մաքառումով լի նրա կյանքն ու գործն այդպես էլ գնահատական չգտան:

 

Tags: ,