Վարորդները դժգոհում են, որ իրենց սկսել են շատ տուգանել
Բազմաթիվ քաղաքացիներ են բողոքում քաղաքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ու դրանց միջոցով արձանագրվող երթևեկության կանոնների խախտումների կարգից ու ընթացքից:
Դժգոհողների հիմնական բողոքը, այսպես ասած, կրկնակի տուգանքներից է: Այսինքն` ինչպես ներկայացնում են վարորդները, դեպքեր են լինում, երբ իրենց կատարած խախտման համար ՃՈ սպան տուգանում է, բայց միառժամանակ հետո իրենք փոստով ծանուցում են ստանում, որ այդ նույն խախտման համար, որը ֆիքսել են տեսանկարահանող կամ արագաչափ սարքերը, նույնպես տուգանք է նշանակվել:
Այս հարցի մասով ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, թե բացառվում է, որ միևնույն խախտման համար քաղաքացիները կրկնակի տուգանվեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման դեպքերում քաղաքացիները կարող են ուղղակի վերցնել տուգանքների կտրոնները և մոտենալ ՃՈ բաժին, ու այդ հարցը 3 րոպեում կլուծվի: Այս հարցերի կապակցությամբ, իհարկե, ոստիկանությունը հայտարարություններ էլ է տարածել իր պաշտոնական կայքում, բայց…
Վարորդները բողոքում են նաև, որ միևնույն տուգանքի համար ՃՈ աշխատակիցը իրենց մեկ այլ չափի տուգանք է նշանակում, և տեսանկարահանող կամ արագաչափ սարքերի գրանցած խախտման համար բոլորովին այլ տուգանքի ծանուցագիր են ստանում: Այս հարցը ևս ուղղեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետին: Նա դարձյալ բացառեց, որ միևնույն խախտման համար երկու տարբեր չափերի տուգանքներ նշանակված լինեն քաղաքացուն, քանի որ տուգանքը ոչ թե որոշում է ՃՈ սպան, այլ սահմանվում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով: Ընդ որում` օրենքով սահմանվում են ոչ միայն խախտումները, այլև դրանց համար նախատեսված տուգանքի չափերը:
«Հաճախ քաղաքացիները երկու տարբեր խախտումներ են անում` միաժամանակ կամ իրար հետևից ու հետո, երբ նրանց տուգանում են, ասում են` ինչո՞ւ տուգանեցիք, ինձ հենց նոր էին տուգանել»,- նշեց Ա. Ահարոնյանը:
Եվս մի խնդիր կա. օրինակ` Երևանի կենտրոնում տարածքներ կան, որտեղ մարդիկ նախկինում կայանել են իրենց մեքենաները, բայց այժմ այդ վայրերում մեքենա կայանելն արգելված է, ու մարդիկ, չիմանալով դրա մասին, սովորության համաձայն, կայանում են ու տուգանվում: Եվ դժգոհությունը բուն տուգանվելու փաստի առթիվ չէ:
«Տերյան փողոցում ես միշտ մեքենաս կայանում էի այն խանութի մոտակայքում, որտեղից միշտ առևտուր եմ անում: Մի օր էլ փոստով ծանուցում ստացա, որ տուգանվել եմ, քանի որ այդտեղ կայանելն արգելված է, ու իմ խախտումը ֆիքսվել է տեսանկարահանող սարքի միջոցով: Լավ, խախտումը` խախտում, բայց ես չգիտեի, որ կարգ է փոխվել կամ ամեն օր կանոններ են փոխվում, գոնե պետք է ինչ-որ նշաններ տեղադրվեն, որոնք արգելում են այս կամ այն գործողությունը, ու դրանից հետո մի որոշ ժամանակ էլ անցնի, որ մարդիկ իմանան ու այդ խախտումը չանեն: Ամենահետաքրքիրն այն է, որ տուգանելուց հետո, բնականաբար, մինչև ծանուցումն ինձ էր հասել, 2-3 օր անցել էր, բայց ես, չիմանալով, որ խախտում եմ անում, այդ օրերին էլ կայանել եմ այն վայրում, որտեղի համար տուգանվել եմ: Ու մինչև տուգանվելու մասին ծանուցումը ստացա, մնացած օրերի համար էլ տուգանվեցի: Կարծում եմ` այդպես ճիշտ չէ»,- պատմեց մեզ ծանոթ վարորդ Վ.Ի.-ն:
Այս դեպքում, իհարկե, ընդունված է այն սկզբունքը, որ օրենքի չիմացությունը չի արդարացնում այն խախտելը, և չի ազատում օրենքը խախտելու համար սահմանված պատասխանատվությունից: Փաստորեն քաղաքացին պարտավոր չէ օրենքներն անգիր իմանալ, բայց պարտավոր է դրանք չխախտել: Այստեղ, իհարկե, չես մեղադրի ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ որևէ մեկին: Ուղղակի մարդկային մոտեցումը կարելի է պահպանել ու մի քիչ մեղմ վերաբերվել թեթև խախտումներ անողների հանդեպ: Առավել ևս, որ օրենքները, դրանց կիրառման գործիքները, տեղադրված բոլոր սարք-սարքավորումները ոչ թե ստեղծված են պատժելու, այլ սխալը, խախտումը, զանցանքն ու, ի վերջո, հանցանքը կանխարգելելու նպատակով: Այս դեպքում ավելի շատ մոտեցման խնդիր է, որ ո՛չ ոստիկանը, ո՛չ պետությունը, ո՛չ էլ որևէ պետական կամ մասնավոր հիմնարկ չփորձի հասարակական կարգի պահպանման հարցերը վերածել առևտրի կամ շահույթ ստանալու ձգտման:
Ինչ վերաբերում է վերջինին, ապա Հայաստանում, գոնե տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի արձանագրած խախտումների համար նշանակված տուգանքների մի զգալի մասը` գանձված գումարների 70 տոկոսը, ուղղվում է այդ սարքերը տեղադրող և սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին, որը, ըստ ոստիկանության տված բազմաթիվ պարզաբանումների, շահույթ չի հետապնդում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման դիմաց:
Հիշեցնենք, որ տեսախցիկների և արագաչափերի ներկրումն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորություններից է 2011-2017 թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումներ իրականացնելը: 2011թ. «SENSYS Traffic AB» ընկերության հայաստանյան գործընկերը ազգային երթևեկության մոնիթորինգի համակարգի վերաբերյալ պայմանագիր է կնքել` կոնսորցիումի մեջ մտնելով տեղական երկու ընկերությունների` «Սեքյուրիթի դրիմի» («Security Dream») և «Ellips GA»-ի հետ, որոնցից առաջինը` «Սեքյուրիթի դրիմը», պայմանագիր է կնքել ոստիկանության հետ: Այդ ժամանակ, ի դեպ, «Sensys Traffic AB» ընկերության տնօրեն Յոհան Ֆրիլունդը, համագործակցությունից իր գոհունակությունն արտահայտելով, հայտարարել է. «Մենք շատ գոհ ենք, որ ՀՀ ոստիկանությունը ընտրել է մեր առաջարկած լուծումը: Պայմանագիրը համապատասխանում է օպերատորական պայմանագրեր գործարկելու մեր ռազմավարությանը և երկարաժամկետ բիզնես մոդելներ կառուցելու տեսլականին: Մենք հույս ունենք առաջիկայում ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի երթևեկության անվտանգության բարձրացման գործում»:
Ինչպես տեսանք, նա իր խոսքում նշել է «բիզնես մոդել» եզրույթը, իսկ ցանկացած բիզնես շահույթ է հետապնդում:
«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»
Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:
Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:
Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի 2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:
Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:
Մի խոսքով` դժգոհություները շատ են: Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:
«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:
Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:
Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:
Tags: տնտեսական
