Դեռևս հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ էր, երբ Հայաստանում լայն թափով շրջանառվում էին վերլուծությունները թուրքական տնտեսության ներուժի, թուրքական ապրանքների, ներմուծում-արտահանում հարաբերությունների մասին: Այդ ժամանակ, եթե հիշում եք, նշվում էր, որ Թուրքիան պետական մակարդակով արգելում է հարյուրավոր, նույնիսկ` 1000-ի հասնող ապրանքատեսակների ներմուծումն իր երկիր կամ դրանց համար այնպիսի հարկեր է կիրառում, որ ներմուծումը դառնում է աննպատակահարմար: Այդ համատեքստում հայ-թուրքական սահմանի բացման կողմնակիցներն էլ, որպես հակափաստարկ նշում էին, թե հայկական կողմն էլ կարող է նման պրակտիկա կիրառել, եթե այդքան շատ ենք վախենում այդ իրականությունից:
Ադրբեջանական գյուղմթերքն արդեն կարող է ներմուծվել Հայաստան
Նույնիսկ կարծիքներ էլ էին շրջանառվում, թե գյուղնախարարի 2009 թ. ամռանը հրապարակած հրամանը, որով արգելվում էր թուրք-ադրբեջանական ծագման գյուղատնտեսական մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան, հենց այդպիսի գործընթացների հիանալի օրինակ են:
Եվ ահա 2013 թ. հունիսի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ստորագրեց N 03-Ա հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. սեպտեմբերի 15-ի «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. հունիսի 11-ի N146-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N220-Ա հրամանը: Այսպիսով, ինչպես կարծում են շատերը, հերթական հարվածն է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը:
Ըստ մամուլի հրապարակումների` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` ադրբեջանական ու թուրքական ծագմամբ մթերքի ներկրումը թույլատրող հրամանից հետո Հայաստան են ներկրվել թուրքական ծագմամբ մի քանի ապրանքներ` կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ: Ադրբեջանական ծագման ապրանքներ հունիսի 7-ից մինչ օրս չեն բերվել:
Հարցն այն է, որ Թուրքիան այսօր հանդիսանում է G-20-ի անդամ, ուժեղ զարգացող տնտեսություն ունի և իր տնտեսական ներուժով դարձել է մի շարք եվրոպական առաջատար տնտեսությունների «ահուսարսափը»: Օրինակ` Ֆրանսիայի, քանի որ Հյուսիսային Աֆրիկայում, որն ավանդաբար համարվում է ֆրանսիական ազդեցության ու տնտեսական շահերի գոտի, այն հատվածներում, որտեղ Թուրքիան մի քիչ ակտիվացնում է իր տնտեսական գործունեությունը, Ֆրանսիան միանգամից սկսում է նահանջել: Որովհետև Թուրքիան ընկալվում է որպես մուսուլմանական` եղբայր երկիր, նրա ապրանքներն էլ համեմատաբար որակյալ են, քան, օրինակ, չինական ապրանքները, իսկ գները, համեմատած եվրոպական արտադրանքի հետ, անհամեմատ էժան են:
Թուքրիան ունի նաև զարգացած գյուղատնտեսություն: Այստեղ գյուղատնտեսության զարգացման պայմանները և մակարդակն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս սննդամթերքով ապահովելու ոչ միայն ներքին շուկան, երկիրը դասվում է սննդամթերքի արտահանման 10 խոշորագույն երկրների շարքը: Թուրքիան ունի 78 մլն հա տարածք, նույնքան, ինչքան Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին վերցրած, և այս տարածքի 36%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Թուրքական գյուղատնտեսության մեջ պետք է առանձնացնել մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Թուրքիան տարեկան 3.2-3.6 մլն տոննա արտադրանքով մտնում է աշխարհի խաղող արտադրողների հնգյակի մեջ: Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից է նաև ծիրանաբուծությունը: Ծիրանի ողջ բերքն օգտագործվում է չրի պատրաստման համար, որի 95%-ն արտահանվում է: Թուրքիայում զարգացած է նաև սառեցված մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Արտադրանքի 75-80%-ն արտահանվում է: Թուրքիան եղջերավոր անասունների և թռչունների թվաքանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հայտնի է իր մսամթերքով: Ու թեև ալկոհոլային խմիչքները մտնում են ներմուծման համար արգելված ապրանքների շարքը, հիշարժան է նաև Թուրքիայի ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Թուրքիայում տարեկան արտադրվում ու արտահանվում է 42-43 մլն լիտր գինի, արտադրվում է 7 մլն լ օղի, 1.0 մլն լ կոնյակ, 2 մլն լ լիկյոր, 3.7 մլն լ ջին, 0.1 մլն լ վիսկի: Երկիրը համարվում է նաև կաթնամթերք արտադրող խոշոր երկիր:
Այս տվյալները հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում:
Մի խոսքով, այս հիմնական փաստերը համադրելով, կարելի է ասել, որ Թուրքիան ունի զարգացած գյուղատնտեսություն և վարում է պրոտեկցիոն քաղաքականություն: Եթե սրան գումարենք Հայաստանի գյուղատնտեսության վիճակը, ապա նման հրամանը մեզ համար դառնում է վտանգավոր: Իհարկե, Թուրքիայից ներկրվող էժան ապրանքները շուկայում հայ սպառողների համար կարող են ընտրության լրացուցիչ հնարավորություն ստեղծել, բայց դրանից հարցի տնտեսական նշանակությունը չի փոխվում: Որովհետև այն նույն ժամանակահատվածում, երբ մեր հարևան երկրները տարբեր հնարքներ են կիրառում օտարերկրյա մթերքները շուկայից դուրս մղելու և սեփական տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, վարում են ուժեղ պրոտեկցիոն քաղաքականություն, մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը:
Նախարարի այս հրամանի կապակցությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում նշում է. «Տարիներ շարունակ շատ արտադրողներ բողոքում էին, որ թույլ վերահսկողության հետևանքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում թուրքական պտուղ-բանջարեղեն, ինչն ուղղակիորեն հարվածում է Հայաստանում նոր զարգացող ջերմոցային տնտեսությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունն այս հրամանով գյուղացուն աջակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ավելի բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցառումներ են իրականացվել կամ գոնե իրականացվելու տեղական արտադրանքի մրցունակությունն ապահովելու նպատակով, ցավոք, մինչ օրս տրված չէ (չգիտես ինչու, հրապարակված չէ նաև այս հրամանը)»:
Նայենք հարցին մեկ այլ` զգացմունքային տեսանկյունից: Թուրքական, առավել ևս ադրբեջանական ծագում ունեցող ներկրվող մթերքների սահմանային հսկողությունը, ինչպես ընդունված է, պետք է կատարվի` հիմք ընդունելով ուղեկցող փաստաթուղթը: Ստացվում է, որ Ադրբեջանը նույնիսկ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնց ազգանունը վերջանում է «յան»-ով, չի թույլատրում իր սահմաններից ներս մտնել, մինչդեռ ադրբեջանական փաստաթղթերը մեզ մոտ հիմք են ընդունվելու:
Tags: գյուղատնտեսություն, տնտեսական
