Երկու շաբաթ է անցել, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության ու հետագայում Եվրասիական միության ստեղծման աշխատանքներին լծվելու պատրաստակամության մասին: Այս ընթացքում քաղաքական այդ կարևոր որոշումը քննարկվեց բազմաթիվ տեսանկյուններից: Հիմնականում, իհարկե, շեշտը դրվեց տնտեսական կողմի վրա, տարբեր իշխանամետ գործիչներ և վերլուծաբաններ սկսեցին բացատրել, թե ինչքան ձեռնտու է Հայաստանին Մաքսային միությանը անդամակցելը, իսկ ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբաններ էլ քննարկում էին, թե ինչքան վնաս էր Եվրամիության հետ ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրային գոտու համաձայնագրերի չստորագրումը: Սրանք թերևս վիճելի հարցեր են, քանի որ երկու կառույցներն էլ` թե՛ Մաքսային միությունը, թե՛ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին մեր երկրի տնտեսությանը կարող են շատ հարցերում օգուտ, բայց բազմաթիվ հարցերում էլ վնաս տալ: Սա տնտեսագետների ու գործարար հատվածի ներկայացուցիչների վիճելու թեմա է:
Այդ որոշման մեջ էականն ու մեծ դժգոհություն առաջացնողը, բնականաբար, եղել ու մնում է երկրի հետագա ճակատագրի համար նման կարևոր որոշման ընդունման ժամանակ միայն մեկ հոգու` նախագահի կամքի պարտադրումը բոլորին, այսինքն` քաղաքական բաղադրիչը: Բայց քաղաքական մեկ այլ ոչ պակաս կարևոր բաղադրիչ էլ կա, որ արժե նախագահի հիշյալ որոշումից ու հայտարարությունից երկու շաբաթ հետո դիտարկել մի քիչ ավելի սթափ մտքով:
Գործընթացներ, որոնք հուշում էին «սեպտեմբերի 3»-ի մասին
Անդրադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դիտարկենք Սերժ Սարգսյանի որոշումը:
Ինչպես արդեն «Անկախը» բազմիցս նշել է, Հայաստանի շուրջն ու ոչ հեռու տարածաշրջաններում արդեն վաղուց ընթանում են լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ: Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, իրար հետևից հրապարակեց ու այս տարածաշրջանում փորձեց իրականացնել մի քանի աշխարհաքաղաքական նախագծեր: Դրանցից ամենահայտնին, թերևս, Զբիգնև Բժեզինսկու «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծն է, ինչպես նաև 2006 թ. հունիսից «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրիրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Պետերսի քարտեզ»:
Մեր տարածաշրջանի համար սրանք ենթադրում էին խաղի նոր կանոններ ու համաշխարհային իշխանության միաբևեռ վերադասավորումներ` ԱՄՆ գերիշխանությամբ: Այս երկու նախագծերի ժամանակ էլ Ռուսաստանը, որ դեռ չէր հասցրել ուշքի գալ Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, հասարակական- քաղաքական և մշակութային շոկից, բավականին պասիվ դիրքերից էր հանդես գալիս` միայն ժամանակ առ ժամանակ հիշեցնելով իր մասին:
Սակայն սկսած «Արաբական գարնան» գործընթացներից, որոնք արդեն ԱՄՆ հեղինակած ծրագրերի գործնական քայլերն էին, Ռուսաստանն այլևս չէր կարող պասիվ դիրքերում մնալ, քանի որ ԱՄՆ բոլոր ծրագրերը, վերջիվերջո, ուղղված էին հենց Ռուսաստանի դեմ: Մի խոսքով, թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ հարևան տարածաշրջաններում և թե՛ ընդհանրապես ամբողջ աշխարհում Ռուսաստանը սկսեց արտաքին ակտիվ, երբեմն նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն վարել:
Այս առումով Հայաստանը չէր կարող դուրս մնալ Ռուսաստանի հետաքրքրության տիրույթից մի պարզ պատճառով. մեր տարածաշրջանում Արևմուտքը երկու գերկարևոր դաշնակից ունի` Թուրքիան ու Իսրայելը: Երկու երկրներում էլ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն ունի: Ուստի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները շատ կարևոր նշանակություն են ստանում, որովհետև ավելի մոտիկ են տեղադրված խնդրո առարկա տարածքներին, քան բուն Ռուսաստանում գտնվող ռազմաբազաները: Սա նշանակում է, որ օրինակ` մեր երկրում տեղակայված ռազմաբազայից արձակված հրթիռը 1-2 րոպե ավելի շուտ կհասնի թիրախներին, քան Ռուսաստանի տարածքից:
«Այդ 1-2 րոպեները կարևորագույն նշանակություն ունեն` քաղաքական որոշումներ կայացնելու առումով: Իսկ միջազգային քաղաքական հարաբերություններում 1-2 րոպե ավելի ժամանակ ունենալը երբեմն ռազմավարական նշանակություն են ունենում»,- նշում է նախկին դեսպան Արա Պապյանը: Այսինքն` երբ մի երկիրը կարողանում է մյուս երկրի քաղաքական որոշումներ ընդունողների որոշումների կայացման ժամանակը 1-2 րոպեով նվազեցնել, կարևոր առավելություն է ստանում:
Մի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի համար ուներ և այժմ ավելի շատ ռազմավարական կարևորություն ունի: Այս հանգամանքը, բնականաբար, հստակ գիտեին ու դրա դեմ ամեն ինչ անում էին նաև Արևմուտքի ներկայացուցիչները: Եվ երբ վերջին մի քանի տարիներին Հայաստանը «ջերմացրել» էր իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, հետապնդում էր Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու նպատակ, ինչը չէր կարող Ռուսաստանին անտարբեր թողնել: Արդյունքը եղավ սեպտեմբերի 3-ը:
Հայաստանն էլ սկսեց «սրթսրթալ» սառը պատերազմից
Ակնհայտ է, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարությունն ավելի շատ էական է հետագայում Եվրասիական միության հիմնադիրներից լինելու համատեքստում: Որովհետև Եվրասիական միությունը պետք է ստեղծվի որպես ԱՄՆ-ին հակակշիռ նոր աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքը կլինեն Ռուսաստանն ու Չինաստանը: Եվ այդ միությանը Հայաստանը պետք է միանար: Այս մտքի հետ պետք է համակերպվել, չհամակերպվելու տարբերակ կարծես չի մնում: Որովհետև Հայաստանը ռազմական ու էներգետիկ անվտանգության երաշխիքներ չունի: Թե նման պայմաններում այս կացությանը չհամակերպվելն ինչ կարող է արժենալ Հայաստանի համար, ոչ վաղ անցյալի շատ օրինակներ կարելի է բերել` սկսած Արցախյան պատերազմի օրերից մինչև ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Այլ տարբերակներ չեն առաջարկում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն:
«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար եմ եղել ու բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամերիկացիների և մյուսների հետ, և երբ նրանք այդ հարցը տալիս էին, թե ռուսական բազաները Հայաստանում ինչ գործ ունեն, ես նրանց պարզ հարց էի տալիս` եթե մենք ռուսական բազաները հանենք, դուք կարո՞ղ եք մեզ երաշխավորել այն անվտանգությունը, որ այսօր այդ բազաներով ու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջոցով ապահովվում է: Ու նրանք ասում էին` ոչ, իհարկե՛ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը:
Սա, իհարկե, չի նշանակում ԵՄ-ի հետ բոլոր կապերի ու հարաբերությունների խզում, այլ միայն Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու ծրագիրն է ի չիք դառնում: Եվրամիությունը մի հնարավորություն կգտնի Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ հաշվի է նստելու կատարված փաստի հետ: Եվ այս առումով ԵՄ-ն տարբեր միջոցներ ունի: Իհարկե, Ասոցացման համաձայնագիր Հայաստանի հետ այլևս չի կնքվի, բայց ԵՄ-ն նման դեպքերի համար ձևավորել է տարբեր կարգավիճակներ: Կարելի է դիտարկել նույն Եվրախորհրդի օրինակը, որ «Հանուն ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ է ստեղծել, որի մեջ մտել են Պաղեստինը, մի շարք աֆրիկյան երկրներ և այլն: Այսինքն` ԵՄ-ն կարող է և այժմ ամենայն հավանականությամբ կգտնի տարբեր ձևաչափեր, որ Հայաստանին համապատասխան համագործակցություն առաջարկի:
Հարաբերությունների շարունակության մասին սեպտեմբերի 13-ին Երևանում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես ակնարկեց և նշեց. «Ես եկել եմ` լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները և նախընտրությունները, և եթե նրանք ցանկանան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրի շրջանակներում, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»:
Այսինքն` Եվրոպան դեռ չի հրաժարվում Հայաստանը Ռուսաստանից պոկելու գաղափարից, ուղղակի դրան հասնելու ուղիները փոքր-ինչ բարդացան: Այսինքն` «երկրորդ սառը պատերազմին», որը հետզհետե ուժգնանում է, Հայաստանն այլևս անմիջական մասնակցություն ունի:
Tags: ԵՄ, Հայաստան, Մաքսային միություն, քաղաքական
