Թեժ աշխարհին մենակ Կորեան էր պակաս…

կորեաԱյս պահին աշխարհի թեժ կետերին գումարվել է ևս մեկը` Կորեական թերակղզին:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ թերակղզում վիճակն ավելի ու ավելի է սրվում: Մարտի սկզբներին Հյուսիսային Կորեան` ԿԺԴՀ-ն, որպես ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների անցկացման դեմ բողոքի նշան, հայտարարեց, որ հրաժարվում է Հարավային Կորեայի հետ չհարձակման բոլոր համաձայնագրերից, ու զգուշացրեց, որ սադրանքի դեպքում Փհենյանը կպատասխանի «ռազմական իրավիճակների կանոններով»: Այդ ժամանակ Սեուլն էլ իր հերթին հայտարարեց, որ իր երկրին ուղղակի ռազմական սպառնալիքի դեպքում կդիմի նախազգուշական միջոցների:

 Մկանների ցուցադրության կորեական տարբերակը

Կորեական թերակղզում լարվածությունը սկսվել էր դեռևս 2012 թ. դեկտեմբերին, երբ ԿԺԴՀ-ն տիեզերք ուղարկեց իր առաջին արհեստական արբանյակը: Միջազգային հանրությունն այն որակեց, որպես միջուկային զենքի համար նախատեսված բալիստիկ հրթիռի փորձարկում:

Արդեն այս տարվա մարտի 15-ին Հյուսիսային Կորեայի բանակը փոքր հեռահարության KN-02 բալիստիկ հրթիռ  արձակեց  Ճապոնական ծովի ուղղությամբ, որոնց հեռահարության շառավիղը մոտ 120 կմ է:

Մարտի կեսերին Փհենյանը չեղյալ համարեց չհարձակման համաձայնագիրը, իսկ այնուհետեև Հարավային Կորեայի հետ հաշտեցման պայմանագիրը:  Մարտի 27-ին հայտարարեց Հարավային Կորեայի հետ արտակարգ ռազմական կապի գիծն  անջատելու մասին, որից օգտվում էին Կեսոն արտադրական գոտու ապառազմականացման աշխատանքներ իրականացնելիս: Այդ կապը չափազանց կարևոր էր, քանի որ Կեսոնում աշխատում էին երկու Կորեաների բանվորներ:  ԿԺԴՀ-ն նաև զգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ թերակղզին միջուկային պատերազմի շեմին է «ԱՄՆ-ի և դրա հարավկորեական մարիոնետների սադրիչ գործողությունների պատճառով»:

Մարտի 29-ին միջազգային լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են հրթիռային հարված հասցնել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնին: Արդեն մարտի 30-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարեցին, որ պատերազմական դրության մեջ են հարևան Կորեայի Հանրապետության հետ:

ԿԺԴՀ-ն ապրիլի 3-ին հայտարարեց, որ վերջնական համաձայնության է եկել ԱՄՆ-ին «անխնա» հարված հասցնելու հարցում և որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությանը «տարբեր միջուկային հարվածների միջոցով»:

«Պայթյունի ժամը սրընթաց մոտենում է: Այսօր կամ վաղը կարող է պատերազմ սկսվել»,- ասվում էր Հյուսիսիային Կորեայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Մարտի 21-ին հյուսիսկորեական իշխանություններն արդեն սպառնացել էին հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ-ի` Ճապոնիայում տեղակայված ռազմաբազաներին, իսկ մարտի 26-ին հայտարարել էին ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքներին, Հավայան կղզիներին ու Գուամին հարվածելու պատրաստականության մասին:

Վաշինգտոնն իր հերթին ապրիլի 3-ին հայտարարեց Գուամում հակահրթիռային պաշտպանության ուժեղացման մասին: Այդ նույն օրը Փհենյանն արգելեց մի քանի հարյուր հարավկորեացիների մուտքը Հյուսիսային Կորեայի տարածք` Կեսոնում տեղակայված համատեղ ձեռնարկություն:

Ապրիլի 5-ին հարավկորեական «Ռենխաբ» լրատվական գործակալությունը նշեց, որ Հարավային Կորեան նկատել է` Հյուսիսային Կորեան երկրի արևելյան` Ճապոնական ծովի ափերին է մոտեցնում «Մուսուդան» տեսակի երկրորդ միջին հեռավորության բալիստիկ հրթիռը: Հարավկորեական աղբյուրները համոզված էին, որ Փհենյանը պատրաստվում է  հրթիռն արձակել,  բայց պարզ չէ` դա կլինի փորձարկո՞ւմ, թե՞ զորավարժություն:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան այդպես էլ չի փորձարկել «Մուսուդան» հրթիռային համակարգը, որը ցուցադրել էր 2010 թ. հոկտեմբերին կայացած զորահանդեսի ժամանակ: Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Մարկ Ֆիտցպատրիկը կարծում է, որ փորձարկման համար անհրաժեշտ կլինի ընդամենը երկու շաբաթ: Այսինքն` ապրիլի 15-ին` Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրն արդեն պատրաստ կլինի արձակման:

Ապրիլի 5-ին Հարավային Կորեան արդեն Հյուսիսայի Կորեայի ափերին մոտեցրեց իր ռազմանավը, որը զինված էր հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգերով` Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հնարավոր արձակումը կանխելու նպատակով: Այդ նույն ժամանակ Ճապոնիայի վարչապետը դիմեց կառավարությանը` երկրի հակահրթիռային համակարգերն առաջին պատրաստականության վիճակին բերելու համար: Իր պաշտպանական ենթակառուցվածքներն ուժեղացրեց նաև ԱՄՆ-ն: Տեղեկատվություն տարածվեց, որ Չինաստանը ևս բանակի որոշ զորամիավորումներ տեղափոխել է Կորեայի հետ սահման` հսկողությունը մեծացնելու նպատակով, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ սահմանն անընդհատ հսկում են չինական կործանիչները: Ամեն ինչից երևում էր, որ Կորեական թերակղզին պատրաստվում է պատերազմական գործողությունների:

Կհասնի՞ գործը զենքին, թե՞ ամեն ինչ կավարտվի իրար վրա հոխորտալով

Ապրիլի 6-ին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին հաղորդել էր, որ նրանք արդեն պետք է դիտարկեն իրենց առաքելությունների հնարավոր տարհանման հարցը ԿԺԴՀ-ից` կապված թերակղզում իրավիճակի սրացման հետ: ԿԺԴՀ-ն զգուշացրել էր, որ ապրիլի 10-ից հետո չի կարող դիվանագետների անվտանգությունը երաշխավորել: Բայց թե ինչու, մինչ օրս հստակ չէ:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության կողմից նման պահանջի ներկայացումը ոչ խելամիտ ու անհավանական համարեց նախ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: Ռուսաստանի Դումայում էլ Փհենյանի կոչը որակվեց որպես «շանտաժ»:

«Չեմ կարծում, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը պատերազմ է պլանավորում: Ավելի շուտ նրանք ԱՄՆ-ին և Հարավային Կորեային ազդանշաններ են ուղարկում, որ քայլեր չձեռնարկեն իր դեմ, չնայած նրան, որ ԿԺԴՀ-ն միջուկային զենք` բալիստիկ հրթիռներ ու միջուկային մարտագլխիկներ  ստեղծելու աշխատանքներ է տանում: Ազդանշանն ուղղված էր նրան, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան այդ հանգամանքը որպես առիթ չօգտագործեն ու ռազմա-օդային հարվածներ կիրառեն, և որ ինքն այդ դեպքում կարձագանքի»,- այս կապակցությամբ կարծիք հայտնեց Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Փհենյանի հայտարարությունները շանտաժ որակեց նաև ՌԴ Միջազգային հարաբերությունների դաշնային խորհրդի փոխնախագահ Վալերի Շնյակինը, որ այս հայտարարությունների կապակցությամբ նշել էր, թե Փհենյանի հայտարարությունները «բլեֆ» են և պայմանավորված են իրենց մասին հիշեցնելու, սեփական հեղինակությունը բարձրացնելու ցանկությամբ: Շնյակինը կարծիք էր հայտնել, որ նման գործողությունները պայմանավորված են ԿԺԴՀ-ի նոր ղեկավար Կիմ Չեն Ընի վրա Հյուսիսային Կորեայի ռազմական վերնախավի ազդեցությամբ: «Նա ակնհայտորեն պարում է զինվորական վերնախավի դուդուկի տակ, որը կարոտել է մեդալներին ու կոչումներին: Իսկ նա երիտասարդ է ու ընկել է նրանց ազդեցության տակ»,- ասել էր Շնյակինը:

Այստեղ պետք է հաշվի առնել մի հանգամանք. բացի բալիստիկ հրթիռների տեղափոխման մասին լուրերից, Հյուսիսային Կորեայում չի դիտարկվում խոշորամասշտաբ ռազմական գործողությունների պատրաստվելու որևէ ազդակ. թե՛ զորակոչիկների մոբիլիզացիա, թե՛ այլ գործընթաց չկա: Եվ չի բացառվում փորձագիտական այն կարծիքը, որ Փհենյանի վարքը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ն, որը Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում թերակղզում, ուղարկում է այնտեղ լրացուցիչ ռազմանավեր, ինքնաթիռներ և այլ ռազմատեխնիկա, Եվ Հյուսիսային Կորեան զգուշանում է, որ ԱՄՆ-ն կարող է ԿԺԴՀ-ին հարված հասցնել:

Ռազմական գործողությունների քիչ հավանականության մասին այժմ արդեն խոսում են նաև ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում: Սակայն վիճակը շարունակում է մնալ լարված, քանի որ Հյուսիսային Կորեան դեռևս 2005 թվականից ինքն իրեն հռչակել էր միջուկային տերություն: 2006, 2009 և 2012 թթ.  այս երկիրն իրականացրեց ստորգետնյա միջուկային փորձարկումներ, ինչի կապակցությամբ միջազգային հանրության կողմից բողոքի մեծ ալիք բարձրացավ: ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով պահանջում էր ԿԺԴՀ-ից դադարեցնել գործունեությունը միջուկային ոլորտում:  Սակայն այժմ Հյուսիսային Կորեան հայտարարում է միջուկային փորձարկումների չորրորդ փուլը սկսելու մասին: