Հասկացողին մին ասա, ղազախին` հազար ու մին

3877Սեպտեմբերի 23-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որը բավականին սպասված և երկու կարևոր ու շատ հետաքրքիր  շեշտադրումներ ուներ մեր երկրի համար:

 Նախագահի կոշտ հայտարարությունը վաղուց էր անհրաժեշտ

Դրանցից առաջինը կարևոր է Հայաստանի դեմ այլ երկրների կողմից ձեռնարկվող կամ կիրառվող քայլերի ու հայտարարությունների համատեքստում, հատկապես` ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ու նրանց ղեկավարների կողմից: Օրինակ` ՀԱՊԿ անդամ Ղազախստանը մեկ անգամ չէ, որ միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել Հայաստանի դեմ, իսկ ավելի ճիշտ` ադրբեջանամետ դիրքորոշումներով ու հայտարարություններով: Վերջինը, թերևս, թուրքալեզու երկրների կազմակերպությունում ստորագրված փաստաթուղթն էր, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, Ադրբեջանի անմիջական նախաձեռնությամբ, տարածքային ամբողջականության սկզբունքի գերադասումն էր, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև ՀԱՊԿ շրջանակներում մեր «դաշնակից» Ղազախստանը:

Այսպիսով` Սերժ Սարգսյանն իր ելույթում, անդրադառնալով միջազգային ասպարեզներում ՀԱՊԿ անդամների փոխհստակեցված գործելաոճի անհրաժեշտությանը, ընդգծեց.

«Մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում` անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում` նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, կազմակերպության հեղինակության դեմ: Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»:

Հայ հասարակությունը, իհարկե, ավելի վաղ էր նման հայտարարություն սպասում: Որովհետև Հայաստանը, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ հետագա զարգացման հարցին` որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է երկրների ինքնիշխանության և անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից: Ու ստացվում էր այնպես, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում էր այդ համատեքստում իր ստանձնած պարտականությունները, քանի որ միշտ ելնում էր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից: Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ այդպես էլ այս սկզբունքը չորդեգրեցին, եթե չասենք ընդհակառակը` բազմիցս դրա էությանը բոլորովին հակասող քայլեր ձեռնարկեցին:

«Այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա. ընդհանուր առմամբ, Ղազախստանի դիրքորոշումը, քանի որ այն երկփեղկված վիճակում է` ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ է, այլև թուրքալեզու երկրների կազմակերպությանն է անդամակցում, ըստ էության փորձում է որոշակի բալանսավորված դիրքորոշում ունենալ, ինչքանով որ դա հնարավոր է: Սակայն վերջին հանդիպման ժամանակ այդ բալանսը, կարելի է ասել, խախտվեց: Եվ ես կարծում եմ, որ նախկին բալանսավորված քաղաքականության մեջ իր ազդեցությունն ուներ նաև Մոսկվան: Այսինքն` Ղազախստանն այդպիսի հանդիպումների ժամանակ միշտ իր հետևից զգում է Ռուսաստանի շունչը: եվ այս վերջին հանդիպման ժամանակ այդ շունչը չնկատվեց, և այդ հանգամանքը զգալով` ղազախները գնացին ավելի ռադիկալ որոշման, ինչին չէր կարող չարձագանքել նաև Հայաստանը, քանի որ, ըստ էության, շատ ծիծաղելի վիճակում ենք հայտնվում: Լինելով ՀԱՊԿ-ի անդամ` փաստացի Ղազախստանը ստորագրում է այնպիսի փաստաթղթի տակ, որը հակասում է մեր, այսինքն` իր դաշնակցի ազգային-պետական շահերին: Կարծում եմ, որ այդ հայտարարությունը ճիշտ էր, բայց ուշացած էր»,- այս առումով նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նախագահի ելույթը, այո,  վաղուց էր սպասվում, որովհետև արդեն ակնհայտ երևում ու աչք էին ծակում այն դիրքորոշումները, որ կայացնում էին ՀԱՊԿ-ի որոշ անդամներ: Տվյալ դեպքում, ճիշտ է, կոնկրետ երկրի անուն չնշվեց, բայց խոսքը մասնավորապես վերաբերում էր Ղազախստանին: Այդ երկրի ներկայացուցիչները, այդ թվում նաև նախագահը, տարբեր քաղաքական հարթակներում, հատկապես թուրքալեզու պետությունների կազմակերպությունում, իրեն թույլ է տալիս ելույթներ ունենալ, որոնցում քննադատական կամ ուղղակի մեղադրական շեշտադրումներ է հնչեցնում Հայաստանի վերաբերյալ: Օրինակ` վերջին անգամ լինելով Ադրբեջանում` Ղազախստանի նախագահը նույնիսկ չթաքցրեց, որ իր ցանկությունն է տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում: Այսինքն` ՀՀ նախագահի այս հայտարարությունն ուղղակի անխուսափելի էր:

«Ես, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ դա ասվեց հրապարակային, ոչ թե առանձնազրույցի` տետատետ հանդիպման ժամանակ: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող էր օգտագործել նաև այդ հնարավորությունը և զուտ անձնապես, մարդկայնորեն առաջարկել նման ելույթներ չունենալ հրապարակներում, որովհետև Հայաստանի բնակչությունն իր վստահությունն է կորցնում ՀԱՊԿ-ի նկատմամբ: Սակայն ոչ, Սերժ Սարգսյանն արեց բոլորի ներկայությամբ և մենք պետք է հասկանանք, որ այդ խոսքերը զուտ խոսքեր չեն»,- նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Հայտարարությունը` հայտարարություն, բայց կարևոր է ոչ միայն հայտարարություն հնչեցնելու հանգամանքը, այլև այն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ: Այս առումով ևս Լևոն Մելիք-Շահնազարյանը լավատես է ու համոզված, որ այդ հայտարարությունը կարող է ունենալ կոնկրետ քաղաքական հետևանքներ:

«Օրինակ` Հայաստանը կարող է պահանջել, և ինձ թվում է, որ հենց այդպես էլ լինելու է, որ բոլոր հարցերը ՀԱՊԿ-ի մասնակիցները տարբեր քաղաքական հրապարակներում մեկնաբանեն միևնույն կերպ, ինչպես ընդունված է ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ: Երկրորդ, որ ոչ միայն ՀԱՊԿ կանոնադրությանը, այլև միջազգային փաստաթղթերին, այսինքն` ՄԱԿ-ի ընդունած և այլ որոշումներին համապատասխան լինեն դիրքորոշումները: Ինձ թվում է, որ նման խախտումները կրկնվելու դեպքում Հայաստանը կարող է նաև պահանջել, որ պատիժ կիրառվի ՀԱՊԿ-ի այն անդամի նկատմամբ, որը կխախտի այդ պայմանավորվածությունները»,- ասաց քաղաքագետը:

Թե ինչ պատիժ, ըստ մեր զրուցակցի, ընտրության գամման բազմազան է: Օրինակ` կարող է ՀԱՊԿ-ի կողմից զգուշացում լինել այդ նորմերը խախտողներին, կարող է պատիժը դրսևորվել ՀԱՊԿ-ից ժամանակավոր կամ ընդհանրապես հեռացման տեսքով և այլն: ճիշտ է, այսօր այդ պատժաձևը կանխատեսելը դժվար է, քանի որ անգամ դրա պահանջը չկա, բայց որ Հայաստանը չի էլ կարող հետամուտ չլինել նախագահի ասածին, և այս պրոցեսը շարունակական է լինելու, արդեն ակնհայտ է:

 Եվս մեկ անսպասելի քայլ ՀՀ նախագահի կողմից

Ի տարբերություն առաջին շեշտադրման, որը խիստ սպասված ու անհրաժեշտ էր, երկրորդը, թեև շատ կարևոր, բայց և անսպասելի էր: Որովհետև ՀՀ նախագահը, դիմելով իր ՀԱՊԿ գործընկերներին, խնդրեց. «Որպես ամփոփում, ցանկանում եմ հաստատել Հայաստանի` տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հետաքրքրվածությունը: Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը»:

Ինչպես և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունը, այս մեկ հայտարարությունը նույնպես անսպասելի էր, գոնե Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության համար: Թե դա ինչ էր նշանակում, կպարզվի մոտ օրերս, երբ քննարկումներ ծավալվեն: