Հոր գերեզմանը գտել է մահվանից 68 տարի անց

հոգեհանգստի արարողությունըԱյս տարի նշվում է «Կուրսկի աղեղ» օպերացիայի 70-ամյակը: 50 օր տևած այս մարտը Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ գործողություններից է: Հենց այստեղ է տեղի ունեցել պատմությանը հայտնի ամենախոշոր տանկային մարտը, որին մասնակցել  են 2 միլիոն մարդ, 6 հազար տանկ և 4 հազար ինքնաթիռ:

Այս մարտում մասնակցություն են ունեցել նաև հայերը: «Անկախը» զրուցել է փոխգնդապետ Մկրտիչ Միխայելյանցի դստեր հետ, որը 1943-ին եղել է Վորոնեժյան ճակատի հրետանային գնդի հրամանատարը և հենց այդ մարտերում էլ զոհվել է:

75-ամյա Լյուսյա Միխայելյանցը պատմում է, որ հոր հետ կապված հուշերն իրեն հիմնականում հասել են մոր միջոցով: 1912-ին ծնված մեղրեցի Մկրտիչը, որ վաղ տարիքում կորցրել էր մորը, 13 տարեկան հասակում փախչում է տնից ու ոտքով ճանապարհվում Տաշքենդ: Լսել էր, որ այնտեղ հարուստ մեղրեցիներ են ապրում, և հույս ուներ, որ իրեն կօգնեն գտնել իր տեղը կյանքում:

Հրաշքով Տաշքենդ հասած որբ տղան ընդունվում է Սուվորովյան ռազմական ուսումնարան, ավարտում է գերազանցությամբ, նաև դառնում է Ուզբեկստանի չեմպիոնը ծանրամարտից:

Գերազանց առաջադիմության ու լավ տվյալների շնորհիվ Մկրտիչին Մոսկվայի հրետանային ակադեմիայում ուսանելու են ուղարկում: Ակադեմիան ավարտելուց ու զինվորական  կոչում ստանալուց հետո 25-ամյա երիտասարդը հայրենիք է վերադառնում` գտնելու իր կյանքի կեսին: Փնտրում ու գտնում է Աստղիկին, որի հետ Մեղրու դպրոցում նույն նստարանին էին նստում: Ամուսնանալուց հետո  մեկնում են Մոլդովա, որտեղ էլ ծառայության է անցնում: 1938-ին գործուղվում է Հեռավոր Արևելք, որտեղ մարտեր էին ընթանում Ճապոնիայի դեմ: Այստեղ էլ ծնվում է նրանց առաջնեկը` Լյուսյան:

Զինվորականի ընտանիքի շրջագայությունները շարունակվում են ըստ ռազմական գործողությունների վայրերի` Ֆինլանդիա, ապա Մոլդովա: Երբ վրա է հասնում Հայրենական մեծ պատերազմը, Մկրտիչ Միխայելյանցի բազմանդամ ընտանիքը Մոլդովայում  էր. ունեցել էր երկվորյակ տղաներ, իսկ կրտսեր դուստրն էլ 4 ամսական էր: Այդ ժամանակ Մկրտիչ Միխայելյանցն արդեն գնդի հրամանատար էր:

Հունիսի 22-ին կինն ամուսնուն գտնում է հեռախոսի մոտ արցունքախեղդ: Կնոջն ասում է, որ պատերազմ է սկսվել և  սպասում է հարձակման հրամանի, բայց ինչպես պիտի հարձակվեն` չգիտի. շատ քիչ զենք ունեն:

Հրամանատարությունից խիստ հրահանգ է գալիս` ոչ մի դեպքում ողջ-ողջ չհանձնվել: Խաղաղ բնակչության տարհանման հրահանգ էլ, սակայն զինվորականների ընտանիքներին տարհանել թույլ չեն տալիս: «Ո՞ր մի հայրը կնահանջի, երբ գիտի, որ իր ընտանիքը դեռ տեղում է: Արյան գնով պահել են, մինչև բոլորին կտարհանեն»,- պատմում է տիկին Լյուսյան:

Բնակչությանը ռազմական գործողությունների վայրից 50-60 կմ հեռացնելուց հետո տարհանում են նաև զինվորականների ընտանիքներին: Այդուհետ բոլորը ստիպված ոտքով են առաջ գնում:

«Մայրս փոքր քույրիկիս բարուրը  գցել է սետկայի մեջ ու կախել մի թևից: Երկու եղբայրներիս գրկել է, ես էլ, որ արդեն 3,5 տարեկան էի, ձեռքս պինդ կապել է իր փեշին, որ հանկարծ չկորցնի: Քայլելով ու դադարներով մարդիկ հասել են մինչև Դոնբաս: Այնուհետև դեպի Միջին Ասիա գնալու հրաման է եկել: Մայրս, սակայն, խնդրել է, որ թույլ տան իր երեխաների հետ Հայաստան գնա, որտեղ հարազատներ ունի»,- պատմում է տիկին Լյուսյան:

Ոտքով մայրը և չորս երեխաները ամիսներ շարունակ քայլել են դեպի Հայաստան: Ուշ աշնանը Թիֆլիս են հասել, որտեղից էլ գնացքով պետք է Հայաստան հասնեին: Կանգառներից մեկում, մինչ տիկին Աստղիկը ջուր կբերեր երեխաներին, մի ծեր կին լացող երկվորյակ տղաներին պատուհանից դուրս է նետում: Երբ մայրը նկատում է երեխաների բացակայությունը, գնացքն արդեն շարժվել էր: Հետագայում իր 1,5 տարեկան փոքրիկներին գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Ամիսներ տևած թափառումից հետո տիկին Աստղիկը երկու դուստրերի հետ Երևան է հասնում, ընդ որում, կրտսեր դստեր մաշկը` ոչ հիգիենիկ պայմաններից  քայքայված, քիթը` պայթյունի արկից վնասված: «Այնքան էինք ոջլոտել, որ մեզ  լողացնում էին, թասի մեջ ոջիլները լող էին տալիս»,- հիշում է տիկին Լյուսյան:

Երևանում փախստական ընտանիքին սենյակ են հատկացնում մետաքսի գործարանում: Վերջապես վերահաստատվում է կապն ընտանիքի և հոր միջև, վերջինս ամիսներ շարունակ փնտրել էր ընտանիքին ու նամակներ գրել կնոջ քրոջը` հարցուփորձ անելով նրանց մասին:

1942-ից գնդի հրամանատար Միխայելյանցը կանոնավոր կերպով իր աշխատավարձը կնոջն էր ուղարկում, որ կերակրի երեխաներին: Հնարավորության դեպքում ուղարկում էր նաև իրեն հատկացված կտորեղենը և այլ պարագաները: «Մայրս այդ ամենը շալակած գյուղից գյուղ էր անցնում` ապրանքը սննդի հետ փոխանակելու համար»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը:

Այդ ժամանակ արդեն տիկին Աստղիկի հույսին էին 8 երեխաներ` իր երկու դուստրերից բացի, նաև պատերազմի մեկնած ու աքսորավայրում գտնվող հարազատների երեխաները: «Սև հացը որ ձեթի մեջ տապակում էր, խրթխրթան էր դառնում, դա մեր ամենահամեղ ուտելիքն էր: Իսկ եթե որևէ օր կարտոֆիլ էինք ուտում, դա իսկական տոն էր»,- այդ օրերն այսպես է բնութագրում տիկին Լյուսյան:

1943-ին ընտանիքը գրություն է ստանում, որը գուժում էր հոր մահը. «Ձեր ամուսինը մահացել է Կուրսկի դուգայում: Պինդ եղեք: Մենք ձեզ հետ ենք: Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի»: Նամակում որևէ այլ տվյալ չկար:

Պատերազմի ավարտից հետո պետությունը հոգում է զոհված զինվորականի ընտանիքի կարիքները: Երեխաները զբաղվում են երաժշտությամբ, սպորտով, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն տարիներ շարունակ հոր գերեզմանը գտնելու բոլոր ջանքներն ապարդյուն են անցնում: Տիկին Լյուսյան անգամ Պոդոլսկ է մեկնում, որտեղ կենտրոնացրել էին Հայրենական պատերազմի ողջ արխիվը:

Երբ թվում էր, որ Մկրտիչ Միխայելյանցի գերեզմանը գտնելու բոլոր հույսերը մարել են, հանկարծ այն գտնվում է: Միխայելյանցի կրտսեր դստեր թոռները որոշում են իրենց տատիկին անակնկալ մատուցել ու ամիսներ շարունակ համացանցով արխիվներն են փորփրում` իրենց ուզած անուն-ազգանունը գտնելու համար:

2011-ին պարզվում է, որ փոխգնդապետ Միխայելյանցը հուղարկավորված է ՌԴ Կուրսկի մարզի Պոգոժեե գյուղում:

Տիկին Լյուսյան, որ ամուսնու մահից հետո Մոսկվա է տեղափոխվել` որդու մոտ, անմիջապես նշված գյուղ է շտապում: Լուսաբացին մայր ու որդի Պոգոժեե են հասնում:

Եղբայրական գերեզմանը և հուշարձանը Պոգոժեե գյուղում«Փնտրեցի ու հորս ազգանունն իսկույն գտա: Ինչքա~ն եմ լացել, իսկ երբ տղաս դուդուկի նվագով երաժշտություն միացրեց, երկուսով սկսեցինք լացել: Մի քանի ժամ էդպես նստած էինք, երբ մարդկանց անցուդարձը սկսվեց»,- պատմում է Լյուսյա Միխայելյանցը: Հոգեհանգստի փոքրիկ արարողություն են անցկացնում: Ապա հանդիպում ու շնորհակալության խոսքեր են ասում դպրոցականներին, որոնք էլ խնամում ու մաքուր են պահում հուշարձանը:

Այսքան տարիներ անց էլ, արցունքները կոկորդում խեղդելով, տիկին Լյուսյան ասում է, որ գոնե լավ է, հոր գերեզմանը գտնել կարողացան, բայց, ցավոք, հոր մահվան մասին որևէ տվյալ իմանալ չեն կարողացել. մսաղաց է եղել, հազարավոր մարդիկ են մահացել: