Պարտքը կա, մնում է ճիշտ ծախսելը

eurobondsՍեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկեց եվրապարտատոմսեր: Գլխավոր տեղաբաշխողները` Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտեցին պարտատոմսերի առաջին թողարկումը: Թողարկման պայմաններն էին. ծավալը` 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը թողարկման պահին Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը` BB- կայուն:

 Պարտատոմսն արտաքին պարտքի ավելի ձեռնտու տարբերակ է 

Պետության կողմից թողարկվող պարտատոմսերը, կոպիտ ասած, պարտամուրհակներ են: Այսինքն` պետությունն իր կարիքները հոգալու համար պարտք է վերցնում: Ու պարտք է վերցնում ոչ թե այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ու բանկերից, այլ անհատ մարդկանցից: Ասել է թե` թողարկում է պարտատոմսեր` պարտամուրհակներ, ու դրանք վաճառում է անհատ մարդկանց, որոնք իրենց ֆինանսները տոկոսով (կոնկրետ մեր դեպքում` տարեկան 6 տոկոսով) տրամադրում են պարտատոմսերը թողարկող պետությանը:

Սա կարևոր է նաև այն առումով, որ կախում չի առաջացնում մի որևէ երկրից կամ կազմակերպությունից: Այդ պարտատոմսերն անվանում են նաև եվրոբոնդեր, ու դրանք  կարող են լինել միջնաժամկետ, կարճաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաև` ներքին շրջանառության ու արտաքին բորսաներում շրջանառության պայմաններով: Տվյալ պարտատոմսերը երկարաժամկետ, արտաքին բորսաներում շրջանառության համար նախատեսված, արտարժույթով պարտատոմսեր են: Այսինքն` ի տարբերություն Հայաստանի կողմից մինչ այժմ թողարկված պարտատոմսերի, որոնք հայկական դրամով էին արտահայտվում, այժմ եվրապարտատոմսերը դոլարով են արտահայտվում:

Բուն թողարկումը կարելի է հաջողված համարել, քանի որ քիչ պետությունների է հաջողվում առաջին անգամ արտարժութային պարտատոմսեր թողարկել միջազգային շրջանառության համար, որոնք և՛ ավելի երկարաժամկետ լինեն, և՛ այս ծավալներն ունենան, և՛ այսպիսի տոկոսադրույք ունենան: Որովհետև առաջին թողարկման ժամանակ ռիսկը բարձր է լինում` տոկոսադրույքներն են բարձր լինում, ծավալն է քիչ լինում և այլն:

Կառավարությունն էլ անցյալ շաբաթ ներկայացրեց, թե ուր են ուղղվելու ՀՀ-ի կողմից թողարկված եվրապարտատոմսերից ստացված ֆինանսական միջոցները: Ըստ այդմ, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, առաջին կետով ՌԴ-ից ստացված վարկի մայր գումարն ու կուտակված տոկոսները կմարվեն, որը կկազմի շուրջ 440 մլն դոլար գումար: Երկրորդ` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով Կենտրոնական բանկին կհատկացվեն 60 մլրդ դրամ գումարի չափով միջոցներ` 7 տարի մարման ժամկետով և 7 տոկոս տոկոսադրույքով, որի նպատակն է տնտեսության խթանումն ու ՓՄ բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Նույն նպատակներով կառավարությունը նախատեսում է ևս 3,9 մլրդ դրամ գումար հատկացնել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին, որ ստեղծվել է պետության կողմից նպաստավոր պայմաններով տնտեսությանը միջոցներ հատկացնելու նպատակով:

Բացի այդ, 1 մլրդ 950 մլն դրամ պետք է  ուղղել արտահանման ֆինանսական ապահովագրական կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրումներ իրականացնելու համար` հիմք ընդունելով այն ռազմավարությունը, որ կառավարությունն արդեն հաստատել էր, և որի հիմքում դրված էր արտահանման խրախուսումն ու դրա համար համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումը:

«Սրանից բացի, մնացած 25 մլրդ դրամը մնալու է եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքից: Առաջարկվում է  ըստ այդ գումարի փոփոխել մեր` պարտքի կառավարման ռազմավարությունը, մասնավորապես` ներքին պարտք-արտաքին պարտք հարաբերակցությունում որոշակի փոփոխություններ կատարել, որի արդյունքում, ըստ հաշվարկների, առաջիկա մեկ տարվա ընթացքում դա մեզ թույլ կտա պարտատոմսերի շուկայում նվազեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, որը դարձյալ ավելի բարենպաստ միջավայր է ստեղծելու բիզնեսի համար` ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ստանալու առումով»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարը:

Կարևորը պարտքն արդյունավետ տնօրինելն է

Ընդհանրապես եվրոբոնդերը և միջազգային շրջանառություն ունեցող պարտատոմսերը, որպես արտաքին պարտքի գործիք, միջազգային փորձում լավագույններից են համարվում: Բայց նպատակադրումների տեսանկյունից յուրաքանչյուր երկիր որոշում է իր առաջնահերթությունները, թե որտեղ է դա օգտագործում: Գաղտնիք չէ ու տնտեսագիտությամբ հաստատված փաստ է, որ արտաքին պարտքի մեծացումը բերում է երկրի տնտեսական աճի դանդաղում, հատկապես այն դեպքում, երբ արտաքին պարտքն օգտագործվում է ընթացիկ դեֆիցիտի կամ կարճաժամկետ ֆինանսավորումների համար:

«Այդ տեսանկյունից այն մոդելը, որ Հայաստանում առաջարկվել է, բնականաբար, բերելու է միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի նվազեցում, որովհետև հավաքվող միջոցները, ինչպես հայտարարվել է ըստ նպատակի, օգտագործվելու են նաև պետբյուջեի ֆինանսավորման կամ ընթացիկ հաշվի կարճաժամկետ ֆինանսավորումների համար: Սա նշանակում է, որ մեր տնտեսական երկարաժամկետ զարգացման տեսանկյունից այս միջոցները չեն կարող իրենց նպատակին ծառայել ու ըստ էության, հանգեցնել երկարաժամկետ աճի»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Բացի այդ, կառավարության հայտարարած ուղղություններն էլ, որտեղ պետք է ուղղվեն միջոցները, մեծ հաշվով, տնտեսական զարգացման վրա մեծ ազդեցություն ունենալ չեն կարող: Եվ այդ առումով ակնկալել, որ այս պարտքը կարող է հանգեցնել տնտեսության զարգացման,  ճիշտ չէ:

«Բայց մյուս կողմից` մենք, իհարկե, ունենք փորձ, որ ներգրավված արտաքին պարտքն արդյունավետորեն չի իրացվում մեր տնտեսության մեջ, թեկուզ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կամ արտարժութային դիրքը պահելու կամ ընթացիկ հաշվի ֆինանսավորման տեսանկյունից մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ: Եվ ինչպես նախորդ փորձն է ցույց տալիս, արտաքին պարտքը կարող ես նաև էժան ներգրավել, բայց քանի որ չես կարողանում դա արդյունավետորեն մտցնել տնտեսության մեջ, ստացվում է, որ դրա բացասական  ազդեցությունն ավելի մեծ է, քան կարող էր դրական ազդեցություն բերել: Այդ ռիսկն առկա է նաև այս պարագայում»,- մտավախություն հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Մյուս կարևոր խնդիրն արտաքին շուկայում ձևավորված վիճակն է, որով էլ պայմանավորվում է այդ թողարկման նպատակահարմարությունը: Չնայած միջազգային շուկաներում ձևավորված է բարենպաստ միջավայր պետության կողմից թողարկվող արտարժութային արժեթղթերի համար, սակայն Հայաստանի պարագան մի քիչ այլ է: Նախ` Հայաստանն առաջին անգամ է դուրս գալիս այդ շուկա, չկա որևէ մասնավոր թողարկող, որ Հայաստանը ներկայացրած լինի այդ շուկաներում, ու  ներդրողների տեսանկյունից, որպես կշռված ռիսկ, շատ բարձր մակարդակում է, այսինքն` մասնավոր ներդրողների համար ռիսկը բարձր է:

Ընդհանրապես  յուրաքանչյուր նման արժեթղթերի թողարկումը պետք է ուղեկցվի կայուն շուկայում շրջանառելիության կանոնների պահպանմամբ: Այլ կերպ ասած` ֆոնդային բորսաներում կամ առևտրային հարթակներում լիստինգ պետք է անցնի այս արժեթուղթը, որ ներդրողները կարողանան առավել ակտիվ իրենց իրավունքները պաշտպանել: Այդ  առումով կարևոր է, թե մեր արժեթղթերը որտեղ են լիստինգ անցել և ովքեր են մեր հիմնական մարքեթմեյքերները` շուկա ստեղծողները, որոնք միշտ պարտավոր են, թե՛ ըստ միջազգային կանոնների, թե՛ մեր ներպետական օրենսդրության, գնում-վաճառքի առաջարկներ անել, որպեսզի շուկայում այդ արժեթղթերի լիկվիդայնությունը միշտ պահպանվի:

ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ ՀՀ թողարկած եվրապարտատոմսերի լիստինգը կազմակերպել է իռլանդական Irish stock exchange կազմակերպությունը, և որոշ վերապահումներով ընտրվել է տեղաբաշխումն ըստ  շուկայական տեղաբաշխման ծավալների: Ֆինանսների նախարարությունից տեղեկացանք նաև, որ միջազգային շուկաներում ու բորսաներում մեր պարտատոմսերի մարքեթմեյքերները նույնպես հանդիսանում են վերոհիշյալ տեղաբաշխողները:

Իհարկե, ցանկալի տարբերակն այն կլիներ, որ  հայկական արժեթղթերն ունենային երաշխավորված տեղաբաշխման համակարգ, սակայն մեր պարտատոմսերը տեղաբաշխվել են ըստ շուկայում տեղաբաշխման ծավալների:

«Սրանց տարբերությունը հետևյալն է. գլխավոր տեղաբաշխողը կամ տեղաբաշխողների սինդիկատը երաշխավորում է, որ պետությո՛ւն, մենք ձեզ տալիս ենք այդ գումարը, բայց սպասարկումը 6 տոկոս է լինելու: Բայց քանի որ չկան մանրամասնություններ, դժվար է ասել` արդյոք այդ 6 տոկոսը պահպանվելո՞ւ է, թե՞ բարձրանալու է: Որովհետև թե՛ միջնորդավճարի, թե՛ հավելյալ ծախսումների անհրաժեշտություն կարող է առաջանալ: Այդ առումով ռիսկը պահպանվում է, որ տեղաբաշխման ժամանակ այն կարող է ունենալ 6 տոկոս եկամտաբերություն, բայց ընթացքում փոխվել»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանը:

Լիստինգի առումով լավագույն տարբերակներից կլիներ, որ մեր պարտատոմսերը լիստինգ անցնեին, օրինակ, Լոնդոնի բորսայում լիստինգ իրականացնողների մոտ: Սակայն նրանց պահանջները բավականին բարձր են, տևողությունը` երկար, իսկ Հայաստանը, ինչը նաև հաստատեց ֆինանսների նախարարը, այդքան ժամանակ չուներ:  Թե ինչու, դա այլ հարց է, միայն նշենք, որ նայած հանգամանքին, թե որտեղ են արժեթղթերը լիստինգ անցել, կարող են էականորեն նվազել դրանց նկատմամբ սպեկուլյատիվ ռիսկերը, քանի որ բարձր վարկանիշ ունեցող լիստինգ անողները արժեթղթերի հետ կապված ամեն տեսակի տեղեկատվությունը ժամանակին են տրամադրում, ինչը սպեկուլյացիայից պաշտպանվելու լավագույն տարբերակն է: Չնայած իռլանդական ընկերությունն էլ վատը չէ, բայց ավելի ցածր վստահելիություն ունի, քան Լոնդոնի ֆոնդային բորսան: Ամեն դեպքում, կապրենք` կտեսնենք:

 

Tags: