Հոկտեմբերի 12-ին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ «Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի թե՛ Եվրասիական միությունում, թե՛ հայկականացված Վրաստանում, այլ կապրի Եվրոպայում»: Սա Վրաստանի էքսցենտրիկ նախագահի առաջին նման հայտարարությունը կամ արտահայտությունը չէ: Ամեն անգամ, երբ նրան հայկական արմատներ են վերագրվում, մի «հետաքրքիր» բան հորինում է ու հայտարարում, ինչը դժգոհություն է առաջացնում Վրաստանի հարևաններից որևէ մեկի մոտ:
Դա Սահակաշվիլու հերթական չմտածված արտահայտությո՞ւնն էր
«Սահակաշվիլու համար այդ տիպի հայտարարությունը նորություն չէ, նա շուտ-շուտ է անում այդպիսի հայտարարություններ, ընդ որում` ոչ միայն Հայաստանի վերաբերյալ: Օրինակ` նույնը կարող է ասել Ուկրաինայի կամ մեկ այլ երկրի մասին, մի անգամ էլ ասել է` «մենք նորմալ ազգ ենք, ղազախների և ուզբեկների նման չենք» և այլն: Սահակաշվիլին այնքան էլ չի կարողանում իր խոսքերը վերահսկել: Երկրորդ` Սահակաշվիլին չի կարողանում ընդունել Վրաստանի դերը միջազգային ասպարեզում և անձամբ իր դերը` որպես վրաց քաղաքական գործչի, այլ ոչ թե միջազգային նշանակություն ունեցող անձի: Դրա համար նա փորձում է ինչ-որ միջազգային կատեգորիաների համար խոսել, ասես նրա ելույթներն ուղղված են ոչ թե Վրաստանի ներքին լսարանին, այլ ուրիշ երկրներին ու գործիչներին»,- Սահակաշվիլու հայտարարության կապակցությամբ նշում է Վրաստանի հարցերով փորձագետ Հրանտ Միքայելյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ էլ նույն կերպ Միխայիլ Սահակաշվիլին խոսել է Ադրբեջանի մասին, այնտեղից նեղացածության դրսևորումներ նկատեց ու հետո նորից կարծես ինչ-որ չափով մեղմեց իրավիճակը:
Բայց Վրաստանի նախագահի այս հայտարարությունը` «հայկականացված արտաքին քաղաքականության» մասին, ըստ մասնագետների, այլ հիմնավորումներ ունի: Մասնավորապես` արդեն մի տարի է, ինչ Վրաստանում իշխանափոխություն է եղել, և եթե ուշադիր նայում ենք, նա վերջին տարին այսպիսի բազմաթիվ «հուզիչ» ելույթներ ու հայտարարություններ է ունենում, հատկապես երբ արտասահմանում է գտնվում:
«Նա անընդհատ փորձում է իր ելույթներով ու հայտարարություններով հակադրվել Վրաստանի գործող իշխանություններին: Վերջին հայտարարությունը, որը վերաբերում է Հայաստանին ու հայկականությանը, իհարկե, կարելի է դասել հենց այդ շարքը, Վրաստանի նոր իշխանություններին հակադրվելու քայլերի շարունակությունն է: Որովհետև, ինչպես հիշում ենք, երբ Իվանիշվիլին հունվարին ժամանեց Հայաստան, կարծիք հայտնեց, որ Վրաստանը կարող է Հայաստանի օրինակով իրականացնել արտաքին քաղաքականությունը: Այսինքն` լավ հարաբերություններ ունենալ ու ձգտել Եվրոպային` եվրաինտեգրացիա զարգացնել, միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Եվ Սահակաշվիլու այս խոսքերն ու արտահայտությունները հիմնականում կարելի է հենց դրա հետ կապել: Ինչպես նաև` ընդհանուր առմամբ տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ»,- այս կապակցությամբ նշեց Վրաստանի հորցերով մեկ այլ փորձագետ` Ալիկ Էրոյանցը:
Ըստ փորձագետի դիտարկումների, Սահակաշվիլին ներկայումս չի կարող նախագահ լինել և ավարտում է իր պաշտոնավարման ժամկետը, բավականին ընկել է նրա վարկանիշը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Եվ նրա այդ բոլոր հայտարարություններն ուղղված են արտաքին աշխարհին և երկրի ներսում հասարակությանը ցույց տալու համար, որ դեռ ուժեղ է, դեռ կարող է և ապագայի համար քաղաքական դիվիդենտների պաշար է դիզում: Այդ քայլը նա, ըստ մասնագետի, անում է հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի աչքը շոյելու համար, քանի որ տարածաշրջանում նրա հիմնական համակիրները Ադրբեջանի գործող նախագահն ու Թուրքիայի բարձր ղեկավարությունն են:
«Վերջին շրջանում նա ոչ այնքան հակահայկական, որքան պրոթուրքական ու պրոադրբեջանական հայտարարություններով է հանդես եկել` դարձյալ հակադրվելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, որը, իհարկե, փոխեց երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությունը: Այսինքն` փորձեց բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի ընթացքում Վրաստանի գործող իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանին որպես էներգետիկ բնագավառում Ռուսաստանի այլընտրանքի պետք է դիտել: Համագործակցությունը ոչ այնքան ակտիվ է ընթանում Թուրքիայի հետ, ինչպես Սահակաշվիլու թիմի իշխանության ժամանակ էր և այլն: Այսինքն` Սահակաշվիլին հետագայի համար քաղաքական պաշար է հավաքում ու փորձում է Ադրբեջանի ու Թուրքիայի համակրանքը պահել»,- նշեց Ալիկ Էրոյանցը:
Բոլոր դեպքերում երկրի ղեկավարը մեկ այլ երկրի անվան հետ կապված նման հայտարարություն չպետք է անի. դա գեղեցիկ չէ: Ու շատ բնական է, որ այս հայտարարությունը շարժում է հայերի զայրույթը ոչ միայն Հայաստանում, այլև հենց բուն Վրաստանում: Այստեղ կարևոր է հասկանալ, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ Վրաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, թե՛ Վրաստանի հասարակական կարծիքի և թե՛ հայ-վրացական հարաբերությունների վրա:
«Իմ կարծիքով` նրա այս հայտարարությունը ոչ մի լուրջ հետևանք ունենալ չի կարող, որովհետև Սահակաշվիլին Վրաստանի նախագահն է լինելու մինչև հոկտեմբերի 27-ը. տեխնիկապես` մինչև տարեվերջ: Այդ ընթացքում նա, ամեն դեպքում, կփորձի այնպես անել, որ իրեն հիշեն: Այսինքն` մինչև իր պաշտոնավարման ժամկետի վերջը էլի կփորձի խոսել: Դրա համար չպետք է նրան ուշադրություն դարձնել, որովհետև հիմա դա ոչ մի հետևանք չի ունենա, առավել ևս, որ Վրաստանում նրան առանձնապես չեն էլ լսում»,- համոզմունք հայտնեց Հրանտ Միքայելյանը:
Եթե Սահակաշվիլին նոր ընտրվելիս լիներ կամ դեռ պաշտոնավարման ժամանակ ունենար, կամ նրա թիմի իշխանության օրոք լիներ այս հայտարարությունը, ապա դրան կարելի էր լուրջ վերաբերվել: Սակայն ներկա փուլում մի քիչ իրավիճակն այլ է, քանի որ գործող իշխանությունները բոլորովին այլ արտաքին քաղաքականություն են իրականացնում: Իհարկե, որոշակի հակահայկական նիշ կա Վրաստանի նախագահի հայտարարության մեջ, բայց նրա հակահայկական կեցվածքն առաջին անգամ չէ, որ դրսևորվում է:
Օրինակ` Սահակաշվիլին մի քանի օր առաջ շնորհավորեց Ալիևին երրորդ անգամ «վերընտրվելու», «պատմական հաղթանակի» կապակցությամբ:
«Նա անընդհատ խոսում էր ժողովրդավարությունից, եվրոպական արժեքներից և կարծես այսպիսով եվրոպական արժեքների սկզբունքներին դավաճանում է` շնորհավորելով մի մարդու` մի երկրի նախագահի, որը նույն ժողովրդավարության չափանիշներով բավականին ցածր մակարդակ է դրսևորում: Այնպես որ սա ևս մեկ անգամ իր վրա ուշադրություն հրավիրելու հերթական միջոց էր: Չեմ կարծում, թե նպատակադրված ու պատրաստված էր այդ խոսքն ասել, ուղղակի պահի տակ հարմար գտավ, որ պետք է ասի ու ասաց»,- ասաց Ալիկ Էրոյանցը` հավելելով, թե Սահակաշվիլու խոսքերը Վրաստանում հակահայկականության ալիք չեն կարող բարձրացնել:
Tags: Հայաստան, Ջավախք, Վրաստան
