Բերքը կա, մթերողներն էլ, բայց գները գյուղացու հոգսը չեն թեթևացնում

խաղող«Հենց գիտես հեշտ ա՞ էս խաղողը մշակել, պահել, բերել ստեղ հասցնել ու էս գնով ծախել, հավատա, որ քեզ ամենաէժան գնով եմ տալիս»,- օրերս, երբ գնացել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գտնվող շուկա, ասաց խաղող վաճառող մի գյուղացի: Փորձում էի նրա առաջարկած 220 դրամն իջեցնել: Դրանից հետո էլ սակարկելու փորձ չարեցի, բայց նրա ու հարևանությամբ առևտուր անող մի քանի այլ գյուղացիների հետ «ջերմ» զրույց ունեցանք:

«200-220 դրամով էլ որ խաղողը ծախում ենք, մեկ ա, մենակ մեր էշության փողն էլ չենք հանում: Դե ուղղակի ավելի լավ ա սենց տանք, քան 140-150 դրամով քցեն գելի բերան: Ախպերս, հավատա, մենակ մեր ծախսն ենք կարում հանենք, շահույթ, կարելի ա ասել, չունենք: Բայց մենք էլ պետք ա հարկուտուրք տանք, տուն ու տեղ պահենք, կնիկ-երեխա ունենք»,- ասում էր զրուցակիցներիցս մեկը:

Մեկ ուրիշը փորձում էր բացատրել ամբողջ մեխանիզմը. պատմում էր, որ իրենք առավոտյան շատ վաղ վերցնում են իրենց նախօրոք հավաքած մթերքն ու գալիս շուկա: Մինչև առավոտյան 7-8-ը պետք է հասցնեն վաճառել իրենց բերածն ու հետ վերադառնան, քանի որ պետք է դեռ ամբողջ օրը դաշտում աշխատեն, ու եթե չգնան, գործերը կմնան, բերքը կփչանա: Բայց ավելի ձեռնտու է նրանց համար գալ ու մայրաքաղաքում 200-250 դրամով վաճառել խաղողը, քան 150 դրամով տան մթերող գործարաններին: Իհարկե, բերքի մեծ ծավալների դեպքում ձեռնտու է միանգամից գործարանին վաճառել «բիրիքով»: Բայց այդ դեպքում «տակը սկի աշխատանքի հախը չի մնում», իսկ շուկայում գոնե 200, որոշակի ժամերին նույնիսկ 250-300 դրամով վաճառելով` մի քիչ ավելի լավ են իրենց զգում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և  Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն  Արա Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին  Երևանի կոնյակի գործարանի  Այգավանի մասնաճյուղում   մասնակցում էին խաղողի մթերման մեկնարկին: Այդ ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց. «Առաջիկա երեք օրերի ընթացքում մյուս գործարանները ևս կսկսեն խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի հանրապետությունում մթերվել է շուրջ 156 հազար տոննա խաղող, իսկ այս տարի խաղողի մթերման պահանջարկը կազմում է ավելի քան 170 000 տոննա: Մի քանի մթերող ընկերություններ, այդ թվում` Երևանի կոնյակի գործարանը, հայտարարել են, որ պատրաստ են ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող: Այսպիսով, կարող ենք նշել, որ այս տարի խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան»:

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն էլ ասել էր, որ այս տարի գործարանը նախատեսում է մթերել 35000 տոննա խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար:

Հայաստանում խաղող մթերում են գինու և կոնյակի, պահածոների, չրերի արտադրությամբ զբաղվողները, արտահանողները: Ընդհանուր առմամբ, չնայած տարբեր մթերողներ տարբեր գներ են սահմանում, Հայաստանում մթերվող խաղողի գինը միջինը շուրջ 150 դրամ է կազմում, իսկ Արենի տեսակի խաղողինը` 200 դրամ:

Սահմանված գների մեջ, իհարկե, հաշվի չեն առնվում ու չեն գնահատվում գյուղացու աշխատանքը, իրավունքները և այլն: Հայաստանում հայտարարված են շուկայական հարաբերություններ, ու գները թելադրում է շուկան, իսկ ոմանք ստանում են գերշահույթներ:

«Խաղողի մթերման համար տարբեր գներ են սահմանված. սկսվում է 130-ից, որոշ սորտեր, օրինակ` «Արենի» տեսակի խաղողը մթերվում է 200 դրամով: Միջինը մթերող ընկերությունները մթերում են մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամ վճարելով: Եկեք հաշվարկ կատարենք: Եթե 1 կգ խաղողից մեկ 700 գրամանոց շիշ գինի կարելի է ստանալ, այս գներով մթերումների դեպքում ընկերությունները գերշահույթ ստանո՞ւմ են, թե՞ ոչ: Այստեղ արդեն մեզ պետք է մտահոգի այն փաստը, որ գյուղացին այսօր ավելի քիչ շահույթ ունի, քան վերամշակողը»,- իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Անցյալ տարի, միայն գյուղատնտեսության նախարարության տվյալներով, հանրապետությունում արտադրվել է ավելի քան 241 000 տոննա խաղող: Այս տարի ևս կանխատեսվում է, որ կպահպանվեն արտադրման ծավալները, եթե, իհարկե, չաճեն: Բերքը կա, մթերողներն էլ, կարծես, կան, բայց գյուղացիները, ինչպես հասկացանք, դժգոհ են մթերման գներից:

Սեպտեմբերի 8-ին պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Այդ օրը, ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց հավաքվել և իրենց բողոքի ակցիան էին անցկացնում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում են իրենց և չեն կատարում տված խոստումները:

Գյուղացիներին ստիպում են, որ խաղողը վաճառեն իրենց գրոշներով, այն դեպքում, երբ որոշ գյուղերից խաղողը մթերել են ավելի բարձր գներով, իսկ հայաստանցի ցանկացած մարդ, որ գիտի խաղողի պատմությունը, չի հերքի, որ նշված «Արենի» տեսակի խաղողը համարվում է թիվ 1-ը ու չնչին գնով մթերելու պահանջը մթերող ընկերությունների կողմից կարելի է համարել անբարոյականություն:

Գյուղացիներն անգամ փակեցին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը, քանի որ իրենց բարձրացրած հարցին լուծում չէր տրվում: Արդյունքում գյուղացիների հետ հանդիպեց ու բանակցեց Վայոց ձորի մարզպետը, հետո հասավ Երևան ու «աննախադեպ» հաջողություն գրանցվեց. որոշվեց, որ «Արենի» տեսակի խաղողը պետք է մթերվի 200 դրամով: Սրանից հետո էլ գյուղատնտեսության փոխնախարարը հեռուստաէկրաններից պարծենում էր իրենց այս «ձեռքբերումով»: Ու այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է գյուղացիները դիմեն ծայրահեղ քայլերի, որ լսվեն նրանց պահանջները:

«Ընդհանրապես գյուղացու պրոբլեմները սկսվում են այնտեղից, որ մեր գյուղացին օրենքով պաշտպանված չէ: Երբ գյուղացին օրենքով պաշտպանված կլինի, այդ ժամանակ էլ գյուղացուն լավ կվճարեն կամ պետությանը լավ կվճարեն: Հստակ եմ ասում, եթե մենք այս բոլորը կարողանանք բերել օրենսդրական դաշտ, գնող կազմակերպությունները երկու քարի արանքում կհայտնվեն` կա՛մ գյուղացուն լավ կվճարեն, կա՛մ պետության հարկերը տեղը տեղին կմուծեն: Դրա համար գյուղմթերք արտադրողի մասին օրենքի ընդունումը դարձել է անհրաժեշտություն»,- նշեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Իսկ այդպիսի օրենք Հայաստանում չկա, նշանակում է` գյուղացուց դեռ երկար են էժան մթերք մթերելու ու վերամշակելով թանկ վաճառելու:

 

Tags: