Պակասում ենք, ծերանում ու չենք վերարտադրվում

population1«Ժողովրդագրական անվտանգությունը տնտեսական անվտանգության մասն է կազմում և նպատակ ունի նվազեցնել ու վերացնել բնակչության թվաքանակի կառուցվածքի և փոփոխությունների հետ կապված խնդիրները»,-  նշում է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր զեկույցներից մեկում:

 Երբ նայում ենք ժողովրդագրության համաշխարհային միտումներին, ստացվում է հետևյալ պատկերը. 1650 թ. աշխարհում ապրում էր 500 մլն մարդ, 1990-2004 թթ.` 6.7 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների` 2025 թ. աշխարհում կապրի 8.2 մլրդ մարդ, դրանից 20 տարի անց` 2045 թ.` 9 մլրդ, իսկ XXI դարավերջին` 2095 թ., Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհատի 13 մլրդ-ի սահամանգիծը և կկազմի մոտ 13.7 մլրդ մարդ: Սրան գումարվում են նաև կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի խնդիրները, բնական ռեսուրսների սահմանափակ լինելը և այլն, ու ստացվում է, որ այս դարավերջին լուրջ մարտահրավերներ են սպասում մարդկությանը: Այսինքն` այդքան մարդու սննդի, կացարանի և այլ պահանջների բավարարման համար բնական ռեսուրսները կսկսեն չբավարարել: Նույնիսկ հիմա, երբ Երկրի բնակչությունը 6.7 մլրդ է, արդեն նման խնդիրներ կան, էլ ուր մնաց կրկնակի շատանալու դեպքում:

Այժմ նայենք մեր տարածաշրջանին ու այն կազմավորումներին, որոնց մասն է կազմում նաև Հայաստանը: Ըստ ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի տվյալների` բնակչության անկում են ունեցել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, սակայն ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում: 2007 թ. Հայաստանն ունեցել է 3 մլն 223 հազար բնակչություն, իսկ 2012-ին` 2 մլն 830 հազար:

Սրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, ինչպես, օրինակ` գործազրկության մակարդակը: Ըստ այդմ` 2013 թ. գործազրկությունը Ադրբեջանում եղել է 6.6%, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 7%, Մոլդովայում` 5.1%, Ռուսաստանում` 6.2%, Ղրղզստանում` 8.3%, Տաջիկստանում 7.4%, իսկ Հայաստանում` 16.4%:

Բնակչության աճի տեմպերի վրա շատ գործոններ են ազդում, բայց դրանցից հիմնականները պատերազմները, ժողովրդագրական տեղաշարժերը,  համաճարակներն ու բնական աղետներն են: Սրանց ազդեցությունն ավելի ուժգին է արտահայտվում:

Ըստ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրությունների` բնակչության աճի փոփոխության վրա էական ազդեցություն են ունեցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25 հազար մարդու կյանք, Ղարաբաղյան հակամարտությունը, որի ժամանակ Հայաստանը կորցրեց 5856 զինվոր և 1264 խաղաղ քաղաքացի:

Բայց առավել շատ այդ փոփոխության վրա ազդել են 1994-1999 թթ. տնտեսական ճգնաժամն ու արտագաղթի ներկայիս նոր ալիքը: Ըստ Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրության` 1990-2007 թթ. Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 1 մլն 200 հազար քաղաքացի:

Ժողովրդագրական այս փոփոխությունների արդյունքում, ինչպես ներկայացնում է Թաթուլ Մանասերյանն իր «ՀՀ ժողովրդագրական սպառնալիքները. պատճառներ և հանգուցալուծումներ» զեկույցում, սպառնում է լեռնային սահմանամերձ գյուղերի ամայացումով, ուրբանիզացիայի մակարդակի փոփոխությամբ, բնակչության ծերացմամբ, ծնելիության ցածր մակարդակով, չկառավարվող և անօրինական արտագաղթով, կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքով և այլն:

Ի՞նչ են նշանակում ժողովրդագրական փոփոխությունները

Փաստորեն, այսօր ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում բավականին մտահոգիչ է, որովհետև բոլոր հիմնական ուղղություններով ու ժողովրդագրական ցուցանիշներով, որոնք են` ծնելիությունը, միգրացիան և մահացությունը կամ ծերացումը, Հայաստանը բավականին բացասական տվյալներ է այս պահին մատուցում: Նշենք, որ  Հայաստանի անկախացումից ի վեր ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել. ծնելիության գործակիցը 2,5-2,6- ից հասել է նրան, որ այսօր վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով 1,5-1,6 երեխա է ծնվում: Այսինքն` 10 զույգերը միասին, որոնք դեռ ի վիճակի են երեխաներ բերել լույս աշխարհ, ունենում են ընդամենը 15 երեխա: Բայց որպեսզի հասարակությունը սովորական վերարտադրողական ֆունկցիան չկորցնի, վերարտադրողականության գործակիցը պետք է լինի 2,1:

Սրան գումարվում են միգրացիոն հոսքերը, մասնավորապես` արտագաղթ կոչվող չարիքը և այլն: Համաձայն ընդունված ցուցանիշների` սահմանային կետերից հավաքված տեղեկությունների, որոնք այսօր միակ պաշտոնական ու հասանելի տեղեկատվությունն են, մենք տարեկան մոտավորապես 35-40 հազար մարդու հաշվարկով բացասական սալտո ունենք:

Շատ լուրջ խնդիր է Հայաստանի ծերացումը: Ըստ այդմ` բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ՄԱԿ-ի ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի` մենք այսօր ունենք 60+ տարիք ունեցող ազգաբնակչության 14,4% ցուցանիշ, և արդեն հատել ենք ծերացած ազգաբնակչության սահմանագիծը:

«Մինչև 13 տոկոսը ծերացող է, իսկ 13 տոկոսից ավելի 60 և ավելի տարիք ունեցող ազգաբնակչություն ունեցող հասարակությունը համարվում է ծերացած: Եվ մի շատ կարևոր բան արժե այս կապակցությամբ ասել, որ 2017 թ. առաջին անգամ մեր ազգաբնակչության բնական հավելաճը դրականից կփոխվի բացասականի»,- տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսինքն` հասարակության մեջ մեծահասակների և երիտասարդների հարաբերակցությունը կփոխվի այնպես, որ մենք արդեն կունենանք բացասական բնական աճ: Իսկ մինչև 2050 թ., ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Հայաստանում 60-ն անց բնակչությունը կկազմի ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը:

Ժողովրդագրական այսպիսի վիճակը հետագայում կարող է անդրադառնալ երկրի, պետության բոլոր ոլորտների վրա: Օրինակ` եթե քիչ երեխաներ են ծնվում, բնականաբար, առաջանում է բանակի համար զինվորներ ունենալու խնդիրը, աշխատուժն է քչանում, հետևաբար նաև տնտեսական ակտիվությունն է փոքրանում, երկրի բիզնես միջավայրն է դառնում ոչ գրավիչ, քանի որ շուկան է նվազում, երկրի տնտեսական կառուցվածքն է փոխվում, որովհետև, օրինակ, ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրի համար ավելի կարևոր է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և նման այլ ոլորտները, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է զարկ տան, օրինակ, տրանսպորտային, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտների զարգացմանը: Երիտասարդ բնակչություն ունեցող երկրները աշխատուժի ավելի քիչ խնդիր են ունենում, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է Գերմանիայի օրինակով զարկ տան մեծահասակների կրթության ծրագրերին, որպեսզի մարդիկ մեծ տարիքում էլ կարողանան աշխատել ու բարիքներ ստեղծել:

Նման դեպքերում նաև պետական ու հասարակական ենթակառուցվածքների փոփոխության պահանջ է առաջանում: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությունը վառ օրինակ է, որովհետև, եթե Հայաստանի անկախացման ժամանակ 1 թոշակառուի «համար», կոպիտ ասած, աշխատում էր  7 աշխատունակ տարիքի քաղաքացի, այժմ` 3,5, իսկ 2050 թ., դարձյալ ՄԱԿ-ի կանխատեսումներով, 1 թոշակառուի դիմաց Հայաստանում կլինի  1 աշխատունակ տարիքի քաղաքացի: Սա փոխում է սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և բոլոր քաղաքականությունները:

Այս պատկերը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Ու եթե շատերի կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակն է այս պատկերի պատճառը, ապա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ մոտ 7 տարի ղեկավարել է Հայաստանում ժողովրդագրական պատկերի ուսումնասիրությունները, ավելի է լայնացնում «սոցիալ-տնտեսական» պայմանները: Նրա ներկայացմամբ` թեև Հայաստանն արդեն ուշացել է, դեռ կարող է ու պարտավոր է սկսել համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ` հետագա լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար:

 

 

 

Tags: ,