Կլինե՞ն փոփոխություններ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում

վոլեյբոլ (1)Օրերս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության անդամ երկրներից բացակայել է միայն Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, չլուծված մի շարք հարցեր ունի: Ի դեպ, Խաչատրյանը երկար ժամանակ է` չի մասնակցում ֆեդերացիայի նախագահության նիստերին: Այդ ամենի, ինչպես նաև նոր ղեկավար ունենալու մասին զրուցեցինք  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Կարեն Ասմարյանի հետ:

 - Հոկտեմբերի երկրորդ կեսին Երևանում կանցկացվեն Հայաստանի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունների երկրորդ շրջանի հանդիպումները, կորոշվեն հաղթողները: Կանանց առաջնությանը մասնակցում է 4 թիմ: Տղամարդկանց մրցաշարում խաղում է 5 թիմ: Առաջին փուլից հետո կանանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. Սիսիանի հավաքական, «Նժդեհ», Ստեփանակերտի և Շենգավիթի հավաքականներ: Տղամարդկանց առաջնությունում առջևում է Ստեփանակերտի հավաքականը, որին հաջորդում են ՖԻՄԱ-ն, Արմավիրի թիմը, Գորիսի «ԼեռԷքս»-ը, «Դինամոն»: Կանանց և տղամարդկանց առաջնություններում դեռևս ոչ մի բան պարզ չէ: Ամռանն էլ Երևանում անց էին կացվել լողափնյա վոլեյբոլի պատանիների և մեծահասակների առաջնություններ:

 - Ի՞նչ է տալիս Հայաստանին այդ էկզոտիկ մրցաձևի առաջնության կազմակերպումը:

- Ոչինչ: Պարզապես խաղեր են անցկացվում, զբաղմունք է: Աչքի ընկնողները չեն մասնակցում եվրոպական որևէ ստուգատեսի:  Ի դեպ, մարզուհիների մրցաշարի հաղթող Սիսիանի զույգը և ևս մեկ այլ զույգ հետագայում խաղացել են Բաթումում կազմակերպված միջազգային մրցաշարում: Թե երկրորդն ի՞նչ թիմ է եղել, դժվարանում եմ ասել: Մի բան է պարզ, որ երկրորդ մրցանակակիր «Նժդեհ» թիմին դրսում կարողությունները փորձելու հնարավորություն չի տրվել: Իսկ տղաների դեպքում  մրցաշարի հաղթողներին ոչ մի խրախուսանք չի եղել: Ասվում էր, որ պետք է նրանք ֆեդերացիա հրավիրվեն, բայց ոչ մի կապ չի եղել: Իսկ ահա ՖԻՄԱ-ն Թբիլիսիում խաղացել է 12 թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշարում և գրավել 4-րդ տեղը:

Մասնակցել ենք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի աջակցությամբ: Օգնեց նաև Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա  Մուրադյանը: Մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ ուներ, և մենք առաջ ենք եղել Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, տանտերերի ներկայացուցիչներից: Ընդ որում, բոլորն էլ բարձրակարգ մարզիկներով համալրված թիմեր ունեին: Բախտներս բերեց այն առումով, որ վիճակահանությամբ ուժեղ թիմերը մրցեցին իրար հետ, և մեզ համեմատաբար թույլ մրցակիցներ բաժին հասան: Ինչևէ, Հայաստանի ներկայացուցիչներն իրավունք ստացան հաջորդ տարի ընդգրկվելու այդ մրցաշարի հիմնական խմբում: Ընդ որում, այն ավելի ներկայացուցչական է դառնալու, մեծանալու է մասնակիցների թիվը, և ավելացվելու է պարգևատրման հիմնադրամը: Այս անգամ դրամական պարգևներ ստացան միայն 1-3-րդ տեղերը զբաղեցնողները: 

- Գաղտնիք չէ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում խժդժությունները շարունակվում են: Սուրեն Խաչատրյանի անվան շուրջ աղմուկը շատ է նաև վոլեյբոլում ստեղծված իրավիճակի առումով:

- Նա իր բողոքավորի կերպարը լրատվամիջոցների օգնությամբ փորձում է պահպանել, արդարանալ: Բայց արդարանալու հիմք չկա: Դարձյալ կրկնում եմ, որ ֆեդերացիայի նախագահը պետք է հրաժարական տա:

 - Խաչատրյանը, վերջին հայտնի իրադարձությունների հետ կապված, թողել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Հնարավո՞ր է, որ առաջիկայում նա հրաժարվի նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կատարելուց:

- Փոփոխությունները ֆեդերացիայում հրամայական պահանջ են դարձել: Դեպի անդունդ ենք գնում: Ամբողջ համակարգը պետք է վերանայվի:

 - Հավակնություններ ունե՞ք ֆեդերացիայի նախագահ դառնալու:

- Ոչ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է, որ Ասմարյաններն աթոռի կռիվ են անում: Սակայն նման բան չկա: Հայրս` Խաչիկ Ասմարյանը, ժամանակին, երբ Հայաստանի  վոլեյբոլի ֆեդերացիան էր գլխավորում, հրապարակավ հայտնել էր, որ եթե մեկը գտնվի, որ պատրաստ լինի ֆինանսներ ներդնել Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար, ինքն իր տեղը կամովին կզիջի նրան:  Փաստորեն, խոստումներ տրվեցին, նոր մարդիկ գլխավորեցին ֆեդերացիան, բայց ներդրումներ չեն արվում: Հետևանքը տեսանելի է: Նախկինում նույնպես ֆինանսերը քիչ էին, բայց համախմբվածություն կար: Հիմա դա էլ է կորել:

 - Ձեր կարծիքով` ո՞վ պետք է լինի ֆեդերացիայի նախագահ:

- Պետք է լինի այն մարդը, որը ցավում է վոլեյբոլի համար, կարող է վոլեյբոլի զարգացման համար փողեր բերել,  համախմբել այս մրցաձևի ներկայացուցիչներին, բռունցք կազմել և լրջորեն աշխատելու համար պայմաններ ստեղծել: Ընդ որում, պետք է ոչ թե մեկ մարդ աշխատի, այլ` հանձնաժողովներ, փոխնախագահներ, գլխավոր քարտուղարը, գործադիր տնօրենը և այլն: Պետք է մի թիմ հավաքվի, որը կարողանա ստեղծված հիմնախնդիրների լուծումները գտնել:

 - Երկու երնեկ մի տեղում չի լինում: Հնարավո՞ր է, որ ֆեդերացիան հաջողությամբ գլխավորի մեկը, որը նախկինում վոլեյբոլի հետ ընդհանրապես առնչություն չի ունեցել:

վոլեյբոլ- Իհարկե, այդպիսի փաստեր կան: Արտասահմանյան մի շարք երկրների ֆեդերացիաների նախագահները վոլեյբոլիստ չեն եղել, բայց աշխատանքը բարձր մակարդակով են կատարում: Մասնավորապես, կա  մեքսիկացի  Ռուբեն Ակոստայի օրինակը, որը 1982-ից մինչև 2008-ը գլխավորել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ նա ղեկավարել է Մեքսիկայի վոլեյբոլի ֆեդերացիան: Այդ մարդը մասնագիտությամբ իրավաբան է և հասավ նրան, որ ամբողջ աշխարհում վոլեյբոլը զարգացավ: Մեծածավալ աշխատանք կատարվեց, պայմանագրեր կնքվեցին տարբեր կազմակերպությունների, այդ թվում` հեռուստաընկերությունների հետ: Նրա աշխատանքի շնորհիվ էր, որ միջազգային կազմակերպությունը մեծ ֆինանսների տեր դարձավ: Կարևոր էր, որ ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպվում:

 - Եթե այդպիսի մարդ ի հայտ գա, ապա վոլեյբոլի ներկայացուցիչները նրա առջև ի՞նչ պահանջներ կդնեն:

- Մեր մարզաձևում պահանջներն այնքան էլ շատ չեն: Եթե նվազագույնը լինի, բոլորս էլ պատրաստ ենք ծանրաբեռնված աշխատելու: Միանգամից ուժեղ թիմեր և հավաքականներ ստեղծել հնարավոր չէ: Անհրաժեշտ է ֆինանսներ հայթայթել և մանկապատանեկան վոլեյբոլը զարգացնել, տարբեր տարիքային խմբերի հավաքականներ ստեղծել. ոչ թե թղթի վրա, այլ իրական:  Ուսանելի է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի օրինակը: Թիմերը պարբերաբար մասնակցում են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի, եթե պարտվում են, ապա ժամանակի ընթացքում արդյունքներն էլ ավելի բարձր կլինեն: Կարևորը, որ մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Նույնն էլ վոլեյբոլում կարելի է անել: Թող մեր թիմերը պարտվեն, սակայն մեր մարզիչները, խաղացողներն իմանան, որ թիմեր կան, Հայաստանի պատիվը պաշտպանելու համար են պայքարելու, թեկուզ պարտություններն անխուսափելի են:

 - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը կարելի՞ է նաև վոլեյբոլում կիրառել. թույլ առաջնություն ունենք, սակայն դրսից հրավիրված մեր հայրենակիցների ուժերով մրցունակ հավաքական է ստեղծվել:

- Ցանկալի է: Մեծահասակների միջազգային խաղերում առնվազն մի քանի տարի արժանիորեն մրցակցել չենք կարող: Բայց պատանեկան ստուգատեսներում հնարավոր է խաղալ: Օրերս Թբիլիսիում  «Նժդեհի» աղջիկների թիմը 4 խաղ անցկացրեց Վրաստանի` 2015-ի «Եվրոպայի երիտասարդական օրեր» փառատոնի ծրագրով մրցումներին նախապատրաստվողների հետ: Վերջինս անցկացվելու է Վրաստանում: Մեր մարզուհիները 2 հաղթանակ տարան և 2 խաղում պարտվեցին: Վրաստանի ներկայացուցիչները մի շարք ուժեղ խաղացողներ ունեն: Ընդ որում, վոլեյբոլի մասնագիտացված դպրոց է հիմնվել, որը Հայաստանում չկա: Համապատասխան կահավորանքով հիանալի մարզաբազա է ստղծվել, որում առավոտյան ժամը 9-ից մինչև 21-ը մարզումներ են անցկացվում:

 - Հայաստանը մասնակցելո՞ւ է այդ ստուգատեսին:

- Տեղյակ չեմ: Հնարավոր չէ, որ հրավեր չունենաք, միայն պետք է նախապատրաստվել: Վրաստանը` որպես կազմակերպիչ երկիր, մասնակցելու է եզրափակիչ փուլին, իսկ մենք պետք է փորձենք այդ իրավունքին արժանանալ:

 - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, անտարբեր չմնալով, չպե՞տք է հետևեն, որ մեր երկրի վոլեյբոլի ֆեդերացիան իր բարձրության վրա գտնվի, նորմալ աշխատի:

- Այդ կառույցները կարող են մեծ դեր ունենալ դրությունը շտկելու գործում: Գուցե առիթ է պետք, որ քայլեր ձեռնարկվեն Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար:

- Դիմե՞լ եք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հայտնի է, որ նա վոլեյբոլի մեծ սիրահար է և խաղում է:

- Վարչապետին պետք է ֆեդերացիայի նախագահը դիմի, այդ կապերը և լծակները չունենք: Ուրախ ենք, որ նա վոլեյբոլով է զբաղվում և ցանակալի է, որ աջակցի:

  Հ.Գ. Խոսակցություններ կան, որ առաջիկայում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկը ստանձնելու է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ուշագրավ է, որ Ռուսաստանում նույն պաշտոնում գտնվող Նիկոլայ Պատրուշևը ղեկավար դիրք է զբաղեցնում այդ երկրի վոլեյբոլի ֆեդերացիայում: Ի դեպ, Ասմարյանը, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդպիսի փոփոխության հնարավորությունը: Մնում է սպասել հետագա զարգացումներին:

Tags: