«Տարածաշրջանը եռացող կաթսա է, իսկ Հայաստանը` այդ կաթսայի կափարիչը». քաղաքագետ

Levon-Shirinyan (1)Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում բավականին կարևոր ու բուռն զարգացումներ են նկատվում: Այդ ակտիվությունը, սակայն, բացի մեկ-երկու արտահայտությունից ու մտահոգությունից, չի վերածվում երկրի ներքաղաքական կյանքի աշխուժացման` քաղաքական բանավեճերի ու գործընթացների ուժգնացման: Թե ինչու է այդպես, փորձեցինք քննարկել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

- Պարո՛ն Շիրինյան,Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական ասպարեզներում լուրջ զարգացումների ու գործընթացների ենք ականատես լինում, սակայն Հայաստանի ներքաղաքական դաշտը կարծես անտարբեր է և իրավիճակին համարժեք չի արձագանքում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Իշխանությունները ստեղծում են երկրի տեղաշարժի մի վիճակ, ու դրան ընդդիմացողներ էլ պետք է լինեն: Բայց մեծամասնության մեջ այս հարցի կապակցությամբ վեճ չկա. վեճն արտաքին է: Հիմա ներքին  քաղաքական կյանքն ավտորիտար ռեժիմի դասական օրինակ է դարձել, տնտեսությունը կիսակենդանի է կամ կիսամեռ, որի քաղաքական կյանքը բացարձակ մենիշխանական համակարգի է վերածվել` Հանրապետական կուսակցության բացարձակ գերիշխանությամբ, ընդդիմությունն էլ հոգնած, բեզարած է. այսպես ասեմ` ՀՀ ընդդիմության ղեկավարությունը, առանց բացառության, էրոզիայի է ենթարկվել. չկա նոր գաղափար, նոր ձգտում, և ամենակարևորը` ժողովրդի մեջ վստահությունը չկա: Դա էլ ստեղծում է մի տարտամ վիճակ: Ժողովուրդն էլ խիստ անտարբեր է այդ ամենի նկատմամբ: Որովհետև քանի տարի է` անընդհատ տեսնում է ինչ-որ հույս, իբր փոփոխության տեսլական, բայց հուսախաբ է լինում, և այդ վիճակը տարիների ընթացքում մարդկանց մեջ առաջացրել է անտարբերություն իր շուրջն ընթացող գործընթացների հանդեպ: Անշուշտ, դա վատ բան է, բայց այդպես է:

- Կխնդրեի ավելի մանրամասն ասել, թե դա ինչ վտանգներ է պարունակում:

- Երկիրը չի զարգանա: Ճիշտ է, թվում է թե կուսակցությունները շատ են, և թվով իրականում շատ են, ավանդական կուսակցություններ կան` հզոր լոզունգներով, բայց նրանք սնամեջ են դարձել: Կա մի ՀՀԿ կուսակցություն, որը տեր ու տնօրեն է բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում` թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքական կյանքում: Իսկ դա երկրի զարգացում թույլ չի տալիս: Ժողովրդի անտարբերությունը հետաքրքիր ցուցիչ է: Այդ անտարբերությունը գալիս է այդ վիճակից. ժողովուրդը չի տեսնում հույսի որևէ կետ և համակերպվում է իր վիճակին ու շարժվում առաջ: Եթե վերլուծենք, ապա չկա բանվոր դասակարգ. ամբողջությամբ լյումպենացած է այդ դասակարգը, գյուղացիությունը հազիվ քարշ է գալիս` իր  չարչարանքների մեջ տառապելով, հարկերի բեռը շալակին, մտավորականությունն էլ 20 տարի է, ինչ օրվա հացի հարց է լուծում, իսկ երիտասարդությունը տեսնում ենք` քաղաքական ինչ ակտիվություն ունի: Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է տեղաշարժ լինել:

- Իսկ ի՞նչ է պետք անել հիմա:

- Ավտորիտար ռեժիմը միայն մեզ մոտ չէ, բայց մեզ մոտ, քանի որ պատերազմական վիճակում ենք, դա սուր է արտահայտվում: Ավտորիտար ռեժիմը երկու հատկություն ունի. նրա քաղաքական ղեկավարը, հիմնական դերակատարը մեզ մոտ նախագահն է: Նա կարող է երկիրը տանել վերածննդի ուղիով, որովհետև ավտորիտար ռեժիմի մոբիլիզացիոն ռեսուրսը շատ մեծ է և դիմադրողները շատ քիչ կարող են լինել, կամ էլ կարող է նույն վիճակով շարունակել, ինչն այսօր մեզանում է կատարվում:

Դրա համար դասական իմաստով բոլոր երկրներն էլ, որոնք փորձել են զարգանալ, նման վիճակներում նման քայլեր արել են: Երկրի քաղաքական ղեկավարությունն արդիականացման` մոդեռնիզացիայի ծրագիր է մշակում, հրամցնում է հասարակությանը` անկախ այն հանգամանքից` օպոզիցիոն կուսակցությունները դա հասկանում են, թե ոչ, դա նրանց համար շահավետ է, թե ոչ: Որովհետև օպոզիցիան իր տաք վիճակին սովոր է. խորհրդարանում խոսում է, աշխատավարձը ստանում ու իր շարժիչի դերը չի կարողանում կատարել: Հիմա այս վիճակում նախագահը կարող է առաջարկել մի արդիականացման ծրագիր տնտեսության համար, երկրի քաղաքական կյանքի համար, հոգևոր-մշակութային ոլորտի ու սոցիալական բարեփոխումների համար և իր մոբիլիզացիոն ուժով երկիրը տանել զարգացման: Նման օրինակներն աշխարհում շատ-շատ են: Մի բարդություն կա. տվյալ պարագայում նախագահը պետք է իր շրջապատը հարմարեցնի այդ վիճակին, արդիականացնողների, համախոհների թիմ ստեղծի, որոնք երկիրը կտանեն վերափոխման: Որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական դեմքերը տասնյակ տարիներով չեն փոխվում: Բայց կարծում եմ, որ մի ժամանակ կգա, որ այդ իրավիճակին կհանգենք:

- Բայց Հայաստանում Ձեր նշած մոբիլիզացիոն ուժի դրսևորումներ  չեն նկատվում:

- Այո, դա քաղաքական ղեկավարության պատասխանատվությամբ է պայմանավորված: Այն երկրներում, որտեղ ընդդիմություն կա, այդ գործն օբյեկտիվորեն ընդդիմությունն է անում, իշխանությանը պարտադրում է քաղաքական կուրս: Հիմա մենք մեր ընդդիմությունը, որոշ մարդկանց բացառությամբ, կարող ենք համարել «նորին մեծություն նախագահի ընդդիմություն»: Ու այս պայմաններում նախագահը պետք է ստանձնի երկրի արդիականացման ու վերափոխման պարտավորությունը, ինչպես 1960-ական թվականներին Ֆրանսիայում Շառլ դը Գոլն արեց: Այդ ժամանակ Ֆրանսիան էլ խեղդվում էր քաղաքական, տնտեսական և այլ կարգի ճահճի մեջ: Ես կարծում եմ, որ նախագահի համար սա պետք է ընկալելի դառնա, և նա ինքնուրույն դա անի: Չինաստանի կոմկուսը դա պարբերաբար անում է: Այլապես այդ լճացումը կշարունակվի:

- Բայց Ձեր նշած մոդեռնիզացիայի  նախադրյալներն էլ չեն երևում:

- Սուբյեկտիվ գործոնի հարց է: Եթե նախագահը չի ուզում իր միջավայրը փոխել, ապա լճացումը կշարունակվի: Մեզ մոտ վատն այն է, որ ժողովրդի կրիտիկական զանգվածի հատվածն արդեն իրեն սպառել է: Հավանաբար, այս քանակի ժողովուրդն այլևս նախաձեռնության ընդունակ չէ: Սա ենթադրություն է, որովհետև կրիտիկական զանգվածը գոյանում է նույնիսկ առանց ընդդիմության ու տարերային բունտերի է հանգում: Կամ կա մեկ այլ տարբերակ, որը արտաքին գործոնի հետ է կապված, երբ, Աստված չանի, արտաքին ուժն է միջամտում և քաղաքականություն պարտադրում: Եթե մենք լինեինք այնպիսի երկիր, ինչպիսին Իսրայելն է, և ունենայինք այնպիսի բարեկամ, ինչպիսին ԱՄՆ-ն  է, կարելի էր նույնիսկ ենթադրել, որ այդ արտաքին գործոնը շատ լավ բան է երկրի ներքին կյանքը աշխուժացնելու համար: Բայց մենք այդ բարեկամը չունենք, և այդ միջամտությունները մեզ համար կարող են աղետաբեր լինել: Ուստի, այդ նորացողների խումբը` նախագահի գլխավորությամբ, պետք է երկիրը տեղից շարժի` ավտորիտար ռեժիմից անցում կատարելով դեպի ժողովրդավարություն, բայց ավելի շատ` դեպի կազմակերպված հասարակություն: Նախագահը պետք է իմանա, որ այսպիսի ուռճացած ապարատն ի վիճակի չէ երկիր կառավարելու, քանի որ շատ է ուռճացել ու ինքնաբավ դարձել` ինքն իրեն սպասարկող համակարգի վերածվելով, բարեկամ-հարազատներին աշխատանքի ընդունելով: Մեկ այլ ելք էլ եմ տեսնում. հանկարծ միջազգային ճգնաժամ չլինի, որը կարող է մեզ խփել, և հանկարծ խոշոր տերությունների կողմից արտաքին միջամտության ցանկություն չառաջանա, որը մեր պարագայում բացառված չէ, քանի որ մեր տարածաշրջանը եռացող կաթսա է, Իսկ մենք այդ եռացող կաթսայի կափարիչն ենք:

- Կափարի՞չն ենք, թե՞

- Մարդիկ դրան չեն հավատում, բայց ի՞նչ է, չե՞ք տեսնում` Ռուսաստանը պատերազմ է մղում Հայաստանի համար, Եվրոպան կպել ու պոկ չի գալիս մեզնից: Եթե Հայաստանի արժեքն այդքան ցածր է, ապա ինչո՞ւ է նման կատաղի մրցակցություն ընթանում Հայաստանի շուրջ: Սա պետք է գիտակցեն: Սա պատմական շանս է: Այդպիսի դեպքեր եղել են նաև Թուրքիայում 1920 թ.: Այն ժամանակ Աթաթուրքը մաքրեց իր միջավայրը, ու երկիրը սկսեց ընթանալ իր ուզած ճանապարհով:

- Սովորաբար նման իրավիճակներում, երբ ընդդիմությունը թույլ է, հասարակությունը պասիվ է, իշխանություններն էլ փոփոխությունների նախաձեռնություն չեն դրսևորում, առաջանում են նոր, ավելի ծայրահեղ, ավելի հանդուգն քաղաքական շարժումներ, հոսանքներ, ժողովրդական զանգվածներին առաջնորդող ուժեր, նոր լիդերներ և փորձում են շարժման մեջ դնել ճահճացած համակարգը. Հայաստանում այդպիսի սցենարի հավանականություն կա՞:

-Դա հնարավոր է, բայց մենք ժամանակ չունենք: Մեր երիտասարդությունը նկատելի բունտարար չէ: Պետք է բոլորս հստակ հասկանանք, որ երկիրը ժամանակ չունի: Ադրբեջանը նավթադոլարներով է հզորանում, Վրաստանի թևութիկունքը Եվրոպան ու ԱՄՆ-ն են, Թուրքիան աշխարհի 18 արագ զարգացող երկրներից մեկն է, ու իր առջև նպատակ է դրել առաջիկա 10-ամյակում մտնել տասնյակի մեջ: Պետք է մտածել, որ դա հնարավոր կարող է լինել: Իրանն էլ Արևմուտքի հետ խաղերի մեջ է, փորձում է մերձենալ ու յոթ մղոն առաջ կնետվի զարգացման ճանապարհին, եթե այդ մերձեցումը ստացվի: Այսինքն` այդ դեպքում մենք մնում ենք այս ճահիճի վիճակում:

- Այսինքն` այդ լոկոմոտիվային ուժի ի հայտ գալու համար հարմար պահը հասունացել է, բայց ժամանակ չկա՞:

- Ոչ, չի հասունացել: Երիտասարդությունը պետք է հասունանա, զարգանա: Որովհետև երկիր վերափոխելը սովորական բունտ, բողոքի ակցիաներ անել չէ: Քաղաքական հասունություն պետք է լինի: Դրա համար 5-10 տարի է պետք, մինչդեռ մենք չենք կարող այդքան սպասել: Բայց կրիտիկական զանգվածը, կարծում եմ, հասունացել է: Նախագահը պետք է վերջիվերջո իր խոսքն ասի: Կանի թե ոչ` ինքը գիտի, բայց պետք է անի: Դրա համար հասարակական պահանջ պետք է ներկայացվի, ու այստեղ շեղող հանգամանքներ չլինեն: Ասում ենք` քաղաքացիական հատվածն իր գործը կանի: Բայց քաղաքացիական հատվածը կռիվ է տալիս մեկ այս բնակարանի համար, մեկ այն խանութի դեմ, մեկ այն օլիգարխի դեմ: Այսինքն` նա ընդհանրապես ի վիճակի էլ չէ լուրջ փոփոխություններ անելու, ու միայն նախագահը կարող է այդ վերափոխումներն անել: Իսկ դրանից հետո նա հանգսիտ կարող է թոշակի գնալ` մնալով պատմության մեջ: Հիմա Հայաստանում շատ մեծ դիմադրություն չի լինի, քանի որ ժողովրդի դիմադրողականության ռեսուրսը, այսինքն` այն հատվածը, որ պետք է ընդվզի, առանձնապես մեծ չէ: Ու նախաձեռնող երիտասարդությունն այդ դեպքում կկպչի գործին:  Մի բան էլ. նախագահը պետք է անպայման գնա տնտեսությունը քաղաքականությունից անջատելու ճանապարհով:

Tags: ,